HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիդրոպոնիկայի ինստիտուտի Դիլիջանի կայանը սեփականաշնորհել է տնօրենը և վերածել բիզնեսի

Գիտությունների ազգային ակադիմիայի Գ․Ս Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի ներկայիս և նախկին տնօրեններ՝ հայր և որդի Ստեփան և Խաչատուր Մայրապետյանները սեփականաշնորհել են ինստիտուտին պատկանող Դիլիջանի կայանը և վերածել անձնական բիզնեսի։ Այդ տարածքում այժմ նրանք վարձակալության են տալիս քոթեջներ։ Տարածքի մի փոքր հատված մնացել է ինստիտուտի ենթակայության ներքո։

Պարզ լիճ տանող ճանապարհի ոլորաններից մեկում «Դարման» գրվածքով գովազդային ցուցանակ կա, որն այցելուներին հրավիրում է այդ տարածքում քոթեջներ վարձակալելու։ Անտառի վարձակալների վերաբերյալ մեր հետաքննության շրջանակներում փորձեցինք տարածքը տնօրինողների հետ կապ հաստատել՝ պարզելու, թե ով և ինչ նպատակով է վարձակալում Դիլիջանի անտառների այդ հատվածը։ Քանի դեռ փորձում էինք կապ հաստատել ցուցանակի վրա նշված համարով, տարածքի պահակները պատմեցին, որ այստեղ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտն է, որի համար իրենք աշխատում և բույսեր են մշակում։

Զանգեցինք գովազդային վահանակի վրայի հեռախոսահամարով, մի կին վերցրեց, սակայն երկար խոսել չհաջողվեց, տեղանքում կապը թույլ էր։ Երբ արդեն Պարզ լճի մոտակայքում էինք՝ մի տղամարդ զանգեց և ասաց, որ քոթեջների հետ կապված իր հետ կարող ենք խոսել։ Զրույցի սկզբում մենք ներկայացանք, որ լրագրող ենք «Հետք»-ից և որ անտառային հողերի վարձակալներով ենք հետաքրքրվում։ Մեր զրուցակիցը սկզբում ասաց, որ դա իր սեփական տարածքն է և անտառի հետ կապ չունի, հետո ասաց, որ վարձակալն է։ Մեր ճշտող հարցին, թե Դուք որևէ պետական պաշտոն զբաղեցնում ե՞ք, տղամարդն ասաց՝ այո։ Մեզ հետ զրուցում էր Գ․Ս Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մայրապետյանը։

Ներկայանալուց հետո նա հավաստիացրեց, որ իրենց մոտ ամեն ինչ օրինական է։ Պայմանավորվեցինք հետո նորից խոսել։ Վերադարձանք Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտին երբեմնի պատկանած տարածք, արդեն դարպասները կողպված էին։ Ակհայտ էր, որ Խաչատուր Մայրապետյանն էր հրահանգել դարպասները փակել մեր առաջ։ Զանգեցինք նրան և խնդրեցինք, որ պահակներին զգուշացնի դարպասները բացել, որ կարողանանք մտնել տարածք։ Ասաց՝ տարածք կարող ենք մուտք գործել միայն իր ներկայությամբ։ Վերադարձանք Երևան։

Դիլիջան քաղաքից դեպի Պարզ լիճ տանող ճանապարհին Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի նախկին տարածքն ու մասնաշենքն է եղել, որի տարածքում այժմ քոթեջներ կան։ 

Գ․Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը (նախկինում Ագրոքիմիական հիմնախնդիրների և հիդրոպոնիկայի ինստիտուտ) ներառում է Երևանի հիդրոպոնիկական փորձարար կայանը և Վաղարշապատի ԳԱ հիդրոպոնիկական հենակետը, նախկինում նաև՝ Դիլիջանի անտառային հիդրոպոնիկական կայանը։ Հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտում հետազոտվում են անհող մշակման պայմաններում թանկարժեք, անհետացող և հազվագյուտ բույսերի արդյունավետության բարձրացման ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և ագրոքիմիական հիմունքները։

Ինստիտուտի գույքը դարձել է տնօրենի սեփականությունը 

2018 թվականի ապրիլին Հիդրոպոնիկայի ինստիտուտի փոխտնօրենը դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին և առաջարկել, որ քաղաքի սեփականությունը հանդիսացող 5.4 հեկտար հողակտորից 2.2 հա-ի վարձակալության իրավունքը ինստիտուտից փոխանցվի քաղաքացի Խաչատուր Մայրապետյանին։ Այսինքն, Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրենը դիմում է համայնքին, հայտնում, որ հրաժարվում են ինստիտուտին տրամադրված հողի մի մասից՝ 2.2 հա-ից, և խնդրում են, որ այդ հողը վարձով տան ինստիտուտի տնօրենին։ Դիլիջանի քաղաքապետն էլ իր հերթին առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, որն էլ որոշում է կայացրել 2.2 հեկտար հողակտորը տարեկան 444 հազար դրամով մինչև 2060 թվականը վարձակալության հանձնել Խաչատուր Մայրապետյանին։

Բացի քոթեջներից, Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մայրապետյանը դարձել է ինստիտուտի լաբորատորիայի, գրասենյակների և հողամասի սեփականատերը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը 2003թ․ Պետական գույքի կառավարման վարչությանը թույլ է տվել օտարել Գիտություների ազգային ակադեմիայի հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի Դիլիջանի փորձակայանը։ Կառավարության որոշման համաձայն՝ օտարվող գույքը բաղկացած է եղել 296,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով մեկ շենքից և 188,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով թվով 3 կառույցներից։ Լաբորատորիայի շենքը գտնվում է Դիլիջան քաղաքի Պարզ լճի 22 հասցեում։ 

Պետական գույքը մրցույթով վաճառքի է հանվել ընդամենը 2.3 միլիոն դրամ արժեքով

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Խաչատուր Մայրապետյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2018 թ․ մայիսի 16-ին։ Ըստ վկայականի՝ անշարժ գույքը բաղկացած է 1 քոթեջատիպ տնակից, լաբորատորիայից և երկու գրասենյակից։ Հողամասի մակերեսը 2.8 հեկտար է, քոթեջանման տնակինը՝ 62.7 քմ, 3 հարկանի լաբորատորիայինը` 506 քմ, գրասենյակներինը՝ 62-ական քառակուսի մետր։ 

Խաչատուր Մայրապետյանը երեք առանձին հողակտորներ էլ է վարձակալել Դիլիջան համայնքից։ Դրանք ինստիտուտի նախկին լաբորատորիայի և հարակից շինություններին կից հողակտորներն են։ Հողակտորներից մեկը 1000 քմ է, մյուսը` 2000, երրոդը 3000 քառակուսի մետր է։ Նախորդ տարի Մայրապետյանը դիմել է Դիլիջան համայնքին և խնդրել է այդ տարածքների վարձակալության պայմանագրերը երկարացնել մինչև 2060 թվականը։

Ինստիտուտի գործունեությանը «Հետք»-ն անդրադարձել է 2 տարի առաջ։ Այդ ժամանակ գ․ գ․ դոկտոր Ստեփան Մայրապետյանը, ով երկու անգամ եղել է ինստիտուտի տնօրեն, պատմել է ինստիտուտի դժվարությունների մասին և դժգոհել, որ կառավարությունը ներդրումներ չի անում, այլ կարծում է, որ գիտնականն ինքը պետք է ներդրում անի։ «Գիտնականը բիզնեսմեն չէ, պետք է տարբերել, մինչև հիմա չեն տարբերում, կարծում են՝ գիտնականը պիտի արտադրի էլ»,- ասել է Ստեփան Մայրապետյանը:

Գիտնականը, պարզվում է, նաև բիզնեսմեն է։ Բացի նրանից, որ Մայրապետյանները քոթեջներ են վարձակալության տալիս, նաև ստեղծել են «Դարման» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը հենց Ստեփան Մայրապետյանն է։ Նա 2000թ․-ին հիմնադրել և մինչ օրս էլ 50 տոկոս բաժնեմաս ունի այդ ընկերությունում։ Ընդ որում՝ Ստեփան Մայրապետյանը Հիդրոպոնիկայի ինստիտուտի տնօրեն երկրորդ անգամ եղել է հենց 2000-2006 թթ։ Ընկերության մնացած 50 տոկոսը պատկանում է Հիդրոպոնիկայի ինստիտուտի տնօրինությունը ժառանգաբար ստանձնած նրա որդուն՝ ներկայիս տնօրեն Խաչատուր Մայրապետյանին։ Իսկ Ստեփան Մայրապետյանը «Դարման» ՍՊԸ-ի տնօրենն է։ 

ԳԱԱ կայքից տեղեկանում ենք, որ ինստիտուտի Էջմիածնի գիտաարդյունաբերական 2,3 հա ընդհանուր կամ 1,0 հա սնուցվող մակերեսով հիդրոպոնիկական բազայի հիման վրա է ստեղծվել «Դարման» ՍՊԸ-ն, որտեղ ներդրվում են ինստիտուտում մշակված հիդրոպոնիկ կենսատեխնոլոգիաները՝ թանկարժեք, հազվագյուտ և մեծ պահանջարկ ունեցող դեղատու, եթերայուղատու, ներկատու, տեխնիկական և այլ մշակաբույսերի անհող արտադրության ուղղությամբ: ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ ընկերությունը գործող է։ 

Քոթեջները գովազդող ֆեյսբուքյան էջի համաձայն՝ Hotel Darman Dilijan-ը դրանք վարձակալության է տալիս օրը 30 հազար դրամով։ 

 

Ինստիտուտի տնօրենի խուսափողական պատասխանները

Խաչատուր Մայրապետյանին հանդիպեցինք ինստիտուտի գլխավոր վարչական շենքում՝ Երևանի Նորագյուղ թաղամասում։ Մայրապետյանը պատմեց, որ 2003 թ․-ին, երբ Կառավարությունը մրցույթով փորձեց վաճառել Դիլիջանի լաբորատորիան և հարակից շինությունները, ի թիվս այլ անձանց, իր հայրը՝ ինստիտուտի նախկին տնօրեն Ստեփան Մայրապետյանը, մասնակցեց մրցույթին։ Ստեփան Մայրապետյանը հաղթել է մրցույթում և ձեռք բերել ինստիտուտի գույքը, հետագայում շինությունները փոխանցել է որդուն։

«Ես ինվեստր եմ, ներդրում եմ անում։ Մեր հարգարժան վարչապետը, որ կոչ արեց վերադառնան հայերը Հայաստան, ներդրում անեն, ես վաճառել եմ իմ տները, իմ հեկտարներով հողերը, բնակարանը, կինս էլ ռուս, Հայաստանը շատ սիրող, եկել է, վերադարձել է, ինքն էլ տնօրենն է։ Եթե նախկին նկարները տեսնեք ու հիմա, տեսնեք ինչեր եմ ես արել, ինչեր եմ վերականգնել․․․ մարդիկ մտնում, որ դուրս են գալիս օրհնում են, ամենաէժան տեղն է, քոթեջը 7 տեղանոց 30 հազար դրամ է»,- իր բիզնես գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի տնօրենը։

Հարցին՝ ձեր ինչին է պետք ինստիտուտի տնօրեն լինել, երբ բիզնեսով եք զբաղվում, նա պատասխանեց․ «Առաջինը՝ կինս է զբաղվում, Ֆիլատովա Իրինա Նիկոլայովնա, որը եկել է Հայաստան, ծննդաբերել է երեք երեխա, վաճառել ենք իր բնակարանը և այդ գումարով ուզում է ներդրում անել, իրավունք ունի՞»։ «Դարման» անունով քոթեջները վարձակալության են տրամադրում «Իրինա Ֆիլատովա» ԱՁ-ով։ Խաչատուր Մայրապետյանը նշեց, թե իբր նպատակ ունի հետագայում «Դարման» ՍՊԸ ստեղծել, սակայն երբ տեղեկացրինք, որ նույնանուն ՍՊԸ վաղուց են գրանցել և որ ինքն ու իր հայրն են բաժնետերերը, նա փորձեց համոզել, թե իբր ՍՊԸ-ն չի գործում։ Նրան տեղեկացրինք, որ նույն ՍՊԸ-ն ստեղծվել է ինստիտուտի էջմիածնի բազայի հիման վրա։ Հարցին՝ ի՞նչ կապ ունի ՍՊԸ-ն էջմիածնի բազայի հետ, Խաչատուր Մայրապետյանը պատասխանեց․ «Նորից ասում եմ՝ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հետաքրքիր է, և ամեն ինչ լավ է։ «Դարման» ՍՊԸ-ի տնօրենը հայրս է, ես որևէ բան չունեմ դրա մասին խոսելու, որը փակված է, խնդրում եմ մնացած հարցերը գրավոր դիմեք, որովհետև ես զգում եմ, որ դուք կապ չունեք, ձեր գործն եք անում, բայց ձեր հոդվածից հետո ես տնտեսական դատարանում հանդիպումներ եմ ունենալու»,- ասաց Խաչատուր Մայրապետյանը։

Պարզվում է, Մայրապետյանները հողակտորների մրցույթից հետո դատական վեճերի մեջ են ներգրավվել, քանի որ աճուրդին մասնակից նրանց մրցակիցները դիմել են դատարան՝ բողոքարկելով աճուրդի արդյունքները։ Սակայն վերջնական դատական ակտը կայացվել է իրենց օգտին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter