HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոշորների հարկերը 13.5 %-ով աճել են. ով ինչքան է վճարել

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 764.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալները, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն աճել են մոտ 91 մլրդ դրամով կամ 13.5 %-ով։

Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ պետբյուջե է հավաքագրվել 1 տրլն 79.2 մլրդ դրամի հարկեր։ Այդպիսով, ստացվում է, որ 1000 խոշոր հարկատուներն ապահովել են ընդհանուր հարկային եկամուտների մոտ 71 %-ը։

Ընդհանուր հարկային մուտքերը 2018 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 21.6 %-ով։ Այսինքն՝ խոշորների վճարած հարկերն ավելի փոքր տեմպերով են աճել, քան ընդհանուր հարկային մուտքերն են։ Սա նշանակում է, որ խոշորների ցանկից դուրս գտնվողների հարկային բեռն ավելի է մեծացել։

Հանրապետության խոշորագույն հարկատուն հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որի վճարած հարկերի ծավալն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է մոտ 40.6 մլրդ դրամ։ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընկերության հարկերն աճել են մոտ 8 մլրդ դրամով կամ 24 %-ով։

Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ վճարած 40.3 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ «Գրանդ Տոբակո»-ի հարկերն աճել են 12.6 մլրդ դրամով կամ 45.4 %-ով։ Նկատենք, որ «Գրանդ Տոբակո»-ի վճարած հարկերի ծավալը գրեթե հավասար է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հարկերին, և նման տեմպերով աճի պարագայում տարվա վերջում «Գրանդ Տոբակո»-ն կարող է գերազանցել վերջինիս և առաջին տեղը գրավել։

Հանրապետության խոշորագույն հարկատուների 2019 թվականի հունվար-սեպտեմբերի եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որը մի քանի տարի շարունակ գլխավորել է այս ցանկը։ Այս տարվա առաջին 9 ամիսներին ընկերությունը վճարել է 33.6 մլրդ դրամ՝ 3.2 մլրդ դրամով կամ 10.7 %-ով ավելին, քան նախորդ տարվա նույն ամիսներին։

Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, որի վճարած հարկերի ծավալը կազմել է մոտ 13.4 մլրդ դրամ`աճելով 4 մլրդ դրամով կամ 44%-ով։ Հիշեցնենք, որ ինչպես «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, այնպես էլ «Գրանդ Տոբակո»-ն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգ»-ի կազմում են։

Խոշոր հարկատուների ցանկում հինգերերդ տեղում է հանքարդյունաբերության ոլորտում գործող «ԳեոՊրոմայնինգ Գոլդ»-ը՝ այս տարվա առաջին 9 ամիսներին վճարած 12.5 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ընկերության հարկերն ավելացել են 160 մլն դրամով կամ 1.3%-ով։

Մյուս խոշոր հարկատուն բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունն է, որի հարկերի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 10.75 մլրդ դրամ։ Այն աճել է 2.1 մլրդ դրամով կամ 24 %-ով։

Ութերորդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է՝ 10.5 մլրդ դրամով։ Աճը՝ 671 մլն դրամ կամ 6.8 %:

Հաջորդում է ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ջեյ թի այ Արմենիա» ընկերությունը։ Վճարել է 9.3 մլրդ դրամի հարկեր, որը 515 մլն դրամով կամ 5.9 %-ով գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշը։   

Եվ տասներորդ խոշորագույն հարկատուն «Սիփիէս Օիլ»-ն է, որը ևս զբաղվում է բենզինի առևտրով։ Վճարել է 9.1 մլրդ դրամի հարկեր։ Առաջին հայացքից թվում է, թե սա նույն «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունն է, որը երկար ժամանակ առաջատար դիրքեր է զբաղեցրել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում։ Իրականում սրանք տարբեր ընկերություններ են, սակայն փոխկապակցված են միմյանց։ Այս երկու ընկերությունները գործում են տարբեր հարկ վճարողի հարկային համարներով (ՀՎՀՀ)։ Ինչպես վկայում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալները «Սիփիէս Օիլ»-ը հիմնադրվել է 2017 թվականի օգոստոսին, իսկ «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ը՝ 2012 թվականի դեկտեմբերին։ Այս տարվա հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկում «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ը 22-րդ տեղում է՝ 4.8 մլրդ դրամի հարկերով։ Համեմատության համար նշենք, որ վերջինս նախորդ տարվա նույն ամիսներին խոշորների ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ 13.2 մլրդ դրամի հարկերով։

Վերոնշյալ երկու ընկերություններում բաժնետերը նույնն է եղել՝ Աշոտ Սալազարյանը։ Վերջինս, սակայն, այս տարվա մայիսին դուրս է եկել «Սիփիէս Օիլ»-ի բաժնետերերի ցուցակից։ Ամեն դեպքում, երկու ընկերություններն էլ գրանցված են Պուշկինի 1 հասցեում։ 

Այս անգամ տասնյակից դուրս է մնացել է «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը, որն առաջին կիսամյակի տվյալներով հանրապետության ութերորդ խոշոր հարկատուն էր։ Այս անգամ ընկերությունը զբաղեցրել է 11-րդ տեղը 8.6 մլրդ դրամի հարկերով։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը փոխկապակցված է ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին։ Զբաղվում է հագուստի մեծածախ առևտրով։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել է 1.5 մլրդ դրամի հարկեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter