HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Գրիգորյան

Ամուլսարի արհեստական փակուղին ու «Խորքային պետության» ուրվականը. մաս երրորդ

Կարող է զավեշտալի թվալ, բայց մեկուկես տարի տևած ինտենսիվ գործընթացներից հետո էլ Ամուլսարի հանքավայրի խնդիրը շարունակում է մնալ նույնպիսի անորոշության մեջ, ինչպիսին որ կար մինչև այդ գործընթացը սկսելը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումից հետո մինչ օրս սառեցվել կամ փոշիացվել են այդ ստուգման արդյունքներով ձեռք բերված հիմնարար փաստերը, որոնք հանդիսանում են հարցին իրավական ու մասնագիտական լուծում տալու բանալին։ Դրա փոխարեն կատարվել են մի քանի անկանոն գործողություններ, որոնք էլ ավելի են խճճել իրավիճակը՝ այն բերելով պետության համար ոչ նպատակահարմար՝ քաղաքական որոշման տիրույթ։ Այսպես, վարչապետը մոտ երեք ամիս առաջ տեսչությանը տվել է նոր հանձնարարական՝ Ամուլսարում ևս մեկ տեսչական ստուգում իրականացնելու համար, սակայն ինչպես պարզ դարձավ Ջերմուկի հանդիպումից հետո, տեսչական մարմինը դա չի պատրաստվում իրականացնել։ Այս ընթացքում բյուջեից շուրջ կես միլիոն դոլարի դիմաց լիբանանյան ընկերությունը տվել է այդքան սպասված ուսումնասիրության արդյունքները, որը սակայն վերջնական որոշում կայացնելու հիմք չդարձավ։ Իր հերթին բնապահպանության (վերանվանվել է շրջակա միջավայրի նախարարություն) նախարարն ասում է, որ այդ մարմինն ակտիվորեն ինչ-որ բան է անում, բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչ։ Քննչական կոմիտեի կողմից միաժամանակ տարվում են մի քանի պրոցեսներ, բայց մինչև հիմա քրեաիրավական գնահատական չի տրվել դեռ մեկուկես տարի առաջ Ամուլսարում տեսչության բացահայտած ապօրինի ընդերքօգտագործման փաստերին, և այդպես շարունակ։

Այս ամենին զուգահեռ, պատգամավորներից ու կառավարության ներկայացուցիչներից կազմված մի մեծ դելեգացիա մեկնում է Ջերմուկ, որ մարդկանց ասի, թե ինչքան անորոշ է հանքավայրի շահագործման հարցը, քանի որ մեր օրենքները վատն են, ու եթե անգամ փոփոխենք, միևնույն է, հետադարձ ուժ չեն ունենալու։ Որ չունենք նաև որակյալ չափիչ սարքեր, բայց ուզում ենք առնել՝ հետոյի համար։ Որ ընկերությունը նախագծից շեղվել է, որը պետք է տեսչական ստուգմամբ բացահայտվի, բայց տեսչությունը ստուգում իրականացնելու հիմքեր չունի ու չի ստուգելու։ Որ քննչական կոմիտեն բաց է համագործակցության համար՝ ամեն ոք թող իր ձեռքի տակ եղած փաստերը ներկայացնի, մինչդեռ ամեն ինչ վաղուց ներկայացված, պրծած է։ Որ նախարարությունն ունի 13 կետից բաղկացած լուրջ գործոններ, որոնք վկայում են Ամուլսարի նախագծում լուրջ թերությունների մասին, բայց չգիտեն, թե այդ ամենն ու՞մ է պետք։ Որ իրենք համայնքի բնակիչներին չեն ասում, թե հանք տանող ճամփաները բացեք, բայց իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում ասել, կամ մենք ասվածի իմաստն ու նպատակը չենք հասկանում։ 

«Խորքային պետությու՞ն», թե՞ համակարգային կոռուպցիա

Ես իսկապես ցանկանում եմ, որ գործող իշխանության քաղաքականապես գրագետ հատվածը իրապես ներգրավվի այս գործընթացին՝ փորձելով իրավիճակը դուրս բերել մյուսների առաջացրած փակուղուց։ Իսկ դա անելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե կոնկրետ ի՞նչ գործընթացների արդյունքում առաջացավ այս փակուղին, ունենան ամբողջական ու հավաստի ելակետային տվյալներ, ոչ թե հիմնվեն արդեն իսկ գոյացած փակուղային ելակետերի վրա։ Իրավիճակից դուրս գալուն միտված քայլերը չպետք է սինխրոնիզացվեն այն նույն մարդկանց գործողությունների հետ, որոնք այս հարցում ունեն սեփական օրակարգը ու հետևողականորեն այն իրագործում են։ Սրանք ամենևին կոնսպիրատիվ մտքեր չեն, այս հոդվածում ներկայացվող կոնկրետ փաստերը վկայում են, որ Հայաստանում նոմինալ իշխանությանը զուգահեռ գործում են սեփական շահերով առաջնորդվող և «տակից» իրենց ուզած որոշումները «սղացնող» խմբեր։

Քաղաքագիտության մեջ դա կոչվում է «խորքային պետություն»՝ “Deep state”։ Այլ կերպ այդ երևույթը կարող է անվանվել համակարգային կոռուպցիա՝ համակարգված կերպով ինչ-ինչ խմբային շահերի սպասարկում՝ ի հաշիվ պետական ու հանրային շահերի։ Ամուլսարի հարցում բոլորիս աչքի առաջ տեղի ունեցած՝ ցաքուցրիվ, չհամաձայնեցված գործողություններն ու իրար հակասող որոշումները արդյունք են երկու զուգահեռ գործընթացների, որտեղ պաշտոնական մարմինները պարբերաբար բախվում են «անտեսանելի ձեռքի» կողմից պատրաստված խարդավանքների հետ։ Պետական կառավարման տեսանկյունից ինչպե՞ս կարելի է գնահատել այն փաստը, որ երկրի վարչապետը «ԷԼԱՐԴ» ընկերության կողմից քննչական կոմիտեին ուղարկված ինչ-որ «մեմորանդումի» մասին իմանում է սկայպ քննարկման ժամանակ, ու համակարգի նկատմամբ անվստահությունն այն աստիճանի է, որ դեռ մի հատ էլ պահանջում է այդ հարցով նամակագրությունը վերահասցեագրել իր էլեկտրոնային հասցեին։

«Խորքային պետության» ցանցերի մաս չկազմող նոմինալ պաշտոնյաներին և պատգամավորներին կարող է թվալ, թե այս կամ այն հարցում որոշում կայացնելու բանալին իրենց ձեռքին է, մնում է միայն հավասարակշռված և իրավաբանորեն հիմնավոր որոշում կայացնել։ Սակայն այդ որոշումը կայացնելու ընթացքում նրանք ստիպված են խաղալ իրենց համար նախօրոք պատրաստված, առկա խաղաքարերով։ Այդ խաղաքարերը հնարավորություն են տալիս «որոշումներ կայացնել» ճիշտ այնքան, որքան պետք է նախօրոք գծված ճանապարհով անցնելու և նախապես ընդունված դիրքորոշմանը հանգելու համար։ Օրինակ՝ պատգամավորները կարող են ամենաազնիվ մղումներով փորձել Ամուլսարի խնդիրը դուրս բերել ստեղծված փակուղուց, բայց դրա համար նրանք կարող են օգտագործել միայն այն գործիքները, որոնք այս ընթացքում ստեղծել է գործադիր մարմինը։ Տվյալ դեպքում հիմնական փաստարկման բազան կազմում են բնապահպանության նախարարության ներկայացրած 13 նոր գործոններում ամփոփված փաստական հիմքերը, որոնցում ամփոփված են պետական մարմինների և «ԷԼԱՐԴ»-ի տրամադրած տվյալները։ Բայց արի ու տես, որ այդ հիմքերով վերջում կարող ես գալ միայն այնպիսի հետևության, որ դրանք բավարար չեն հանքավայրի շահագործումն արգելելու համար, քանի որ առկա փաստերը չեն ստեղծում դա անելու համար «պողպատյա» հիմքեր։ Ու կստացվի, որ բարի ցանկություններով ու ազնիվ մղումներով առաջնորդվող պատգամավորներն ընդամենը լեգիտիմացրին խարդավանքների արդյունքում մշակված պլանը։

Այսպիսի մի խարդավանքի հետ բազմիցս բախվել է տեսչական մարմինը, երբ ես էի դրա ղեկավարը։ Եկեք պատմեմ, թե ինչպես․ ուրեմն, տեսչական մարմինն ունի լիազորություն ստուգելու, թե որքանո՞վ է իրականացվող գործունեությունը համապատասխանում տրված թույլտվությունների պայմաններին, բայց չեն կարող գնահատել, թե որքանո՞վ է օրինական այդ թույլտվությունը, մինչդեռ խնդրի բուն էությունը հենց այստեղ է։ Կոռուպցիայի արմատները անհեթեթ նախագծերին տրված թույլտվություններն են, որը դուրս է տեսչական ստուգման տիրույթից, և «հեղափոխական» կառավարության հին պաշտոնյաները այս ամենը հրաշալի գիտեն։ Նրանք գիտեն նաև, որ Ամուլսարի անօրինական ծրագրի ամենաթույլ կետը ընկերության նախագծում ներկայացված տվյալների ու դրա հիման վրա նախարարության տված փորձաքննական եզրակացության ֆիկտիվ բնույթն է։ Տեսչական ստուգման արդյունքները վարչապետի մոտ քննարկելուց հետո բոլորը հասկացան, որ ընկերության ներկայացրած տվյալների հավաստիությունը պետական ոչ մի մարմին չի ստուգել թույլտվություն տրամադրելիս։ Այդ ժամանակ բոլորի ներկայությամբ վարչապետ Փաշինյանն ասաց, որ ինքը չի կարող «փակ աչքերով» համաձայնել այս նախագծին, ու որ նա պատրաստ է պետական բյուջեից հատկացնել ցանկացած գումար, որ աշխարհի լավագույն մասնագետները գան ու մեզ համար անեն այն նույն հետազոտությունները, ինչ արել է ընկերությունը։ Դա նշանակում էր, որ պետք է մշակվեր այս դիրքորոշմանը համապատասխանող տեխնիկական առաջադրանք՝ դաշտային հետազոտությունների լայն շրջանակով, ապա հայտարարվեր մրցույթ, որը պետք է ընթանար առավելագույնս բաց ու հրապարակային՝ հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հանրային հնչեղությունը։

Այդ ժամանակ ստվերային գործընկերների համար առաջացավ ռիսկ, որ «բարձր միջազգային ստանդարտներով» մշակված նախագծի վերաբերյալ փուչիկը կպայթի, ուստի պետք էր մի բան մտածել, որ միջազգային փորձաքննության պատրանքը պահպանվի, բայց այն գործնականում չիրականացվի։ Արդյունքում փակ ու անհասկանալի ընթացակարգով հայտնվեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի նախագիծ չիրականացրած մի լիբանանյան ընկերություն, որի գեներացրած արդյունքներն ի սկզբանե կասկածի տակ են՝ իր անփորձության փաստի ուժով։ Նույն կերպ, մեր տվյալներն ունենալուն միտված դաշտային հետազոտությունները հմտորեն փոխարինվում են ընկերության կազմած փաստաթղթերի վերստուգում՝ “pear review” կատարելու նախաձեռնությամբ, ինչի արդյունքում «պողպատյա» փաստեր ձեռք բերելու փոխարեն խնդիրը մտցրին նեղ մասնագիտական վեճերի տիրույթ, որտեղ ընկերությունը հարյուր անգամ ավելի լավ դիրքերում է, քանի որ նրա փաստաթղթերը կազմել են անհամեմատ ավելի բարձր հեղինակություն ունեցող կազմակերպություններ։ Ահա ձեզ «աշխարհի լավագույն մասնագետները», ահա և ձեզ «փակ աչքերով թույլտվություն չտալու»՝ վարչապետ Փաշինյանի՝ «տղամարդու խոսքի» արժեքը։ Եթե լիբանանյան ընկերության կողմից արված փաստաթղթային ուսումնասիրության փոխարեն արվեր այն, ինչն ի սկզբանե պլանավորվել էր՝ բազմակողմանի դաշտային ուսումնասիրություն։ Ո՞վ է պեղել այդ լիբանանյան ընկերությանը, ո՞վ է մշակել տեխնիկական առաջադրանքը, ո՞վ է որոշել, թե որքա՞ն գումար արժե այդ փաստաթղթաբանությունը՝ քննչական կոմիտե՞ն, բնապահպանության նախարարությու՞նը, վարչապետի գրասենյա՞կը։ Լիբանանյան ընկերության ընտրության և նրա համար տեխնիկական առաջադրանքի մշակման գործընթացը ծայրից ծայր կոռուպցիոն պրոցես էր, ու հատկանշական է, որ այն սկսվել և ավարտվել է նոր կառավարության օրոք։

Այդ նույն անտեսանելի ձեռքի շնորհիվ տեսչության բացահայտած և իրավաբանական հստակ ձևակերպումներ ունեցող փաստական հանգամանքներով ակտը ներկայացվեց որպես «մի թիթեռի պատմություն»՝ չնայած որ նույնիսկ շինարարության փուլում գտնվող Ամուլսարի ստուգման ընթացքում տեսչությունը արձանագրել է ապօրինի ընդերքօգտագործման փաստ և բազմապիսի փնթի խախտումներ ու աղաղակող կոռուպցիոն դրսևորումներ, որոնք հետագայում ընթացք չստացան: Ի՞նչ արժե միայն ջրային կոմիտեի կողմից տրված հանձնարարականը՝ Կեչուտի ջրամբարից ընկերությանը ջուր մատակարարելու վերաբերյալ: Տեսչությունն այս հարցով վարույթ էր հարուցել, մինչև վերջ բացահայտել էր բացահայտ կոռուպցիայի այս դրսևորումն ու նյութերն ուղարկել պետական վերահսկողական ծառայություն: Հետո որևէ մեկը լսե՞ց այս մասին: Իսկ ինչու՞ չլսեց, որովհետև առաջանալու էր Ամուլսարի նախագծի հետ փոխկապակցված մեծ կոռուպցիոն սկանդալ, քանի որ այս բացահայտումն անվիճելի փաստ էր Ամուլսարի նախագծի ապօրինի հովանավորչության վերաբերյալ:

Տեսչության բացահայտած խախտումները՝ այդ թվում նրանք, որոնք զուտ ֆորմալ պատճառներով տեսչական ակտում տեղ չեն գտել, լիարժեք իրավական հիմք են հանդիսանում ընկերությանը ընդերքօգտագործման իրավունքից զրկելու, ընդերքօգտագործման իրավունքի պարտադիր բաղադրիչ հանդիսացող՝ բնապահպանական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար, էլ չեմ խոսում քրեական ու կոռուպցիոն բնույթի այլ վարույթներ սկսելու համար։ Խնդիրն այն է, որ այդ նշածս գործընթացները պետք է իրականացնեն այլ պետական մարմինները՝ իրավապահ մարմինները, պետական վերահսկողական ծառայությունը, բնապահպանության նախարարությունը: Գործող օրենսդրության համաձայն` տեսչությունը՝ որպես վարչական մարմին, չի կարող այդ բոլոր գործընթացներն ինքնուրույն անել՝ այդ մարմինը չունի դրա համար օրենքով նախատեսված լիազորություններ: Իր լիազորությունների մեջ մտնող գործողություններով տեսչությունն ապահովել է փաստական բազան, որը պետք է իրավական գնահատական ստանա մյուս մարմինների գործողություններով: Այսպիսին է կառավարման համակարգը: Օրինակ՝ ապօրինի ընդերքօգտագործումը հանդիսանում է քրեական հանցագործություն, և օրենքի համաձայն վարչական մարմինը՝ տեսչությունը, պարտավոր է այդ մասով վարույթը կասեցնել ու նյութերն ուղարկել իրավապահ մարմիններին։ Միայն քրեական վարույթի ավարտից հետո վարչական վարույթն այդ մասով կարող է վերսկսվել ու որոշում կայացվել։ 2018-ի օգոստոսից այդ նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն, այնտեղից էլ քննչական կոմիտե։ Կենսաբազմազանության միավորների մասով էլ նյութերն ուղարկվել են բնապահպանության նախարարություն ու այնտեղ կոծկվել, որի մասին դեռ կխոսենք։

Այսպիսով, ստվերային խաղացողները շատ լավ հասկանում էին, որ տեսչությունն ինքնուրույն՝ սեփական որոշումներով կարող էր ընթացք տալ միայն այնպիսի խախտումներին, որոնց համար կարող են տրվել ընդամենը խախտումները շտկելու հանձնարարականներ՝ հողաշերտի վերականգնում, ինչ-ինչ օբյեկտների շինարարական խախտումները համապատասխանեցնել նախագծով հաստատված պայմաններին և այլն։ Բոլորը հասկանում էին նաև, որ այսպիսի խախտումների դեպքում տեսչությունը չի կարող տալ հանքավայրի շահագործումը դադարեցնելու հանձնարարական, քանի որ համաձայն վարչական օրենսդրության՝ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է շարժվել վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով։ Իսկ դա նշանակում է, որ եթե տեսչական մարմինը որոշի ստուգման արդյունքում բացահայտված շինարարական խախտումների համար դադարեցնել կամ կասեցնել Ամուլսարի հանքավայրի շահագործմանն ուղղված գործունեությունը, ապա տեսչությունը պարտավոր է համանման խախտումների համար դադարեցնել բոլոր մյուս ընկերությունների գործունեությունը, հակառակ դեպքում խախտվում են համաչափության և կամայականության արգելքի սկբունքները։ Դա էլ իր հերթին կնշանակի դադարեցնել ոչ միայն բոլոր հանքերի, այլ ընդհանրապես բոլոր արդյունաբերական օբյեկտների գործունեությունը Հայաստանում, ինչը վարչարարության տեսանկյունից խիստ անհամաչափ որոշում է։

Ստացվեց պարադոքս․ տեսչությունը բացահայտեց մի շարք լուրջ խախտումներ և օրենքի համաձայն պետք է հանձնարարի դրանք շտկել, իսկ որպեսզի ընկերությունը կարողանա դրանք շտկել, պետք է սկսի աշխատել, որի համար պետք է դեպի հանք տանող ճամփաները բացվեն․․․ Հետո ընկերությունը կվերցնի տեսչության կազմած ակտը ու իր աշխատողների հետ տմբլատաշով ու աղմուկ-աղաղակով կգնա, որ խախտումները վերացնի ու կբախվի դեպի հանք տանող ճամփաները փակած մարդկանց հետ։ Հետո վարչապետը փակ ու բաց հանդիպումներում կհայտարարի, որ ինքը տեսչության պետ էր նշանակել «կարկառուն» բնապահպաններից մեկին, որ այդ հարցը լուծի, նա էլ գնաց, թիթեռ գտավ։ Թիթեռս ո՞րն է, ծիծաղելի է, չէ՞։ Պա՞րզ էր, թե ինչպես է քայլ առ քայլ հաշվարկվում և գծվում այն պրոցեսը, որը տարվում է ուրիշի՝ «կարկառուն բնապահպանների» կամ ազնիվ պատգամավորների ձեռքով։ Ու եթե փորձես նախապես գծված այս ուղուց շեղվել, արագ ու արդյունավետ կազմակերպում են քո մեկուսացման գործը, որը նույնպես կանեն ուրիշի՝ «նոմինալ» իշխանության ձեռքով։

Մի խոսքով՝ կուզեք ասածս հաշվի առեք, կուզեք՝ չէ, դուք գիտեք։ Բայց որպեսզի քաղաքացիների համար ընկալելի լինեք, պետք է հանդես գալ դեպի խնդրի իրական հանգուցալուծում տանող ելակետերից և ունենալ ոչ թե հատվածական ինֆորմացիա, այլ ամբողջական պատկերացում գործընթացների տրամաբանության մասին։ Եթե վարչապետի ու փոխվարչապետի հայտարարություններից հետո պատգամավորները հայտարարում են, թե կառավարությունը դեռ որոշում չի կայացրել Ամուլսարի շահագործման հարցում, ուրեմն նրանք առաջնորդվում են սխալ ելակետերով, ու թող ներվի ասել՝ չեն տիրապետում կառավարման համակարգում տիրող իրավիճակին։ Կանվանենք սա «խորքային պետություն», թե համակարգային կոռուպցիա, դրանից խնդրի էությունը չի փոխվում՝ գուցե միայն դերակատարները՝ նոմինալ իշխանությունը կամ նրա վերահսկողությունից դուրս գտնվող ու նրա փոխարեն որոշումներ ընդունող՝ սեփական շահերով առաջնորդվող ստվերային խմբերը:

Սպասում էինք լուրջ փաստեր, տեսչությունը գնաց, թիթեռ գտավ

Այսպես խոսեց փոխվարչապետ Ավինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսչական ստուգման ակտն ու տպավորություն ստեղծելով, թե այնտեղ միայն թիթեռի ու բույսի մասին ոչ մի արժեք չունեցող վիճելի դրույթներ են և որևէ՝ «լուրջ» բան այնտեղ չկա, մինչդեռ այդ փաստաթուղթը թերևս միակ իրավական հիմքն է «Հայաստանի ու հայ ժողովրդի օգտին» խնդիրը լուծելու համար։ Ի տարբերություն փոխվարչապետի՝ ես բույսերի կարգաբան չեմ ու «դեմքով» չեմ ճանաչում «ոզնաթուփ մեխակի» բույսի բոլոր 120 տեսակները, բայց դրանք ճանաչում են գիտական աստիճան ունեցող այն մասնագետները, որոնք ներգրավված էին տեսչական խմբի կազմում։ Բայց այս մասին ևս կխոսենք հաջորդ հոդվածում, քանի որ ասելու շատ բան կա՝ երկար կստացվի, համ էլ այս հոդվածը մի փոքր այլ բանի մասին է։ Այստեղ նշեմ միայն, որ այդ թիթեռը ոչ միայն իրական է ու բնակվում է այդ տարածքում, այլև խստորեն պաշտպանված է Հայաստանի մասնակցությամբ մի քանի միջազգային կոնվենցիաներով և ավելին՝ անգամ միջազգային ընկերությունում բաժնեմաս ունեցող՝ միջազգային ֆինանսական կառույցների` այդքան շահարկվող ստանդարտներով։ Այդ թիթեռնիկից քյաբաբ կամ Նոր տարվա բուդ չես պատրաստի, որ «լուրջ» մարդկանց արժեհամակարգի մեջ տեղ զբաղեցներ, բայց հավատացեք՝ իրավաբանորեն դրա արժեքն ավելին է, քան անհայտ ծագմամբ ու անհասկանալի շահեր սպասարկող բարձրաստիճան պաշտոնյաների իրավագիտակցության մակարդակը։

Կարծում եմ լսած կլինեք, որ վարչապետ Փաշինյանը այդ կենդանուն գտնելու փաստը որակեց «ծիծաղելի»։ Բայց չգիտես ինչու՝ նա չէր ծիծաղում, երբ տեսչական ստուգման մյուս արդյունքների հետ միասին այս փաստերը ներկայացվեց իրեն։ Ավելին, բոլոր փոխվարչապետերի, բնապահպանության նախարարի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ նա գրեթե բառացիորեն ասաց, որ այդ թիթեռը կենսաբազմազանության համար գուցե այնքան կարևոր է, որ BBC-ով մի շաբաթ դրա մասին խոսեն և նա չէր սխալվում, այդ մասին հետո կխոսենք։ Նախորդ հոդվածում մանրամասն ներկայացրել եմ տեսչության լիազորությունների շրջանակը ու հիմնավորել, որ տեսչությունը չէր կարող ջրերի, սողանքների ու այլ «լուրջ» հարցերի վերաբերյալ «բացահայտումներ» անել, քանի որ փաստացիորեն այդպիսի ազդեցություններ դեռ չկան՝ հանքը չի շահագործվում։ Այնուհանդերձ, տեսչական ստուգման գործընթացից ձեզ մի քանի դրվագ պատմեմ, իսկ դուք փորձեք մեթոդաբանական առումով հասկանալ գործընթացների տրամաբանությունը։ Եվ այսպես՝ ինչպե՞ս տեսչությունը չարձանագրեց «լուրջ» փաստերը։ Նախորդ հոդվածում խոսել եմ ուրանի ու թորիումի մասին, հիմա խոսենք ջրերից։

Ջրեր. ինչպես ասացի, տեսչությունը չի կարող գնահատել ընկերության նախագծի օրինականությունը, քամու արագության, գոլորշիացման ցուցանիշների հիմնավորվածությունը և այլ հանգամանքներ այն պարզ պատճառով, որ դրանք անելու լիազորություն ունի պետական մեկ այլ մարմին՝ բնապահպանության նախարարությունը։ Այլ կերպ ասած՝ տեսչությունը ստուգում է, թե ընկերությունները որքանո՞վ են ապահովում թույլտվություն ստացած նախագծի պայմանները։ Բայց այստեղ կա մի «բայց»՝ գործող օրենսդրությունը տեսչությանը թույլ է տալիս գնահատել նաև իրականացվող գործունեության համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին։ Սա մի դրույթ է, որը տեսչությանը որոշակիորեն թույլ է տալիս գնահատել նաև տրամադրված թույլտվությունների օրինականությունը: Եթե տրված թույլտվությունը չի համապատասխանում բնապահպանական օրենսդրության պահանջներին (օրինակ՝ ՀԷԿ-ին տրվել է ջրօգտագործման թույլտվություն՝ սխալ հաշվարկելով գետի էկոլոգիական թողքի ցուցանիշը), ապա տեսչությունը արձանագրում էր խախտումը, սակայն ընկերությանը պատասխանատվության չէր ենթարկում, այլ նյութերն ուղարկում էր Պետական վերահսկողական ծառայություն՝ արարքում կոռուպցիայի առկայության փաստը գնահատելու համար։ Այդ ճանապարհով տեսչությունը պարզել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պայմանագիր է կնքել մի ջրօգտագործող ընկերության հետ, որը Ջրային կոմիտեի ղեկավարի ցուցումով անօրինական կարգով ջուր էր մատակարարում ընկերությանը Կեչուտ-Զառիթափ ջրագծից։ Այս հարցի մասին վերևում նշեցի՝ նյութերն ուղարկվել են Պետական վերահսկողական ծառայություն:

Օրենքի դրույթի այսպիսի մեկնաբանությամբ տեսչությունը նախնական տեսչական ակտում արձանագրել էր, որ հանքավայրի շահագործման արդյունքում ազդեցություն է լինելու ստորգետնյա ջրերի ակվատորիայի վրա, քանի որ ընկերության ներկայացրած նախագծում այդ մասին ուղղակիորեն նշված է։ Ընկերությունը ներկայացրեց առարկություն՝ տեսչությանը մատնացույց անելով իր լիազորությունների շրջանակը այն մեկնաբանությամբ, որ տեսչությունը լիազորված է գնահատել միայն փաստացի ազդեցությունը, իսկ նախագծային փաստաթղթերի տվյալներն արդեն գնահատված են մեկ այլ լիազոր մարմնի՝ բնապահպանության նախարարության կողմից, որի արդյունքում տրվել է դրական եզրակացություն։ Ընկերությունը նաև շեշտել էր, որ տրված փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ է, և գործող օրենսդրության համաձայն տեսչությունն իրավունք չունի կասկածի տակ դնել վարչական ակտով հավաստված տվյալների հիմնավորվածությունն ու հավաստիությունը։ Այստեղ կա մի շատ ուշագրավ նրբություն՝ տարիներ առաջ, երբ բնապահպանական հասարակական կազմակերպություններն ու Գնդեվազի բնակիչները դատական հայցի շրջանակներում պահանջում էին անվավեր ճանաչել բնապահպանության նախարարության տված փորձաքննական եզրակացությունը՝ այնտեղ առկա թերությունների պատճառով, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները դիրքորոշում հայտնեցին, որ փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ չէ, այլ ընդամենը փորձագիտական կարծիք: Ավելին, ընկերությունը հասավ նրան, որ դատարանը վարույթից դուրս թողեց բնապահպանության նախարարությանը։ Սա արվեց այն պատճառով, որ դատարանում չքննվեն փորձաքննական եզրակացության մեջ տեղ գտած թերությունները՝ ջրերից մինչև կենսաբազմազանություն։ Այլ կերպ ասած՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հիմա էլ հաստատված է, որ բնապահպանության նախարարության կողմից տրված փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ չէ։

Տեսչական ստուգումից հետո ընկերությունն ընկավ իր փորած փոսը, քանի որ տեսչությունը գտավ, որ փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ չէ, իսկ փորձագիտական եզրակացության՝ կարծիքի ուժ ունեցող հետևությունները ջրերի վրա ազդեցության վերաբերյալ կարող է վիճարկվել տեսչության կողմից՝ հիմնվելով օրենքի այնպիսի մեկնաբանության վրա, որ գնահատում է իրականացվող գործունեության համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին, և ոչ թե այդ օրենսդրությանը հակասող փորձաքննական եզրակացության պայմաններին։ Սա օրենսդրական խողովակ էր, որով տեսչությունը մոտենում էր Ամուլսարի ամենաառարկայական ու ցավոտ հարցին՝ ջրերի խնդրին։ Սակայն ի վերջո տեսչությունը որոշեց այս հարցը չներառել վերջնական տեսչական ակտում, որովհետև դրան դեմ արտահայտվեցին նաև կառավարության աշխատակազմը ներկայացնող մի քանի «ազդեցիկ» իրավաբաններ։ Վերջիններիս բերած ընդհանրական հիմնավորումն այն էր, որ չնայած դատարանի որոշմանը, նախարարությունը բազմաթիվ նախագծերի տալիս է փորձագիտական եզրակացություններ, որոնք բոլորը կդրվեն կասկածի տակ ու կառաջանա իրավակարգի անվտանգության խնդիր։

Ջրերի վրա ազդեցության հարցը օրակարգից ու տեսչական ակտից վերջնականապես դուրս եկավ վարչապետ Փաշինյանի հետ՝ ընդլայնված ֆորմատով ստուգման ակտը քննարկելու ընթացքում, երբ վարչապետը երեք անգամ ինձ անվանական ասաց՝ «ակտը պետք է լինի իրավաբանորեն անխոցելի և ձեր անձնական պատասխանատվության տակ, խորհրդակցեք կառավարության իրավաբանների հետ»։ Իսկ իրավաբանների հետ արդեն շատ երկար քննարկել էինք։ Դրանից հետո եղավ այն, ինչ բոլորդ գիտեք՝ իրավաբանորեն անխոցելի ակտում՝ որպես փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքեր մնացին միայն նոր բացահայտված «Ապոլլո» թիթեռը և «Ոզնաթուփ մեխակի» կոչվող բուսատեսակը։ Ջրերին չվերաբերող մյուս խախտումների մասին կխոսեմ հաջորդիվ։

Շարունակելով ջրերի թեման` ասեմ, որ տեսչությունը պետք է ուսումնասիրեր ոչ միայն ստորգետնյա, այլև մակերևութային ջրերի վրա ազդեցության հարցը, իսկ մենք ունեինք նեղ մասնագետների խնդիր, բայց այդպիսի մասնագետներ կային բնապահպանության նախարարության՝ մոնիթորինգի և տեղեկատվական կենտրոնում։ Տեսչական ստուգման ժամանակ բնապահպանության նախարարն առաջարկել էր ցանկացած հարցով մեզ օգնել, ես էլ դիմեցի՝ խնդրելով տրամադրել մասնագետի։ Տեսչությունն ու մոնիթորինգի կենտրոնը տեղակայված էին նույն շենքում, ուստի ես ինքս մոտեցա կենտրոնի մասնագետներին, ներկայացա ու խնդրեցի ներգրավվել տեսչական խմբի կազմում` նշելով, որ համաձայնեցված է նախարարի հետ։ Իրենց ներքին ընթացակարգերով նախարարության հետ հարցը քննարկելուց հետո մոնիթորինգի կենտրոնը ներկայացրեց համապատասխան մասնագետին, որը սահմանված կարգով տրված հանձնարարականով ներգրավվեց ստուգող խմբի կազմում, միասին գնացինք Ջերմուկ, անգամ հանդիպեցինք մի քանի ջերմուկցիների հետ, որոնք նկարագրեցին մի քանի խնդրահարույց ջրահոսքերի տեղադիրքերը, որ իրենց կարծիքով արդեն իսկ աղտոտված են։

Մի քանի օր անց ինձ են տալիս անստորագիր, մի քանի էջի վրա ամփոփված մի փաստաթուղթ, որտեղ ընդհանուր եզրերով ներկայացված էր նախագծի «կառավարելի ռիսկերը» և չկար ոչ մի բառ մակերևութային ջրերի վրա արդեն իսկ եղած հնարավոր ազդեցությունների մասին՝ այդ թվում դատարկ ապարների լցակույտի հատվածում, որտեղ առատ ու մշտահոս աղբյուրների շրջանում իրականացվել էին հողաշինարարական աշխատանքներ։ Այս՝ չորրորդ դասարանի շարադրությանը համարժեք տեքստը կարդալուց հետո ես դիմեցի նախարարին՝ խնդրելով պարզաբանումներ տալ։ Ի պատասխան ստացա հարցադրում՝ «դու իրեն որպես անհատ մասնագետ ես չէ՞ ներգրավել տեսչական խմբում, ոչ թե որպես նախարարության աշխատակից»․․․ Դրանով նախարարությունն իր ձեռքերը լվաց նախապես խոստացված «օգնության» արդյունքներից: Այդ պահից սկսած պարզ էր, որ Ամուլսարի ստուգման պրոցեսում կան զուգահեռ օրակարգեր՝ մեկով տեսչությունը, իր գլխից բարձր թռչելով, փորձում էր իր չեղած ռեսուրսներով ու տեխնիկական հագեցվածությամբ հնարավորինս անթերի կատարել ստուգումը՝ որպես պաշտոնական գործառույթ և հանրային պահանջ: Մյուս գործընթացով տեսչության «անիվների» մեջ փայտ էին մտցնում ու փաստացիորեն թուլացնելով ակտը ու դրանով նաև պետության դիրքերը հնարավոր արբիտրաժային վեճի դեպքում։ Մակերևութային ջրերի վերաբերյալ եզրակացությունն այդպես էլ չստորագրվեց ու ստուգման ակտի փաթեթում չներառվեց։ Դրանով ստուգման ակտից դուրս մնաց առանցքային կարևորություն ունեցող ոլորտներից մեկը՝ մակերևութային ջրերի վրա փաստացի ազդեցության ու այդ մասով գուցե առկա նախագծային շեղումների հարցը։ Ստորգետնյա ջրերի մասին արդեն ասացի, թիթեռի ու բուսատեսակի մասով էլ դեռ կասեմ։

Գործնականում տեսչության ֆունկցիան պետք է լիներ «հերոսաբար» արձանագրել շինարարական շեղումներն ու մի կողմ քաշվեր։ Դրա հիման վրա պետք է ասեին՝ խնդրեմ, ձեր բնապահպան ընկերոջ ներկայացրած ակտով հավաստվում է, որ շահագործումը դադարեցնելու իրավական հիմքեր չկան։ Զուգահեռաբար՝ ամբողջ համայնքի սոցիալական և իրավական պայքարը կպիտակավորվի որպես մի քանի վարձու ակտիվիստների՝ անձնական շահերով դրդված արկածախնդրություն, որոնց մասին դուք չէիք լսի, եթե նրանց չվճարեին։ Այս բոլոր գործողություններով ընկերության համար կստեղծվեն մինչ այդ գոյություն չունեցող իրավական հիմքեր՝ հանրության կենսական իրավունքների դեմ իր ֆինանսական շահերն առաջ մղելու համար ու կփնտրեն իրենց թայֆայական խմբերից դուրս մեկին, որ այս ձախողումները բարդեն նրա վրա։ Այս ամենը շատ լավ հասկանալով հանդերձ, փոխվարչապետ Ավինյանի, վարչապետ Փաշինյանի մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաները չեն խորշում Ամուլսարի հարցում իրենց ձախողումները բարդել տեսչության ու անձամբ ինձ վրա՝ թե բա ակնկալում էինք, որ տեսչությունը ու նրա ղեկավար «կարկառուն բնապահպանը» կբացահայտի «լուրջ» փաստեր ջրերի ու Սևանա լճի վրա ազդեցության վերաբերյալ, բայց գնաց, թիթեռ գտավ։ Այս մարդիկ հրաշալի գիտեն, որ շինարարության փուլում այդպիսի ազդեցություններ չեն կարող լինել, իսկ տեսչությունը չունի լիազորություն փաստական գործունեությունից դուրս որևէ բան արձանագրել։

Այս ամենը չեմ ասում զուտ որպես քննադատություն կամ ինչ-որ մարդկանց վատաբանելու համար, այլ, ինչպես սկզբում նշեցի՝ գործընթացների տրամաբանությունն ըմբռնելու համար ու նաև բոլորին բացատրելու, թե որ այդ նույն տեսչական ակտը միակ փաստաթուղթն է, որն իրավական հիմք է ստեղծում Ամուլսարի խնդիրը փակուղուց դուրս բերելու համար: Ընկերությունն այն վիճարկել է դատարանում և նրան ոչինչ չի խանգարում ստանալ իր ուզած որոշումը, որովհետև պետական մարմինները այդ փաստաթուղթը դատարանում չեն պաշտպանում: Սրանք իրավաբանական հետագիծ ունեցող պրոցեսներ են, որոնք ստանալու են իրավական ու նաև քաղաքական գնահատականներ: Ամուլսարի «պոստերում» կանգնած մարդիկ իրենց կենսական իրավունքների համար կառուցված «պոստերից» չեն նահանջելու, դուք պետք է նահանջեք: Ստվերային խմբերը աներևույթ գործընթացներով փակում են ձեր նահանջի ճանապարհը՝ ձեզ դրդելով ժողովրդի հետ գնալ բարիկադային կռվի, որտեղ դուք պարտվելու եք:

Երբ ասում եմ՝ պետք է հասկանալ գործընթացների տրամաբանությունը, նկատի ունեմ հենց սա՝ պատգամավորները բավարար խորությամբ տիրապետու՞մ են այն խնդրին, որը հավակնում են կարգավորել։ Նրանք տեղեկացվա՞ծ են տեսչական ստուգման մանրամասներին, տեսչական ակտի իրավական նշանակությանն ու կարևորությանը, թե՞ բավարարվում են այդ փաստաթուղթը խնամքով մեկուսացրած պաշտոնյաների բանավոր հայտարարություններով։ Ի վերջո՝ ուզու՞մ եք արդյոք ուղիղ ճանապարհով «մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից», թե՞ շարունակում ենք մնալ զուգահեռ իրականություններում։ Արդյո՞ք կառավարության նպատակներից խոսելիս Ջերմուկ գնացած պատգամավորները նկատի ունեն մեկ միասնական օրակարգ, թե՞ այդ օրակարգը աննկատ գործողություններով ուղղորդվում է, իսկ դու կամ պետք է սպասարկես այդ օրակարգը, կամ ճանապարհից հեռացվես։

Ամփոփելով ասեմ, որ տեսչական ստուգման արդյունքում ապօրինի ընդերքօգտագործման փաստի առթիվ հարուցված քրեական գործն այդպես էլ տեսանելի ընթացք չստացավ, որի համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։ Այս տարիուկեսվա ընթացքում Ամուլսարի «լուրջ» խնդիրների վերաբերյալ այդպես էլ ոչ մի իրական գործընթաց չծավալվեց։ «ԷԼԱՐԴ» ընկերության տված «միջազգային փորձագիտական եզրակացությունը» ոչ քննչական կոմիտեին, ոչ էլ կառավարությանը չտվեց միանշանակ փաստեր մասնագիտական անխոցելի որոշում կայացնելու համար։ Ինչպես էլ մեկնաբանվի այդ եզրակացությունը՝ փաստ այն է, որ դրանից հետո վարչապետը պաշտոնապես հայտարարեց, որ շահագործումը դադարեցնելու հիմքեր չկան, դատարանն էլ այդ եզրակացությամբ ներկայացված խնդիրները չհամարեց նոր էկոլոգիական գործոններ։ Փոխարենն այդ մասնագիտական եզրակացությանը կից տրվեց անհասկանալի ճանապարհով ձևավորված ինչ-որ մեմորանդում՝ Ամուլսարի բնապահպանական ռիսկերի կառավարելի լինելու վերաբերյալ։ Ո՞վ էր պահանջել այդ մեմորանդումը, ինչու՞, ինչպե՞ս կարող է այդպիսի լուրջ խնդիրներ վեր հանած փորձագիտական եզրակացությունն ամփոփվել այդպիսի մեմորանդումով։ Քանի չեք տալիս այս հարցերը ու չեք ստանում պատասխաններ, դուք չեք տիրապետում իրավիճակին։ Եթե ակնկալում եք, որ ձեզ վստահեն, ազնիվ մղումները բավարար չեն, պետք է մարդիկ հավաստիանան, որ դուք մաս չեք կազմի այն խարդավանքներին, որն այսպիսի անվստահություն է առաջացրել նոր իշխանության նկատմամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter