HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինն ամսում 253 մարդ է զոհվել վթարների հետևանքով  

Այս տարվա ինն ամիսներին տեղի ունեցած ավտովթարների հետևանքով 253 մարդ է զոհվել։

2017 և 2018 թվականների նույն ժամանակահատվածում վթարների հետևանքով ավելի քիչ մարդ է զոհվել։

Ոստիկանությունից ստացած տվյալների համեմատությունից պարզվում է նաև, որ 2019-ի հունվար-սեպտեմբերին ավելի շատ վթար է գրանցվել, որի հետևանքով ավելի շատ մարդիկ են վիրավորել և մահացել, քան նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածում։

2019-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 3444 վթար։ Դրա հետևանքով զոհվել է 253 մարդ, վիրավորվել՝ 4959-ը։ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ վթարների թիվը 523-ով ավելին է, զոհերինը՝ 11-ով, իսկ վիրավորներինը՝ 680-ով։

Ստորև ներկայացված գծապատկերում ամբողջացրել ենք 2017-2019 թվականների վթարների վիճակագրությունը՝ ըստ վթարների թվի, զոհերի և վիրավորների քանակի։

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը վթարների աճը պայմանավորում է վարորդների վարքով և ներմուծված մեծաքանակ մեքենաներով։

«Վերջին տարիներին, նամանավանդ ընթացիկ և նախորդ տարիներին, ահռելի և աննախադեպ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են ներկվել Հայաստան, իսկ նոր փողոցներ չեն ավելացել, հետևաբար մեքենաների խտությունը մեծացել է, դրա հետ մեկտեղ վարորդները բավական է, որ թուլացնեն զգոնությունը, և վթարը պատրաստ է»,-ասում է Սերգեյ Ղահրամանյանը։

Ղահրամանյանի դիտարկմամբ՝ եվրոպական երկրների շարքում Հայաստանը, Ռուսաստանի և Վրաստանի հետ, զոհերի թվով առաջին եռյակում են:

Սերգեյ Ղահրամանյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն խաչմերուկներում, որտեղ կան տեսահսկման սարքավորումներ, վթարներ գրեթե չեն լինում, իսկ տեսահսկման միջոցներով չկահավորված խաչմերուկներում վթարների թիվը մեծ է։

Երևանը վթարների թվով անգերազանցելի է

Այս տարվա առաջին ինն ամիսներին հանրապետությունում գրանցված 3444 վթարներից 46 %-ը (1569 վթար) արձանագրվել է Երևանում։ Սա կարելի է նաև պայմանավորել բնակչության կենտրոնացվածությամբ։

Երևանում տեղի ունեցած այս տարվա վթարները 300-ով ավելի են 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ։

Երևանում տեղի ունեցած վթարների հետևանքով ամենաշատ մարդիկ են զոհվել և վիրավորել։ Նշված 1569 վթարների հետևանքով զոհվել է 62 անձ, վիրավորել՝ 2052-ը։ Համեմատության համար նշենք, որ վթարների թվով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Կոտայքի մարզում եղել է 310 վթար, 28 զոհ և 466 վիրավոր։

Վթարների, զոհերի և վիրավորների թվով ամենապասիվ մարզը Հայաստանի ամենաքիչ բնակչություն ունեցող Վայոց ձորն է։ Այս տարվա առաջին ամիսներին այնտեղ գրանցվել է 55 վթար, որի հետևանքով զոհվել է 8 անձ, վիրավորել՝ 87-ը։

«Վթարների կանխարգելման մի լուծում կա՝ հանրային տրանսպորտի իրագործում, որը մեր մոտ ուղղակի գոյություն չունի, ինչի հետևանքով մասնավոր օգտագործման տրանսպորտի քանակը կկրճատվի և, հետևաբար, խտությունն էլ կիջնի, ինչի հետևանքով էլ վթարները կնվազեն: Իսկ զոհերի նվազման համար՝ դրանք հիմնականում լուծվում են քաղաքաշինական և ճարտարապետական լուծումներով, այսինքն՝ այդտեղ օրենքներն այդքան էլ որոշիչ դեր չեն ունենում, պարզապես պետք է միջավայրը մարդու համար ի սկզբանե նախագծվի անվտանգ»,- ասում է Սերգեյ Ղահրամանյանը։

Նա ընդգծում է, որ Հայաստանում չկա որևէ կառույցի պատասխանտվության ենթարկելու մոտեցում, բացի այդ՝ բացակայում են երթևեկության անվտանգության վերաբերյալ գլոբալ մոտեցումները:

«Պետական մեկ տասնյակից ավելի կառույցների անգործության արդյունքում մշտապես սլաքներն ուղղում ենք Ճանապարհային ոստիկանության վրա, հստակ գիտակցելով, որ ՃՈ-ն փողոց սարքող չէ, մայթ սարքող չէ, ծառ կտրող չէ և այլն: Երթևեկության անվտանգության կազմակերպման ահռելի գործընթացներ պարզապես չեն մտնում այդ ծառայության պարտականությունների մեջ»,- վստահեցնում է Ղահրամանյանը։

Վթարները հիմնականում բախումների ձևով են լինում

Վթարները լինում են բախման, շրջման, խոչընդոտի վրաերթի, հետիոտնի և հեծանվորդի վրաերթի, ուղևորի վայր ընկնելու, կենդանիների վրաերթի, կանգնած տրանսպորտային միջոցի վրաերթի տեսքով։

Հայաստանում վթարները մեծ մասամբ բախումների հետևանքով են լինում։ Դա ցույց են տալիս մեր՝ վերջին տարիներին իրականացրած ուսումնասիրությունները, որոնք կատարել ենք ոստիկանությունից ստացած տվյալների հիման վրա։

Օրինակ՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին 3444 վթարներից 1520-ը եղել է բախման հետևանքով։ Այսինքն՝ բախումները վթարների թվում 44 %-ն են կազմել։ Բախումների հետևանքով էլ զոհվել է 79 անձ, վիրավորել՝ 2604-ը։

Սակայն ամենաշատ զոհերը եղել են հետիոտնի վրաերթից։ Հետիոտնային վրաերթների հետևանքով առաջին ինն ամիսներին 86 մարդ է մահացել։ Իսկ ճանապարհատրանսպորտային միջոցների պատահարներում երկրորդ հորիզոնականը հենց այս տեսակի՝ հետիոտնի վրաերթի վթարներն են զբաղեցնում։

Միայն այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին հետիոտնի վրաերթով 858 դեպք է գրանցվել։

«Տեսնելով և հետևելով այս ոլորտի շուրջ պետական քաղաքականության մոտեցումները, գործողությունները, ցանկությունները և գաղափարները, ցավոք, դեռևս վաղ է խոսել որոշակի հաջողությունների մասին: Միակ մոտ ապագայում լուրջ ռեֆորմը դա բալային համակարգի ներդրումն է, դրան մասամբ կօգնի նաև հանրային վերահսկողության մեխանիզմի ներդրումը, որն արդեն իսկ օրենքով է ամրագրված»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Ղահրամանյանը։

Ընթերցեք նաև՝

Գլխավոր լուսանկարը՝ սեպտեմբերի 10-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից

Մեկնաբանություններ (1)

ԳԱԳԻԿ ԵՐՎԱՆԴՅԱՆ
Վերաբերվեք շատ ԽԻՍՏ սահմանված արագությունը գերազանցողների նկատմամբ.....Անգամ զրկեք վարորդական իրավունքից.... Չէ որ վթարների գերակշռող մասն գերազանցված արագության հետեվանք է.....միայն ու միայն արագության....Այլապես չեն լինի այդ աստիճան բախումներ.... Քաղաքին շատ մոտ և բնակավայրերին մոտ փողոցներում սահմանափակեք 70կմ. և 80կմ. Արագությունը...(հատկապես ԻՍԱԿՈՎԻ փողոց)...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter