HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատվանի երեխաներն առնետների հետ «դաս են սովորում»

Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի երեխաները երբեմն իրենց դասաժամերին հյուրընկալում են մկներին ու առնետներին։ Երեխաները կատակում են՝ նրանց հետ դասերն աշխույժ են անցնում։

«Եղել է, որ դասի ժամանակ մուկը վազել է, ես ինքս սկսել եմ գոռգոռալ»,- ցույց տալով 4-րդ դասարանը՝ պատմում է աշխարհագրության և հասարակագիտության ուսուցչուհի Սիրանուշ Փիլոյանը։

Շատվանը Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթած հայ ընտանիքներով է բնակեցվել 1988-ին։ 1997թ․-ից դպրոցում պատմություն դասավանդող Ֆլորա Աթաջանյանը պատմում է, որ դպրոցում մասնակի վերանորոգումներ իրականացվել են տարբեր կազմակերպությունների միջոցով, սակայն հիմնովին այն չի վերանորոգվել։ Դասասենյակները, կահույքը նորացման խիստ կարիք ունեն։

Դպրոցը չունի հանդիսությունների դահլիճ, կահավորված գրադարան, սպորտդահլիճ։

Հանդիսությունների հին սրահը փլատակի է վերածվել, և ծնողներն այն տեսքի են բերում վերջին զանգի արարողությունն անցկացնելու համար։

«Անցյալ տարի ես իմ դասարանի վերջին զանգն այստեղ եմ արել, պատուհանները պոլիէթիլենով փակել են, ծնողները և երեխաները կարգի են բերել, որ միջոցառումն անցնի»,- պատմում է Սիրանուշ Փիլոյանը։

Դասասենյակները ջեռուցվում են դիզվառելիքով, հատակը զրկվել է «պարկետից»։ Ծակեր են առաջացել, որտեղից էլ կրծողները ներթափանցում են դասասենյակներ։

Ֆլորա Աթաջանյանը պատմում է, որ առնետ, մուկ հաճախ են տեսնում, ցածր դասարանների երեխաները վախով են արձագանքում նրանց հայտնվելուն, փոխարենը բարձր դասարաններում աշխուժություն է առաջանում։

Շատվանի վարչական ղեկավար Արսեն Մինասյանն ասում է, որ դպրոցի վերանորոգումը մեծ գումարներ է պահանջում, որն, առայժմ համայնքն ի վիճակի չէ հոգալ ինքնուրույն։ Հարուստ գործարարներ գյուղից չունեն, որոնք գումար հատկացնեին վերանորոգմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter