HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու մեջ մեղադրվող աշխատակցի նկատմամբ դատախազը պահանջում է պատիժ ՝ ազատազրկում՝ 8 տարի 7 ամիս ժամկետով

30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց  եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։ Խոշտանգման գործով դատաքննությունն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Գործը քննում է դատավոր Դավիթ Բալայանը: Մեղադրանք է առաջադրվել ՔԿՀ-ի աշխատակից Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ։

Դատախազ Վարդգես Սարգսյանը հրապարակել է մեղադրական ճառը՝ ամբաստանյալի նկատմամբ առաջարկել պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի 7 ամիս ժամկետով։

Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ, 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 314-րդ հոդվածի1-ին մասով։

Այսօրվա դատական նիստին մեղադրանքի կողմը ներկայացրեց ճառը, Արմեն Աղաջանյանի իրավահաջորդի՝ Գայանե Աղաջանյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը պնդեց, որ ամբաստանյալը պետք է մեղավոր ճանաչվի մեղադրանքի մեջ նշված հոդվածներով, եւ իրենք պնդում են՝ նա կատարել է խոշտանգում եւ պաշտոնեական կեղծիք, իսկ մեղադրանքը դատաքննության ընթացքում հիմնավորվել է։

«Արմեն Հովհաննիսյանը ՔԿՀ-ի այլ աշխատողների հետ խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, որից հետո մի շարք ծառայողների հետ կատարել պաշտոնեական կեղծիք»,- նշեց Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ վկաների տված ցուցմունքով, ապացույցներով հիմնավորվել է Արմեն Հովհաննիսյանի մեղքը։ Ըստ Ղարագյոզյանի՝ պաշտոնեական փաստաթուղթը կեղծվել է Աղաջանյանի նկատմամբ խոշտանգում կատարելու մեղքը թաքցնելու նպատակով։ Ըստ կազմված արձանագրության՝ Արմեն Աղաջանյանին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել ՔԿՀ-ի աշխատողներին եւ նրանց հասցեին տվել է հայհոյանքներ, խոչընդոտել նրանց գործին, որից հետո Հովհաննիսյանը նրա նկատմամբ կատարել է ձեռքի հնարք։

Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանի պնդմամբ՝ Աղաջանյանի մահվան պատճառը որեւէ կապ չունի իր պաշտպանյալի հետ։ Իսկ խոշտանգման վերաբերյալ փաստաբանը պնդում է, որ Հովհաննիսյանը դիտավորյալ չի հարվածել Աղաջանյանին։ Ըստ փաստաբանի՝ կա երկու վարկած. առաջինը, որ Աղաջանյանը դեմքին հարված ստանալուց հետո դիպել է սեղանին եւ ստացել վնասվածքներ, իսկ երկրորդը, որ Արմեն Հովհաննիսյանը հարվածել է ձեռքերով, ոտքերով, բայց խոշտանգում եւ դաժան վերաբերմունք չի եղել, նաեւ հարվածելու ժամանակահատվածը քիչ է. 1.40 վայրկյան է եղել այն պահը, երբ Աղաջանյանը եւ Հովհաննիսյանը գտնվել են միեւնույն սենյակում։ Ըստ Սուքիասյանի՝ հարվածները առողջությանը վնաս չեն տվել եւ դիտավորյալ գործողություն չի եղել, ուստի մեղադրանքը ճիշտ չէ որակված։

Ըստ պաշտպանական կողմի՝ այս ամենը հաշվի առնելով, Արմեն Հովհաննիսյանին պետք է ճանաչել անմեղ։

Պաշտպանի ելույթից հետո փաստաբան Արա Ղարագյոզյանը պատասխանեց նրան՝ հարցնելով, թե ինչպես կարող  էին հարվածներն Աղաջանյանի առողջությանը վնաս չհասցնել, երբ նա ունեցել է հաստ աղիին ամրացված պարկ եւ դրա առնչությամբ մի քանի անգամ դիմել է ՔԿՀ-ի պետին՝ պատշաճ բուժօգնություն ստանալու համար։

Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 25-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter