HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շեյխը Հայաստանում է․ 2020թ․ գարնանը կշահագործվի Արտավազի հանքային ջրերի գործարանը

Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամին Հայաստանում է։ Նա 2020թ․ մարտին մտադիր է գործարկել Կոտայքի մարզի Արտավազ գյուղում կառուցվող հանքային ջրերի շշալցման գործարանը։ Այս մասին հայտնի է դարձել երեկ, երբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Արտավազի հանքային ջրերի գործարան։

Հիշեցնենք, որ Կառավարությունը դեռևս 2010թ. փետրվարի 25-ի նիստում որոշել էր Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմաններում «որոշ տարածքներ», որոնք քաղաքացիների սեփականություններն էին՝ 85.1 հեկտար, ճանաչել «բացառիկ գերակա շահ»: Այնուհետև, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած Կառավարության որոշման մեջ գյուղացիներից վերցվող գյուղատնտեuական նշանակության հողերի չափը 85 հեկտարից դարձել էր 96:

Հողատարածքը հատկացվել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունն էլ գրանցվել էր Կառավարության նիստի օրը։

Հիշեցնենք՝ որպես «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետեր պետռեգիստրում նշվում է «Էյ Ընդ Էմ Ինվեսթմենթ» ԲԸ-ն («A & M Investment»), որը գրանցված է Լյուքսեմբուրգում: Ընկերության միակ բաժնետեր նշվում է «Լuxembourg International Consulting» (Interconsult) ԲԸ-ն, որը ներկայացնում է Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամին։

Իսկ շեյխի հայաստանյան գործընկերը Աբրահամյանների ընտանիքի ներկայացուցիչներից մեկն է՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը։ Նրանց շահերը նաև ներկայացնում և պաշտպանում է «Կոնվերս բանկ»-ի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը։

Իրենց հողերի սեփականության իրավունքից զրկելու հայցերով դատական գործեր եղան արտավազցիների և Կառավարության միջև, բայց հայաստանյան բոլոր ատյանները որոշեցին, որ սեփականության իրավունքի խախտումներ չեն եղել՝ չնայած գյուղացիների մի մասը՝ Երվանդ Նալթակյանի ընտանիքն ու բարեկամները, ընդհանուր՝ 25 բնակիչ, հրաժարվել էին ինքնակամ հանձնել իրենց հողերը։ Նրանց սեփականությունից զրկելու վերաբերյալ բողոքները դեռևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են։

Երվանդ Նալթակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՄԻԵԴ-ից կապ են հաստատել փաստաբանների հետ և մեկ անգամ ևս հստակեցրել, թե արդյոք բողոքողները մնում են իրենց դիրքորոշմանը, հաստատակամ պատասխան փոխանցելուց ի վեր Նալթակյաններն այլ լուր չունեն Եվրադատարանից։ Ամեն դեպքում, լիահույս են, որ ՄԻԵԴ-ը ըստ արժանվույն կգնահատի գյուղացուն իր ապրուստի միջոց հողակտորից զրկելու՝ ՀՀ դատարանների որոշումները։

«Մեր հողերի վրա գյուղում շշալցման հսկա գործարան է կառուցվում, բայց մենք ջուր ենք խմում առանց մաքրելու, մեր մաքրման կայանը շեյխը քանդեց, որ հիմա մենք ջուրը տիղմի հոտով ու կեղտոտ խմենք»,- ասում է Երվանդ Նալթակյանը։

Իհարկե, միայն այդքանը չէր, որ վերցրել է շեյխը։ 2011թ․-ին կառավարությունը նաև որոշել էր Արտավազի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից և անտառային հողերից 147.5 հեկտարը պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրել «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ին։

Նոր կառավարությունը ևս շարունակում է արտոնություններ շնորհել Գագիկ Աբրահամյանին ու շեյխ գործընկերոջը։ Այս տարվա մարտին Նիկոլ Փաշինյանի գլխավորած  կառավարությունը արտոնություն տվեց ընկերությանը։ Թույլատրեց, որ ընկերությունը մարտի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծի սարքավորումներ՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի անց վճարելու և մաքսատուրքից ազատվելու պայմանով: 

Կոտայքի մարզպետը երեկ շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ներդրող շեյխ Մուհամմեդ Մուսալլամին պատմել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին գործարանը պատրաստ կլինի շահագործման, իսկ մինչ այդ ընթանում են գործարանի կահավորման, հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ, ներկրվում են համապատասխան սարքավորումներ:

Շեյխը խոստացել է, որ իր աշխատակազմը համալրելու է միմիայն տեղացի մասնագետներով ու աշխատակիցներով, այն է՝ շուրջ 200 աշխատատեղ։

Գործարանի արտադրանքն արտահանվելու է հիմնականում ՌԴ և եվրոպական երկրներ, որտեղ արդեն RARE WATER ապրանքանիշը հավաստագրվել է և անցել սննդի բոլոր տեսակի սերտիֆիկացումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter