HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Գյուղապետի «աշխատողները» վախենում են գյուղ վերադառնալ․ մի գողության պատմություն

Նիկոլայ Կարապետյանը (լուսանկարում՝ աջից) 31 տարեկան է, 4-րդ դասարանից հետո դպրոց չի հաճախել։ Փոքր տարիքից աշխատել է Մալաթիայի շուկայում։ Նիկոլայի հայրը մահացել է․ ընտանիքում 8 հոգի են։

Նիկոլայը որևէ տեղ հաշվառված չէ, չունի անձնագիր և ծննդյան վկայական։ Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի տվյալների՝ Նիկոլայ Կարապետյանը 2014թ-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ մի քանի անձանց խորդանոցից ալյումինե և պղնձյա կաթսաներ գողանալու համար։ Կիրառվել է համաներում, և Նիկոլայն ազատվել է կալանքից։ Նա պետք է 3 տարի հանրային աշխատանք կատարեր։ 

Նիկոլ Կարապետյան

Նրա ընտանիքը նույն ժամանակահատվածում տեղափոխվել է Արարատի մարզի Խաչփար գյուղ, որի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանը «հանրային աշխատանք» անվան տակ Նիկոլային հանձնարարել է շինարարական և գյուղատնտեսական աշխատանք կատարել։

Նիկոլայն ասում է, որ աշխատել է Ղազար Մարտիրոսյանի հողատարածքներում և տներում, սակայն դրա դիմաց տարիներ շարունակ չի վճարվել։ Այդ է պատճառը, որ վերջինս հրաժարվել է այլևս աշխատելուց։ Նիկոլայի պնդմամբ՝ աշխատանքից հրաժարվելու համար գյուղապետը խոստացել է նրան ոստիկանության «ձեռքը տալ»։

2019թ-ի ամռանը Ղազար Մարտիրոսյանը, ով Խաչփարի գյուղապետն է 1996թ-ից, դիմում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի իրենից գողացել են մետաղյա մալուխ և մի քանի պարկ ցորեն, որի արժեքը գերազանցել է 600 հազար դրամը։ Նիկոլայը կտրականապես հերքել է, որ ինքը գողություն է կատարել։ Քանի որ վերջինս գրել չգիտի, ոստիկանություն է ներկայացել ծանոթուհու հետ, ով էլ իրեն օգնել է բացատրություն տալ, որ ինքը որևէ բան չի գողացել։

Պետրոս Տոնյան

Պետրոս Տոնյանը Խաչփար գյուղի տրակտորիստն է եղել, ասում է, որ երկար տարիներ աշխատել է գյուղապետի հողատարածքներում։ Պետրոս Տոնյանը փախստական է․ մոր և քրոջ հետ 1988-ին Կիրովաբադից գաղթել են Արարատի մարզի Խաչփար գյուղ։ Պետրոսը դպրոց չի գնացել, 7 տարեկանից տարբեր գյուղատնտեսական գործեր է արել, փորձել գումար վաստակել՝ ընտանիքի ծախսերը հոգալու համար։ Պետրոսը պատմում է, որ գյուղապետ Ղազար Մարտիրոսյանն իրեն երբեմն վճարել է, բայց համայնքային բյուջեից՝ որպես սոցիալական աջակցություն։

Ըստ Պետրոս Տոնյանի՝ գյուղապետն ու ոստիկանության աշխատակիցներն իրեն սկզբում համոզել են, որ եթե ցուցմունք տա, թե իբր Նիկոլայի հետ գողություն են կատարել, իրեն հանգիստ կթողնեն, իսկ Նիկոլային «կբռնեն»։

Պետրոս Տոնյանի պատմելով՝ ամռանը իրեն բերման են ենթարկել Մասիսի ոստիկանություն, որտեղ «թաղայինի պետ» ներկայացած անձը հարվածել է իրեն, այնուհետև սպառնացել նետել նկուղ, որտեղ իրեն «պատվազուրկ կանեն», եթե չխոստովանի, որ գյուղապետից մալուխներ և մի քանի պարկ ցորեն է գողացել ընկերոջ՝ Նիկոլայ Կարապետյանի հետ։

«Վախից ասել եմ՝ հա, ես եմ արել, էնքան որ ձեռքներից պոկվեմ ես»,- ասում է Պետրոսը, ում երեկ հրավիրել էին քննիչի մոտ՝ կրկին բացատրություն տալու։

Այսօր Պետրոս Տոնյանը «Պահանջում եմ լրատվամիջոց» գրությամբ պաստառով ակցիա էր անում Կառավարության շենքի դիմաց։ Կառավարության նամակների բաժնի աշխատակցի օգնությամբ Տոնյանը նամակ գրեց Նիկոլ Փաշինյանին՝ պատմելով դեպքի մանրամասները։ Պետրոս Տոնյանը և՛ Կառավարության ներկայացուցչին, և՛ «Հետքին» ասաց, որ վախենում է վերադառնալ գյուղ, քանի որ գյուղապետն ու ոստիկանությունը ցանկանում են իր «գլխին գործ սարքել»։

«Հետքը» տեղյակ է պահել ոստիկանությանն այս դեպքի վերաբերյալ։ Շարունակում ենք ուսումնասիրել այս գործը, մանրամասները կներկայացնենք շուտով։    

Տեսանյութն ու լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter