HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ամրակիցի ռուսական եկեղեցին գրավիչ զբոսաշրջային կետ է, բայց 30 տարի վթարային վիճակում է

Ամրակից գյուղը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարեւանությամբ: 2017-ին այն ներառվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի մեջ: Համարվում է, որ Ամրակիցը հիմնադրվել է 1840-ական թթ., չնայած այստեղ ավելի հին պատմական կառույցներ կան, օրինակ՝ 13-րդ դարի եկեղեցիներ, 13-18-րդ դարերի գերեզմանոց, մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտ, ինչպես նաեւ միջնադարյան Ամրակ (Ամրակից) գյուղատեղին, որի անունն էլ կրում է ներկա բնակավայրը:

Ամրակիցի վարչական ներկայացուցիչ Արթուր Ներկարարյանն իր հերթին ասում է, որ ներկա գյուղը հիմնադրվել է 1852-ին վրացական Բորժոմից այստեղ տեղափոխված 26 սլավոնական ընտանիքների կողմից: Վերջիններս իրենց հերթին Վրաստան էին տեղափոխվել Ուկրաինայից՝ Պոլտավայի, Չեռնիգովի մարզերից: Նոր բնակավայրը սկզբնապես կոչվել է Նիկոլաեւկա (Նովոնիկոլաեւկա), իսկ 1938-ին անվանափոխվել է՝ դառնալով Կիրով: 1991-ին գյուղին վերադարձվել է պատմական անունը՝ Ամրակից:

Սխալ չի լինի ասել, որ այս բնակավայրն առաջին հերթին հայտնի է իր Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցով: Վերջինս, ըստ համացանցային աղբյուրների, կառուցել են ուկրաինացի կազակները, որոնք Հայաստանում հաստատվել էին 19-րդ դարի սկզբին, երբ Վրաստանի հետ Ռուսաստանին էին միացել հայկական Լոռի-Փամբակը, Ղազախն ու Շամշադինը (Արեւելյան Հայաստանի մնացած հողերը մաս-մաս Ռուսաստանին են միացել 1804-1813 եւ 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմներից հետո, որոնցում Պարսկաստանը պարտություն է կրել): Հայաստանում հաստատված կազակական զորքերը մի շարք բնակավայրերում հիմնել են ուղղափառ մատուռներ եւ եկեղեցիներ, որոնցում զինվորական երդում էին տալիս: Հայաստանի ուղղափառ բնակչության կորիզը Ռուսաստանից եկած զինվորականներն ու ադմինիստրատիվ աշխատողներն էին, նրանց ընտանիքների անդամները, իսկ հետագայում՝ կայսրության հեռավոր շրջաններից այստեղ վերաբնակեցված գյուղացիական խավը:

Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին կառուցվել է 1846 թ. (այլ տվյալներով՝ 1879-ին) Նիկոլաեւկա գյուղի կենտրոնում: Ներկա տեսքը ստացել է 1910-1914 թթ. վերակառուցումից հետո: Խաչի հատակագծով եկեղեցին համարվում է մոդեռն ճարտարապետության նեոռուսական ուղղության նմուշ: Հարավային կողմին կից է զանգակատունը: Կառույցը քարաշեն է, իսկ տանիքը փայտից է՝ մետաղապատ: Եկեղեցին զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժից, սակայն չի խոնարհվել: 1988-ից հետո վթարային վիճակում գտնվող կառույցը, որը համարվում է հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան, փակ է, չի գործում, 2009-ին դրա ներսում եղած սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի:

Այդուհանդերձ, այսօր էլ Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու մուտքի մոտ կարելի է տեսնել բնակիչների կողմից բերված սրբապատկերներ, վառված մոմեր, նույնիսկ մատաղի հետքեր:    

Արթուր Ներկարարյանն ասում է, որ Ամրակիցը մինչեւ 1960-ականները ռուսական գյուղ էր, սակայն այդ տարիներին այստեղ սկսել են հայեր հաստատվել, որոնց թիվը կտրուկ աճել է 1988-ի երկրաշարժից հետո: Հայերը եկել են տարբեր վայրերից, այդ թվում՝ Ստեփանավանից, Երեւանից, մի մասն էլ (35-40 %) գաղթել է Ադրբեջանից: Ըստ վարչական ներկայացուցչի՝ 1970-ականներին Ամրակիցում նաեւ ադրբեջանցիներ էին ապրում, որոնք հետագայում հեռացել են, իսկ ռուսների թիվն սկսել է նվազել երկրաշարժից հետո, նրանք տեղափոխվել են հատկապես Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասեր:

Այսօր շուրջ 600 բնակիչ ունեցող Ամրակիցում միայն 15-20 ռուս է ապրում, մյուսները հայեր են: Ներկարարյանն ասում է, որ գյուղում մնացած ռուսները հիմնականում 40-50 տարեկան են: Հավելում է, որ իրենց եկեղեցին տարածաշրջանում միակ ռուսական սրբավայրն է:

Մեր զրուցակցի ասելով՝ եկեղեցին տեսնելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում գյուղ, նրանց մի մասն էլ, չիմանալով դրա մասին, բայց Երեւան-Ստեփանավան ճանապարհից տեսնելով յուրահատուկ տանիքը, մտնում է Ամրակից: Այդքանով հանդերձ, Սբ. Նիկոլայ եկեղեցու վերանորոգման կոնկրետ ծրագրեր այս պահին չկան: Ա. Ներկարարյանը նշում է, որ մի քանի շաբաթ առաջ գյուղ էր եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը, ով, ըստ վարչական ներկայացուցչի, մտադրություն է հայտնել Ամրակիցի եկեղեցու վերանորոգման հարցը ներկայացնել ռուս գործընկերներին:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (3)

Benjamin Winston
Absolutely incredible ❤️
Артур
Мои прадед и дед с этого села!
GB
I wonder why "Christian" Putin don't spend his pocket money to fix this historical Church, for Russians living in Armenia, but he never misses to sale deadly weaponry to Armenia!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter