«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը կքննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը վերահաստատում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին առնչվող բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ նախագիծը, մասնավորապես` առաջարկվող այն փոփոխությունը, որով բուհերում հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը թողնվում է բուհերի հայեցությանը` առանց պարտադիր բաղադրիչի, քննադատության էր արժանացել մասնավորապես ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դասախոսական կազմի եւ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից, հարուցել ուսանողության դժգոհությունը:
Օրեր շարունակ ԵՊՀ մի խումբ ուսանողներ դասադուլ, իսկ ՀՅԴ երիտասարդական թեւը նստացույց է անում ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ` պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Այսօր նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հիշեցնում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, եւ առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: «Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել