HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Վարչապետը և՛ նախաքննություն արեց, և՛ դատաքննություն». դատավոր Գագիկ Հեբոյանի վերջին խոսքը դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռ կայացնելու:

Մինչ այդ ամբաստանյալները վերջին խոսք ասացին: Դատավոր Հեբոյանը կարծիք հայտնեց, որ գործի քննության ընթացքում իրեն առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել:

«Գործն ի սկզբանե սարքված էր դատական իշխանության դեմ սանձազերծված վեթինգ ասեմ, ճնշում ասեմ...պետք է լիներ կաշառակեր դատավոր, որ այս ամեն ինչը սկսեին: Վարչապետը խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, թե դատավոր ենք ձերբակալել կաշառքով, այսինքն՝ միանգամից և՛  նախաքննություն արեց, և՛ դատաքննություն»,- ասաց Գագիկ Հեբոյանը: Վերջինս նշեց, որ ինքն ի սկզբանե ասել է, և հիմա էլ պնդում է, որ կաշառք չի պահանջել, դրա գնի շուրջ, որևէ սակարկություն չի արել:

Հեբոյանն ընդգծեց, որ դատարանում ցուցմունք են տվել 11 անձինք և նրանցից միայն մեկը՝ Բենիկ Հարությունյանն է իր դեմ վկայություն տվել, իսկ մյուս 10 անձանց ցուցմունքներով Հարությունյանի ցուցմունքը հերքվել է: Ըստ Հեբոյանի՝ Հարությունյանի ցուցմունքն արժանահավատ լինել չի կարող, քանի որ նա շահագրգիռ անձ է: Դատավորը նշեց, որ մինչ այս գործը իր կայացրած մեկ այլ վճռի արդյունքում Բենիկ Հարությունյանը զրկվել է ժառանգական գույքից և իր նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի:

Փաստաբան Վահագն Դանիելյանն ասաց, որ ինքը կաշառքի օժանդակություն, որևէ անօրինական գործողություն չի կատարել և կաշառքի օժանդակության վերաբերյալ որևէ անձի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել: Ըստ Վահագն Դանիելյանի՝ իր ասածն ապացուցվում է նաև գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ձեռք բերված տեսաձայնագրություններով:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Ըստ մեղադրանքի՝ դատավորը քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 1 714 160 դրամին համարժեք 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1 224 400 դրամին համարժեք 2500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օգնությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել է դատավորին:

Գագիկ Հեբոյանը ձերբակալվել էր մարտի 27-ին, դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), որը բավարարվել էր: Դրանից հետո դատավորին մեղադրանք է առաջադրվել, և նա դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Այս պահին դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ կասեցված են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Վահագն Դանիելյանի նկատմամբ գրավ է կիրառվել:

Մեղադրական ճառ ասելիս դատախազ Արթուր Չախոյանը Գագիկ Հեբոյանի համար՝ 9, իսկ Վահագն Դանիելյանի համար 7 տարի ժամկետով ազատազրկում է պահանջել:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը գործով դատավճիռը կհրապարակի նոյեմբերի 20-ին:

Ամբաստանյալներն առարկել են տեսանկարահանման դեմ:

Լուսանկարում՝ գործը քննող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter