
Սասուն Խաչատրյան. «Հրայր Թովմասյանի հրաժարական տալ-չտալը քրեական գործի համար որևէ նշանակություն չունի»
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է` իր ղեկավարած գերատեսչությունն իրավասու է հարցաքննել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանին:
«ՀՔԾ-ն իրավունք ունի հարցաքննելու ցանկացած անձի»,- ասաց Խաչատրյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՔԾ-ն իրավասու է հարցաքննել Հրայր Թովմասյանին առանց ՍԴ-ի թույլտվության:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի` որպես արդարադատության նախարար պաշտոնավարելու տարիներին պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու մասին: Գործը փոխանցվել է ՀՔԾ-ին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ՀՔԾ-ն իրավասու է Թովմասյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել այն դեպքում, երբ վերջինս շարունակում է պաշտոնավարել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ մեկնաբանի, դա իրավական վեճ է, դրա մասին չեմ խոսի, ես ունեմ իմ համոզմունքը, բայց չեմ հայտնի»:
Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ այդ և այլ գործեր հարուցվում են քաղաքական նկատառումներից ելնելով, Խաչատրյանը վստահեցրեց, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է:
«Ես մի քանի առիթով ասել եմ, որ պաշտպանի աշխատանքն է բոլոր չարգելված միջոցներով պաշտպանել իր վստահորդին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի կալանավորմանը, Սասուն Խաչատրյանն ասաց. «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ միջոցով է հնարավոր մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովել: Տվալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրակացության, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել կալանավորման պայմաններում։ Այդ նկատառումներից ելնելով` արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»:
Հարցին` եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում ներկայացներ, արդյոք քրեական գործ կհարուցվե՞ր Արսեն Բաբայանի նկատմամբ, Խաչատրյանը պատասխանեց. «Հրայր Թովմասյանի հրաժարական տալ-չտալը քրեական գործի համար որևէ նշանակություն չունի: Կրկին ասում եմ, որ ՀՔԾ-ն քաղաքականությամբ չի զբաղվում»:
Հիշեցնենք, որ այս քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված է նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով:
Մեկնաբանել