HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայ-իտալական առևտուրը. վերջին տարիների միտումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում է։ Ինչպես ավելի վաղ հայտնել են վարչապետի աշխատակազմից, նա մի շարք հանդիպումներ է ունենալու, այդ թվում՝ տնտեսական և գործարար թեմաներով։

Հայաստանում բազմիցս քննարկվել է Իտալիայի հետ տնտեսական ու առևտրային հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Այս տարվա հունիսին Հայաստանում տեղի ունեցավ հայ-իտալական բիզնես համաժողովը, որի ընթացքում կարծիքներ հնչեցին, որ հայ-իտալական տնտեսական կապերը ընդլայնվելու մեծ ներուժ ունեն։ Քննարկվեցին համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավությունները, փոխադարձ առևտրի զարգացումը և այլն։

Առհասարակ վերջին տարիներին Հայաստանի և Իտալիայի պաշտոնյաների հանդիպումների ժամանակ մշտապես շեշտվել է, որ հայ-իտալական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և որ այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ կան կատարելու։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստան-Իտալիա առևտրաշրջանառությունն առայժմ ոչ զարգացած մակարդակում է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ (ՀՀ ՎԿ) 2018 թվականին Հայաստան-Իտալիա առևտրաշրջանառությունը կազմել է 232.5 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով։ Հայաստանի արտաքին առևտրում Իտալիայի տեսակարար կշիռը 3.2% է։ Այս ցուցանիշով Իտալիան Հայաստանի ութերորդ գործընկերն է։ Նկատենք, որ Հայաստանի արտահանումը բավականին կենտրոնացված է մի քանի երկրների շուրջ։ Առաջին երեք երկրները միասին զբաղեցնում են Հայաստանի արտաքին առևտրի 43%-ը։ Նրանք են Ռուսաստանը՝ 26.1%-ով, Չինաստանը՝ 10.5%-ով և Շվեյցարիան՝ 6.3%-ով։ Իսկ նրանց հաջորդող երկրների տեսակարար կշիռն անհամեմատ ավելի ցածր է։ Դա է պատճառը, որ Իտալիան, չնայած տեսակարար փոքր կշռին, հայտնվել է Հայաստանի արտաքին առևտրի TOP 10 գործընկերների շարքում։ 

Ինչպես շատ երկրների, այնպես էլ Իտալիայի հետ առևտրում Հայաստանն ավելի շատ ներմուծողի դերում է։ Մասնավորապես, 2018 թվականին Իտալիայից Հայատանը ներմուծել է մոտ 183 մլն դոլարի ապրանք (աճը՝ 15.6%), մինչդեռ այդ ընթացքում արտահանել է ընդամենը մոտ 50 մլն դոլարի ապրանք (աճը՝ 15.2%):

Հայաստանի ներմուծման կազմում Իտալիայի տեսակարար կշիռը 3.7% է, իսկ արտահանման կազմում՝ 2.1%:

Իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան-Իտալիա առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 196 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 13.4%-ով։ Մասնավորապես, արտահանումն այս ընթացքում աճել է 25.7%-ով՝ կազմելով 46.5 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 10.1%-ով՝ հասնելով 149 մլն դոլարի։

Չնայած Հայաստանից Իտալիա արտահանումն այսօր ոչ մեծ ծավալներ ունի, սակայն վերջին տարիներին այն հիմնականում աճի միտումներ է գրանցել։ Եթե 2010 թվականին Հայաստանն Իտալիա է արտահանել ընդմանեը մոտ 5 մլն դոլարի ապրանք, ապա այսօր այն տասնապատկվել է։

Իսկ ներմուծման տեմպերը տատանվել են։ 2015-2016 թվականներին գրանցված անկումից հետո այն սկսել է աճել։ Վերջին 10 տարիների ընացքում ամենամեծ ծավալի ներմուծումն իրականացվել է 2014 և 2018 թվականներին` կազմելով շուրջ 180 մլն դոլար։

Հայաստանից Իտալիա արտահանվող ապրանքների տեսականին մեծ չէ։ Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ 2018 թվականին արտահանվող հիմնական ապրանքներն են եղել հագուստը՝ վերարկու, թիկնոց, կոստյում, տաբատ և այլն, ինչպես նաև՝ ոսկին (դորե համաձուլվածք) ու ալյումինե նրբաթիթեղը։ Այսինքն՝ Հայաստանից Իտալիա արտահանումը սահմանափակվում է մի քանի ապրանքներով։ Սա նշանակում է, որ մեծ աշխատանքների անհրաժեշտություն կա Իտալիայում հայկական ապրանքների պահանջարկը բարձրացնելու ուղղությամբ, որն այսօր շատ ցածր է։

Իտալական ապրանքների պահանջարկը Հայաստանում համեմատաբար մեծ է։ Ի տարբերություն արտահանման, ներմուծվող ապրանքների տեսականին բավականին լայն է։ Վերջին տարիներին Իտալիայից Հայաստան է ներմուծվոմ 800-900 անուն ապրանք։ Դրանք բազմապիսի ապրանքներ են՝ սկսած կահույքից, ջեռուցման կաթսաներից, երկաթե ձողերից մինչև գործվածք, թելեր, շոկոլադ, դեղամիջոցներ ու կոշիկ։ 

Իտալիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցությունն այլ ուղղություններով ևս էական ծավալներ չունի, մասնավորապես՝ ներդրումների ոլորտում։ Վիճակագրական կոմիետի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում կատարած ներդրումների ծավալով Իտալիան հեռու է առաջատարներ հորիզոնականներից։   Իտալիան 1988 թվականից մինչ այս տարվա առաջին կիսամյակի ավարտն, ըստ Վիճկոմիտեի, Հայաստանում 56 մլրդ դրամի ներդրումներ է կատարել։ Սա Վիճկոմիտեն անվանում է ներդրումների համախառն հոսքեր։ Այս ցուցանիշով Իտալիան ցանկում 17-րդն է։ Համեմատության համար նշենք, որ այստեղ առաջատարը Ռուսաստանն է 3.4 տրլն դրամով, հաջորդում է Գերմանիան՝ 1.2 տրլն դրամով։

Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում եղած տեղեկատվության՝ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։  Պաշտոնական այցերի ժամանակագրության մեջ առաջինը նշված է արտգործնախարար Վարդան Օսկանյանի այցը Իտալիա 1998 թվականին։ Իսկ իտալական կողմից առաջին պաշտոնական այցը նշված է Պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը 2012թ. հոկտեմբերին։  Մինչ այսօր պաշտոնական հանդիպումների ընացքում մի շարք համաձայանգրեր են ստորագրվել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ոլորտում, ներդրումների խրախուսման, մաքսային գործերում համագործակցության և այլն։

Այս տարվա հունիսին Երևանում կայացած հայ-իտալական առաջին գործարար համաժողովին մասնակիցները քննարկում էին, թե ինչ ոլորտներում կարող են համագործակցել հայ և իտալացի գործարարները։ Այդ ոլորտներն են տրանսպորտը, էներգետիկան, շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները։ Իտալական ձեռնարկություններին է ներկայացվել  Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը ։  Թե ինչ արդյունքներ կարող են տալ այդ միջոցառումներն ու պաշտոնական այցերը, ցույց կտա ժամանակը։ 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter