
Անժամկետ նստացույց՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց. պահանջում են նախարարի հրաժարականը
Մի խումբ քաղաքացիներ այս պահին անժամկետ նստացույց են սկսել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Քաղաքացիների դժգոհությունն առաջացրել են նախարարի՝ վերջին շրջանում կայացրած մի քանի որոշումներ և առհասարակ, ըստ բողոքի ցույցի մասնակիցների, Արայիկ Հարությունյանն իրեն որպես նախարար չի արդարացրել: Բողոքի ակցիան սկսվել էր Կառավարության շենքի դիմաց: Դրան մասնակցում են ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներ, ուսանողներ՝ Հայաստանի տարբեր բուհերից, դասախոսներ:
Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիները դժգոհություն հայտնեցին նախարարության կողմից «Մել» ֆիլմի ֆինանսավորման վերաբերյալ: Ըստ ցուցարարների՝ ֆիլմը մարզիկի, ծանրորդի մասին չէ, այլ սեռափոխվածության:
Դժգոհության առիթ է դարձել նաև այն հանգամանքը, որ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի ներկայացվել էր գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «Հուզանք ու զանգ» պիեսը։
Ներկայացման ժամանակ դրա մասնակիցների ու քաղաքացիների միջև բախում էր տեղի ունեցել, քաղաքացիներից մեկը փորձել էր ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել, նրանց անվանել էին «սատանիստներ»։
Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են նաև «հայոց լեզուն», «հայոց պատմությունը» բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելու նախարարության դիրքորոշմանը:
Այն ժամանակ, երբ դեռևս ընթանում էր Կառավարության նիստը, քաղաքացիները հայտարարեցին, որ իրենց բողոքն անարձագանք է թողնվել այդ կառույցի կողմից և երթով շարժվեցին դեպի նախարարության շենք՝ այստեղ նստացույց անելու:
Նշենք, որ Կառավարության նիստի ավարտից հետո Արայիկ Հարությունյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Նա նշեց, որ նորմալ է համարում հանգամանքը, որ նախարարության գործունեությունից կարող են դժգոհություններ լինել, բայց հրաժարական տալու մտադրություն այս պահին չունի, հրաժարական կտա, երբ զգա, որ իր լիազորությունները լավ չի կատարում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել