HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսում է նախապատրաստությունը «Եվրո-2020»-ի վերջին խաղերին

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստությունը նոյեմբերի 15-ին եւ 18-ին կայանալիք Հունաստանի ու Իտալիայի հետ մրցավեճերին, որոնցով կավարտի իր ելույթները «Եվրո-2020»-ի ընտրական փուլում: Հիշեցնենք, որ ամսի 15-ին մեր ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է հույներին, որոնց Աթենքում հաղթել է 3-2 հաշվով, իսկ 3 օր անց Պալերմոյում մրցելու է Իտալիայի հետ, որն արդեն որակավորվել է Եվրոպայի 2020 թ. առաջնության եզրափակիչ փուլին: Ինչպես հայտնի է, մերոնք իտալացիներին Երեւանում պարտվել են 1-3 հաշվով

Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»
Գեւորգ Կասպարով, «Գանձասար-Կապան» 
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» 
Էրիկ Վարդանյան, «Սոչի» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» 
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Գեւորգ Ղազարյան, ԱԷԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան) 

Ինչպես տեսնում ենք, տեւական դադարից հետո ազգային թիմ են հրավիրվել 39-ամյա դարպասապահ Գեւորգ Կասպարովը, ով ժամանակին ընտրանու հիմնական դարպասապահն էր, եւ 32-ամյա հարձակվող Արթուր Սարկիսովը: Կրկին հրավեր ստացածների մեջ են պաշտպան Արմեն Մանուչարյանն ու հարձակվող Գեղամ Հարությունյանը: Առաջին անգամ թիմ է հրավիրվել երիտասարդականի անդամ Արթուր Դանիելյանը:

Այդուհանդերձ, հավաքականը զգալի կորուստներ ունի ավարտական խաղերից առաջ: Տարբեր վնասվածքների պատճառով ընտրանուն չեն միանա Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Սարգիս Ադամյանը եւ Կառլեն Մկրտչյանը։ Մխիթարյանի կորստի ազդեցությունն ակնհայտ էր Լիխտենշտայնի ու Ֆինլանդիայի հետ վերջին հանդիպումներում, որոնցում մերոնք ընդամենը 1 միավոր կարողացան վաստակել: Ցավալի է նաեւ հենակետային Մկրտչյանի բացակայությունը, չնայած նրա բացը լրացնելու տարբերակներ կան: Ադամյանը հավաքականի վերջին խաղերում ակտիվությամբ չի փայլել, սակայն այն, որ նա Գերմանիայի բարձրակարգ առաջնությունում կարեւոր գոլեր է խփում իր թիմի համար եւ վատ մարզավիճակում չի գտնվում, ցույց է տալիս, որ հարձակման գիծը եւս տուժել է: Պակաս կորուստ չէ Վարազդատ Հարոյանի բացակայությունը, որը Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի։ 2-ական դեղին քարտեր ունեն Գեւորգ Ղազարյանը, Էդգար Բաբայանն ու Ռումյան Հովսեփյանը, որոնք հույների հետ խաղում 3-րդ դեղինը ստանալու դեպքում չեն մասնակցի իտալացիների դեմ մրցավեճին: 

ՀՖՖ-ն հայտնել է, որ հրավիրված ֆուտբոլիստներից 19-ը արդեն միացել են հավաքին։ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը, Ալեքսանդր Կարապետյանը եւ Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ նոյեմբերի 12-ի երեկոյան։ Ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ այսօրվա առաջին մարզումը վերականգնողական բնույթ կկրի:    

Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբում Իտալիան 8 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ 24 միավորով ապահովել է առաջին հորիզոնականն ու «Եվրոյի» ուղեգիրը: Ֆինլանդիան 15 միավորով երկրորդն է, Հայաստանն ու Բոսնիա եւ Հերցեգովինան ունեն 10-ական միավոր, բայց քանի որ անձնական խաղերում առավելությունը մերոնց կողմն է, երրորդ հորիզոնականում մեր թիմն է, Հունաստանը վաստակել է 8, իսկ Լիխտենշտայնը՝ 2 միավոր: 

Հաշվի առնելով, որ ֆիններն ամսի 15-ին ընդունելու են հետնապահ Լիխտենշտայնին, որին արտագնա խաղում հաղթել են 2-0, հյուսիսեվրոպացիների հաղթանակը գրեթե կասկած չի առաջացնում, ինչը նշանակում է, որ Ֆինլանդիան կնվաճի երկրորդ ուղեգիրը: Այդուհանդերձ, տեսականորեն ֆիններին կարող են շրջանցել հայերն ու բոսնիացիները, սակայն դա քիչ հավանական է: Ոչ մարզական տեսանկյունից մեզ համար կարող է սկզբունքային լինել երրորդ տեղը պահպանելու հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին միայն «Եվրո-2012»-ի ընտրական փուլում է կարողացել խմբում երրորդ տեղ գրավել՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանին ու Իռլանդիային: Դա մեր թիմի պատմության լավագույն արդյունքն է մինչ օրս: Սակայն երրորդ տեղը պահպանելը դժվար կլինի, քանի որ եթե մերոնք դեռ պիտի հույներին ու իտալացիներին հանդիպեն, բոսնիացիները խաղալու են Լիխտենշտայնի եւ Իտալիայի հետ:  

Լուսանկարում՝ Ալեքսանդր Կարապետյանը Հունաստան-Հայաստան խաղում բացում է հաշիվը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter