HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՊՆ հողն էժան օտարելու քրգործով մեղադրյալ են դարձել նախկին ու ներկա զինվորական պաշտոնյաներ

ՊՆ-ի կողմից 2015 թ. աշնանը 0,5 հա տարածքով հողը իրական արժեքից շուրջ 50 մլն դրամ ավելի էժան օտարելու գործով մեղադրյալներ կան, որոնք ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ են: Այս մասին տեղեկացել ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Անցյալ տարվա օգոստոսին գրել էինք ՊՆ-ի կողմից իրականացված գործարքի մասին: Հողատարածքը, որի վաճառքը դարձել է քրեական գործ հարուցելու հիմք, գտնվում է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում: Այն նախկինում զորամասի ավտոպարկ էր:

2005-ի հուլիսին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ՊՆ-ի դիմումի հիման վրա տարածքն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հանձնել է նախարարությանը, որը դրա փաստացի տնօրինողն էր: 2014-ի մայիսին տարածքն այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումով հասցե է ստացել՝ Մոլդովական 47/7: Իսկ արդեն հունիսին կադաստրը կրկին ՊՆ-ի դիմումով գրանցել է վերջինիս սեփականության իրավունքը հողամասի հանդեպ: 2015-ի սեպտեմբերին էլ ՊՆ-ի դիմումի հիման վրա Երեւանի ավագանին նախ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ հատուկ նշանակություն ունեցողից դարձնելով բնակավայրերի հող, իսկ օրեր անց քաղաքապետ Տ. Մարգարյանը գործառնական նշանակությունը սահմանել է խառը կառուցապատման: 2015-ի հոկտեմբերին ՊՆ-ն ուղղակի վաճառքով հողն օտարել է երեւանցի Սայադ Սահակյանին: Հողամասում սկսել է գործունեություն ծավալել Սահակյանի «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ն, որն զբաղվում է հիգիենիկ ու տնտեսական ապրանքների ներկրմամբ եւ վաճառքով:

ՊՆ-ն կես հեկտար հողամասը, որն ուներ խառը կառուցապատման գործառնական նշանակություն, օտարել էր ոչ թե մրցույթով, այլ ուղղակի վաճառքով, բայց որ ամենատարօրինակն է, դա արել է շատ ցածր գնով՝ ընդամենը 38 մլն դրամով կամ 80 հազ. դոլարով: Այսինքն՝ 1 քմ-ն արժեցել է 8144 դրամ:

«Հետքի» հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրգործ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով: Այս դրույթը սահմանում է. «Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով»: Հասկանալի է, որ այս դեպքում խոսքը ՊՆ պաշտոնյաների մասին է: Նշենք, որ հետագայում նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությանը:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մոլդովական 47/7-ի հողամասի գործառնական եւ նպատակային նշանակությունների փոփոխությունը (այլ կերպ ասած՝ քաղաքապետի եւ ավագանու գործողությունները), ինչպես նաեւ նշված հողատարածքի օտարման գործընթացը (ՊՆ-ի գործողությունը) իրականացվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան (գրել էինք, որ ՊՆ-ն հողն ուղղակի վաճառքով օտարել է կառավարության 2005 թ. որոշման հիման վրա, սակայն Հողային օրենսգիրքն այս առումով հստակ պահանջներ է սահմանում):

Այդուհանդերձ, համալիր փորձաքննությամբ պարզվել էր, որ նախարարությունը հողը վաճառել է 50 մլն դրամով ավելի էժան: ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը «Հետքին» մինչ այդ հայտնել էր, թե 0,5 հա հողամասը նախարարությունն օտարել է «դրա հետագա օգտագործման անհրաժեշտության բացակության պատճառով»: Նաեւ նշել էր, որ օտարումն իրականացվել է ոչ թե կադաստրային գնով, այլ շուկայական գնահատման արժեքով:

«Փորձաքննության եզրակացության համաձայն՝ անշարժ գույքի գործակալության կողմից տրամադրված անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվությամբ ստացված շուկայական արժեքը չի համապատասխանում տվյալ տարածքում եւ ժամանակահատվածում փաստացի վաճառված եւ վաճառահանված բնակավայրերի նշանակության հողամասերի միջին շուկայական արժեքներին, եւ նշված հասցեի բնակավայրերի նշանակության հողամասի հավանական շուկայական արժեքը վաճառքի օրվա դրությամբ կարող էր կազմել շուրջ 89.500.000 դրամ: Այսինքն՝ պետությանը պատճառված հավանական վնասը կազմում է 51.500.000 դրամ»,- «Հետքին» հայտնել էին ՔԿ-ից:

Այսինքն՝ ՊՆ-ի պատվիրած գնահատման արդյունքում հողը շատ ցածր էր գնահատվել եւ հետո շատ էժան էլ վաճառվել է: «Հետքը» պարզել էր, որ գնահատումն իրականացրել է քաղաքացի Սուրեն Մելքոնյանի անշարժ գույքի գործակալությունը: Մելքոնյանը 2008-2016 թթ. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փեսա Ռշտունի Սիմոնյանի բարեկամն է՝ մորաքրոջ տղան:

Քրգործում վկայի կարգավիճակ ունեցող Գագիկ Ավետիսյանը, ով հողը ձեռք բերած Սայադ Սահակյանի նախկին գործընկերն է, «Հետքին» հայտնել էր, որ եթե Մելքոնյանն ու Սիմոնյանը բարեկամներ են, ապա վերջինս ու Սահակյանը հարեւաններ եւ գործընկերներ են: Ավետիսյանը զինդատախազ Վահե Հարությունյանին հայտնել էր, որ Սայադ Սահակյանը չէր կարող ՊՆ ավտոպարկի տարածքը շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով եւ ուղղակի վաճառքով ձեռք բերել, եթե դրանում ներգրավված չլիներ նախկին նախարարի փեսան. «Դա կարող էր լինել միայն այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փեսա Ռշտունի Սիմոնյանի շնորհիվ: Կարելի է ասել, որ ուղղակի վաճառքով եւ նման ցածր արժեքով ՊՆ-ն երբեւէ չի օտարել նման տարածք, այն նույնիսկ ենթակա չէր օտարման: Դա կարող էր լինել միայն համատեղ բիզնես գործունեություն իրականացնելու դեպքում, քանի որ այլ իրավիճակում տարածքը չէր ձեւակերպվի Սայադ Սահակյանի անվամբ: Տարածքի եւ բիզնես գործունեության մեջ չէր կարող նշվել Ռ. Սիմոնյանի բաժինը (համաձայն պետռեգիստրի՝ «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Սայադ Սահակյանն է- հեղ.), քանի որ բոլորը կհասկանային, որ տարածքը նախարար Ս. Օհանյանի կողմից տրվել է քրոջ ընտանիքին. այն կդիտարկվեր որպես փոխկապակցված անձին տրված: Ռ. Սիմոնյանը պարբերաբար այցելել է տարածք, մշտապես որպես Ս. Սահակյանի գործընկեր նրա հետ եղել է կապի մեջ, թեեւ նրանք ամեն կերպ փորձել եւ փորձում են ցույց տալ, որ Ռշտունի Սիմոնյանը կապ չունի բիզնես գործունեության հետ, իբրեւ թե միայն մտերիմներ են»:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը «Հետքին» հայտնել է, որ Սեյրան Օհանյանի փեսան՝ Ռշտունի Սիմոնյանը, քրգործով հարցաքննվել է որպես վկա: ՔԿ-ին հարցրել էինք նաեւ, թե արդյոք գործով որեւէ կարգավիճակ ունի նախկին նախարարը, սակայն Ն. Հարությունյանը նշել է միայն Ռ. Սիմոնյանի անունը:

Մյուս կողմից՝ քրգործում արդեն մեղադրյալներ կան: Ըստ Նաիրա Հարությունյանի՝ ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության նախկին պետին, ինչպես նաեւ այդ վարչության բնակավորման բաժնի պետին (այս տարվա հուլիսին ՊՆ-ում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ԿՇ եւ ԶԲ վարչությունը վերանվանվել է կապիտալ շինարարության եւ անձնակազմի բնակավորման (ԿՇ եւ ԱԲ) վարչություն): 

Նշենք, որ քրգործի թիրախում հայտնված հողամասի վերաբերյալ գործարքներով զբաղվել է հենց ԿՇ եւ ԶԲ վարչությունը: Ավելի կոնկրետ՝ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը 2014-ին այս վարչության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Մելքոնյանին նախարարության անունից լիազորել է, որ նա զբաղվի Մոլդովական 47/7 հասցեի հողի հանդեպ ՊՆ սեփականության իրավունքը գրանցելով, իսկ 2015-ին լիազորել է նախարարության անունից առքուվաճառքի պայմանագիր կնքել Սայադ Սահակյանի հետ:   

Եթե ՔՕ 375-րդ հոդվածը վերաբերում է իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը, ապա 309-րդ հոդվածը սահմանում է մեղադրանքը պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքում: Այս հոդվածի 3-րդ մասն ամրագրում է. «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ, պատժվում են ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»: Ինչպես տեսնում ենք, սա ավելի խիստ պատիժ է նախատեսում, քան 375-րդ հոդվածի 1-ին մասը:

ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության նախկին պետը գնդապետ Աշոտ Գրիգորյանն է, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2010-2018 թթ.: Նրա անունն անցյալ տարի հայտնվեց ՊԵԿ քննչական վարչության կողմից քննվող մի քրեական գործում, որը մամուլում մեծ աղմուկ հանեց: Այս գործով Ա. Գրիգորյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու մեջ: Դատախազի համաձայնությամբ անցյալ տարի ՊԵԿ քննչական վարչությունը որոշել էր ժամանակավորապես դադարեցնել Ա. Գրիգորյանի լիազորությունները: Այնուհետ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Գրիգորյանը զորացրվել է:      

Ինչ վերաբերում է մեղադրյալ ներգրավված բաժնի պետին, ապա խոսքը Արմեն Հակոբյանի մասին է, որը պաշտոնավարում է: 

Լուսանկարում՝ Աշոտ Գրիգորյանը (hayzinvor.am)

Մեկնաբանություններ (1)

Արա
Վա՜յ֊ վա՜յ էդ ինչ անկուշտ << թուրքեր>> են նստել վերևներում, իսկ երևանցի զինծառայողներին հորդորում եմ մարզերում բնակարան գնել ու ծաղկեցնել սահմանամերձ համայնքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։