
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի նոր միջնորդություն ներկայացրին
Ռոբերտ Քոչաչյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոյեմբերի 7-ին կայացած դատական նիստից հետո դատարան է մուտքագրել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի, իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ բացարկի միջնորդությունը:
Դատարանն այսօր որոշեց առաջնահերթ քննարկման առարկա դարձնել իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ դատարանը ոչ մեկ անգամ կողմնակալ որոշում է կայացրել՝ մերժելով Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունները և այդ որոշումները պատշաճ կերպով չի հիմնավորել:
Հովհաննես Խուդոյանը նշեց, որ նախագահող դատավորը նախապես տեղյակ է եղել այնպիսի իրավական հիմքերի մասին, որոնց պարագայում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկի առկայության պայմաններում կարող է անձի նկատմամբ գրավ կիրառվել, սակայն Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշման մեջ նշել է, թե խոչընդոտելու վտանգի դեպքում գրավը կիրառելի չէ:
Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մեկ այլ քրեական գործով խոչընդոտելու ռիսկի առկայության պայմաններում անձի նկատմամբ գրավ է կիրառել՝ հղում կատարելով Եվրոպական կոնվենցիայի համապատասխան նորմերին:
Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը: Դրան միացավ նաև Քոչարյանը, սակայն լրացուցիչ ոչինչ չասաց:
«Լավ բաներ չեմ ասելու, ավելի լավ է՝ չասեմ»,- ասաց նա:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ու գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեցին միջնորդության դեմ: Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ որևէ մեկի միջնորդությունը չբավարարելը հիմք չէ պնդելու, որ դատավորը կողմնակալ է:
Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Քոչարյանի պաշտպանները դատարանում ներկայացնում են նույն միջնորդությունները՝ չնչին փոխոխություններով: Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ այս ամենն իրավունքի չարաշահման դասագրքային օրինակ է:
Տուժողները ևս պնդեցին, որ նույն միջնորդությունն է ներկայացվել, որը թույլատրելի չէ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ ժամը 16:00-ին:
Մեկնաբանել