Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է «Հետքի» հոդվածին՝ դիմելով մանիպուլյացիայի
Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ խորհրդարանում իրեն ուղղված հարցին, որը վերաբերում էր վարչապետ Փաշինյանի կողմից ԱՄՆ թռչելիս կառավարական օդանավի փոխարեն մասնավոր ինքնաթիռ օգտագործելուն:
Առանց խմբագրման (տեքստում կան ուղղագրական սխալներ) ներկայացնենք Աղաջանյանի գրառումը, ապա մեր դիտարկումը դրա վերաբերյալ:
«Երեկ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ԼՀԿ անդամ տիկին Անի Սամսոնյանի հարցին, որը վերաբերվում էր ՀԵՏՔ լրատվականի պնդումներին առ այն, թե իրականում հնարավոր էր գործող ինքնաթիռով տրանսատլանտյան թռիչք իրականացնել, որն ավելի էժան կարժենար ծախսերի տեսանկյունից, կուզեի ավելի հանգամանալից անդրադառնալ։
Եվ այսպես.
Ցանկացած թռիչքի հաշվարկ կատարելիս գնահատվում են տեխնիկական հնարավորությունները եւ տնտեսական հիմնավորումները;
- ՀՀ կառավարության A-319 օդանավի վառելիքի բակերի տարողությունը ընդամենը 19 տոննա է: Դա բավարար է ոչ ավել քան 6 թռիչքաժամի, որի ընթացքում օդանավը կարող է հաղթահարել մինչեւ 5200-5300 կմ:
- Այս օդանավով տրանսատլանտյան թռիչքներ կատարել հնարավոր է: Սակայն համաձայն ICAO անվտանգության ստանդարտների, մասնավորապես ETOPS (Extended-range Twin-engine Operational Performance Standards) տվյալ օդանավը Ատլանտյան Օվկիանոսը հատելու համար ստիպված պիտի լիներ իր թռիչքը պլանավորել ափամերձ երթուղիներով: Ինչի հետեւանքով ստիպված կլիներ իռլանդական Շինոնից մինչեւ Լոս-Անջելես եւ Նյու Յորքից մինչ Երեւան թռիչքների ընթացքում կատարել երկուական հավելյալ վայրէջքներ կատարել: Ինչի հետեւանքով թռիչքի ընդհանուր տեւողությունը կավելանար մոտ 5 ժամով: Հաշվի առնելով մեկ ժամում վառելիքի սպառման տարբերությունները G-550 եւ A-319 միջեւ, որը կազմում է ժամում ավելի քան 1 տոննա, եւ ավելացած ժամերը, ինչպես նաեւ վառելիքի մեկ տոննայի արժեքը (մոտ $900 մեկ տոննայի համար), միայն նավթի վրա խնայվել է մոտ 40.000 ԱՄՆ դոլար: Որին ավելացնելով 4 տեխնիկական վայրէջքների համար վճարվելիք գումարները, ընդհանուր առմամբ պետական բյուջեյից խնայվել է մոտ $ 50.000.
- Անձնակազմի տրանսատլանտյան թռիչքների թուլյտվության բացակայության մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Բայց դա բոլորովին կապված չի անձնակազմի որակավորման հետ: Ինչպես կ.2 նշել եմ ICAO անվտանգության ETOPS ստանդարտները նախատեսում են ոչ միայն օդանավի հնարավորությունները, այլ նաեւ այդ օդանավը շահագործող օդաչուների եւ օդանավը սպասարկող տեխնիկական կենտրոնի սերտիֆիկացումը համապատասխանաբար: Օդաչուները այդ թույլտվությունը ստանում են հրահանգիչ-օդաչույի հետ 2 անգամ Ատլանտիկան հատելով (մեկ չվերթ): Սակայն համապատասխան օդանավի բացակայության պայմաններում, տրամաբանորեն, եւ օդաչուները չեն սերտիֆիկացվել, եւ տեխսպասարկող կազմակերպությունը:
- Օդանավը մոտ 4 տոննա տարողությամբ հավելյալ բակերով համալրելու խնդիրը քննարկվել է նրա ձեռք բերելուց անմիջապես հետո: Ցանկացած օդանավի վրա կառուցվածքային փոփոխությունները կատարվում են միայն արտադրողի, կամ նրա կողմից արտոնագրված գործարանի կողմից: Հավելյալ բակ տեղադրելը կապված է կառուցվածքային փոփոխության հետ, որը մի քանի միլիոն եվրո արժողություն ունի: Այդ իսկ պատճառով նպատակահարմար չի գտնվել, իսկ այժմ ավելի աննպատակահարմար է մի քանի միլիոն եվրո ծախսել տարեկան մեկ կամ երկու թռիչք կատարելու համար։
«Հետք» - Տպավորություն է, որ պարոն Աղաջանյանն ընդհանրապես չի կարդացել «Հետքի» հոդվածը եւ առաջնորդվում է նրանով, թե իրեն ինչ են պատմել կամ զեկուցել: Ի գիտություն Աղաջանյանի եւ նրա ենթակաների՝ հոդվածում սեւով սպիտակի վրա գրել ենք, որ օդանավը նախկինում թռել է Ատլանտյան օվկիանոսի վրայով, բերել ենք հստակ ապացույց-օրինակներ: Նշել ենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ բիզնես դասի «ACJ319» կառավարական ինքնաթիռի արտադրող «Airbus» ընկերության տվյալներն օդանավի տեխնիկական պարամետրերի վերաբերյալ իրարից խիստ տարբերվում են, ապա հավելել ենք. «Ինչպես տեսանք կոնկրետ օրինակներով, կառավարական օդանավը տեխնիկապես կարող էր անցնել օվկիանոսը (վարչապետի աշխատակազմի տվյալներին հավատալու դեպքում օդանավը դա կաներ կանգառներով, իսկ արտադրող ընկերության նշած ցուցանիշներով՝ մեկ թռիչքով, ավելին՝ մեկ թռիչքով ոչ միայն Եվրոպայից Լոս Անջելես կհասներ, այլեւ Նյու Յորքից Երեւան կվերադառնար)»: Իր գրառման մեջ Աղաջանյանը փաստացի հաստատել է այն, ինչ գրել ենք մենք. «Այս օդանավով տրանսատլանտյան թռիչքներ կատարել հնարավոր է»:
Հատված մեր հոդվածից. «Հիմնական խնդիրն այստեղ այլ է՝ ծախսատարությունը «G550»-ի համեմատ եւ ինքնաթիռն սպասարկող հայ օդաչուների գործոնը: Ծախսատարության թեմայի վրա չենք կենտրոնանա այն պատճառով, որ վարչապետի աշխատակազմը «ACJ319»-ով թռիչք կատարելու ծախսային հաշվարկ չի ներկայացրել, ինչից նաեւ կարող ենք ենթադրել, որ այդպիսին չի էլ արվել: Մյուս կողմից՝ քանի որ ՀՀ կառավարության ու օդանավն արտադրողի տվյալները տարբեր են, դժվար է հիմք ընդունել որեւէ մեկը»:
Փաստորեն, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, առանց «Հետքի» հոդվածը ուշադիր կարդալու, հանրային հարթակում՝ սոցցանցում, դիմել է պարզ մանիպուլյացիայի, թե իբր մենք գրել ենք, որ կառավարական օդանավով թռիչքը «ավելի էժան կարժենար ծախսերի տեսանկյունից»: Հոդվածում նման միտք գոյություն չունի: Մենք ձեռնպահ ենք մնացել նման պնդում անելուց այն պարզ պատճառով, որ նույն պարոն Աղաջանյանը չի պատասխանել դեռ հոկտեմբերի 4-ին իրեն ուղղված մեր գրավոր հարցման հետեւյալ հարցին. «Այցից առաջ վարչապետի աշխատակազմը հաշվարկե՞լ է, թե որքան կկազմեին ծախսերը, եթե կիրառվեր կառավարական բորտը: Եթե այո, խնդրում եմ հայտնել հաշվարկված գումարի չափը: Եթե հաշվարկ չի արվել, խնդրում եմ հայտնել, թե ինչու»: Իսկ հոդվածի սկզբում, անդրադառնալով որոշ ընթերցողների կարծիքին, նշել էինք. «Մի մասն էլ կարծիք էր հայտնել, թե լավ կլիներ, որ գնային համեմատություն արվեր կառավարական «Airbus A319»-ով եւ վարձակալված «Gulfstream G550»-ով թռիչք կատարելու միջեւ: Իրականում այս առաջարկի թիվ մեկ հասցեատերը ոչ թե լրատվամիջոցը, այլ կառավարությունը պիտի լիներ, քանի որ ընտրության պատասխանատուն կառավարությունն է, որն իր գերակայությունների մեջ բազմիցս շեշտել է թափանցիկ եւ հաշվետու աշխաոճի մասին: Գործադիրը պետք է հաշվետու լինի հանրությանը մասնավոր թռիչք կազմակերպելու հիմքերի վերաբերյալ, այդ թվում՝ պարզաբանի, թե այդպես որքան գումար է խնայվել (եթե, իհարկե, խնայվել է) կամ ավել ծախսվել կառավարական ինքնաթիռով թռիչքը կազմակերպելու համեմատ (ըստ որոշ գնահատականների, որոնք հնչել են նաեւ կառավարությունից, «A319»-ով թռիչքն ավելի թանկ կնստեր պետբյուջեի վրա)»:
Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմը՝ հանձին դրա ղեկավար Է. Աղաջանյանի, միայն ԱԺ-ում իրեն ուղղված հարցից հետո է որոշել (ավելի ճիշտ՝ հանձնարարել համապատասխան մասնագետներին) ներկայացնել «G550»-ով եւ «ACJ319»-ով թռիչք կատարելու ծախսային տարբերությունը: Թե ինչու, կիմանան միայն աշխատակազմում:
Վարչապետի աշխատակազմը, մեր հարցմանն ի պատասխան, նաեւ հայտնել էր. «Օվկիանոսի տարածքի վրայով թռիչքներ կատարելու համար կան լրացուցիչ պահանջներ՝ տեխնիկական, հատուկ թույլտվություններ, անձնակազմի հատուկ պատրաստվածություն եւ այլն: Անձնակազմը պետք է ունենա հատուկ պատրաստվածություն եւ պարբերաբար վերահաստատի՝ կատարելով նմանատիպ թռիչքներ»:
Սրա հիման վրա գրել էինք. «Եթե դիտարկենք շատ ավելի լայն տեսանկյունից, ապա ամենամտահոգիչն այն հանգամանքն է, որ սուվերեն երկիրը չունի այնպիսի թռիչքային շարժակազմ (եթե, իհարկե, ՀՀ կառավարական բորտի առավելագույն թռիչքային հեռավորությունը իսկապես 5600 կմ է) ու վերջինիս սպասարկող համապատասխան քանակի եւ որակավորմամբ մասնագետներ, որոնց առկայությամբ պետբյուջեից ոչ թե հսկայական գումարներ կուղղվեն մասնավոր թռիչքներ կազմակերպող օտարերկրյա ավիաընկերությունների, ինչպես նաեւ բիզնես դասի թանկարժեք ինքնաթիռների սեփականատեր հանդիսացող ինչ-որ օլիգարխների կամ մեծահարուստ պաշտոնյաների, այլ կվճարվեն կառավարական օդանավը սպասարկող հայ օդաչուներին, տեխնիկներին ու մյուս մասնագետներին: Սա բավականին լայն խնդիր է ու հայկական ավիացիայի, այսպես ասած, հիվանդ լինելու ցուցիչներից մեկն է»։
«Անձնակազմի տրանսատլանտյան թռիչքների թույլտվության բացակայության մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Բայց դա բոլորովին կապված չի անձնակազմի որակավորման հետ»,- նշել է Է. Աղաջանյանը, ինչը եւս առնվազն զարմանալի է, քանի որ հայերենում եւ ոչ միայն հայերենում հատուկ պատրաստվածություն եւ թույլտվություն (լիցենզիա, սերտիֆիկատ) ունենալը փաստում-հավաստում է մասնագետի, տվյալ դեպքում՝ օդաչուի որակավորումը (квалификация, qualification) իր գործունեության ոլորտի կոնկրետ սեգմենտում (տես, մասնավորապես, «Ավիացիայի մասին» օրենքի 6-րդ գլուխը):
Հ․Գ․ Հետաքրքիր է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարն այդպես էլ չի հանրայնացրել այն կարեւոր հանգամանքը, թե ինչու է ընտրվել ավստրիական «Avcon Jet AG» ավիաընկերությունը եւ դրա «Gulfstream G550» (գրանցումը՝ OE-ISN) ինքնաթիռը, որի սեփականատերը, ինչպես գրել ենք, Ուկրաինայի Ռադայի պատգամավոր, օլիգարխ Նեստոր Շուֆրիչն է։ Մինչ օրս հայտնի չէ՝ ՀՀ վարչապետին ծառայություն մատուցելու վերաբերյալ պետական գնումը կատարվել է մրցույթո՞վ, թե՞ առանց դրա։ Եթե առանց դրա (մեկ անձից), ապա ինչու՞։ Այս հարցերի պատասխանը բխում է թափանցիկ ու հաշվետու աշխատելու՝ կառավարության հայտարարած նպատակից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել