HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գողություն կատարելու մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանի գործով ցուցմունք տվեց վկան, ով բանկոմատից գումար է կանխիկացրել

Սիսիան քաղաքի բնակիչ Հասմիկ Սարգսյանի գործով նոյեմբերի 26-ին տեղի ունեցած դատական նիստին ցուցմունք տվեց Երևանի պետական համալսարանի աշխատակից, Կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Արա Անտոնյանը: Վերջինս այն անձն է, ում, ըստ մեղադրանքի, Հասմիկ  Սարգսյանը դիմել է՝ բանկոմատից գումար կանխիկացնելու խնդրանքով:

Նշենք, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում երեք անգամ մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու հոդվածով, այժմ մեղադրում է չորրորդ անգամ նույն արարքը կատարելու մեջ:

Անտոնյանն ասաց, որ ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանին չի ճանաչում, պատմեց, որ 2018-ի հունիսին, օրը կոնկետ չնշեց, համալսարանից դուրս է եկել՝ Չարենց փողոցում տեղակայված «Արարատ» բանկի  բանկոմատում հաշվեհամարը ստուգելու համար, երբ իրեն է մոտեցել մի կին ու խնդրել իր մոտ եղած քարտով  կանխիկացնել իր գումարը: Անտոնյանն, ըստ ցուցմունքի, ասել է, որ ավելի ճիշտ կլինի, որ գումարը կինը կանխիկացնի, քանի որ դա նրա անհատական քարտն է, կինը պատասխանել է, որ չի կարողանա, որից հետո ինքն առաջարկել է հրահանգներն ասել ու օգնել նրան:

Անտոնյանին մոտեցած կինն ասել է, որ շտապում է, պիտի բժշկի գնա` նորից խնդրելով, որ վկան կանխիկացնի գումարը, և Անտոնյանը կատարել է կնոջ խնդրանքը:

Թե ինչ բանկային քարտով է վկան կանխիկացրել գումարը, նա չմտաբերեց:  Հիշեց, որ կնոջն ասել է, որ քարտի կոդն է անհրաժեշտ՝ կանխիկացնելու համար, և կինը թղթի վրա գրված կոդը տվել է նրան: Ինքը հարցրել է, թե  որքա՞ն գումար կանխիկացնի, և կինը պատասխանել է` ինչքան կա, ինքը նայել է քարտում եղած գումարի չափը, որն այժմ չի հիշում, կանխիկացրել այն ու տվել կնոջը:

Ամսիներ անց` սեպտեմբերի 20-ին վկան լրատվական կայքերից մեկում տեսել է իր նկարը` գրությամբ, թե զինվորական հոսպիտալից գողություն է կատարել ու գումար կանխիկացրել: Վկան կապվել է լրատվական կայքի հետ, որը տեղադրել է նյութը, և կայքից հայտնել են, որ տեղեկությունը տարածել է գործով քննություն իրականացնող մարմինը: Հաջորդ օրը վկան այցելել է իրավապահ մարմին, որտեղ ցուցմունք է տվել ու պատմել, թե ինչպես է հայտնվել բանկոմատի տեսախցիկի նկարահանած տեսանյութում:

Մեղադրող դատախազ Էդգար Շահումյանի հարցին` կինը որտեղի՞ց է հանել քարտը, վկան պատասխանեց, թե չի կարող ասել` սովորական կանացի պայուսակ էր, թե՞ տոպրակ. կինը դա բացել ու դրանից հանել է ավելի փոքր պայուսակ կամ դրամապանակից մեծ ինչ-որ բան:

Դատախազի հարցին ի պատասխան վկան ասաց, որ երբ ինքը տեսել է կնոջը, տարածքում 8-ից 10 տարեկան մի աղջիկ երեխա է թռչկոտելիս եղել, այլ անձի չի տեսել: Անտոնյանը չհիշեց երեխային բնութագրող արտաքին տվյալներ:

Ինչ վերաբերում է իրեն մոտեցած կնոջ արտաքին տվյալներին, մտաբերեց, որ նա մոտ 35 տարեկան է եղել, ոչ շատ բարձրահասակ, ոչ շատ ցածրահասակ, ոչ շատ գեր, ոչ էլ շատ նիհար, իսկ նրա դեմքից որևէ առնաձնահատկություն, աչքերի, մազերի գույն չհիշեց:

Ամբաստանյալի պաշտպան Լուսինե  Ասլանյանը հարցրեց, թե քանի՞ անգամ է վկան փորձել գումար կանխիկացնել բանկոմատից: Ի պատասխան Անտոնյանն ասաց` մեկ անգամ և նշեց, որ կանխիկացրել է քարտի ամբողջ գումարը: Հարցին՝ վկայի տեսած թռչկոտող երեխան կնոջ հե՞տ է եղել, Անտոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել` երեխան նրա հետ է եղել կամ ոչ: Ասլանյանի հարցին` այդ կնոջը տեսնելու դեպքում կճանաչի՞, վկան պատասխանեց, թե 99 %-ով դժվար, թե  ճանաչի: Վկան ասաց, որ կնոջ մոտ որևէ առնաձնահատկություն, ակցենտ և բնութագրող այլ հատկանիշներ չի նկատել:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, մատնացույց անելով ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանին, վկայից հարցրեց՝ արդյոք կինն, ում ինքն օգնել է, նմա՞ն է Սարգսյանին:

«Ես չեմ կարող վստահաբար ասել, որ դա այդ կինն էր, քանի որ իմ տպավորմամբ, ինձ մոտեցած կինն ավելի նիհար էր մարմնակազմվածքով»,- պատասխանեց Անտոնյանը:

Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ  նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև էական հակասություններ կային: Ասլանյանը նշեց, որ նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս Անտոնյանն ասել է, թե թռչկոտող երեխան իրեն մոտեցած կնոջ հետ է եղել, և երեխայի հանգամանքն է իրեն ստիպել օգնել նրան: Բացի այդ՝ վկան նախաքննական ցուցմունքում ասել է, որ եթե տեսնի կնոջը, կճանաչի, մինչդեռ դատարանում հայտնեց, որ եթե տեսնի նրան, 99%-ով չի ճանաչի: Նախաքննության ընթացքում Անտոնյանն առերեսվել է Հասմիկ Սարգսյանի հետ, հայտնել, որ Հասմիկ Սարգսյանն ավելի բարձրահասակ է, քան այն կինն, ով մոտեցել է իրեն,  մինչդեռ այժմ ասում է, թե իրեն մոտեցած կնոջ հասակը չի տպավորվել:

Դատախազ  Էդգար Շահումյանը ևս կարծիք հայտնեց, որ վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև էական հակասություն կա՝ երեխայի՝ կնոջ հետ լինել կամ չլինելու հանգամանքի հետ կապված,  սակայն առաջարկեց նախ դիտել տեսանյութը, որն առկա է քրեական գործում ու որում երևում են թե՛ վկա Անտոնյանը, թե՛ նրան մոտեցած կինը:

Նշենք, որ Հասմիկ Սարգսյանն իր գործով առաջին դատական նիստի օրն առարկել է տեսանկարահանման դեմ, դատարանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրել է միայն մասնակի տեսանկարահանում իրականացնել՝ այնպես, որ Հասմիկ Սարգսյանը կադրում չերևա: Երբ դատարանում հետազոտվում էր բանկոմատից գումար կանխիկացնելու տեսանյութը, Հասմիկ Սարգսյանը խնդրեց արգելել, որ դա նկարահանվի:

«Դուք ասում եք, որ դրանում անձամբ դուք չեք, կապ չունեք դրա հետ, անմեղ մարդ եք»,- ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում այս տեսանյութը հետազոտվել է, և Հասմիկ Սարգսյանը պնդել է, որ դրանում երևացող կինն ինքը չէ:

Դատավորը  բացատրեց, որ լրատվամիջոցը ոչ թե անձամբ Հասմիկ Սարգսյանին, այլ գործում առկա ապացույցներ է տեսանկարահանում և թույլատրեց տեսանկարահանումը:

Տեսանյութում երևում է, որ վկա Անտոնյանը երկու անգամ է մոտենում բանկոմատին: Վերջինս հիշեց, որ ինքը նախ ստուգել է քարտում եղած գումարն, ապա երկրորդ անգամ մոտենալով՝ կանխիկացրել դրանում եղած գումարը:

Լուսինե Ասլանյանը հարցրեց՝ արդյոք տեսանյութի մեջ երևացող կինն ու Հասմիկ Սարգսյանն, ըստ վկայի   միմյանց նմա՞ն են: Անտոնյանն ասաց, որ դեմքով նմանություն կա, մարմնակազմությամբ՝ ասել չի կարող:

Նախաքննության ընթացքում վկա Արա Անտոնյանը մի քանի անգամ հարցաքննվել է՝ մեծամասամբ հայտնելով այն ամենն, ինչ պատմեց դատարանում: Վկան ասել է, որ իրեն մոտեցած  կնոջ տված քարտն «Արարատ» բանկի քարտ չի եղել, ինքը կնոջը զգուշացրել է, որ բանկոմատից գումար հանելիս կարող է քարտից գումար պահվել, և կին  ասել է, թե խնդիր չկա:

Հասմիկ Սարգսյանի և  Անտոնյանի միջև առերեսման ժամանակ վերջինիս ներկայացվել է տեսագրությունը, որը հետազոտվեց դատարանում: Վկան այդ ժամանակ հայտնել է, որ իր հետ առերեսվող կինը դեմքով նման է տեսանյութում երևացող կնոջը, բայց բացի դեմքից այլ արտաքին հատկանիշներով տեսանյութի և իր հետ առերեսվող կնոջ միջև նմանություն չի տեսնում:

Վկա Անտոնյանն ու Հասմիկ Սարգսյանը ևս մեկ անգամ առերեսվել են նաև  գործի նախաքննության ավարտից առաջ՝ 2019-ի օգոստոս ամսին: Նա նորից է՝ պնդել, որ իր հետ առերեսվող  կինն ավելի գեր և ավելի բարձրահասակ է, քանի այն կինն, ով մոտեցել է իրեն:

Ցուցմունքների ավարտից հետո, անդրադառնալով պաշտպան Լուսինե Ասլանյանի կողմից մատնանշված հակասություններին՝ Անտոնյանն ասաց, թե ինքը ցուցմունք տալիս ասել է, որ իրեն թվում է՝ տեսնելու դեպքում կճանաչի իրեն օգնության խնդրանքով մոտեցած կնոջը, բայց նման պնդում չի արել: Ինչ վերաբերում է երեխայի՝ կնոջ հետ լինել կամ չլինելու հանգամանքին՝ Անտոնյանը նշեց, որ ինքը տպավորություն է ստացել, որ երեխան կնոջ հետ է եղել:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց: Դատարան այլ վկաներ չէին ներկայացել, դատարանը որոշեց բերման ենթարկել նրանց, որոնք պատշաճ ծանուցված են եղել ու չեն ներկայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց  դեկտեմբերի 16-ին:

Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter