HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Մեր ռազմավարական տեսլականը երկնիշ տնտեսական աճին հասնելն է»

Խորհրդարանում 2020թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձրադարձավ այն հարցին, թե ինչու է գալիք տարվա պետբյուջեով տնտեսական աճը սահմանվել 4,9%: Ըստ կառավարության ղեկավարի՝ պետք է նշաձողը այնպես դնել, որ հնարավոր լինի դա հաղթահարել։ «Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք»,- ասաց վարչապետը։

«2019թ․ բյուջեի նախագծում էլ է դրվել 4,9% տնտեսական աճ, բայց այսօր ո՞վ է խոսում 4,9% տնտեսական աճի մասին․․․ ոչ ոք չի խոսում, որովհետև 4,9% տնտեսական աճը այսօրվա Հայաստանի համար աբսուրդ է։ Այսօր բոլոր կանխատեսումներով 2019թ․ տնտեսական աճը 6%-ը կգերազանցի, լավատեսական կանխատեսումներով՝ կհասնի 7%-ի։ Համենայնդեպս 10 ամիսների ցուցանիշներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5% է»,- ասաց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր ղեկավարած կառավարության ռազմավարական տեսլականը երկնիշ տնտեսական աճին հասնելն է, սակայն այդ ցուցանիշին չեն կարողանում միանգամից հասնել կապիտալ ծախսերի ոլորտի խնդիրների պատճառով։

«Կապիտալ ծախսերի թերակատարումը Հայաստանում միշտ եղել է խրոնիկ պրոբլեմ։ Այնպես չէ, որ դա հեղափոխությունից հետո է ձևավորվել։ Հիմա ավելի ահագնացել է այն պատճառով, որովհետև մենք համաձայն չենք ատկատներով աշխատել, մենք համաձայն չենք անորակ գործեր ընդունել։ Եվ մենք ինչքան բարձր չափանիշներ ենք դնում, այդքան այդ փողերի ծախսելը դժվարանում է, և մենք այդ փողերը չծախսելով՝ այսօր խոսում ենք 6%-ից բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին»,- ասաց վարչապետը։ 

Գործադիրի ղեկավարի կանխատեսմամբ՝ այն պահին, երբ հնարավոր լինի նույնականացնել կապիտալ ծախսերի որակն ու ծավալը, ապա պետությունը կգրանցի երկնիշ տնտեսական աճ։ 

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կառավարություն-հասարակություն համագործակցության ամենաուժեղ և ամենացայտուն ձևն է։ Երբ առաջնորդվում ենք այն կարգախոսով, որ Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը՝ մեր ընտանիքը, հետևաբար ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է։ Եվ մենք՝ ՀՀ բոլոր քաղաքացիներս, պետք է պետբյուջեին վերաբերվենք այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի եզրափակիչ ելույթից հետո խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում առնվազն 4 օրով։ 24 ժամվա ընթացքում խմբակցություններն ու պատգամավորները կարող են ներկայացնել իրենց  առաջարկությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter