HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան ակտիվներ ու մասնակիցներ ունեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը

Հայաստանում այսօր պարտադիր կեսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն ունեն 2 լիցենզավորված ներդրումային ֆոնդի կառավարիչներ։ Դրանք են «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերությունները։ Նրանցից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն։

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2019թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունից, այս կիսամյակի վերջի դրությամբ կեսաթոշակային ֆոնդերի ակտիվ մասնակիցների թիվը շուրջ 344 հազար է։

Կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը 198.4 մլրդ դրամ է։ Զուտ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականի վերջի համեմատ աճել է 0.6 տոկոսային կետով և կազմել 3.3%:

Ակտիվների առավել բարձր ցուցանիշներ են պահպանողական ֆոնդերում։

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների կառուցվածքում այս կիսամյակի ընթացքում գրեթե մեկ տոկոսային կետով նվազել են ոչ պետական պարտատոմսերում կատարվող ներդրումները և կազմել ընդհանուր ակտիվների շուրջ 9%-ը։ Փոխարենը դրամական միջոցներում և ավանդներում ներդրումներն ավելացել են 5 տոկոսային կետով և կազմել ընդհանուր ակտիվների 38%-ը։ Իսկ օտարեկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերում ներդրումները մնացել են անփոփոխ՝ կազմելով ընդհանուր ակտիվների 25%-ը։ Նույն ժամանակահատվածում կրճատվել է պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը 4 տոկոսային կետով։ Ֆոնդերի ընդհանուր ակտիվների 25%-ը, որը կազմում է 49 մլրդ դրամ, ներդրումներն են ընդհանուր Հայաստանի պետական պարտատոմսերում։ Իսկ մասնավորապես ՀՀ պետական եվրապարտատոմսերում ներդրումները կազմում են 396 մլն դրամ։

Ֆոնդերի ներդրում հանդիսացող պետական պարտատոմսերի միջին կշռված ժամկետայնությունը 8 տարի է, միջին կշռված եկամտաբերությունը՝ 8.8%:

Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը, ըստ ԿԲ-ի, այս տարվա առաջին կիսամյակում 6.1% է։ 2014 թվականի սկզբից կուտակային եկամտաբերությունը հինգ տարվա համար կազմել է 57.3%: 1 փայի միջին գինը 6 ֆոնդերի համար ստեղծման պահին 1000 դրամից աճել է 573 դրամով և կազմել 1573 դրամ։

Հայաստանի ֆինանսական համակարգում վերջին տարիներին կենսաթոշակային ֆոնդերի կշիռը համեմատաբար մեծացել է։ Այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ, ըստ ակտիվների, կենսաթոշակային ֆոնդերը զբաղեցրել են ֆինանսական ամբողջ համակարգի 3.2%-ը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 2.3%: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆինանսական համակարգում, ըստ ակտիվների, առաջին տեղում բանկերն են, հաջորդում են վարկային կազմակերպությունները։

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
տեսեք 30.06.2019 դրությամբ ունեն 198.454 մլրդ, սակայն տնտեսությունում որևէ ակտիվ ներդրում չեն անում, հեռու են մրցակցությունից, այլ երկրներում այդ ֆոնդերը մասնակից են լինում լուրջ ծրագրերին կամ բիզնես պրոյեկտներում, ինչպես օրինակ մի ժամանակ դանիական ֆոնդը մասնակցում էր Թեղուտի գործում, հետո հեռացավ, մարդիկ վճարում են երբ ձևակերպված աշխատող են, իսկ անգործ մնալու դեպքում անգամ հնարավորություն չունեն որոշ չափով օգտվելու, չէ որ ամրագրված է որ այս միջոցները մասնակիցների սեփականությունն են, 6-րդ տարին է և ոչ մեկին այս խնդիրները հետաքրքիր չեն, ի դեպ մենք օրենքով ունենք նաև կամավոր ֆոնդեր, այս բաղադրիչի մասին ոչինչ չի ասվում, գիտակից մարդիկ կհասկանան այս խնդիրները որոնք մնում են դեռ չլուծված,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter