HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Dr. Rose». դիետոլոգի կողմից արտադրվող նիհարեցնող միջոց՝ առանց պետական գրանցման

Նիհարեցնող միջոցները մեծ պահանջարկ ունեցող և բիզնեսի շահավետ տարբերակ են: Մանավանդ, երբ դրանք արտադրվում են բժիշկ-դիետոլոգի կողմից:

Հենց այդպիսի մի ապրանք է վաճառում դիպլոմավորված բժիշկ-դիետոլոգ Ռոզա Մնացականյանը, որը գովազդում է «Dr. Rose» նիհարեցնող սուրճը: Ըստ մակնշման՝ այն ոչ թե հատուկ նիհարեցնող միջոց է, որի համար արդեն պարտադիր պետական գրանցում է հարկավոր, այլ՝ սնունդ:

 

«Փոխարինե՛ք ձեր սովորական սուրճը օգտակար սուրճով»

Բնական սև սուրճ՝ բնական բաղադրիչներով

Ցանկացած ապրանքի փաթեթավորումն ու մակնշումը, ապա նաև՝ գովազդը, շատ կարևոր են, քանի որ դրանք առաջնային դեր ունեն ընտրության ժամանակ: Օրինակ, ի՞նչն է տարբերում սովորական սուրճը «Dr. Rose» սուրճից (բացի գնից և որ այն կարելի է գնել նաև դեղատներում). մակնշան մեջ նշված սուրճի նիհարեցնող հատկանիշը կամ, ասենք, այն, որ վերջինս գովազդվում է որպես «բնական բաղադրիչներով», «սովորական սուրճի օգտակար փոխարինող»՝ հատուկ ընդգծելով արտադրողի դիետոլոգ լինելը:

Սակայն հարկ է ընդգծել, որ եթե սննդին տրվում է որևէ հատուկ նշանակություն, տվյալ դեպքում՝ նիհարեցնող, ապա արտադրողը, առնվազն, պարտավոր է այն գրանցել ոչ որպես սովորական սնունդ, այլ՝ որպես հավելում կամ որոշակի խմբի համար նախատեսված սնունդ. ապրանքը պետք է համապատասխանի ՄՄ ՏԿ 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին և ունենա պարտադիր պետական գրանցում, ինչն ավելի ծախսատար և ժամանակատար գործընթաց է, քան սովորական սուրճի գրանցումը: 

Փոխարենը «Dr Rose» փաթեթի վրա, նախքան բաղադրությունը ներկայացնելը, թվարկված են ապրանքի հեղինակի՝ դիետոլոգ Ռոզա Մնացականյանի կոչումներն ու մրցանակները՝ «միջազգային դասի հանրաճանաչ բժիշկ-դիետոլոգի հեղինակային բաղադրատոմսով» կամ «լավագույն դիետոլոգ ՀՀ 2017թ մրցանակի դափնեկիր», «ՌԴ սննդաբանների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ», «ՌԴ բնական բժշկության և դիետոլոգիայի գիտական միության անդամ, ճարպակալման դեմ միջազգային միության անդամ (IASO)»:

Իսկ «Dr. Rose» սև սուրճի բաղադրությունը հետևյալն է՝

«Բնական սև սուրճ աղացած՝ Ռոբուստա տեսակի, կոճապղպեղ, դարչին, կանճրակ, գինձ, հիլ, ճապոնական կանաչ թեյ մատչա, որը բնության մեջ ամենաուժեղ հակաօքսիդանտներից է: Բաղադրության մեջ առկա բոլոր բաղադրիչները բացառապես բնական են և օգտակար:» 

Սուրճը, ըստ մակնշման, ունի հետևյալ հատկությունները՝

  1. բարձացնում է իմունիտետի մակարդակը
  2. ունի հակախոլեստերինային ազդեցություն
  3. արագացնում է նյութափոխանակությունը
  4. օգնում է ավելի արագ այրել կալորիաները
  5. նպաստում է մարմնի զանգվածի նվազեցմանը
  6. դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը
  7. դուրս է բերում օրգանիզմից թունավոր նյութերը
  8. կարգավորում և արագացնում է մարսողությունը
  9. դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը

    Նույնիսկ հավելումների դեպքում արգելվում է ապրանքի ուղղակի ազդեցության մասին մակնշման մեջ նշելը, իսկ այստեղ սուրճն «օժտված է» նույնիսկ բուժիչ հատկանիշներով (տե՛ս օրինակ, 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերը):

Այս սուրճը խորհուրդ է տրվում օգտագործել օրը 4-5 անգամ, առանց շաքարավազի և քաղցրավենիքի և խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության և կրծքով կերակրման ընթացքում: Սուրճն արժե 3000 դրամ՝ 100 գ:

Կատարենք հաշվարկ. մեկ թեյի գդալը պարունակում է մոտ 4-5 գ աղացած սուրճ: Օրը 4-5 անգամ 4-5 գրամ սուրճը ստացվում է՝ օրը մոտ 20 գրամ սուրճի օգտագործում: Այսինքն՝ նիհարելու համար մեկ տուփ սուրճը կարելի է օգտագործել ընդամենը 5 օր: Մեկ ամիս խմելու դեպքում անհրաժեշտ կլինի 6 տուփ սուրճ՝ 18 000 ՀՀ դրամի:

Թեև ապրանքն արտադրվում է Հայաստանում և ունի սննդամթերքի համար անհրաժեշտ EAC նշան, սակայն այն արտադրված է ռուսական կազմակերպության ստանդարտներով՝ СТО 51239462.001-2019 (ԿՍՏ): Տեղական սննդամթերքը առնվազն պետք է արտադրվեր ՀՍՏ-ով՝ Հայկական ստանդարտներով:

 СТО ՝ կազմակերպության ստանդարտ, որը սահմանում է հենց արտադրողը: Այսինքն՝ ցանկացած կազմակերպություն իր արտադրանքի համար կարող է ստեղծել սեփական ստանդարտ: Կազմակերպությունն ինքն է վերահսկում ապրանքների մշակումը, հաստատումը և արտադրության գործընթացը:

СТО –ով արտադրելու անհրաժեշտություն լինում է այն ժամանակ, երբ արտադրողը որոշում է թողարկել ապրանքը ոչ սովորական ԳՕՍՏ-ով կամ այն դեպքում, երբ իր ապրանքի արտադրման համար համապատասխան ստանդարտները բացակայում են:

Սակայն СТО վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում արտադրված ապրանքներին և թեև համարժեք է հայկական ստանդարտներին՝ ՀՍՏ, սակայն Հայաստանում իրացվելու համար չէ:

Այս սուրճը կարելի է գտնել Երևանի մի շարք դեղատներում («Բոլյուս», «Նատալի ֆարմ»), ինչպես նաև՝ սուպերմարկետներում («Պարմա», «Երևան Սիթի»): Վերջերս սուրճի վաճառքն իրականացվում է նաև Գյումրիում: Ըստ դիետոլոգի սոցիալական ցանցի էջերի՝ սուրճը վաճառվում է նաև Մոսկվայում և որոշ մարզասրահներում:

Բացի այս մարկետինգային հնարքներից, սուրճը գովազդում են որոշ հայտնի մարդիկ: Օրինակ, Արամ MP3-ն (Արամ Սարգսյան) երաշխավորում է, որ նույնիսկ քաղցրավենիքով «Dr. Rose» սուրճը խմելու դեպքում, դուք կնիհարեք:

«Հետք»-ը քանիցս փորձեց կապ հաստատել դիետոլոգի հետ: Սկզբում նրա օգնականն ասաց, որ բժիշկը կպատասխանի մեր հարցերին, սակայն հետո հայտնեց, որ վերջինս քաղաքում չէ, իսկ թե երբ կլինի ու ինչպես կարելի է իր հետ կապվել, չգիտի:

Մենք ներկայացանք որպես գնորդ և խոսեցինք Ռ. Մնացականյանի հետ՝ փորձելով այդպես ստանալ որոշակի պարզաբանում սուրճի վերաբերյալ: Սկզբում նա առաջարկեց հարցերի համար գրանցվել դեկտեմբերին՝ խորհրդատվության համար 20 000 դրամ վճարելով, ապա երբ հնչեցրինք կոնկրետ հարցեր և ներկայացանք որպես լրագրող, հարցերը մնացին անպատասխան:

 «Սուրճը քաշի կարգավորման համար է, այն իբրև օժանդակ ապրանք է քաշի նվազեցման համար, ուստի պետք է հաշվի առնել նաև ձեր ապրելակերպը, որ ավելի կոնկրետ խոսենք քաշի նվազման մասին»,- Ռոզա Մնացականյան

 

Տես նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter