HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է

Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է։ Այս տարվա առաջին ինն ամիսներին հանրապետությունում կատարվել է 18 865 հանցագործություն, որից 50-ը՝ հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին կատարված հանցագործությունների թիվը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1192-ով ավելին է։

Ավելացել են և՛ ոչ մեծ ծանրության, և՛ միջին ծանրության, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։

Սակայն ըստ պաշտոնական վիճակագրությունների՝ Հայաստանում կատարվող հանցագործությունները հիմնականում լինում են ոչ մեծ ծանրության։ Օրինակ, այս տարվա առաջին ինն ամիսների հանցագործությունների 52 %-ը կամ 9 740-ն այդ բնույթի են։

Զգալի աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները

Ըստ ոստիկանության՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին կատարված հանցագործությունների թվում ավելացել են սեփականության, տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Սակայն ամենաշատը՝ 1433 դեպքով, ավելացել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։

Հանցագործությունների թվի նվազում է նկատվել անձի և պետական իշխանության, ծառայության ու կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններում։

Նախորդ տարվա համեմատությամբ, մասնավորապես, աճել են սպանության, սպանության փորձի, խուլիգանության, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները, գողությունների և անձնական գույքի հափշտակությունները, խարդախությունները, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու և իրացնելու, երթևեկության կանոնները խախտելու դեպքերը։

Սրանք նաև առավել ինտենսիվ կատարվող հանցագործություններն են։

Անձի, սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտացված փաստաբան Հրանտ Անանյանը խուլիգանությունների և սպանությունների կատարումը պայմանավորում է ինքնահաստատման, վրեժխնդիր լինելու մղմամբ. «Այնպես էլ է լինում, որ մարդիկ արդարություն չեն ստանում, փորձում են արդարությունն ինքնուրույն վերականգնել կամ չեն ակնկալում արդարություն՝ ինչ-որ հիասթափություններ ունենալով պետական աջակցությունից՝ ինքնուրույն են փորձում իրականացնել իրենց արդարությունը»,- նշեց Անանյանը։

Եթե ամբողջացնենք այս տարվա հունվար-սեպտեմբերի առավել շատ կատարված հանցագործությունները, կլինի այսպիսի պատկեր.

Հրանտ Անանյանը սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հաճախակիությունը պայմանավորում է բնակչության սոցիալ-տնտեսական վիճակով։ Ասում է՝ դասագրքային ճշմարտություն է. որքան ժողովրդի կենսամակարդակը բարձր է, այնքան սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազ են։ Իսկ որքան բնակչության կենսամակարդը, եկամուտները ցածր են, բարձր աշխատավարձով աշխատատեղեր չկան, հանցագործությունների կատարման թիվն ավելանում է։

Հանցագործությունների կատարման ամենաակտիվ վայրը Երևանն է

Այս տարվա հունվար-սեպտեմբերին կատարված հանցագործությունների 53 տոկոսը կամ 10 080 դեպք եղել է Երևանում։ Մայրաքաղաքում ևս հանցագործությունների աճ է գրանցվել։ Վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում 1142 ավելի հանցագործություն է եղել։

Երևանում կատարված հանցագործությունների թիվը մարզերի համեմատությամբ գրեթե 8 անգամ ավելին է։

Օրինակ՝ երկրորդ ամենաշատ հանցագործությունները կատարվել են Կոտայքում։ Ըստ ոստիկանության տվյալների՝ այնտեղ գրանցվել է 1 373 հանցագործություն։ Սակայն պետք է ընդգծենք, որ Կոտայքում կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ 271-ով նվազել են։

Հանցագործությունների թվի նվազում է նկատվել նաև Արագածոտնում, Լոռիում, Վայոց ձորում և Տավուշում։

Իսկ հանրապետությունում կատարված 18 865 հանցագործությունների գրեթե կեսը ոչ մեծ ծանրության են։ 

Հրանտ Անանյանը նշում է, որ եթե հանցագործությունների պատշաճ քրեաիրավական պաշպանություն լինի, իրավապահ համակարգի կողմից պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվի, սրանք կլինեն հանցագործությունների դեմ պայքարի և կանխարգելման լավագույն միջոցներ։

Ընթերցեք նաև 

Բնակարանային գողությունների թիվն աճում է, իսկ բացահայտումների մակարդակը՝ մնում ցածր

Մեկնաբանություններ (1)

Կարպիս
Բարեհաճեք գրաֆիկների մեջ որպես հանցագործություն ավելացնել նաեվ միտումնավոր եվ «պատահական» հրդեհումները` անտառներում, խոտածածկ տարածքներում եվ բնակելի շենքերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter