HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դատարան բերվելուց րոպեներ անց Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. նրան նորից տեղափոխեցին հիվանդանոց

Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա նիստին դատարան բերվեց ամբաստանյալ Գրիգորյանը, սակայն նա նիստի մեկնարկից քիչ անց վատ զգաց իրեն, խնդրեց ընդմիջել այն։

Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ից դատարան էր բերվել շտապօգնության մեքենայով՝ բժիշկների ուղեկցությամբ, տեղափոխել էին անվասալյակով։

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը նրա աջակիցների դժգոհությունն առաջացրեց։ Ընդմիջման ընթացքում աջակիցներից մեկը, դիմելով դատախազ Վահե Դոլմազյանին, խնդրեց պարզել, թե ինչու են Գրիգորյանին դատարան բերում, եթե նա ի վիճակի չէ մասնակցել նիստին։

Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ Գրիգորյանը չի կարող մասնակցել նիստին, ուղեկցող բժշկի թույլտվությամբ նրան նորից պետք է տեղափոխել հիվանդանոց։

Դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայության պատճառով նիստը պետք է հետաձգել։ Նշեց նաեւ, որ հաջորդ նիստին, եթե գտնեն, որ Գրիգորյանը նորից չի կարողանում մասնակցել գործի քննությանը, ապա Նազիկ Ամիրյանի վերաբերյալ մասը կառանձնացնեն, իսկ Գրիգորյանի վերաբերյալ նիստերը կնշանակվի երկու կամ երեք շաբաթը մեկ պարբերականությամբ, որը հնարավորություն կտա նաեւ Գրիգորյանին լավանալու։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Դատավորի հայտարարությունից հետո ԱԺ նախկին պատգամավորի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ իր պրակտիկայում չի տեսել նման բան, երբ հիվանդ վիճակում մարդուն բերում են դատարան եւ փորձում արդարադատություն իրականացնել։

«Սա ուղղակի անթույլատրելի է, եթե մեզ համար արդարադատությունը կայանում է նրանում, որ ապացուցվի Գրիգորյանի մեղքն ու պատիժ ստանա, դա այլ թեմա է, այստեղ իրավապաշտպանները գործ չունեն անելու»,- նշեց Բաղդասարյանը՝ ներկայացնելով նաեւ միջնորդություն՝ առերեւույթ վնասի փոխհատուցման վերաբերյալ, ըստ որի՝ խնդրում են դատարանից վերացնել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա դրված արգելանքը եւ անշարժ գույքի իրացումից ստացած միջոցներն ուղղել դատարան կամ ՊԵԿ-ի դեպոզիտ հաշվին։

«Մենք ասում ենք, որ եթե ապացուցվի մեղադրանքը, ապա թող հատուցվի, մենք ավելին՝ առաջ ենք գնում, հանեք արգելանքը, եւ դատարանը միջոցներ ներդնի, որ գումարը գնա պետությանը։ Ընկերության բաժնետերը երրորդ անձ է, նախաքննության փուլում, որպես փոխկապակցված անձ՝ նրա գույքի վրա եւս կալանք է դրվել»,- հայտնեց Գրիգորյանի պաշտպանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հարկերից խուսափելու համար։

Քանի որ դատարանը դեռեւս գործի ապացույցները չի հետազոտել, խնդրեց պաշտպաններին ներկայացնել արգելանքի որոշումը, եւ պատշաճ փաստաթուղթ, որ բացի այս գործից, այլ որոշում արգելանքի վերաբերյալ չկա։ Միջնորդության քննությունը հետաձգվեց, մինչեւ բավարար փաստաթղթերի ներկայացումը։

Մյուս միջնորդությունը, որ ներկայացրեց փաստաբանը, կապված է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի անդամներին դատարան կանչելուն եւ հարցեր ուղղելուն։

Փաստաբանը շեշտեց, որ կալանքի կրման ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը բացասական դինամիկա է գրանցել եւ կարող է կյանքին վտանգ սպառնալ, հավելելով, որ մինչգերատեսչական հանձնաժողովի որոշումից հետո, դատարանը հիվանդանոց գրություն է ուղարկել, որով Գրիգորյանին պարտադիր բերել են դատարան։

Դատարանը միջնորդությունը թողեց անփոփոխ, որից հետո փաստաբանն առարկեց դատավորի կատարած գործողությունների դեմ՝ նշելով, որ ելակետային են համարել միջգերատեսչական հանձնաժողովի որոշումները եւ ամիսներ շարունակ սպասել, սակայն իրենք չեն ունեցել հարցեր տալու հնարավորություն։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ պնդեց, որ մինչեւ Գրիգորյանի եւ Ամիրյանի գործերն առանձնացնելը, դատական նիստերի պարբերականությունը որոշելը, պետք է բժիշկներին հարցեր ուղղել։ « Իմ կարծիքով ո'չ դատարանը, ո'չ մեղադրողը, ո'չ պաշտպանները այն մասնագետները չեն, որ ասեն, թե Գրիգորյանն այդ վիճակում ինչքան կմնա կամ կարող է մասնակցել նիստերին, թե ոչ»,- հավելեց փաստաբանը։

Գրիգորյանի պաշտպան Բաղդասարյանը դատավորին երրորդ միջնորդություն ներկայացրեց՝ խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց այն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter