HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ գիտնականները կառավարությանը կոչ են անում գիտությանը նայել խոր հայացքով

Անահիտ Հովհաննիսյանն ու Աստղիկ Հակոբյանը կենսաբանական գիտությունների թեկնածուներ են: Երկուսն էլ 7 տարուց ավելի աշխատում են ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում (ՄԿԻ):

Անահիտն աշխատում է էթնոգենոմիկայի լաբորատորիայում, ուսումնասիրում է հայերի գենետիկական պատմությունն ու ծագումը, Աստղիկը հակավիրուսային մեխանիզմների հետազոտման խմբի գիտաշխատող է, վիրուսաբան է:

Երիտասարդ գիտնականները «Հետքի» հետ զրույցում նախ անդրադառնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ձեւակերպմանը, ըստ որի՝ «գիտության ոլորտում հիմա շատ կան մարդիկ, որ առավոտը գնում են գործի, սուրճ են խմում, գալիս են տուն, եւ աշխատանքը, արդյունքը չի երեւում»: Փաշինյանը սա ասել էր նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ պատասխանելով գիտության ֆինանսավորումն ավելացնելու մասին հարցին, գործադիրի ղեկավարը նշել էր, որ գիտնականներից պահանջվելու են հստակ նախագծեր, որոնց համապատասխան էլ ֆինանսավորում կլինի:

Աստղիկ Հակոբյանն ասում է՝ ցավալի է, որ նման թյուրըմբռնում կա, եւ որ բարձր ամբիոնից կարող են գիտնականների պատիվը գցել, ինչը մի դեպքում անում է վարչապետը, մյուս դեպքում՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը 2020 թ. բյուջեի նախագծի քննարկմանն ասել էր, թե գիտության ոլորտն այսօր արդիական թեմաներով չի զբաղվում:

«Մենք ոչ թե վիրավորված ենք, այլ պահանջում ենք, որ կառավարությունն ուշքի գա այն իմաստով, որ խորությամբ հասկանա, թե այդ մարդիկ ինչով են զբաղվում: Հայաստանի գիտության ոլորտն ամենաառաջատար ոլորտներից է տարածաշրջանում, եւ հարեւան երկրների համեմատ էլ հայ գիտնականներն ավելի լավ են աշխատում՝ բարձր պահելով երկրի պատիվը»,- ասում է Աստղիկ Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ գիտության ամենամեծ խնդիրն այն է, որ կառավարության փոփոխությունից հետո էլ այս ոլորտի ռազմավարությունը մնաց անփոփոխ: «Նախկին կառավարությունը թերպատկերացում ուներ գիտության մասին, որը եկել հասել է այս կառավարությանը, ինչը շատ տարօրինակ է: Դա նշանակում է, որ կան պատասխանատու մարմիններ, այս դեպքում՝ ակադեմիան եւ գիտության կոմիտեն, որոնք կա՛մ պատշաճ ձեւով չեն ներկայացնում վարչապետին, թե ինչ է գիտությունը Հայաստանում, կա՛մ էլ նրանք չեն ցանկանում լսել կամ իմանալ»,- նշում է երիտասարդ գիտնականը:

Անահիտ Հովհաննիսյանն ավելացնում է, որ գիտության մեջ արդյունավետության չափանիշը տպագրված հոդվածներն են: Իսկ այդ իմաստով, ըստ նրա, Հայաստանը շատ լավ արդյունք ունի, ինչը կարող է փաստել, մասնավորապես, գիտության ոլորտում հայտնի «Web of Science» հարթակը: «Մենք ունենք մոտ 4000 գիտնական, եւ ստացվում է, որ ամեն երրորդն ունի տպագրված հոդված: Այդ ո՞ր չափանիշով են մեզ համարում ոչ արդյունավետ»,- ասում է Ա. Հովհաննիսյանը:

Ըստ գիտնականների՝ օրենքը խախտվել է

Երիտասարդ գիտնականների խոսքով՝ արդեն 4 տարի է, ինչ խախտվում է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը: Համաձայն օրենքի՝ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետությունը յուրաքանչյուր տարի պետբյուջեից հատկացումներ է նախատեսում նախորդ տարվա բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն: Հատկացվող միջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը:

«Այսինքն՝ եթե անցյալ տարի բյուջեն ավելացել է 20 տոկոսով, ապա նույնչափ էլ պետք է ավելանար գիտության ֆինանսավորումը,- նշում է Ա. Հակոբյանը,- սակայն նախորդ տարի դա կրկին չարվեց՝ հիմնավորելով, թե իբր արդյունավետ չենք աշխատում: Ես ուզում եմ ասել, որ իրենք չեն արդյունավետ աշխատում: Մեկ տարի ունեին պարզելու, թե ով է անարդյունավետ աշխատում, ով իրենց փողերը լավ չի ծախսում: Բայց ես՝ որպես շարքային գիտնական, մեղավոր չեմ, որ ֆինանսիստները, տարբեր ենթակառուցվածքներում նստած մարդիկ լավ չեն աշխատում: Իրականում սա է խնդիրը, այսինքն՝ եթե վատ աշխատանքի խնդիր կա մեխանիզմում, ապա գիտնականները չեն»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նույնիսկ պետական դրամաշնորհներ տալուց պետությունը հետամուտ չի լինում, թե ինչպես է ծախսվել գումարը: «Երբեւէ չեմ տեսել, որ գրանտ տան եւ այդ գրանտի հետեւից գան, տեսնեն, թե ինչ ես արել: Հաշվետվություն տալիս ենք, բայց վստահ եմ, որ այն կարդացող չի լինում, հակառակ դեպքում անարդյունավետության խնդիր չէր առաջանա»,- նշում է վիրուսաբանը:

«Գիտության ոլորտն ազատել տենդերներից»

Մեր զրուցակիցներն ասում են, թե քանի որ ԳԱԱ ինստիտուտները պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են՝ ՊՈԱԿ-ներ, գործում են համաձայն պետական օրենքների: «Մեզ մոտ ցանկացած գնում պետք է լինի «Գնումների մասին» օրենքով, այսինքն՝ պետք է հայտարարել տենդեր, ապա ամենաէժան տարբերակով կատարել գնումը: Խնդիրն այն է, որ այս դեպքում լավագույն դեպքում 2-3 ամիս է տեւում նյութի, սարքավորման գնումը, ինչը ձգձգում է մեր աշխատանքը, այն դեպքում, երբ կարող ենք օնլայն հարթակից ավելի մատչելի եւ արագ ձեռք բերել»,- ասում է Աստղիկ Հակոբյանը՝ հավելելով, թե անհրաժեշտ է, որ գոնե գիտական փորձերի համար նյութերի ու սարքերի գնումները կազմակերպվեն առանց տենդերների, ինչի պարագայում նախ ժամանակի հարց չեն ունենա, երկրորդ՝ գումարն ավելի արդյունավետ կօգտագործեն, քանի որ տենդերին մասնակցող ընկերությունները ցանկացած նյութի գին 2-3 անգամ ավել բարձր են սահմանում:

«Գիտության կոմիտեի դրամաշնորհը տրվում է 24 ամսով: Առաջին երեք ամիսը հաստատ կորում է տենդերների պատճառով, հետո ստիպված գործն անում ենք ավելի ծանրաբեռնված ռեժիմով, ու երբ նյութի մի խմբաքանակն ավարտվում է, կարիք է լինում նորից գնում կազմակերպել, կրկին կորցնում ենք 3 ամիս, եւ ստիպված ենք լինում օրուգիշեր աշխատել մեր առողջության հաշվին, քանի որ ժամկետի խնդիր ենք ունենում: Մինչդեռ միջնաժամկետ հաշվետվություն պահանջելուց ոչ ոք հաշվի չի առնում, որ այդ երեք ամիսը միայն սպասել ենք»,- ասում է գիտնականը:

Մեր զրուցակիցները բերում են նաեւ հակառակ օրինակը: Մասնավորապես, «ANSEF»-ից (Armenian National Science and Educational Fund) ստացած դրամաշնորհների դեպքում, ըստ Հակոբյանի եւ Հովհաննիսյանի, գիտնականներն ավելի ազատ են գործում, օնլայն հարթակներից կարող են պատվիրել անհրաժեշտ նյութերն ու աշխատել: Բացի դրանից՝ աշխատանքի մեջ կարող են ներգրավել նաեւ ուսանողներին, ինչը հնարավոր չէ գիտության կոմիտեի դրամաշնորհների դեպքում, քանի որ պետական դրամաշնորհին կարելի է դիմել ասպիրանտուրան ավարտելուց երեք տարի հետո:

Երիտասարդ գիտնականներն ասում են, որ ամեն տարի «ANSEF»-ի դրամաշնորհ է ստանում 30 հոգի, սակայն իրականում բարձր միավորներ ունեցողները 60-ն են լինում: Նրանք առաջարկում են, որ մյուս 30 հոգու գիտական աշխատանքները պետությունը ֆինանսավորի:

Անահիտ Հովհաննիսյանն ու Աստղիկ Հակոբյանն առանձնացնում են նաեւ այն, որ արդեն երկու տարի չի գործում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը», որին մասնակցում ու աջակցություն էին ստանում մինչեւ 35 տարեկան հարյուրավոր գիտնականներ: Հովհաննիսյանն ասում է, որ այս ծրագրի դադարեցումը եւս հարված է երիտասարդ գիտնականին այսօրվա առանց այդ էլ ցածր ֆինանսավորման պայմաններում, ու կարծես, իշխանությունները միտք էլ չունեն այդ ծրագիրը կամ նմանատիպ մեկ այլ ծրագիր իրականացնելու: Ըստ Անահիտի՝ նշված ծրագրով սարքավորումներ էին գնում, կոնֆերանսների էին մասնակցում, միջազգային ամսագրերում էին տպագրվում, պարգեւավճարներ էին ստանում:

«Գիտությունը կոմայի մեջ է»

«Հայաստանում գիտությունը կոմայի մեջ է, բայց դեռ ձեռքն ու ոտքը շարժում է, մնում է, որ ճիշտ դեղեր տան, որ վերջապես ուշքի գա: Անվերջ էնտուզիազմով աշխատող գիտնականի ռեսուրսի վրա գիտություն չի զարգանալու»,- շեշտում է Աստղիկ Հակոբյանը՝ ավելացնելով, որ այսօր գիտնականը շատ ցածր աշխատավարձ է ստանում, բարդ պայմաններում է աշխատում, տարրական սարքեր չունի: «Այդ սարքերը դրսի բոլոր լաբորատորիաներում կան, իսկ քանի որ մենք չունենք, ստիպված գործը կիսում ենք, համագործակցում ենք: Իրականում այդ աշխատանքի ամբողջ իդեան մերն է լինում, իրենք ընդամենը մի փոքր մասն են կատարում, քանի որ ունեն այդ սարքը: Եթե ունենայինք այն, չէինք դիմի դրա համար, այլ կգնայինք իրենց մոտ՝ նոր մեթոդներ սովորելու»,- նշում է մեր զրուցակիցը:

Վիրուսաբանի խոսքով՝ եթե առաջիկա երկու տարում գիտության մեջ փոփոխություններ չլինեն, ինքը չի մնալու Հայաստանում: Ասում է՝ այս պահին էլ արտասահմանում աշխատելու առաջարկներ ունի: «Նաիվ երազանք ունեի, որ լինեի առաջին հայ կինը, ով Նոբելյան մրցանակ կստանա: Դա երազանք է, որ ինձ դրդում է շաբաթ-կիրակի աշխատել: Ներկայում Հայաստանում չեմ տեսնում այդ հողը, որ այն որակի, խորությամբ գործ անեմ, որ մարդկությանն օգուտ բերեմ ու բարձրացնեմ Հայաստանի դրոշը»,- նշում է Աստղիկ Հակոբյանը:

Անահիտ Հովհաննիսյանն էլ ասում է, որ ինչքան էլ համագործակցության համար մեկնում է արտասահման, միեւնույնն է՝ վերադառնում է, որովհետեւ Հայաստանում իր լաբորատորիան է: Ըստ Անահիտի՝ իրեն Հայաստանում պահում է այն հավատը, որ ինչ-որ բան փոխվելու է գիտության ոլորտում: Մեր զրույցից օրեր անց նա պետք է մեկներ Քեմբրիջ՝ համատեղ աշխատանքը շարունակելու համար:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter