HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Պենտհաուս և դուպլեքս բնակարաններ՝ գիտաշխատողներին․ իրական շահառուները դուրս են մնում ծրագրից

Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող Օվսաննա Հունանյանը մեկն է այն գիտաշխատողներից, որը դուրս է եկել ԳԱԱ համակարգի աշխատակիցների համար կառուցվող շենքում բնակարան ստացողների ցանկից։ ԳԱԱ գիտությունների զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևան քաղաքում կառուցվում է բազմաբնակարան շենք, որի շահառուները գիտաշխատողներն են։ Շահառուների մի ստվար զանգված, առաջարկվող պայմաններին չհարմարվելով, հրաժարվել է ծրագրին մասնակցելուց։

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ԳԱԱ գիտություների զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ Գիտաշխատողները պետք է երեք տարվա մեջ, մաս-մաս վճարելով, շինարարին փոխանցեն բնակարանի ողջ գումարը։ 1 քմ բնակմակերեսը գիտաշխատողները կարող են ձեռք բերել 275 հազար դրամով։ Օրինակ՝ 100 քմ բնակարանի ողջ գումարը՝ 27.5 մլն դրամի 30 %-ը պետք է նախապես վճարեն, կառուցման փուլում՝ 60 %-ը, իսկ շահագործումից անմիջապես հետո 10 տոկոսը։ Իսկ թե ինչպես է 80 կամ 100 հազար դրամ աշխատավարձ ստացող գիտաշխատողը 27.5 միլիոն դրամը վճարելու 3 տարում՝ գլխավոր հարցն է։

«Կառուցապատողը բանկի հետ պայմանագիր չի կնքում, շահառուն կանգնում է փաստի առաջ։ Ինքը պետք է 8 ամիսը մեկ միլիոնավոր դրամներ վճարի։ Իրենց (հիմնադրամի, հեղ.) պատասխանն այսպես էր՝ ուզում եք ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Օվսաննա Հունանյանը և պատմեց, որ իրենք, երբ բանկից փորձել են հիփոթեքային վարկ վերցնել, բանկը լրացուցիչ անշարժ գույք է պահանջել գրավադրելու համար։ «Հարց է առաջանում, եթե մարդուն ընտրում են ըստ առաջնահերթության, որն ունի այդ բանակարանի կարիքը, ենթադրվում է, որ այդ մարդը չունի այդ գույքը, ի՞նչ դնի գրավ։ Չունեմ գույք, ի՞նչ դնեմ գրավ։ Ես հրաժարվեցի, որովհետև տարբերակ չունեի ուղղակի այս ծրագրից օգտվելու»,- ասում է գիտաշխատողը։ Օվսաննա Հունանյանը դուրս է եկել շահառուների ցանկից սեփական որոշմամբ, քանի որ կարծում է, որ անարդար սկզբունք է ի սկզբանե դրվել ծրագրի տրամաբանության հիմքում։ Եթե գիտաշխատողը վարձով է ապրում, տուն չունի, ապա նա չի կարող այս ծրագրից օգտվել։

Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը չհերքեց, որ վարկավորման խնդիրներ ունեցել են շահառուները։ «Տեսանք, որ շահառուները խնդիրներ ունեին վարկ վերցնելու հետ։ Մենք սկսեցինք բանկերի հետ բանակցել։ Պայմաններն, իհարկե, տարբեր էր բանկերի մոտ, նրանք պայմաններ էին դնում, որոնք մեզ գցեցին մտահոգության մեջ։ Առաջարկում էին եռակողմ պայմանագրեր կնքել, մենք պետք է կողմ հանդիսանայինք, ես դրան դեմ էի, գիտեի, թե ինչ գլխացավանք կլինի»,- ասաց Հրանտ Մաթևոսյանը՝ հավելելով, որ մոտ 100 հոգուց ավել շահառու արդեն կնքել է վարկավորման պայմանագիր։

Դուպլեքս և պենտհաուս բնակարաններ՝ գիտաշխատողների համար

Դեռևս Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2012 թ-ին 0.3 հա հողակտոր է նվիրաբերել Գիտության զարգացման հիմնադրամին, որպեսզի այդտեղ գիտաշխատողների համար բազմաբնակարան շենք կառուցեն։ Հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Պարույր Սևակի փողոցում, կառուցվող շենքի շինարարությունը սկսվել է այս տարի։ Հիմնադրամի և կապալառուի միջոցներով են սկսել կառուցապատումն, իսկ այսօր նաև՝ շահառուների վճարումներով։ Շահառուները 5 փուլերի ընթացքում՝ մինչև շենքի վերջնական ավարտը, կառուցապատողի հաշվին պետք է փոխանցեն բնակարանի ամբողջական արժեքի 90 %-ը, իսկ վերջին 10 %-ը՝ բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո։ Հիմնադրամի տնօրենը մեզ է տրամադրել նաև կառուցվող շենքի նախագիծը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ շենքում չկան 1 սենյականոց բնակարաններ։ Կան 2-ից 4 սենյականոցներ, դուպլեքս բնակարաններ, պենտահաուսներ։ Շենքում լինելու է 164 բնակարան, 30 մեքենայի համար ստորգետնյա կայանատեղի։ 4 սենյականոց բնակարաններն ունեն 152 քմ մակերես, պենտհաուսները՝ 106 քմ, դուպլեքսները՝ 104 քմ և այլն։ Մեկ սենյականոց բնակարաններ չլինելու կապակցությամբ դժգոհություններ չեն եղել, բայց հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը համաձայն է, որ բաց կա՝ պետք է այնպես անեին, որ մեկ սենյականոց բնակարաններ լինեին։

Ինչպե՞ս է ընտրվել կառուցապատողը 

Շենքի շինարարությունն իրականացնում է «Մոնոլիտիկ բիլդինգ» ՍՊ ընկերությունը։ Գիտության զարգացման հիմնադրամից մեզ հայտնեցին, որ չնայած այն հանգամանքին, որ իրենք կարող էին առանց մրցույթի ընտրել կապալառու կազմակերպություն՝ որոշել են մրցույթ անցկացնել։ Մրցույթին մասնակցել են «Քուադրա քնսթրաքշն», «Ակօդ շին», «Գևորգյան և Ներսիսյան» և «Մոնոլիտիկ բիլդինգ» ՍՊԸ-ները, որոնցից միայն վերջինն է համապատասխանել հիմնադրամի պահանջներին։ Կապալառու դարձած «Մոնոլիտիկ Բիլդինգ» ընկերությունը համաձայնագրով շինարարությունն իրականացնում է «Մոնոլիտիկ քնսթրաքշն» և «Մոնոլիտիկ յունիտ» ՍՊԸ-ների հետ։ Մրցույթին մասնակցած «Ակօդ շին» ՍՊԸ-ն և արդեն կառուցապատող «Մոնոլիտիկ քնսթրաքշն» և «Մոնոլիտիկ յունիտ» ՍՊԸ-ները պատկանում են նույն մարդուն՝ Գենադի Դոլուխանյանին։

«Մոնոլիտիկ բիլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թ.-ին։ Միակ բաժնետերը՝ Լուսիկ Հարությունյանը (2014թ.-ից), 2014-2017 թթ հանդիսացել է մեկ այլ ՍՊԸ-ի՝ «Առեդիտ»-ի միակ բաժնետերը։ ՍՊԸ-ն 2011 թ-ին հիմնադրել են Գոռ Դավթյանն (80 %) ու Գոհար Մարգարյանը (20 %), որոնցից էլ 100 % բաժնետոմսն անցել է Լուսիկ Հարությունյանին։ Գոռ Դավթյանը եղել է նաև «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրենը, որը ստեղծել էր մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։ Պարզ ասած՝ Լուսիկ Հարությունյանն ընկերությունը ձեռք է բերել Հասմիկ Պողոսյանի հետ փոխկապակցված անձից։

Հիմնադրամի տնօրենը և կառուցապատողը

Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանի հետ նախապես պայմանավորվեցինք, որ իր և կառուցապատող ՍՊԸ-ների տնօրեններից՝ Դոլուխանյանից և Հարությունյանից, միաժամանակ հարցազրույց վերցնենք։ Հրանտ Մաթևոսյանի աշխատասենյակում նախատեսված հանդիպմանը ներկա չէր հայտատու կառուցապատող «Մոնոլիտիկ բիլդինգ» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Լուսիկ Հարությունյանը։ Համաձայնագրով շինարարությունն իրականացնող մյուս ընկերությունների սեփականատեր Գենադի Դոլուխանյանն ասաց, որ այդ ընկերությունն էլ է իրենը, պարզապես գրանցված է իր բարեկամ Լուսիկ Հարությունյանի անունով։

Հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանին հարցրինք՝ արդյո՞ք առողջ մրցակցություն է եղել հայտատուների միջև, երբ Գենադի Դոլուխանյանը հայտ է ներկայացրել և՛ իր սեփական, և՛ փաստացի պատկանող ընկերություններով։ Հրանտ Մաթևոսյանը հավաստիացրեց, որ առաջին անգամ է լսում, որ Գենադի Դոլուխանյանը նաև «Ակօդ շին» ՍՊԸ-ի սեփականատերն է։ Համենայն դեպս Հրանտ Մաթևոսյանն այդպես ցույց տվեց։

Գենադի Դոլուխանյանին պատմեցինք, որ Լուսիկ Հարությունյանը, ով իր բարեկամն է, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կապ ունեցող անձանցից ընկերություն է գնել և խնդրեցինք տրամադրել Լուսիկ Հարությունյանի կոնտակտային տվյալները, որ խոսենք նրա հետ։ Դոլուխանյանը հրաժարվեց այդ հարցում մեզ օգնելուց , իսկ երբ հարցրինք՝ ձեզ ինչ բարեկամ է Լուսիկ Հարությունյանը, ինչպես հավատանք, որ բարեկամ է, և ընկերությունն իրոք ձեզ է պատկանում, նա վրդովեց։

Հիմնադրամի տնօրենն էլ կառուցվող շենքում բնակարան կունենա

Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանն ինքն էլ է շահառու, սակայն պնդում է, որ շահառու է դարձել պայմանով։ Նրա խոսքով՝ շահառուները ծրագրի իրականացման ռիսկեր են տեսել և որպես երաշխիք, որ ծրագիրն իրատեսական է, և որևէ մեկը չի խաբվի՝ Հրանտ Մաթևոսյանը դարձել է շահառու։ «Ինձ ուղղակի ասեցին, որ եթե հուսալի եք համարում, որ շենքը կկառուցվի, կկանգնի, բա ինչի՞ դուք շահառու չեք։ Ես էլ ասեցի՝ եթե անհրաժեշտ է, շահառու կդառնամ, որպեսզի դուք էլ վստահ լինեք, որ ես մասնակցում եմ։ Եթե ես իմանամ, որ կա մարդ, որը չափազանց շատ ունի այդ բնակարանի կարիքը, ես պատրաստ եմ հօգուտ իրեն հրաժարվել, որպեսզի ինքը վերցնի, բայց այդ դեպքում պետք է շահառուներին բացատրեմ, թե ինչի եմ հրաժարվում»,- ասաց Հրանտ Մաթևոսյանը։

Հ․Գ․ Շահառուների ողջ ցանկը Գիտության զարգացման հիմնադրամից չկարողացանք ստանալ։ Պատճառն այն էր, որ ցանկը դեռ վերջնական և ամբողջական չէ։ Սակայն փաստ է, որ բնակարանի կարիք ունեցող, վարձով ապրող, 80 հազար դրամ աշխատավարձ ստացող գիտաշխատողն այս ծրագրում տեղ չի կարող ունենալ։ Կառուցվող շենքից կարող են օգտվել ներկայում անշարժ գույք ունեցող անձինք, որոնք կկարողանան հիփոթեքային վարկ վերցնել՝ լրացուցիչ գույք գրավ դնելով։ 

Շինհրապարակի լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter