HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

14-ամյա Արեգը եւ Սամվել Մկրտչյանի թարգմանությունը

«Թարգմանչի կինը» իրադարձության ժամանակ դպրոցահասակ մի տղա անմիջապես կողքիս՝ բեմի անկյունային հատվածում նստած (դահլիճում նախատեսված բոլոր նստատեղերը զբաղեցված էին), տեսաձայնագրում էր (ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով) Նաիրա Զոհրաբյանի հուշերը, որոնցով «թարգմանչի կինը» փորձում էր ներկայացնել Սամվել Մկրտչյան թարգմանչի, քաղաքացու, «տարօրինակ չափումներով» այդ մարդու պահվածքը, կենսակերպը, փորձառությունն ու 23 տարվա համատեղ կյանքը։

Տղան, որին անունն Արեգ է, ողջ ընթացքում հուզված, ուսապարկը ոտքերի արանքում, անկյունային այդ հատվածից հետեւում էր իրադարձության ընթացքին․բազմամարդ լսարանում տարիքով ամենափոքրն էր, բայցեւ ամենից ուշադիրը․Զոհրաբյանի ամեն պատմությունից հետո թեթեւ ժպտում էր, հուզվում ու նորից շարունակում սեղմվել ուսապարկին։

Հանդիպման հարցուպատասխանի հատվածում տղան կանգնում է, հարցնում՝ կարո՞ղ է բեմ բարձրանալ։ Լսարանն անսպասելի ծափահարում է, սպասում տղայի ասելիքին։

14-ամյա Արեգ Սերոբյանը, որ սովորում է «Մխիրթար Սեբաստացի» կրթահամալիրում եւ «Փոքր թատրոնի» ստուդիայում, սկսում է իր պատմությունն այն մասին, թե ինչպես առնչվեց Սամվել Մկրտչյանի թարգմանությանը․«Բեմական խոսքիս ուսուցիչն ասաց, որ պետք է բանաստեղծություն ընտրել, որպեսզի հետո աշխատենք բեմական խոսքի վրա։ Այդպես փնտրում եմ Եղիշե Չարենց, Թումանյան․․․ Բան չեմ գտնում։ Մի քանի դաս է անցել, բոլորն արդեն իրենց խոսքի վրա են աշխատում, ես դեռ հստակ ընտրություն չեմ կատարել։ Ամեն ինչ փորձում եմ, բայց բան չի ստացվում։

Մի օր համակարգչի դիմաց նստում եմ ու ասում եմ՝ վերջ, այսօր պիտի ընտրեմ։ Փնտրում եմ, փնտրում ու մեկ էլ տեսնում եմ անգլիական-ամերիկյան գրականության թարգմանությունները։ Թերահավատությամբ մտնում եմ էջ, որովհետեւ մտածում եմ՝ այդքան էլ իմ ոճով չի լինի ու մեկ էլ տեսնում եմ «Ես խղճում եմ գաղթականին» բանաստեղծությունը, որն էլ ուզում եմ ընթերցել հիմա»։

Բոբ Դիլընի 1941 թվականի «Ես խղճում եմ գաղթականին» բանաստեղծությունը՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ․

ԵՍ ԽՂՃՈՒՄ ԵՄ ԳԱՂԹԱԿԱՆԻՆ

Ես խղճում եմ գաղթականին, որն իր տունն է կարոտում,

Որն ուզում է չարիք գործել, բայց իրեն է պոկոտում.

Նա խաբում է իր մատերով, խորամանկում է ահից,

Կրքոտությամբ իր կյանքն ատում ու վախենում իր մահից:

Ես խղճում եմ գաղթականին, որն ինքն իրեն է լափում,

Նրա դրախտը հարամ է, նա արցունք է միշտ թափում.

Ուտում է, բայց չի կշտանում, լսում է, բայց աչք չունի,

Նա սիրում է հարստություն ու դիզում է գողունի:

Ես խղճում եմ գաղթականին, որ ցեխի մեջ է ապրում,

Ծիծաղում է նա ու իր իսկ արյունով է միշտ հարբում.

Նրա իղձը փշրվում է ինչպես փխրուն ապակի.

Ես խղճում եմ գաղթականին, որ տխուր է կրկնակի:

Հ․Գ․ գլխավոր լուսանկարում՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Արեգ Սերոբյանը։ Լուսանկարը՝ փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Թարգմանչի կինը» իրադարձությունը տեղի է ունեցել Գրքի երեւանյան փառատոնի #booktalk-ի շրջանակներում, նոյեմբերի 23-ին, ՀԲԸՄ դահլիճում։ Մանրամասներն՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter