HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Կառավարությունը չի կարող մտնել ձեզնից յուրաքանչյուրի տունը և փոխել ձեր կյանքը»

Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր խոսքը սկսեց՝ անդրադառնալով իր ձևակերպմամբ «օդում կախված» երկու հարցադրումների․ առաջինը՝ արդյոք 2020թ․ բյուջեի նախագիծը հեղափոխակա՞ն է, երկրորդը՝ ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում։

Խոսելով առաջին հարցադրման մասին՝ կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ դեռևս 2018թ․ «թավշյա հեղաոխության» օրերին ինքը հայտարարել է, թե մոտակա 1-2 տարիների ընթացքում պետական բյուջեն ավելանալու է 30-35%-ով։

«Սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը։ 2020թ․ պետական բյուջեի եկամտային մասը 2018թ․ պետբյուջեի նախագծի եկամտային մասը գերազանցում է 27,4%-ով: Եթե սրան գումարում ենք նաև 2018թ․ ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33%: Իսկ եթե սրան ավելացնում ենք մեր բյուջետային կորուստները, որոնք մենք ունեցել ենք, օրինակ՝ Հարկային օրենսգրքի փոփոխության, կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում, ապա մեր աճը կազմում է առնվազն 35%։ Սա ուղիղ պատասխանն է այն հարցի, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է։ Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, քանի որ ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև գործադիր ղեկավարը 2020թ․ պետբյուջեով նախատեսված ծախսերից որոշ ցուցանիշներ մեջբերեց՝ շեշտելով, որ 2020թ․ նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել է 135,1%-ով։ 

«2020թ․ բյուջեով ճանապարահաշինական աշխատանքների համար նախատեսվում է այնքան գումար, ինչքան 2015, 2016, 2017 թվականների բյուջեով միասին վերցված։ Բա հեղափոխությունը ուրիշ ո՞նց է լինում։ Բնակարանային շինարարության, կոմունալ ծառայությունների բնագավառում նախատեսվում է 120% աճ 2018թ․ բյուջեի համեմատությամբ։ Աշխարհում շատ տեղերու՞մ եք տեսել, որ բյուջեում խոսեն 100, 125, ընդհուպ 140% աճերի մասին։ Բա հեղափոխությունը էլ ո՞նց է լինում։ 

Առողջապահության ոլորտի ծախսերը 2018թ․ նկատմամբ աճել են 39,5%-ով։ Կրթությանն ուղղված խասերը աճել են 34%-ով, սոցիալական բլոկի ծախսերը՝ 21%-ով, պաշտպանության նախարարության ծախսերը՝ 28%-ով, շրջակա միջավայրի նախարարության ծախսերը՝ 41%-ով։ Պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2020թ․ կկազմի 52․2%։ Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր ցուցանիշի վրա»,- ասաց վարչապետը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը, խոսելով մարդկանց կյանքում փոփոխությունների մասին, ընդգծեց ճանապարհների բարեկարգումը, առողջապահության և սոցիալական ոլորտներում արված բարեփոխումները, Հարկային օրենսգրքի և կենսաթոշակային համակարգում փոփոխություններով պայմանավորված աշխատավարձերի բարձրացումը, բանակային սնունդի բարելավվումը, զինվորականների աշխատավարձերի բարձրացումը և այլն։ Ըստ գործադիր ղեկավարի՝ թվարկված բոլոր հանգամանքները վկայում են այն մասին, որ 2018թ․ իշխանափոխությունից հետո մարդկանց կյանքում փոփոխություններ են եղել։

«Էն մարդիկ, որ ասում են՝ բա երբ է փոխվելու մարդկանց կյանքը, էդ դրանց՝ ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է, որիշ բանի հույս հանկարծ չունենան։ Եվ ամենակարևորը, որ փոխվել է․ փոխվել է մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, փիլիսոփայությունն ու գաղափարաբանությունը, որովհետև այն ժամանակ էր, երբ այս ամբիոնից ասում էին՝ կյանքդ կփոխվի, ասում էին քեզ 4 կիլո բրինձ կտանք, որպես ողորմություն։ Իսկ այսօրվա կառավարությունն ասում է՝ սիրելի՛ հայրենակիցներ, կյանքը փոխում են աշխատանքով, կառավարությունը չի կարող մտնել ձեր տները և փոխել ձեր կյանքը։ Կառավարությունը կարող է ստեղծել պայմաններ, որպեսզի դուք ազնիվ, արդար աշխատանքով ձեր բարեկեցությունը վաստակեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ (1)

ani
CONGRATULATIONS , Mr Prime Minister !! Yes, some Armenians didn't understand that they are no longer in COMMUNIST system, when even the LASIEST could exist quite well, on the others costs. Don't support lazy profiters , passiv smokers and drinkers , adulterers who leave their family for fornicating in Russia.. without any fear of GOD Even in countryside we can see houses without vegetable gardens, without animals ( hens, rabbits, ducks aso.. ) for selfsufficiency , as a second income :too proud or lazy, no disciplin, no power of character , no ethical foundation ! And why all this ?? Because they haven't JESUS-CHRIST in their hearts

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter