HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանում հետազոտվեցին Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի դեպքի վայրի զննության արձանագրությունը, տեսախցիկների ֆիքսած կադրերը

«Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցող անձանց  դեմ մահափորձի, նրա թիկնապահը համարվող  Գագիկ Մոսինյանի սպանության գործով այսօր դատարանում հետազոտվեցին դեպքի վայրի զննության արձանագրությունը, դեպքի վայրում եղած տեսախցիկների ֆիքսած տեսանյութերը ու դրանց զննության արձանագրությունները:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Վերնիսաժի հարևանությամբ գտնվող Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով Վահագն Աբգարյանը՝ վիրավորվել, իսկ նրա թիկնապահը համարվող Գագիկ Մոսինյանը մահացել է:

Գործով որպես մեղադրյալ է ներգրավվել երեք անձ Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և Ռաֆիկ Խաչատրյանը: Վերջինս մեղադրվել է Վահագն Աբգարյանին և ընկերներին կյանքից ապօրինաբար զրկելու հարցում Բլբուլյանին և Կարադավիդովին օժանդակելու մեջ, կալանքի տակ գտնվելու ընթացքում մահացել է, իսկ նրա վերաբերյալ գործի վարույթը` կարճվել : Դատավոր Վաչե Մարգարյանի վարույթում այսօր քննված գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեն Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն  Կարադավիդովը:

Ըստ մեղադրանքի` «Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որն նրանց, խմբի կազմում երկու և ավել անձանց` Վահագն Աբգարյանին, նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ  Խաչատրյանին և Դավիթ Բուդաղյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված հրազեն հանդիսացող ատրճանակից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ և սպանել Գագիկ Մոսինյանին, իսկ Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղլյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցները Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղլյանին և Արամ Խաչատրյանին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վահագն Աբգարյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնությունը»:

Դեպքի վայրի զննությամբ, ըստ դատարանում հրապարկված նյութերի,  հայտնաբերվել է ծալվող խզակոթով, դատարկ պահունակով, առանց փամփուշտների, 1981 թվականի արտադրության մեկ ինքնաձիգ` ապահովիչի դետալը մեկ աստիճան իջեցրած դեպի ցած և հանված  ապահովիչ վիճակից:

Հայտնաբերված ինքնաձիգից դեպի ձախ` Վերնիսաժի պուրակում հայտնաբերվել է փողը դեպի Վարդանանց փողոցի կողմն ուղղված սև մետաղական մակերեսով և շագանակագույն բռնակով, մարտական դիրքի բերված մեկ ատրճանակ, որի փողում հայտնաբերվել է 1, իսկ պահունակում` երկու փամփուշտ: Դեպքի վայրում եղել են արնանման հետքեր, հայտնաբերվել են գնդակներ, պարկուճներ կրակոցների հետևանքով վնասվել է հյուրանոցի մուտքի դռան մոտ դրված աղբարկղը, հյուրանոցի ապակե դուռը: Մոտակայքում գտնվող  Լեհաստանի դեսպանատան դարպասների առջև առկա կանաչապատ հատվածում՝  միմյանց զուգահեռ դասավորված չորս եղևնիներից մեկի տակ հայտնաբերվել է Գագիկ Մոսինյանի վնասվածքներով դին:

Զննություն է արվել նաև Հրազդանի կիրճի տարածքում: Ռաֆիկ Խաչատրյանն ասել է, որ  դեպքից հետո, երբ փախուստի են դիմել ինքն իր մոտ եղած ատրճանակը մասնատել ու նետել է գետը: Նշենք, որ ըստ քրեական գործի` կրակոցներ կատարած անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրության հանգամանքը բացառելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ռաֆիկ Խաչատրյանը, դուրս գալով ավտոմեքենայից, խմբի անդամների կողմից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո իր մոտ գտնվող ատրճանակն ուղղել է գետնին ընկած Վահագն Աբգարյանի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, սակայն չի կրակել, որից հետո խմբի անդամների հետ դիմել է փախուստի:

Դեպքի վայրում առկա տեսախցիկներում երևացող անձանց մեջ, ըստ քրեական գործի նյութերի, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և Ռաֆիկ Խաչատրյանը փախուստի են դիմում:

Մեկ այլ տեսագրության մեջ երևում է Վերնիսաժում տիրող խառնաշփոթն ու մարդկանց հոծ բազմությունը տեղի ունեցած միջադեպից հետո: Գործում առկա այլ տեսանյութեր կզննվեն հաջորդ դատական նիստի ընթացքում, որը նշանակվեց ուղիղ երկու ամիս անց` 2020 թվականի հունվարի 22-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։