HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծերը ծերին» տնտեսական մոդել․ ՋՕԸ-երը պահե՞լ, թե՞ լուծարել 

Ոռոգման համակարգի արդյունավետության թեմայի քննարկումներում ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ-երի) ֆինանսական կայունությունը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունն անկյունաքարային տեղ է գրավում։ Հնչում է լեգիտիմ հարցադրում՝ լավ, ինչքա՞ն կարելի է պետական բյուջեից փակել ՋՕԸ-երի պարտքերը։ Նախորդ հոդվածում ցույց էի տվել, որ վերջին տասնամյակում այդ սուբսիդավորումը կազմել է մոտ 120 միլիոն դոլար։ Եվ սրա տրամաբանական հաջորդ հարցն է դառնում «այդ չարիքի»՝ ՋՕԸ-երի վերացման մտայնությունը։

ՋՕԸ-երից հրաժարվելը տեխնիկապես հեշտ է գուցե մի ստորագրության հարց։ Բայց այ ֆինանսական կայունության ապահովումը, ցավոք, մի գրչով լուծվող խնդիր չէ, որքան էլ զորավոր լինի այդ գրիչը։ Ուստի դատապարտված ենք՝ ուսումնասիրելու այդ պարտքերի առաջացման պատճառները և հասկանալու դրանցում ՋՕԸ-երի մեղքի բաժինը։ Որից հետո գուցե ապացուցվի՞, որ կա ՋՕԸ-երին այլընտրանք։

Այսպես փորձենք վերծանել պետական աջակցություն ստացող ՋՕԸ-երի ֆինանսների հիմնական կառուցվածքի մոդելը։ Ինչպես ցույց է տրված գծապատկերում՝ ՋՕԸ-երը ջրի մատակարարման համար կատարում են որոշակի ծախսեր և տեսականորեն ենթադրվում է, որ այդ ծախսերը պետք է ծածկվեն ջրի դիմաց գյուղացիների վճարների և պետական սուբսիդիայի հաշվին։ 

Պետական սուբսիդիան տրամադրվում է այն հաշվարկով, որ փակվի կանխատեսվող ճեղքվածքը։ Սուբսիդիայի չափը հաշվարկված ծախսերի և պլանավորված եկամուտների տարբերությունն է։ Ուստի կարևորություն է ստանում հարցը, թե ինչպե՞ս են պլանավորվում եկամուտները։

Խնդիրը պարզեցված ներկայացնելու համար դիտարկենք մեկ տարվա ցուցանիշները և դրանց օրինակով կատարենք վարժությունները։ ՀՀ կառավարության 30.09.2010 N 1291-Ն որոշման համաձայն, օրինակ, 2012թ.-ի համար սահմանված են եղել հետևյալ թիրախները․

Աղյուսակից երևում է, որ սուբսիդիան նախատեսված է՝ հիմքում ունենալով երկու էական կանխավարկած

  1. Հավաքագրման մակարդակը կկազմի 86.5 %։
  2. Ջրակորուստները չեն գերազանցի 42.9 %-ը։

Սակայն, ի՞նչ է տեղի ունենում իրականում։

Պատշաճ ջրաչափության բացակայության պատճառով գյուղացիներին մատակարարված ջուրը հաշվառվում է ոչ թե փաստացի՝ ջրաչափ սարքի միջոցով, այլ մի ձեռնարկի մեջ գրված նորմատիվների միջոցով, որի տրամաբանությունըպարզ ասած, հետևյալն է «H բարձրության վրա, Z տեսակի հողերում, 1 հեկտարի վրա Y բույսն աճեցնելու համար տարեկան օգտագործվում է X քանակի ջուր»։ Բայց այս ձեռնարկը գրագետ ոռոգման մասին է, երբ պահպանված են ակոսների խորության և լայնության պատշաճ չափերը, ոռոգումն իրականացվում է ճիշտ ժամանակին, իրականացվում են անհրաժեշտ ագրոմելորատիվ աշխատանքներ․․․ բաներ, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո խորթ են մեր գյուղատնտեսների մեծ մասի համար։ Ուստի, ջրի ծախսը ավելի մեծ է լինում, քան տրված է այդ նորմաները սահմանող գրքույկում։ Բացի այդ, Արարատյան դաշտում հողերը գնալով ավելի բարձր գերնորմատիվային ջրապահանջարկ են ձեռք բերում՝ կապված 2010թ.-ից ի վեր արտեզյան ավազանի հյուծման, կլիմայի փոփոխության և այլ հանգամանքների հետ։ Ուստի, հատկապես այս տարածաշրջանում ակնհայտորեն ավելի շատ ջուր է սպառվում, քան տրված է այդ նորմատիվների գրքույկում։ Իհարկե, սրա կողքին կա նաև կոռուպցիան իր հնարավոր «արտոնյալների» շրջանակով, բայց դա հարցի այլ կողմն է։

Այսպիսով, պայմանական ասած՝ ջրանցքից բաց է թողնվում 100X քանակի ջուր, և դա շատ կոնկրետ չափվում է ու հանձնվում ՋՕԸ-ին։ ՋՕԸ-ն իրավունք ունի կորցնելու այդ ջրի առավելագույնը 43X մասը (ներառյալ կոռուպցիան), հետևաբար 57X մասի համար պիտի փող գանձի։ Բայց այդ 57X-ից գյուղացիներին մատակարարված ջուրը, ըստ նորմատիվների, կազմում է (շատ պայմանական թիվ եմ ասում) 40X-ը։ Մնացած 17X-ը մնում է օդում կախված։ Եթե դա գրանցվի որպես կորուստ, թույլատրելի նորման կգերազանցի և ՋՕԸ-ն սուբսիդավորումից կզրկվի, ստուգումների երկար շղթայի մեջ կընկնի․․․ հազար ու մի գլխացավանք։ Այստեղից էլ սկսվում է խնդիրների, մեքենայությունների և աճպարարությունների ամբողջ շղթան 17X-ը ինչ-որ տեղ խցկելու համար։ Որպես կանոն դա հավելագրվում է տարբեր ջրօգտագործողների անվամբ, որոնք, բնականաբար, չեն վճարի դրա դիմաց։ Սրան եթե գումարենք նաև այն, որ որոշ ջրօգտագործողներ չեն վճարում նաև իրականում սպառած ջրի դիմաց, բացարձակ ակնհայտ կդառնա, որ սուբսիդավորման ու հավաքագրված վճարների հանրագումարը փոքր է ծախսերից։ Դա առաջացնում է լրացուցիչ ճեղքվածք, որը հանգեցնում է ծախսերի գծով պարտավորությունների ինչ-որ հատվածի չկատարման։ Որպես կանոն այդ պարտավորությունների չկատարման համար նախատեսված են լինում տույժ-տուգանքներ, որոնք ևս գումարվում են այդ լրացուցիչ ճեղքվածքին։

Նկարագրված իրավիճակը կոնկրետ օրինակով թվերի վրա ցույց տալու համար քննարկենք «Արմավիր» ՋՕԸ-ի 2018թ.-ի ֆինանսական հաշվետվությունը։

Արմավիր ՋՕԸ-ն 2018թ.-ի համար պլանավորել էր կատարել 121,527,000 խմ ջրի մատակարարում և ծախսել 2,309,938,100 դրամ, որի դիմաց գյուղացիների կատարելիք վճարների հասույթը պետք է կազմեր 1,336,797,000 դրամ։ Եթե այդ հասույթի 86.5 %-ի չափով հավաքագրում իրականացվեր, այն պիտի կազմեր 1,156,329,410 դրամ, իսկ դեֆիցիտը՝ 1,151,417,900 դրամ, որը և սուբսիդավորվել է պետական բյուջեից։

Սակայն ՋՕԸ-ն 140,205,200 խմ ջրի մատակարարումն ապահովելու համար  կատարել է 1,911,031,100 դրամի ծախսեր, որի դիմաց գյուղացիների կատարելիք վճարների հասույթը պետք է կազմեր 1,542,257,300 դրամ։ Իսկ հավաքագրել է 495,043,200 դրամ։ Հետևաբար, փաստացի դեֆիցիտը կազմել է 1,415,987,900, որից 1,151,417,900 դրամը ծածկել է սուբսիդիան, իսկ 264,570,000 դրամը մնացել է օդում կախված (որը հետո, իհարկե, մարվել է վարկային միջոցների հաշվին)։

Բայց եթե նույնիսկ ՋՕԸ-երը աշխատեին իդեալական, իրականացնեին 100% հավաքագրում, միևնույն է՝ համակարգը չէր գոյատևելու առանց սուբսիդավորման, որովհետև պարզ մաթեմատիկան հուշում է եթե ջրի ինքնարժեքը միջինում 16.7 դրամ է, իսկ իրացման գինը 11 դրամ, ապա ինչ-որ մեկը պիտի տարբերության համար վճարի։ Ակնհայտորեն այդ ինչ-որ մեկը ՋՕԸ-ն չէ, որովհետև նրա եկամտի միակ ինստիտուցիոնալ աղբյուրը գյուղացիների վճարներն են, որոնց 100 տոկոս հավաքագրումից հետո էլ դեֆիցիտը կպահպանվի, ՋՕԸ-ն չունի հավելյալ, լրացուցիչ որևէ այլ սեփական միջոցներ, որոնք կուղղի դեֆիցիտը ծածկելուն։ Հետևաբար, երբ խոսում ենք «պետության վզին նստած» համակարգից հրաժարվելու մասին, ապա պիտի հստակ ցույց տանք, թե ով և որ աղբյուրներից է վճարելու այդ տարբերության գումարը։ 

Այդպիսի աղբյուրներ կարող են լինել

  1. Ծախսերի կրճատումը։
  2. Ջրի դիմաց վճարների բարձրացումը։
  3. ՋՕԸ-երի համար սեփական եկամտի այլ աղբյուրների ստեղծումը։

Ծախսերի կրճատման համատեքստում ամենաէական բաղադրիչը էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատումն է, որի մասին ակնարկ կա նաև իմ նախորդ հոդվածում։ Բայց հիմա նորից չշարադրելով այդ հնարավոր ռազմավարությունները՝ միայն նշեմ, որ ցանկացած պարագայում ծախսերի կրճատումը ենթադրելու է համակարգի արդիականացման վրա կարճ ժամանակում մեծ ներդրումներ անելու անհրաժեշտություն (ինչը չի արվում՝ չնայած, որ հիմա ամենահարմար և հնարավոր պահն է)։ Ընթացիկ ծախսերը գնալով մեծանում են՝ համակարգի մաշվելուն ու քայքայվելուն զուգահեռ, իսկ համակարգի ֆինանսական կարողունակությունը գնալով ընկնում, եթե մենք չենք ուզում շատ գումար ծախսել ընթացիկ «կարկատաններ» անելու վրա ու լուռ հետևել համակարգի հոգեվարքին, ապա պիտի մի անգամ մեծ ներդրում անենք կապիտալ արդիականացման վրա։ 

Բայց սա անելու մասին, կարծես թե, խոսք չկա՝ գոնե առաջիկա երեք տարվա կտրվածքով։ Հետևաբար, ծախսերի կրճատման ճանապարհով համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու մասին խոսակցությունները լուրջ չեն կարող լինել։ Անկախ նրանից՝ դա կլինի ՋՕԸ, ՊՈԱԿ, թե ՓԲԸ, այդ ծախսերը պետք է արվեն, մի քիչ այս կողմ կամ այն կողմ։

Ջրի դիմաց վճարների բարձրացման մասին ևս այս պահին խոսք չկա։ Եվ, անկեղծ ասած, դա լավ է, որովհետև դժվար կլինի առանց համակարգում տեսանելի առաջընթաց ապահովելու գյուղացուն համոզել, որ ավել վճարի։ Գնի բարձրացման սխալ մարտավարություն ընտրելը կարող է հանգեցնել համակարգի է'լ ավելի խորը ճգնաժամի, որովհետև այսօրվա վճարողը շատ հնարավոր է այդ ժամանակ չվճարի։ Բայց երկարաժամկետ հեռանկարում կարևոր է ռեֆորմի ենթարկել ոռոգման ջրի դիմաց վճարի չափի հաշվարկման մեթոդաբանությունը՝ անցնել բազմագործոն տարիֆների (դրա մասին ևս ակնարկ կա իմ նախորդ հոդվածում)։

Երրորդ հավանական աղբյուրը ՋՕԸ-երի համար սեփական եկամտի այլ աղբյուրների ստեղծումն է։ Սա կարող է լինել վար ու ցանքի, պարարտացման, ագրոխորհրդատվության, հիդրոտեխնիկական շինարարության, ոռոգման ցանցի մոնտաժման և սպասարկման, ոռոգման, բերքահավաքի և այլ վճարովի ծառայությունների իրականացման միջոցով։ Այս համատեքստում կարևոր է, որ այդ բոլոր լրացուցիչ ծառայությունները կապված լինեն ՋՕԸ-երի բուն գործառույթի՝ ջուր մատակարարելու հետ, որպեսզի նրանք առավել եկամտաբեր ուղղություններով տարված՝ չթերանան բուն գործառույթի իրականացման մեջ։ Սկզբունքը սա է՝ «մատակարարի՛ր ջուրը պատշաճ, կունենաս հնարավորություն այլ ծառայություններ մատուցելու»։ Սա, ի դեպ, կաղալով առաջ շարժվող կոոպերացման օրակարգի անկյունաքարային խթանը կդառնա։ Ոչ մի այլ հարցով գյուղատնտեսները չեն միավորվում, բացի ջրի հարցից։ Ուրեմն պետք է դրա վրա կառուցել հաջորդ շարահարկը, հետո հաջորդը՝ մինչև կոոպերացում։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ այս հարցով ըմբռնում կա կառավարությունում և խորհրդարանում, ուստի հնարավոր է, որ մոտ ապագայում ՋՕԸ-երը ստանան այդ հնարավորությունը։

Հիմա նորից նայելով վերը շարադրվածին՝ կարող ենք արձանագրել, որ եթե վերը նշվածներն արվեն, ՋՕԸ-երը կարող են աշխատել արդյունավետ, իսկ եթե չարվեն, ոչ մի կառույց՝ լինի ՋՕԸ, ՊՈԱԿ, ՓԲԸ․․․ չի կարող աշխատել արդյունավետ։ Ուստի, ՋՕԸ-երից հրաժարվելու խոսակցության սկզբում պետք է պարզել, թե ի՞նչ են ունենալու ՊՈԱԿ-ները կամ ՓԲԸ-ները, որ չի կարող ունենալ ՋՕԸ-ն։ Այդ ի՞նչ գյուտ ենք անելու, որով սուբսիդիայի հարցը արանքից դուրս է գալու։

Իմ թերահավատությունն ավելի պարզ մեկնելու համար քննարկենք 100% պետական բաժնեմասով ՓԲԸ-ի տարբերակը՝ պայմանով, որ վերը նշված երեք պայմանները (ծախսագոյացման հիմնական գործոնները, վճարի չափը, եկամտի այլ աղբյուրների բացակայությունը) մնում են անփոփոխ։ Ընդունենք նաև, որ Ֆիննախը համաձայնություն է տալիս այդ ՓԲԸ-ին ԱԱՀ-ից ազատելու հարցում՝ ինչպես ՋՕԸ-երի դեպքում է։

Ուսումնասիրելով գործող ՋՕԸ-երի հաստիքացուցակները` կարելի է որպես վիճակագրություն դուրս բերել հետևյալ ցուցանիշը, որ սպասարկման տարածքի յուրաքանչյուր մոտ 50 հեկտարի հաշվով կա նվազագույնը մեկ ոչ վարչական աշխատող։ Ինչու՞ եմ առանձնացնում վարչական և ոչ վարչական աշխատողներին, որովհետև օպտիմալացման մինչ այժմ գոյություն ունեցած բոլոր մոտեցումները հանգել են վարչական մասի կրճատմանը և որևե դեպքում չի նախատեսվել ոչ վարչական, այսպես ասած «գետնի վրա» աշխատող, աշխատակիցների թվի շեշտակի վերանայում։ Սա կնշանակի, որ համակարգի գերկետրոնացման պարագայում անգամ ոչ վարչական աշխատողների հաստիքները տեղերում պետք է պահպանվեն՝ բնականոն ջրամատակարարում և հաշվառում ապահովելու նպատակով։ Սա իր հերթին նշանակում է, որ համակարգում ընդհանուր առմամբ առնվազն 2000 ոչ վարչական աշխատակցի հաստիք պիտի պահպանվի։ 

Ուստի ծագում են հարցեր

  1. Չունենալով տեղերում որոշում կայացնելու լայն լիազորություններ, ինչպե՞ս է ապահովվելու մի քանի հազար աշխատակից ունեցող այդ հիմնարկի ներսում աշխատանքի որակի նկատմամբ հսկողությունը։ Այո՛, հիմա ևս այդ հսկողությունը չի իրականացվում պատշաճ մակարդակով, բայց չէ՞ որ ռեֆորմի հիմքում ընկած պետք է լինի արդյունավետության բարձրացման կանխավարկածը։
  2. Հրաժարվելով տեղական ինքնակառավարման սկզբունքից՝ պետությունը պատասխանատվություն է ստանձնում այդ համակարգի համար։ Ուստի, գյուղացիների կողմից ջրի դիմաց չվճարելու դեպքում չի կարող, օրինակ, ջրբաշխներին աշխատավարձ չվճարել (ինչպես դա հիմա է արվում), որովհետև ջրբաշխները դե յուրե չունեն վճարներ հավաքագրելու պարտավորություն։ Դատական ծախսերի ի՞նչ գնով ու արդյունավետությամբ է նոր կառույցը պարտավորեցնելու կատարել այդ վճարները։  
  3. Հոդվածի սկզբում նկարագրված պատճառներով առաջացող բյուջետային ճեղքվածքը ինչպե՞ս է ծածկվելու։ Եթե դա արվելու է ամբողջական պետական սուբսիդիայի միջոցով, ապա չկա բավարար մոտիվացիա այդ ճեղքվածքը հնարավորինս փոքրացնելու հարցում, ուստի, կարելի է կանխատեսել, որ որպես հետևանք մենք ունենալու ենք ավելի ու ավելի մեծ սուբսիդիա, ավելի ու ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր։ Եթե պետությունն ամբողջությամբ չի ծածկելու փաստացի ճեղքվածքը, այլ այնպես, ինչպես հիմա է անում ՋՕԸ-երի դեպքում, ապա, ի վերջո, այդ ՓԲԸ-ն գնալու է դեպի սնանկացում ի՞նչ ֆինանսական և ռեպուտացիոն ռիսկ է կրելու պետությունը դրա արդյունքում։ 

Սրանք հարցերի ոչ սպառիչ ցանկն են, որոնց պատասխանները պետք է գտնել՝ մինչև հազարերոդ անգամ այդ նույն «մենք պետք է ազատվենք ՋՕԸ-երից» թեզը հոլովելը։

Մեկնաբանություններ (2)

Yerevan2800
խոստովանում եք ձեր անգործությունը ժամանակի որոշակի ժամանակահատվածում թե նույն խնդիրը ձեզ էլ է վերաբերել,
Ինեսսա Գաբայան
Նախ՝ սիրելի Միքայել, շնորհակալություն եմ հայտնում բարձրացված հարցի այսչափ լուրջ, մասնագիտական վերլուծության համար: Հարցին միանգամից և միանշանակ ուզում եմ պատասխանել՝ ՋՕԸ-ները պահել և Չլուծարել: Ինչու՞: Մինչև ՀՀ անկախացումը և հողի սեփականաշնորհումը գոյություն ունեին կառույցներ (УОС-ոռոգման համակարգերի վարչություններ և УООС-ոռոգման և ջրարբիացման համակարգերի վարչություններ /այսօր ջրարբիացման մասին ոչ-ոք չի խոսում, անգամ չի էլ հիշում): Այդ վարչությունները գործում էին Ջրային տնտեսության նախարարության ներքո և պատասխանատու էին ոռոգման համակարգերի շահագործման և պահպանման համար: Անկախությունից հետո այդ կառույցները դարձան ՓԲԸ-ներ, սակայն ոռոգման ջրի ծառայությունները վճարովի դառնալու պայմաններում ջրի վարձը շատ թանկ էր և ոչ օպտիմալ: Դրա համար էլ ՀՀ կառավարությունը սկսեց մտածել ՓԲԸ-ների այլընտրանքային կառույցների մասին՝ ուսումնասիրելով համաշխարհային փորձը: Առաջին քայլը եղավ համայնքների մակարդակում կոպերատիվների ստեղծումը, ինչը տնտեսապես չարդարացվեց: Հիմնական մոտեցումը դա՝ համայնքային նշանակության ոռոգման համակարգերի մակարդակում կառավարման գործառույթը պետական մարմիններից տեղափոխել ֆերմերների կողմից ստեղծված կազմակերպություններին, այսինքն՝ ջրօգտագործողների ընկերություններին: ՋՕԸ-ները իրենց բովանդակությամբ պետք է լինեն ինքնուրույն, անկախ, ջրօգտագործողների կողմից կառավարվող, որոշումներ կայացնող կառույցներ, ինչը այդպես էլ չհաջողվեց իրականացնել ՀՀ-ում: Մի ձեռքով ԱԺ-ն և կառավարությունը խրախուսեցին ՋՕԸ-ների ստեղծմանը, մյուս ձեռքով թույլ չտվեցին դրանց կայացմանը՝ ջրի վարձաչափերը միջինացնելով, սուբսիդավորման պայմաններ ստեղծելով, էլ չեմ խոսում այն կոռուպցիոն մեխանիզմներին, որ տարեցտարի ծաղկում և բարգավաճում են: Այս խնդիրը շատ լուրջ է, ինչպես նաև ոռոգման համակարգի կառավարման շղթայի ընդամենը մեկ օղակն է, այն պետք է քննարկվի ոչ թե առանձին, այլ համապարփակ, եթե ուզում ենք լիարժեք արդյունք ունենալ: Դեռևս այսքանը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter