HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սովորական» դպրոցների առանձնահատուկ երեխաները. բարեփոխման ստվերը

Մինչեւ 2022 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառականության: 2016-ի փետրվարին կառավարության հավանությանն արժանացավ «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը եւ ժամանակացույցը», համաձայն որի՝ գործընթացն սկսվելու էր 2016 թ. եւ ավարտվելու 2021-ին: Համընդհանուր ներառականությունը ենթադրում է նաեւ հատուկ դպրոցների վերակազմակերպում, այդտեղ սովորող աշակերտների ներառում հանրակրթական դպրոցներում: Նպատակն է, որ այդ երեխաները չմեկուսանան հասարակությունից, կրթություն ստանան այնպես, ինչպես մյուսները: Սակայն այս բարեփոխման իրականացման գրեթե ողջ բեռը դրված է դպրոցի եւ ծնողի ուսերին: Նրանցից ոմանք հաջողում են, ոմանք՝ ոչ, ինչի պատճառով այսօր կրթությունից դուրս են մնում նրանց երեխաները:

Դասամիջոցի զանգը հնչում է, Ռոզեթ Օստակարայանը պատրաստվում է որդուն ուղեկցել դպրոցի ճաշարան: Ռոզեթը Սիրիայի Հալեպ քաղաքից է: 2001թվականին ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսվերվատորիա: Առաջին մասնագիտությամբ օպերային երգչուհի է, երկրորդով՝ գրաֆիկ-դիզայներ: Որդու կրթության համար ամեն ինչ մի կողմ է դրել: Ամեն առավոտ Ռոզեթը որդուն դպրոց է բերում եւ սպասում մինչեւ դասերի ավարտը: Այդպես արդեն 6 տարի: Տղան, մոր պատմելով, թեթեւ աստիճանի աուտիզմ ունի:

«Ամբողջ օրս տրամադրել եմ իրեն, դպրոց ենք գալիս, հետո հաճախում ենք աուտիզմի կենտրոն՝ «Իմ ուղի», ապա սպորտի եմ տանում՝ լողի, հեծանվավազքի: Շատ եմ ուզում զբաղվել իմ աշխատանքով, բայց, դժբախտաբար… Ոչ թե դժբախտաբար, հիմա այս է իմ կյանքը, այսպես է դասավորվել»,- նշում է Ռոզեթը: Նրանց ընտանիքում միայն ամուսինն է աշխատում:

Փնտրելով նոր դպրոց

Խոսափողի միջից լսում եմ Նաիրայի հուզմունքից խզված ձայնը: Անընդհատ հարցնում է՝ «հիմա ի՞նչ անեմ, ասեք», ես լռում եմ, որովհետեւ պատասխան չունեմ:

11 տարեկան Արմանը Նաիրայի միակ զավակն է: Երկուսով բնակվում են «Մարս» գործարանի հանրակացարանի խոնավ, կիսամութ մի անկյունում: Իր եւ որդու ծախսերը հոգալու համար Նաիրան մինչեւ վերջերս հիմնականում հավաքարարություն էր անում Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղի շուկայում, բայց այս սեպտեմբերից դա էլ չի հասցնում, քանի որ երեխային խնամող չունի: Արմանը 3 տարի հաճախել է Էջմածնի Զվարթնոցում գտնվող հատուկ դպրոց, որը 2018-ին վերակազմակերպվել է, ու Արմանը տեղափոխվել է Երեւանի թիվ 12 հատուկ դպրոց, սակայն այս տարի նույն ճակատագիրն ունեցել է նաեւ այս դպրոցը: Ծնողներին նախապես տեղեկացրել էին, որ հատուկ դպրոցի երեխաներն այդուհետ պետք է հաճախեն հանրակրթական դպրոցներ, ու Նաիրան սկսել է այդպիսի դպրոց փնտրել որդու համար:

«Սեպտեմբերին գնացի Փարաքարի դպրոց: Դասատուին ասացի՝ ենթադրենք, երեխան ուզում է գնալ զուգարան, ո՞վ է տանելու նրան: Արմանչոն չի հասկանում դուրս գնալը, զուգարանից օգտվելու ձեւը չգիտի, իրեն պետք է օգնեն, բայց իրենք ասացին, թե մասնագետ չունեն, որ երեխային օգնի: Տնօրենին բացատրեցի երեխայի վիճակը, ասացի՝ եթե երեխան ասի՝ դասարանից ուզում է դուրս գա, գնա ջուր խմի, դասատուն ամբողջ դասարանը չի թողնի, չէ՞, գնա Արմանի հետեւից: Եթե նրան հետեւող չլինի, կարող է դպրոցից դուրս գա, փորձանքի հանդիպի: Հարցրեցի՝ կա՞ մեկը, որ իմ էրեխու ձեռքից կբռնի, կտանի, ասացին՝ չէ, մասնագետներ չունենք»,- ասում է Նաիրան: Որպես լուծում՝ նրան առաջարկել են առավոտյան Արմանին դպրոց բերել եւ հետը նստել մինչեւ դասերի ավարտը: Նաիրան պատասխանել է, որ միայնակ մայր է, ինքն է ապահովում իր ու տղայի օրվա հացը, եթե շաբաթվա 5 օրը դասի նստի, ո՞վ է օրվա հացը վաստակելու: Ասում է՝ հարազատներ չունի, ովքեր կարող են օգնել իրեն՝ Արմանի հետ դասի նստել:

«Հատուկ դպրոցում շատ ուշադիր էին Արմանչոյի հանդեպ: Ժամը 5-ին դասից բերում էի տուն: Էնտեղ էր սնվում, զուգարան էին տանում, շորերն էին փոխում, պատահել է, որ կեղտոտել է տակը, փոխել են շորերը: Աշխատանքից հետո գնում-վերցնում էի երեխուն, տուն բերում»,- պատմում է Նաիրան:

Արմանին հանրակրթական դպրոց տանելու երկրորդ փորձը մայրն արել է հոկտեմբերին, մինչ այդ որդին դպրոց չի հաճախել: Այս անգամ էլ, սակայն, Նաիրային ասել են, որ առանձնահատուկ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար մասնագետներ չունեն: Մայրը նշում է, որ առանձին անհատների միջամտությամբ եւ օգնությաբ փորձել են լուծել այդպիսի մասնագետի հարցը, որպեսզի Արմանը դպրոց հաճախի, սակայն չի ստացվել: Այժմ Արմանը ժամանակավորապես գնում է Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների դպրոց: «Երկու անգամ մարշրուտկա եմ փոխում, որ Արմանչոյին դասի տանեմ, նույնը՝ դասից տուն բերելուց ա: Ֆինանսապես մեզ ոչ ոք չի օգնում, ինձ համար շատ դժվար է: Արմանչոյին երեկ թողել եմ դպրոցում (դպրոցում գիշերակացի հնարավորություն կա- հեղ.), ու ամբողջ օրը լացում եմ դրա համար,- հեւոցներով պատմում է Նաիրան, ապա ավելացնում,- Արմանչոյի պես էրեխեքը սովորական դպրոց չեն կարող գնալ, մասնագետներ պետք է լինեն, որ ուշադիր լինեն Արմանի պես երեխաների նկատմամբ»:

Օրեր առաջ կրկին խոսեցինք Նաիրայի հետ: Ասաց, որ Արմանը հիվանդանոցում է,  թոքաբորբով հիվանդացել է, բացի դրանից՝ նշագեղձերն են վիրահատել: Մոր փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս տղան դեռ տանը պետք է մնա, ու չգիտի էլ, թե ինչպես է հոգալու սննդի ու ջեռուցման հարցը:

«Իմ էրեխեն սովորական դպրոց չի կարա գնա»

Երկու ամսից ավելի 10-ամյա Սեյրանը դպրոց չէր գնացել: Մայրը՝ Վարդուհի Հարությունյանը, ասում է, թե որդին ամեն առավոտ խնդրում է բերել դպրոցական հագուստը, որ հագնի ու գնա դպրոց՝ ընկեր Վարդանյանի մոտ: Սեյրանը 3 տարի հաճախել է Երեւանի թիվ 12 հատուկ դպրոց: Այս տարվա օգոստոսին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները հանդիպել են այս դպրոցում սովորող երեխաների ծնողներին: Վարդուհու պատմելով՝ իրենց տեղեկացրել են դպրոցը փակելու մասին եւ հայտնել, որ սեպտեմբերից երեխաները պետք է հաճախեն հանրակրթական դպրոցներ:

«Մեզ ասացին՝ մեր կրթության նախարարն ասում է, որ մեր երեխաները պետք է ներգրավված լինեն կրթության մեջ: Ասացի՝ ցավդ տանեմ, ես 40 տարեկան կին եմ, հասարակությունն ինձ չի ընդունում, ուր մնաց, թե 10 տարեկանին ստիպես, որ իմ էրեխուն ընդունի: Ասացի՝ էրեխուն ամեն անգամ դպրոց տանելուց «Գազելի» մեջ էնքան դեպքեր են եղել, որ ինձ վիրավորել են, ասել են՝ յան տարեք էդ էրեխուն…. Դու եկել, ինձ բա՞ն ես սովորեցնում»,- նշում է Վարդուհին:

Սեպտեմբերին նա որդուն, այդուհանդերձ, տարել է հանրակրթական դպրոց, որտեղ, ըստ Վարդուհու, ասել են, թե սկզբնական փուլում երեխան կարող է շաբաթական կես կամ մեկ ժամ ներկա լինել լոգոպեդի եւ հոգեբանի դասերին, որպեսզի աստիճանաբար հարմարվի դասապրոցեսին: «Սեյրանին դասարան տարա, բայց էրեխեն շատ վատ էր պահում իրեն, անընդհատ խանգարում էր էրեխեքին, դասղեկի ամբողջ ժամը խանգարեց: Որպես ծնող՝ չեմ արդարացնում իմ էրեխուն, բայց շատ եմ ուզում, որ ինքը սովորի: Շատ դժվար է հատկապես Դաունի համախտանիշով էրեխեքին կառավարելը»,- նշում է 10-ամյա տղայի մայրը:

Նրանք բնակվում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, որտեղ, սակայն, Վարդուհին չի ցանկանում հանրակրթական դպրոց տանել որդուն: «Մեզ մոտ ուրիշ ձեւ են նայում էրեխուն, նույնիսկ փողոց դուրս գալուց էրեխուս էնպես են նայում, Երեւանում գոնե քիչ թե շատ չկա դա»,- ասում է նա:

Նոյեմբերին Վարդուհին Սեյրանին կրկին հանրակրթական դպրոց է տարել, բայց երեխան նրա իսկ խնդրանքով դասապրոցեսին չի մասնակցում, փոխարենը շաբաթական 2 անգամ լոգոպեդի եւ հոգեբանի մոտ են այցելում:

Մեր հրապարակումից առաջ կրկին խոսեցինք Վարդուհու հետ: Ասաց, որ  նախարարությունից էին այցելել իրենց տուն, հետաքրքրվել երեխայի կարիքներով, ինքն էլ պարզաբանել է, որ որդին միայն հատուկ դպրոցում կարող է սովորել: «Իմ էրեխեն տառ ու թիվ չգիտի: Սովորական դպրոցում անընդհատ խանգարում է երեխաներին: Հատուկ դպրոցում եսիմ ինչ գիտելիք չի ստացել, բայց գոնե վարքագծի առումով շատ բան սովորեց: Հետո հետաքրքիր է, որ հատուկ դպրոցում ինքը խելոք էր մնում, ես դասերից հետո՝ ժամը 3-ին, գնում տուն էի բերում իրեն»,- ասում է մայրը:

Հիմա Վարդուհին տղայի համար հատուկ դպրոց է փնտրում: «Իմ էրեխեն սովորական դպրոց չի կարա գնա: Հիմա իրենց դասարանում (նախկին հատուկ դպրոցի- հեղ.) էլի երեխաներ կան, որոնք դպրոց չեն գնում»,- նշում է Վարդուհին, ապա հավելում, թե Աբովյան քաղաքում հատուկ դպրոց կա, բայց Սեյրանին այնտեղ տանել-բերելու համար գումար է պետք:

Փոխնախարար. «Որեւէ երեխա չտուժի ավելի, քան հատուկ դպրոցում էր»

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի խոսքով՝ հատուկ դպրոց գնացող երեխաները պետք է հաճախեն հանրակրթական դպրոց ու դասապրոցեսում ներառվեն բոլորի հետ միասին՝ ելնելով այն մոտեցումից, որ կրթությունը բոլորի համար է, որտեղ տարբերակում չի կարող լինել:

Փոխնախարարի կարծիքով՝ կրթության համընդհանուր ներառականության քաղաքականությունն անհրաժեշտություն է: Այն կարծրատիպերի կոտրման գործընթաց է՝ երեխաների նկատմամբ խտրականության վերացմամբ, սակայն միեւնույն ժամանակ ցավոտ գործընթաց է, քանի որ գործ ունենք զգայուն եւ խոցելի խմբերի հետ: Այդուհանդերձ, Լուսինե Առաքելյանի կարծիքով, հասարակության բարոյական պարտականություններից մեկն է երեխային չիզոլացնելը, որքան էլ դժվարություններ լինեն:

Հարցին, թե ինչ ռիսկեր են հաշվի առել գործընթացն սկսելիս, Առաքելյանը պատասխանում է. «Որ որեւէ երեխա չտուժի ավելի, քան հատուկ դպրոցում էր, բայց այն որ երեխան հատուկ դպրոցում պետք է չլիներ, դա հաստատ է: Դրա համար մենք հանդիպել ենք նաեւ ծնողների հետ, աշխատել ենք նրանց հետ: Ես վստահություն չունեմ, որ եթե երեխան հաց ու գիշերակաց է ունեցել հատուկ դպրոցում, դա եղել է նրա լավագույն շահը»:

Տնօրեն. «Նվիրումը բավարար չէ, թիմային աշխատանք է պետք»

Հայաստանում ներառական կրթության առաջին փորձերն արվել են 2000-ականների սկզբին: Երեւանի թիվ 100 հիմնական դպրոցը 2001-ից է իրականացնում ներառական կրթություն: Դպրոցում այժմ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) 67 երեխա կա:

Տնօրեն Անուշ Աբելյանն ասում է, որ այս տարիներին դպրոցը ձեռք է բերել հմտություններ, ու հիմա ավելի հեշտ են հաղթահարում խոչընդոտները: «Մենք շատ լավ թիմ ունենք ներառական կրթության համար: Ունենք մեկ հոգեբան, մեկ լոգոպեդ, երկու հատուկ մանկավարժ եւ սոցմանկավարժ: Սակայն ծանրությունը միայն դպրոցի մանկավարժահոգեբանական աջակցության թիմի վրա չէ. ինչպես գիտեք, Երեւանում արդեն ունենք տարածքային մանկավարժահոգեբանական 4 կենտրոն»,- նշում է տնօրենը:

Այս դպրոցում սենյակ է տրամադրվել այն ծնողներին, ովքեր ամեն առավոտ դասի են բերում ներառական կրթություն ստացող երեխաներին ու սպասում մինչեւ դասերի ավարտը: Ծնողները դասամիջոցին հոգում են երեխաների կարիքները: Ա. Աբելյանն ասում է, որ դպրոցի անձնակազմն ու աշակերտներն ամեն կերպ օգնում են նման երեխաներին, բայց եթե տվյալ երեխան, ենթադրենք, սանհանգույցից օգտվելու կարիք ունի, ուսուցիչը կամ նրա օգնականը չի կարող անել:

Տնօրենն ասում է, որ համընդհանուր ներառումը՝ որպես համակարգ, մարդասիրություն, հրաշալի է, եթե դրա ներդրումը դպրոցներում ճիշտ կազմակերպվի: «Համընդհանուր ներառական կրթությունը ենթադրում է միջավայրի հարմարեցում, մասնագետների լուրջ հնարավորություն, դպրոցներում հաստիքների առկայություն: Արդյոք Հայաստանի բոլոր դպրոցները պատրաստ էին սրան: Հենց այստեղ է խնդիրը: Բոլոր դպրոցները ջանքեր են գործադրում, որ հաջողեն, բայց խնդիրներ շատ-շատ են լինում,- նշում է Անուշ Աբելյանը, այստեղ միայն նվիրումը բավարար չէ, թիմային աշխատանք է պետք, հմտություններ են պետք: Ամենօրյա խնդիրներ են, որոնք մեզ համար արդեն սովորական են, մեզ մոտ ինչո՞ւ է հաջողվում, որովհետեւ չենք վախենում»:

Տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի դպրոցներին հատկացվող ֆինանսավորումը նվազել է: Նախորդ տարիների համեմատ, օրինակ, թիվ 100 դպրոցի բյուջեն պակասել է մոտ 29 միլիոն դրամով: «Ֆինանսական նվազեցումներն ուղղված են մի նպատակի, որ ավելի ճիշտ բաշխվեն գումարները: Նախկինում ներառական կրթություն անցնող երեխաները սնունդ, ճանապարհածախս էին ստանում, բայց անցյալ տարվա հունվարից դա հանել են: Ըստ էության, շատ ճիշտ էր դա, քանի որ եթե մենք խոսում ենք երեխաների ներառման, հավասար պայմանների, հնարավորությունների մասին, ապա դրանով ընդգծում էինք»,- ասում է դպրոցի տնօրենը:

Հայաստանը համընդհանուր ներառական կրթության անցնելու փուլում է

2014 թ. դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Հանրակրթության մասին» օրենքում, համաձայն որի՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը երկրում պետք է ներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ, իսկ գործողությունների պլանն ու ժամանակացույցը հաստատելու էր կառավարությունը: Ինչպես ասվեց, 2016-ի փետրվարին գործադիրը դրա համար սահմանել է ժամկետ՝ 2016-2021 թթ. ներառյալ:   

 «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության եւ որակի ապահովմանը»։

«Հանրակրթության մասին» օրենք, հոդված 4 

2018 թ. իշխանափոխությունից հետո ձեւավորված նոր կառավարությունը հավատարիմ է մնացել այս գործընթացին՝ շարժվելով ընդունված ժամանակացույցով եւ գործողությունների պլանով:

Այսպիսով՝ 2022 թվականից Հայաստանում հատուկ դպրոցներ գրեթե չեն լինելու: Բացառությունն այն է, որ լսողական, տեսողական, ծանր եւ խոր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար, ովքեր չեն ներառվելու հանրակրթության մեջ, նախատեսվում է Երեւանում պահել 4 հատուկ դպրոց: 

Քարտեզով ներկայացնում ենք ներկայում գործող եւ ԿԳՄՍ նախարարությանը ենթակա 7 հատուկ դպրոցների աշակերտների, մանկավարժական ու տեխնիկական կազմի եւ տարեկան ֆինանսավորման տվյալները 2019-2020 ուստարվա կտրվածքով: Սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանցում հաշվառված էր ընդհանուր 538 աշակերտ, մանկավարժների թիվը՝ 294, տեխնիկական կազմինը՝ 253: Դպրոցների տարեկան ֆինանսավորման ընդհանուր չափը՝ 1.191.061.500 դրամ:   

Բացի քարտեզում ներկայացվածներից՝ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործում է «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը, որտեղ սեպտեմբերի 1-ի դրությամբ հաճախում էր 33 երեխա: Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ էլ գործում է «Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ը, սովորողների թիվը սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 54:

Փոխնախարար Լուսինե Առաքելյանն ասում է, որ հատուկ դպրոցները ոչ թե լուծարվում, այլ վերակազմակերպվում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ): Այս կենտրոնները կրթական ծրագիր չեն իրականացնելու, սակայն համալրվելու են մասնագետներով, որոնք կցվելու են տվյալ տարածքի հանրակրթական դպրոցներին՝ այդտեղ սովորող երեխաներին բազմամասնագիտական, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար: Մասնագետները գնահատելու են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը, կազմելու են նրա ուսուցման անհատական պլանը, ըստ պլանի էլ՝ աջակցելու են, որ հանրակրթական դպրոցում երեխայի ուսուցումը հնարավորինս անխաթար լինի: Լ. Առաքելյանն ասում է, որ ՏՄԱԿ-ների մասնագետներն իրենք են գնալու դպրոցներ, սակայն բարդ դեպքերի ժամանակ երեխաներին կարող են ընդունել հենց ՏՄԱԿ-ներում:

Ներկայացնենք մարզերում եւ Երեւանում գործող ՏՄԱԿ-ների, դրանց կցված դպրոցների եւ վերջիններում ընդգրկված ԿԱՊԿՈւ երեխաների թվային տվյալները: 

ՏՄԱԿ, դպրոց, ԿԱՊԿՈւ աշակերտ
Infogram

Փոխնախարարը նշում է, որ հատուկ դպրոցների մասնագետների մի մասը, եթե համապատասխանել է սահմանված չափանիշներին, տեղավորվել է ՏՄԱԿ-ներում, առարկայական ուսուցիչները հիմնականում ուսուցչի օգնականներ են դարձել հանրակրթական դպրոցներում, իսկ ահա միջին մասնագիտական կրթություն ունեցող դաստիարակներին հնարավորությունն է տրվել հեռակա ուսուցում անցնել, մանկավարժի որակավորում ստանալ եւ տեղավորվել աշխատանքի դպրոցներում: Հատուկ դպրոցների դայակների, կենսաթոշակառուների որոշ մասը եւ տեխնիկական աշխատողները կրճատվել են: Փոխնախարարն ասում է, թե նախարարությունը շատ մարդկային, իրավիճակային է աշխատում, թեեւ այդ իմաստով պարտականություն չունեն՝ ժամանակին ծանուցել են դպրոցների վերակազմակերպման մասին, թե՛ աշխատակիցները, թե՛ ծնողները տեղյակ են եղել: «Երեւի մի քիչ զարմացած ենք նաեւ, որ առանձնապես շատ ցնցում չի եղել»,- նշում է Լ. Առաքելյանը:

ՏՄԱԿ-ներ լինելու են բոլոր տարածքներում, այդ թվում՝ Վայոց ձորի մարզում, որտեղ հատուկ դպրոցներ չկան: Յուրաքանչյուր ՏՄԱԿ ունի 44 մասնագետ եւ սպասարկող թիմի 12 անդամ: Կենտրոններից ամեն մեկին բաժին է ընկնում 25-27 հազար աշակերտ:

Նախարարությունը գնալու է հետքերով

Լուսինե Առաքելյանն ասում է, որ նախարարությունը գնալու է հանրակրթական դպրոցներում ներառված այն երեխաների հետքերով, որոնք չեն հաճախում դպրոց: Այդ առնչությամբ ծրագիր են մշակում:

Փոխնախարարի հետ հարցազրույցից հետո հարցում էինք ուղարկել ԿԳՄՍՆ՝ հետաքրքրվելով, թե հատուկ դպրոցների վերակազմակերպումից հետո արդյոք մոնիտորինգ իրականացրել են՝ պարզելու, թե ներկայում ԿԱՊԿՈւ քանի աշակերտ է հաճախում հանրակրթական դպրոց, ու քանիսն են դուրս մնացել կրթությունից, բացի դրանից՝ ինչ մեխանիզմներ են կիրառվում՝ նման երեխաներին հանրակրթության ոլորտ ներգրավելու համար: Նախարարության փոխանցմամբ՝ հատուկ դպրոցների վերակազմակերպումից հետո դրանց աշակերտները տեղափոխվել են իրենց բնակավայրի հանրակրթական դպրոցներ, այլ հատուկ դպրոցներ (դեռեւս գործող) կամ անցել են տնային ուսուցման: «Հատուկ հանրակրթական դպրոցների վերակազմակերպումից հետո կրթությունից դուրս մնացած աշակերտներ չկան»,- փորձում է հավաստիացնել նախարարությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ՏՄԱԿ-ներն իրենց գործունեության ընթացքում բացահայտում են կրթությունից դուրս մնացած երեխաների:

Սոցապ նախարարությունն էլ բացելու է ցերեկային աջակցության կենտրոններ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանն ասում է, որ 2020 թ. հունվարի 1-ից նախարարությունը նախատեսում է պատվիրակված ծառայության միջոցով Հայաստանի 30 քաղաքում ունենալ ցերեկային աջակցության կենտրոններ, որոնք օգնություն կտրամադրեն ոչ միայն հատուկից հանրակրթական դպրոց տեղափոխված աշակերտներին, այլեւ մյուս դպրոցականներին:

«Աջակցության կենտրոնների թիվը 30-ով չի սահմանափակվելու, տարբեր համայնքներում, կենտրոններում աշխատելու են նաեւ շարժական ծառայություններ: Եթե մի հեռավոր համայնքում երեխան ունի որոշակի աջակցության կամ ծառայության կարիք, ապա շարժական թիմը որոշակի ժամանակացույցով կարող է գնալ եւ ծառայություն մատուցել տեղում: Սա ուղղված է բոլոր երեխաների կարիքների լուծմանը, այդ կենտրոններում կարող են աջակցություն ստանալ բոլորը»,- նշում է Ա. Քալանթարյանը:

Նրա խոսքով՝ ցերեկային աջակցության կենտրոններում գործելու է նաեւ սոցիալական օգնականի ինստիտուտը: Այսինքն՝ եթե երեխան, օրինակ, հաշմանդություն ունի եւ օրվա որոշակի ժամերի աջակցության կարիք է զգում, ապա սոցիալական օգնականը կարող է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել:

Հայաստանը պատրաստ չէր պարտադիր ներառականության

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ համընդհանուր ներառականության անցնելու բարեփոխումը շատ բացեր ունի: Նկատում է, որ այն սկզբից էլ սխալ ընկալվեց՝ ոչ թե որպես լրացուցիչ պատասխանատվություն, նոր հմտությունների եւ աշխատաոճի պահանջ, այլ որպես դպրոցի համար լրացուցիչ գումար բերելու հնարավորություն: Ըստ Խաչատրյանի՝ այն դպրոցները, որոնք ներառական կրթության են անցնում, լրացուցիչ ֆինանսավորում են ստանում, ինչը որոշ դպրոցների համար գումար աշխատելու շարժառիթ դարձավ, իսկ դա էլ բերեց չարաշահումների:

Ս. Խաչատրյանն ասում է, որ երբ 2014-ին օրենքի փոփոխությամբ համընդհանուր ներառականության անցնելու հավակնոտ նպատակ դրվեց, Հայաստանը չուներ ո՛չ բավարար ֆինանսական, ո՛չ էլ մարդկային ռեսուրս: «Ո՞վ պետք է աշխատի այդ երեխաների հետ, երբ մեր ուսուցիչներն ընդհանրապես դասավանդման խնդիրներ ունեն, եւ հիմա նոր մարտահրավեր ենք դնում նրանց առջեւ: Դրա համար փորձ արվեց դնել ուսուցչի օգնականի հաստիքը, բայց սա էլ խնդիր է, ո՞վ է այդ մասնագետը: Սա բավականին բարդ մասնագիտություն է: Ինչքան գործ կար, որ ուսուցչի գործից դուրս է, գրեցին նրա օգնականի վրա: Օգնականը հիմա պիտի սուպերմեն լինի, որովհետեւ ինչ կա-չկա, պետք է անի: Սակայն բոլորս էլ գիտենք, որ այդ աշխատավարձով քչերը կգնան այդ պաշտոնին»,- նկատում է Սերոբ Խաչատրյանը:

Մեր զրուցացկի դիտարկմամբ՝ «վերեւները ամբիցիոզ խնդիրներ դրեցին՝ չհասկանալով, որ դրանց իրականացումն էլ իրենց վրա է»: «Մեզ մոտ կա այն տեսակետը, թե ռազմավարությունը շարադրություն է, այսինքն՝ գրում ես, եւ մի հրաշքով իրականություն է դառնում: Իսկ ո՞վ պետք է իրականացնի: Մարդկային ռեսուրս ունե՞ս: Ամբողջ բեռը գցում են դպրոցների վրա, իսկ դպրոցը չունի այդ կարողությունը, դպրոցը ցածր աշխատավարձով, մի կերպ յոլա գնացող հիմնարկ է: Առանց լրացուցիչ աջակցության, ռեսուրսների չի կարող նոր խնդիրներ լուծել, որովհետեւ նախկին խնդիրները չի լուծում: Եթե ծանրամարտիկը չի կարողանում բարձրացնել 200 կգ-ը, մենք ո՞նց կարող ենք նրան ասել՝ 220-ը փորձի»,- մեկնաբանում է կրթության փորձագետը:

Ս. Խաչատրյանն ասում է, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաների զգալի մասն աղքատ ընտանիքներից է, եւ երբ նման երեխային հանում ու տանում ենք հանրակրթական դպրոց, շատ լավ է, հումանիստական է, բայց արդյոք կարողանալու ենք նրա ընտանիքին այնքան օգնել, որ ծնողը չաշխատի ու գնա երեխայի կողքին նստի դպրոցում: Փորձագետի կարծիքով՝ շատ լավ կլինի, եթե դպրոցներում ներդրվի անձնական օգնականի հաստիք, որը երեխայի խնամքի, սպասարկման հարցով կզբաղվի, ենթադրենք, երեխան ցանկանում է սանհանգույցից օգտվել, նա օգնի: «Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ ծնողը ստիպված է գնում դպրոց, նստում երեխայի կողքին, սակայն ամեն ընտանիք չի կարող անել դա»,- նկատում է մեր զրուցակիցը:

«Աղքատ երկրի կրթական համակարգը համընդհանուր ներառականության խնդիրը չի կարող լուծել»

Սերոբ Խաչատրյանն ասում է, որ ներառականության հարցը մենք չենք կարող լուծել կրթության միջոցով: Դա կախված է երկրի տնտեսության զարգացումից: Երբ այն զարգանա, աղքատությունը հաղթահարվի, կլավանա նաեւ դպրոցների, ծնողների ու երեխաների վիճակը:

«Աղքատ երկրի կրթական համակարգը համընդհանուր ներառականության խնդիրը չի կարող լուծել: Հայաստանի կրթության համակարգի սրընթաց զարգացում չի կարող լինել, քանի դեռ չկա տնտեսական թռիչք: Աշխարհի հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ովքեր ապրում են բարեկեցիկ տնտեսություններում, ունեն բարձր արդյունքներ, իսկ նրանք, ովքեր աղքատ տնտեսություններում են ապրում, ցածր արդյունքներ ունեն: Իհարկե, կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ աղքատ ընտանիքի երեխան լավ սովորի, կամ՝ հակառակը, բայց, որպես կանոն, երեխայի ընտանիքի սոցիալական վիճակը շատ մեծ ազդեցություն է ունենում նրա առաջադիմության վրա: Հիմա եթե դու ունես մեծ աղքատություն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քո երեխաների թիվն էլ է աճում, այդ ընտանիքներին չես կարող օգնել, դպրոցներին չես կարողանում օգնել, եւ ստացվում է այն պատկերը, որ ունենք»,- նշում է փորձագետը:

Այդուհանդերձ, ըստ Խաչատրյանի, որոշումն արդեն կայացված է, չենք կարող հետ գնալ: Սակայն դպրոցներում անհրաժեշտ է ռեսուրս, ոգեւորություն, ինչն այսօր, փորձագետի կարծիքով, չկա. ուսուցիչներն անտարբեր են, հոգնած են, շատերի համար դպրոցում աշխատելն առաջնային գործ չէ: «Հայաստանի կրթության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ուսուցիչների եւ դասախոսների համար այն, ինչ անում են, նրանց հիմնական գործը չէ, որովհետեւ ուսուցիչն ավելի շատ փող է աշխատում որպես կրկնուսույց, այլ աշխատանք կատարող, ինչ-որ բան վաճառող, ապահովագրական ընկերության գործակալ: Բնականաբար, էներգիան ուղղում է այնտեղ, որտեղից ավելի շատ փող է աշխատում»,- նկատում է Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ երկրում ամեն ինչ պարտադիր չդարձնեն, ընտրության հնարավորություն թողնեն մարդկանց: «Իսկ այստեղ չեն թողնում ընտրության հնարավորություն: Նախարարը որոշել է համընդհանուր ներառականության գնալ, որովհետեւ ուզում է գնալ համաշխարհային կոնգրեսին եւ ասել՝ Հայաստանը համընդհանուր ներառականության է անցել, բայց թե այստեղ ինչ տանջանք ու տառապանք են կրում ուսուցիչներն ու ծնողները...»:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Սարո Բաղդասարյանի, բաց աղբյուրների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter