
Հերմինե Նաղդալյանի ՍՊԸ-ի կողմից ճանապարհ կառուցելու արդյունքում հափշտակվել է 21 մլն դրամ. հարուցվել է քրգործ
Արագածոտնի մարզի Քուչակ և Եղիպատրուշ գյուղերը կապող ճանապարհի հիմնանորոգման արդյունքում պետությունից հափշտակվել է ավելի քան 21 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից:
«Հետք»-ը այս տարվա օգոստոս ամսին գրել էր, որ նշված գյուղերը միացնող ճանապարհը հիմնանորոգվել է Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի բուատ» ՍՊ ընկերության կողմից, սակայն հիմնանորոգումից մեկ տարի անց ճանապարհը սկսել է քանդվել:
«Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցում 16.08.2019թ. հրապարակված «Հերմինե Նաղդալյանի ՍՊ ընկերության կողմից 1,5 միլիոն դոլարով հիմնանորոգված ճանապարհը 1 տարի անց քանդվել է» հոդվածը դատախազությունից ուղարկվել էր ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային վարչություն՝ դրա հիման վրա նյութեր նախապատրաստելու: Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հուլիսին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ս...» ՍՊԸ-ի միջև կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրով կապալառու ընկերությունը 2016-2017թթ. ընթացքում իրականացրել է Արագածոտնի մարզի վարչական տարածքում գտնվող Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
2017թ. դեկտեմբերին նշված ճանապարհահատվածը հանձնվել է պատվիրատուին՝ շահագործման, սակայն ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ ճանապարհի կառուցման արդյունքում թույլ են տրվել պայմանագրով նախատեսված նորմատիվների խախտումներ, ինչի արդյուքնում պետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 21մլն ՀՀ դրամ գումար: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ընդունվել վարույթ»,- տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից:
Ի դեպ, մեր հրապարակումից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտնել էր, որ նորոգած ճանապարհը գտնվում է երաշխիքային սպասարկման մեջ և շուտով խնդիրները կվերացվեն: Անցել է արդեն 3 ամիս, սակայն քանդված ճանապարհը չի նորոգվել:
Մեկնաբանել