HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդգար Շաթիրյանի համոզմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվելու է լիազորությունների ավելի լայն շրջանակ, քան Էթիկայի հանձնաժողովին

Խորհրդարանում շարունակվում է քննարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, վերջինս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ է: Շաթիրյանն իր ելույթում ասաց, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ նախատեսվում է այս հանձնաժողովին վերապահել լիազորությունների ավելի լայն շրջանակ, քան Էթիկայի հանձնաժողովին է վերապահված:

«Հեռու եմ այն մտայնությունից, որ կատարյալ է այս օրենքը, բայց հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակն անհամեմատ ավելի լայն է, քան էթիկայի հանձնաժողովի լիազորությունների շրջանակն է: Կարևորում եմ հանձնաժողովի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության գործառույթը՝ ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման կտրվածքով: Առ այս պահը Էթիկայի հանձնաժողովն այդ ասպեկտով հայտարագրերի վերլուծություն չի իրականացրել»,- ասաց Շաթիրյանը:

Շաթիրյանի խոսքով՝ անվերահսկելի են հայտարարագրվող անձի կանխիկ հոսքին վերաբերող համապատասխան գործընթացները, դրամական միջոցների՝ կանխիկ և անկանխիկ հստակ տարանտաջում չկա, վարկերի մարումների, ստացված փոխառությունների վերադարձի հետ կապված հարցերը ևս արտացոլված չեն հայտարարագրում:

«Մենք չունենք ծախսերի հայտարարագրման համակարգ, օրենսդիրի կողմից սահմանված նվազագույն շեմ չունենք, թե ինչ խումբ ծախսերն են ենթակա հայտարարագրման»,- ասաց նա:

Ըստ Շաթիրյանի՝ առանց այդ էլ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագրման ենթակա են սահմանափակ ծավալի տվյալներ, իսկ հայտարարագրված տվյալներից հանրությանը հասանելի է միայն 15-20 տոկոսը: Շաթիրյանը կարևորեց Կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում տեղ գտած այն դրույթը, որը վերաբերում է հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակի ընդլայնմանը:

«Ստեղծված է մինիմալ իրավական բազա, որը հնարավորություն կընձեռի ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության մեկնարկը, բայց դեռ անելիքներ կան»,-նշեց Էդգար Շաթիրյանը՝ խոսելով նորաստեղծ հանձնաժողովի մասին:

Շաթիրյանը, սակայն, ընդգծեց, որ պետք չէ հանձնաժողովը դիտարկել որպես դասական իմաստով կոռուպցիայի դեմ պայքարի մարմին, որովհետև այն ներհատուկ է իրավապահ մարմիններին, և հանձնաժողովը չի ունենալու օպերատիվ բլոկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter