HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահը` Գևորգ Պետրոսյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին. «Որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին»

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որևէ խնդիր չի տեսնում, որ քաղաքական մեծամասնության պատգամավորի հեղինակած օրենսդրական նախագիծը մերժվեց: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ մերժեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» և «Անվտանգության խորհրդի կազմավորման մասին» օրենքների նախագծերը, որի համաձայն՝ ԱԺ նախագահն իրավունքի ուժով կարող է մասնակցել անվտանգության խորհրդի նիստերին և նախապես ծանոթանալ օրակարգում քննարկվող փաստաթղթերին:

Միրզոյանը հիշեցրեց, որ վարչապետի հրավերով այժմ էլ մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստերին, ուստի փոփոխություններն իր համար չէին առաջարկվում, այլ առհասարակ խորհրդարանի դերի բարձրացման` ի դեմս ԱԺ նախագահի ինստիտուտի:

«Մյուս խմբակցությունները ասել էին, որ լավ նախաձեռնություն է, նույնիսկ ավելին էին պահանջում: Մենք հատուկ ջանքեր չենք ներդրել, որ անհրաժեշտ մասնակցություն ապահովենք քվեարկությանը, ամեն գնով ընդունելու խնդիր ունենայինք՝ կարող էինք օրինակ գործուղում մեկնած մեր գործընկերներին խնդրել, որ նամակով տեղեկացնեն կողմ քվեարկության մասին»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ քվեարկությունից անմիջապես հետո իր աշխատասենյակում քննարկում է հրավիրվել պատգամավորների, այդ թվում՝ քաղաքական մեծամասնության խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ, Արարատ Միրզոյանը չհերքեց, ասաց, որ իր աշխատասենյակում պարբերաբար պատգամավորներ է ընդունում, և քննարկում են տարբեր հարցեր:

ԱԺ խոսնակը, սակայն, չթաքցրեց` խորհրդարանի նման քվեարկությունն իր համար անսպասելի է եղել, քանի որ մտածել է` մի նախագիծ է, որին կողմ են քվեարկելու բոլորը:

Մեր հիշեցմանը, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ ԱԺ նիստին տեղի ունեցած միջադեպի ժամանակ վերջինիս նախազգուշացրեց, որ կարող է կարգապահական տույժ կիրառել, արդյոք այդ հարցին տեսախցիկներից այն կողմ անդրադարձե՞լ է, Միրզոյանն ասաց.

«Որևէ քննարկում էդ մասին չեմ ունեցել ո'չ Գևորգ Պետրոսյանի, ո'չ ԲՀԿ այլ ներկայացուցիչների հետ: Միջադեպից հետո ցանկացա տեսնել այդ հոդվածը ևս մեկ անգամ, հետո որոշեցի՝ առայժմ չդիմել այդ քայլին, ցանկանում եմ մարդկանց նորից հնարավորություն տալ, մնալ քննարկումների, էթիկայի շրջանակում, լիահույս եմ, որ էդպես էլ կլինի, եթե չլինի, այդ նորմը կա»:

Անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, Միրզոյանն ասաց.

«Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը, այն թեզերը, որոնք Արայիկ Հարությունյանը հրապարակ է բերել, և որոնց համար կա այս ալիքը, այս թեզերը համընկնում են իմ պատկերացումների  հետ»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter