HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անմոռ» ՓԲԸ-ն Թեղուտից տեղափոխում է փիրուզի հանքավայրի զանգվածը

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը Թեղուտի հանքավայրից առանձնացնում է փիրուզի հանքավայրը, որը մինչ օրս «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում էր։ Փիրուզի հանքավայրը շահագործում է «Անմոռ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է։ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալներով՝ «Անմոռ» ՓԲԸ-ն գրանցված է «Վալլեքս» խմբի ընկերությունների նույն հասցեում՝ Երևան քաղաքի Խանջյան 19-ում։

«Անմոռ» ՓԲԸ-ի տնօրեն Սահակ Կարապետյանը նախկինում եղել է «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրենը։

«Թեղուտ» ՓԲԸ-ի սեփականատերերի փոփոխությունից հետո «Անմոռ» ՓԲԸ-ի աշխատողներին արգելվում էր ընկերության տարածքով բարձրանալ փիրուզի հանքավայր՝ աշխատելու:

«Այդ ժամանակ մեր ֆիրման որոշեց հանքի 105 աշխատողներին 2/3 աշխատավարձով պահել՝ մինչև հարաբերությունների կարգավորելը»,- ասաց «Անմոռ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Էդգար Նասիբյանը: «Անմոռ» ՓԲԸ-ն որոշել է փիրուզի հումքը տեղափոխել «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքից: Էդգար Նասիբյանի խոսքով, այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ն փիրուզի լեռնային զանգվածի տեղափոխման գործում աջակցում է «Անմոռ» ՓԲԸ-ին:

Թեղուտի փիրուզի հանքավայրը Խորհրդային Հայաստանի երկրաբանների կողմից հատնաբերվել է 1974 թ.-ին: Այն գտնվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի նկատմամբ ավելի վերին մակերևույթներում։ Հանքավայրի նկատմամբ իրավունքները մեկ տարի առաջ պատկանում էին Վալերի Մեջլումյանի մեկ այլ՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը: Դեռ նախորդ տարի «Հետք»-ին Սահակ Կարապետյանը հայտնել է, որ փիրուզի պաշարների հիմնական մասը արդյունահանված է: Դրանք տեղափոխվել են Թեղուտի պղինձմոլիբդենային կոմբինատի արտադրական լցակույտերի դատարկ ապառների տեղամաս:

Էդգար Նասիբյանի խոսքով՝ ընկերությունը նոյեմբերի 8-ից փիրուզի լեռնային զանգվածը պահեստավորում է «Լոռվա ԳԵՈ» ԲԲԸ-ի՝  Նեղոց գյուղի մոտ գտնվող տարածքում։  «Լոռվա ԳԵՈ» ԲԲԸ-ն, Էդգար Նասիբյանի տեղեկություններով, նույնպես պատկանում է Վալերի Մեջլումյանին։

Է. Նասիբյանի խոսքով՝ այս պահին 30 վարորդ իրենց սեփական բեռնատարներով Թեղուտից փիրուզի լեռնային զանգված է տեղափոխում «Լոռվա ԳԵՈ» ԲԲԸ-ի տարածք։ «Կուտակվող լեռնային զանգվածը վերամշակելուց հետ կստանանք փիրուզ»,- ասում է փոխտնօրենը:

ԳԱԱ-ի ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանը՝ որպես երկրաբան, անցյալ դարի 70-ական թվականներին մասնակցել է Թեղուտի պղինձ-մոլիբդենայի հանքավայրի երկրաբանական աշխատանքներին:

«Մեր երկրաբանական աշխատանքերի ընթացքում հայտնաբերվել է փիրուզի կարերի 3 հանք, որոնք շատ հարուստ էին: Թեղուտում փիրուզի մեծ մասը մուգ կապտականաչավուն երանգ ունեն և շատ թանկ են: Այդ երանգի փիրուզ կա միայն Իրանում»,- ամիսներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր Արմեն Սաղաթելյանը։

«Ես չէի ասի, որ այս պահին Թեղուտի փիրուզի պաշարները շատ որակով են: Կարող եմ ասել, որ փիրուզը կիսաթանկարժեք քար է: Բայց բարձրորակ փիրուզ ստանալու համար լեռնային զանգվածի վրա շատ մեծ աշխատանքներ է պահանջվում»,- ասում է «Անմոռ» ՓԲԸ փոխտնօրեն Էդգար Նասիբյանը:

Լեռնային զանգվածը տեղափոխելուց հետո ընկերությունը նախատեսում է «Լոռվա ԳԵՈ» ԲԲԸ-ի տարածքում կառուցել փիրուզի վերամշակման արտադրամաս: Էդգար Նասիբյանի ասելով՝ արտադրամասում աշխատելու է մինչև 120 մարդ:

«Մենք առաջին փուլում լեռնային զանգվածից կստանանք փիրուզ, այն պահեստավորելուց հետո կպարզվի, թե որտեղ և ինչպես է օգտագործվելու մեր ստացած փիրուզը»,- ասաց Էդգար Նասիբյանը:

Մի քանի տարի առաջ Վալերի Մեջլումյանը խոստանում էր փիրուզի հանքավայրի հենքի վրա Թեղուտում կառուցել զարդերի արտադրամաս: «Վալլեքսը» Թեղուտում ունեցել է փիրուզի վերամշակման արտադրամաս, սակայն այն չեն հասցրել շահագործել։

«Մեր արտադրամասը մենք կապամոնտաժեք և կտեղափոխենք այստեղ: Աստծո հաջողությունով, մի 3-4 ամսից հետո փիրուզի վերամշակման արտադրամասը կսկսվի կառուցվել»,- ասում է Է․ Նասիբյանը:

Է. Նասիբյանն ասում, որ կառուցվող փիրուզի արտադրամասը լինելու է էկոլոգիապես անվտանգ: «Փիրուզի զանգվածը դա մեր սովորական հողն է: Կապ չունի հանքաքարը, լեռնային զանգվածը կոնցետրատներ չունի իր մեջ: Փիրուզի զանգվածն ավելի շատ կավ է պարունակում: Կարող ենք արտադրամասում փիրուզի մշակության ժամանակ զբաղվել նաև կավագործությամբ: Դեբեդ գետը և շրջակա միջավայրը չի աղտոտելու»,- հայտնեց Է. Նասիբյանը:

«Փիրուզի մշակման անվտանգության մասին կարող ենք կարծիք հայտնել միայն «Անմոռ» ՓԲԸ-ի կառուցած արտադրամասի տեխնոլոգիային ծանոթանալուց հետո: Մի բան հաստատ կարող եմ ասել, որ փիրուզի փոշին շատ վտանգավոր է մարդկանց առողջության համար»,- ասում է «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը:  

«Անմոռ» ՓԲԸ-ն բնական, երկնային փիրուզի՝ այլ երկրներ արտահանելու լիցենզիա ունի։ 

Մեկնաբանություններ (1)

Айбол
Здравствуйте Бирюза надо

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter