
Ապահովագրական ընկերությունների ակտիվներն ու կապիտալն աճել են առաջին կիսամյակում
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշը՝ հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 18.8 %-ով և կազմել 26.5 մլրդ դրամ։
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի (ԿԲ) ներկայացրած 2019թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունից, կիսամյակի ընթացքում աճել են ապահովագրական ընկերությունների ինչպես ակտիվներն ու կապիտալը, այնպես էլ՝ պարտավորությունները։ Մասնավորապես, ակտիվներն աճել են 8.5 %-ով և կազմել 56.1 մլրդ դրամ, պարտավորություններն աճել են 12.6 %-ով՝ կազմելով 36.6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը 1.6 %-ով է աճել և դարձել 19.5 մլրդ դրամ։
Հայաստանի ֆինանսական համակարգում ապահովագրական ընկերությունների մասնաբաժինը չի փոփոխվել։ Այն շարունակում է փոքր մնալ՝ 0.9 %: Հիշեցնենք, որ առաջին տեղում բանկերն են, հաջորդում են վարկային կազմակերպությունները։
Ըստ Կենտրոնական բանկի՝ ներկայում ապահովագրական ընկերությունների ռիսկերը վերահսկելի են և ֆինանսական կայունության տեսանկյունից խոցելի չեն։
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ապահովագրավճարը, ըստ ԿԲ-ի հաշվարկների, տարեկան կկազմի 15 378 դրամ՝ 2018 թվականի 13 929 դրամի փոխարեն։
Ապահովագրական համակարգի հիմնական բնութագրիչներից է նաև ապահովագրավճարներ/ՀՆԱ հարաբերակցությունը, որը կազմել է 0.73 %` կիսամյակի ընթացքում աճելով 0.04 տոկոսային կետով։
Ապահովագրական շուկան բնութագրող մյուս գլխավոր ցուցանիշներից մեկը վնասաբերության ցուցանիշն է, որն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 66.1 %` նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազելով 0.3 տոկոսային կետով։ Վնասաբերության ցուցանիշը հիմնականում ցույց է տալիս հաճախորդներին տրված հատուցումների կշիռը հավաքագրված ապահովագրական վճարների կազմում. հաշվի են առնվում նաև այլ ցուցանիշներ։ Վնասաբերության ցուցանիշը ներկայում գտնվում է թույլատրելի մակարդակում։ Այսինքն՝ այն վտանգավոր մակարդակում չէ, և համակարգն աշխատում է առանց խոցելի վնասների։
Իսկ ծախսատարության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 4.6 տոկոսային կետով և կազմել է 24 %:
Ապահովագրական ընկերությունների խոցելիությունը հասկանալու համար գլխավոր դրամատունը դիտարկում է վճարունակության, վարկային, արտարժութային և իրացվելիության ռիսկերը։ Բոլոր ուղղություններով ուսումնասիրություններից եզրահանգել են, որ շուկան խոցելի չէ։ Օրինակ՝ դիտարկվել է շուկայի կորուստները ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 5 % արժեզրկման սցենարը, որի արդյունքում պարզվել է, որ ապահովագրական համակարգի վնասը կկազմի ընդամենը 4 մլն դրամ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել