HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ ուսխորհուրդը Արայիկ Հարությունյանին հրավիրում է բաց, հանրային քննարկման

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը համալսարանի բակում այսօր քննարկում էր կազմակերպել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ԿԳՄՍ նախարարության առաջարկած փոփոխությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ համաձայն այդ փոփոխությունների` հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրերում դառնում են ոչ պարտադիր։

Արդեն մի քանի օր է` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ եւ նստացույց են անում` անհամաձայնություն հայտնելով այդ նախագծին եւ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ հավաքի նպատակը կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելն է։

ՈՒԽ նախագահը նշեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել է  քննարկման, վերջինս, սակայն, պատասխանել է, որ կուլիսային քննարկումների ժամանակն անցել է, և ամեն ինչ պետք է քննարկել հանրային հարթակներում:

«Հարգելի պրն. նախարար, մեր հարցը Ձեզ հետևյալն է` այդ ի՞նչ բարեփոխումների ծրագիր է, երբ ծրագիրն ուղարկվել է Հայաստանի գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններ, բայց չի եղել ոչ մի հաստատություն, որը դրական եզրակացություն տա բարձրագույն օրենքի նախագծին»,- ասաց ՈւԽ նախագահը։

ԿԳՄՍ նախարարն ամիսներ առաջ ԵՊՀ-ն որակել էր որպես կոռուպցիոն որջ, ուստի Դավիթ Ափոյանը նորից հարց ուղղեց նախարարին` «Հարգելի պրն. նախարար, բուհը էլի շարունակու՞մ է մնալ կոռուպցիոն որջ, եթե ոչ, ապա ի՞նչն է փոխվել, և եթե այո, ինչու՞ համապատասխան քայլեր չի ձեռնարկվում բուհն այդ որջից հանելու համար»:

ՈւԽ նախագահն իր ելույթում նշեց, որ ուսանողական խորհուրդն ապաքաղաքական մարմին է, չունի կուսակցական որևէ պատկանելություն, ուստի պահպանում է չեզոքություն ու զսպվածություն։ 

ՈՒԽ նախագահի ելույթին հաջորդեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանի խոսքը: Նա ասաց, որ ակցիայի հիմնական նպատակը ԿԳՄՍ նախարարի որոշումը փոխելն է, բայց քանի որ նախարարի վարած քաղաքականությունն ապազգային է, ցուցարարներից ոմանք պահանջում են նախարարի հրաժարականը։

Նախարարը պետք է աշխատի ըստ էության կամ հրաժարական տա։

ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը հավաքը եզրափակեց Արայիկ Հարությունյանին Երևանի պետական համալսարան հրավիրելով. «Մինչև վաղը կեսօր մենք սպասում ենք Ձեր պատասխանին, պարոն նախարար, բաց, հանրության առաջ պատասխանելու մեր բոլոր հարցերին»։

Անյա Սարկիսովա, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Sepouh
I don’t understand the protest against making the study of Armenian literature as optional. In the developed countries, the study of the language in the graduate schools is optional. Am I missing a point in here?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter