Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը յուրացրել են պետական հուշարձանը
Անտոն Քոչինյանի 1955թ. կարգադրությամբ 2001 թվականին սեփականաշնորհվել է Երեւանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը։ Այն մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկն է: ԱՕԿՍ-ի շենքը պետական հուշարձան է: Եւ ահա այդ պետական հուշարձանը դեռևս 2001-ին սեփականաշնորհել են ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
1955թ. Անտոն Քոչինյանը եղել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Մինիստրների Սովետի նախագահը։ Եւ 1955թ. նրա կարգադրությունը 2001-ին պաշտոնյաները կարողացել են դնել ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հիմքում։ Մի զարմացեք. պաշտոնյաները փող աշխատելու համար տիրապետում են խարդախության բոլոր ձևերին։ Նման դեպքերում պետական տարբեր մարմիններ, գերատեսչություններ սկսում են «թղթեր» դասավորել: Դատարկ թղթապանակը կարճ ժամանակ հետո լցվում է տարատեսակ տեղեկանքներով: Եւ Ազգային արխիվի՝ ԱՕԿՍ-ի թղթապանակում հայտնվում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են հանրահայտ Ռոբերտ Նազարյանը (տե՛ս որոշումը) ու Երվանդ Զախարյանը (տե՛ս որոշումը), ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, զանազան ճարտարապետներ, փոխքաղաքապետեր, եւ գործը նրանց օգնությամբ գլուխ է բերվում: Վերեւներից ով ում համար է զանգել, ով ումից որքան գումար է վերցրել՝ դժվար է ասել: Եթե իրավապահները ցանկանան, իհարկե, կարող են պարզել ամեն ինչ, բայց ինչու՞ պիտի անեն:
ԱՕԿՍ-ի շենքը գտնվում է Երեւանի կենտրոնում` Աբովյան 3 հասցեում։ Շենքն ընգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ «Հուշարձանը, սակայն, պետական սեփականություն չէ, եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պահպանություն չի իրականացվում»,- հուշարձանի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ նշել է ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։
Եթե պետական սեփականություն չէ, նշանակում է սեփականաշնորհվել է։ Իսկ ինչպե՞ս է այդ պատմական հուշարձանը սեփականաշնորհվել։
Պարզելու համար դիմել ենք Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին։ Ստացել ենք այսպիսի պատասխան․ «․․․Տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը երբևէ հաշվառված չի եղել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվեկշռում, ինչպես նաև ընդգրկված չի եղել պետական գույքի մասնավորեցման ծրագրերում, հետևաբար ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում դրա օտարման կամ սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»:
Սրան հաջորդել է մեր նամակը՝ ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նամակը ուղարկվել է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի պատասխանը շատ ուշագրավ մանրամասներ է պարունակում։ Հենց այս գրությունից երևում է, թե քանի պետական մարմին է մասնակցել ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհումը գլուխ բերելու գործին։
Լեոնիդ Բրեժնևը և Անտոն ՔոչինյանըՄոգական փաստաթուղթը. ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը
Նախ՝ ներկայացնենք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանից մի հատված.
«...Երևան քաղաքի Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի 255.01քմ մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը: Վերջինիս սեփականության իրավունքը 18.04.2003 թվականին ստացել է իրավունքի պետական գրանցում:
Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի մյուս տարածքները, մասնավորապես, շենքի՝ դեպի Աբովյան փողոցին հարող, 1-ին և 2-րդ հարկերը, ինչպես նաև դեպի նախկին Լալայանց փողոցին հարող նկուղային և 1-ին և 2-րդ հարկերը, որպես 1056.19քմ մակերեսով մեկ ամբողջական միավոր, 03.07.2001 թվականին սեփականության իրավունքով գրանցվել են «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության անվամբ: Շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի, իսկ դրանցով զբաղեցված 0.07945հա մակերեսով հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսացել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը, հաշվեկշռային արժեքի վերաբերյալ հասարակական կազմակերպության 22.06.2001թ. №Ա-97 տեղեկանքը, հողհատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի 07.05.2001թ. №456 որոշումը և այդ որոշման հիման վրա 01.06.2001 թվականին կնքված հողօգտագործման պայմանագիրը: Հետագայում՝ 23.02.2007 թվականին կնքված պայմանագրով հասարակական կազմակերպությունը նշված գույքից դեպի նախկին Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29քմ մակերեսով հատվածը օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը, որը իրավունքի գրանցումից հետո վերջինիս կողմից քանդվել է: Մնացած՝ 526.9քմ մակերեսով տարածքը 22.11.2011 թվականին կնքված ավանդի ներդրման պայմանագրով ներդրվել է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում և ներկայումս այն սեփականության իրավունքով գրանցված է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ»:
Սամվել Մայրապետյանին ԱՕԿՍ-ի տարածքից օտարվել է 529.29 քմ
Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը «ԱՕԿՍ»-ի՝ նախկին Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29 քմ մակերեսով հատվածը օտարել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը: Այս ընկերության սեփականատերը էլիտար շինարարությամբ զբաղվող Սամվել Մայրապետյանն է: Այժմ այդտեղ Ս. Մայրապետյանը բարձրահարկ շենք-հյուրանոցային համալիր է կառուցել, որը նախագծել է «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն: Քաղաքի այդ հատվածում հողի 1քմ-ը մասնագետները գնահատում են նվազագույնը հազար դոլար: Դա նշանակում է, որ հողատարածքի համար այս պաշտոնյաները ստացել են մոտ կես միլիոն դոլար, կամ էլ կառուցվող շենքերում այդ գումարին համարժեք բնակարաններ են ստացել Մայրապետյանից:
Ս. Մայրապետյանի եւ Ա. Սմբատյանի գործարքները հայտնի են Սմբատյանի՝ Կոնսերվատորիայի ռեկտոր եղած տարիներից: Նրանք նաեւ միասին աշխատել են մշակույթի նախարարությունում, երբ Ա. Սմբատյանը նախարար էր: Երեւանի Բայրոնի փողոցում Մայրապետյանի կառուցած էլիտար շենքի տարածքի մի հատվածը պատկանում էր Կոնսերվատորիային, եւ Սմբատյանի ձեռքով է այն հանձնվել Մայրապետյանին: Բայց սա էլ առանձին պատմություն է:
Առեղծվածային «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն
«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ. հունիսի 5-ին՝ ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների։ ՀԿ-ի հիմնադիրները նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն են։ 2011թ. սեպտեմբերի 27-ին «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն՝ 50 հազար դրամ կապիտալով։ Այսինքն՝ «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրները նույնպես նրանք են` Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը։
2011թ. դեկտեմբերի 2-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիր կապիտալը փոխվել է եւ դարձել 201 մլն դրամ։
2012թ. օգոստոսի 1-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրը փոխվել է, եւ 100 տոկոսանոց բաժնետեր է դարձել օֆշորում գրանցված «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթիդ» ԲՎԿ ընկերությունը։ Սա նշանակում է, որ կամ` 1. Արմեն Սբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը օֆշորում գրանցել են ընկերություն, որը դարձել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը, կամ՝ 2. «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը վաճառվել են օֆշորային ընկերությանը:
Ընկերությունը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, Սի Մեդոու Հաուս, Բլեքբըրն Հայուեյ, Ռոուդ Թաուն, Թորթոլա, 116 հասցեում։ Ընկերության անունից հանդես է եկել Գոռ Համլետի Դավթյանը։
2014թ. մարտի 26-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են։ Եւ այն այսօր ունի այսպիսի տեսք․
«ԱՕԿՍ» ՍՊԸ- ի տնօրենն է Գոռ Համլետի Դավթյանը։
Ադելա Ստեփանյանը, որը տնօրինում է «ԱՕԿՍ» ՍՊԸ- ի 25%-ը, Գոռ Դավթյանի մայրն է։
Ո՞վ է Գոռ Դավթյանը
Գոռ Դավթյանի անունը մամուլում հայտնվել է 2010թ., երբ «Բջնի» գործարանը խլվեց Խաչատուր Սուքիասյանից։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008-ին նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Գործարանը անցավ այն ժամանակ ԱԺ պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Եւ գործարանի սեփականատիրոջ փոփոխության ժամանակ ակտիվ դերակատարություն է ունեցել Գոռ Դավթյանը։ (««Տնտեսական» քաղաքականություն կամ Սուքիասյանների ունեզրկումը», «Նպատակը մեկն է. Սուքիասյաններից խլել այդ գործարանը ևս»):
Գոռ Դավթյանին է պատկանում «Աուդիտ սերվիս» ՍՊԸ-ն: Նա նաև ղեկավարում է ընկերությունը: Ընկերությունը, ինչպես նշված է կայքում, մատուցում է «իրավաբանական ծառայություններ, խորհրդատվություն, տեղեկատվություն, ֆինանսներ»:
Գոռ Համլետի Դավթյանը 50 տոկոս բաժնետեր է եղել «Սոխոսենթր» ՍՊԸ-ում։
Ընկերությունը հիմնադրվել է 2012թ. փետրվարի 17-ին։ Ընկերության գրանցումից մի քանի ամիս հետո` 2012թ. հուլիսի 26-ին, կառավարությունը կայացրել է 1052 – Ա որոշումը Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Կասկածելի այս որոշմանը դեռ կանդրադառնանք, կներկայացնենք նաեւ Արմեն Սմբատյանի եւ Հասմիկ Պողոսյանի առնչությունը այս ընկերությանը եւ կառավարության վերոհիշյալ որոշմանը:
«Թիֆլիս» ՍՊԸ
«Թիֆլիս» ՍՊԸ-ն նույնպես գտնվում է Աբովյան 3 հասցեում։ Ընկերությունը հիմնադրվել է 1996թ. ապրիլի 30-ին։ Հիմնադիր կապիտալն այժմ կազմում է 15 մլն դրամ։
Ընկերության գրանցումից 8 օր հետո (08.05.1996թ.), Երևան քաղաքի Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի 255.01քմ մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը:
Ընկերության սեփականատերերը այդ ժամանակ եղել են երեքը՝
Սահակյան Սամվել - 21%
Աղաջանյան Աննա - 64%
Աղաջանյան Վարազդատ - 15%
2013-ի հունիսին ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել Վաղարշակ Հակոբյանը։ Վաղարշակ Հակոբյանը Հասմիկ Պողոսյանի որդին է։
Իսկ ընկերության տնօրենը նորից Գոռ Դավթյանն է։
«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն
«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն 2005 թվականին հիմնադրել են Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը։ Այդ ժամանակ Սմբատյանը եղել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, 1997թ.-ից եղել է նաև ԱՕԿՍ-ի նախագահը: Իսկ Հասմիկ Պողոսյանը եղել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն (ԱՕԿՍ) խորհրդի նախագահը։ 2006-ին Հասմիկ Պողոսյանը նշանակվեց մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։ Դրանից հետո «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն սկսեց բազմաթիվ ծրագրեր իրականացնել Հասմիկ Պողոսյանի ղեկավարած նախարարության հետ։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին նամակ ուղարկեցինք՝ խնդրելով պատասխանել, թե ինչպես է սեփականաշնորհվել ԱՕԿՍ-ի շենքը, եւ ովքեր են այսօր այդ շենքի սեփականատերերը: Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ա. Մուրադյանը գրել է, թե ներկայացված հարցադրումների պատասխանները Մշակույթի նախարարության իրավասություններից դուրս են: Նմանատիպ մի նամակ էլ ուղարկեցինք նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանին, ով, սակայն, դեռևս չի պատասխանել նամակին:
ԱՕԿՍ-ի շենքի առաջին հարկում և տանիքում, ինչպես նաև շենքի դիմաց այժմ գործում է «Բլեք Բերրի» սրճարանը: «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն»-ը տեղափոխվել է շենքից և գործում է Սարյան փողոցում: Այստեղից մեզ հայտնեցին, որ ԱՕԿՍ-ի շենքի երկրորդ հարկում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
ԱՕԿՍ-ի շենքի պատմությունը
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) շենքը գտնվում է Աբովյան (հնում՝ Աստաֆյան) և Հին Երևանցի (նախկին Լալայանց) փողոցների անկյունում և զբաղեցնում է Աբովյան փողոցի 28մ հատվածը: Նախագծվել է 1914թ-ին, կառուցվել` 1915-ին (անձնագրում նշված է՝ 1914-17թթ.): Ճարտարապետը Բորիս Մեհրաբյանն է, ով նաև Երևանի գլխավոր հատակագծի (1906-1911թթ.), Թիֆլիսի առևտրային բանկի Երևանի բաժանմունքի (Նալբանդյան 2, 1910թ.), Քաղաքային դումայի (Խորենացու 16, 1907թ.), քաղաքային ոստիկանության (Խորենացու 22, 1908թ.) և մի շարք բնակելի տների հեղինակն է:
Պատվիրատուն բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանն է, ով 1895թ-ից եղել է Երևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, աչքի հիվանդությունների ու վիրաբուժական բաժանմունքների վարիչը: 1911թ-ին, թողնելով պետական աշխատանքը, բացել է քաղաքի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը` 10 մահճակալով և կից ամբուլատորիայով: 1915թ-ին հիվանդանոցը տեղափոխել է իր նորակառույց երկհարկանի առանձնատուն` Աստաֆյան 39 հասցեում, որի առաջին հարկում եղել է հիվանդանոցը, երկրորդում ապրել է ամուրի բժիշկը: Հիվանդանոցն ունեցել է վիրաբուժական և ակնաբուժական բաժիններ:
Հ.Հովհաննիսյանը բժշկական կրթություն է ստացել Խարկովի և Մոսկվայի համալսարաններում, վերապատրաստվել է Վիենայում, Բեռլինում, Փարիզում, Մոսկվայում: Եղել է նաև քաղաքային դումայի պատգամավոր, հասարակական գործիչ: Մահացել է 1935թ.:
1923թ. խորհրդային իշխանությունները բռնագրավել են բժիշկ Հովհաննիսյանի տունը, և մինչև 1944թ-ը այնտեղ գործել է Տրոպիկական ինստիտուտը (մալարիայի հիվանդանոց): 1944թ-ին շենքը հանձնվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերությանը, որի նպատակն է եղել «ՀՍՍՀ աշխատավորության և արտասահմանյան երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխըմբռնումը» զարգացնելն ու ամրապնդելը: Շենքում գործել է նաև ՀՍՍՀ Արտաքին գործերի մինիստրությունը:
ԱՕԿՍ-ի շենքը կառուցված է երևանյան սրբատաշ սև տուֆից: Պատշգամբները քարից են, բակի կողմինները` փայտից: Շենքի անձնագրում գրված է, որ այն արժեքավոր է որպես Երևանի 20-րդ դարի սկզբի ճարտարապետության հուշարձան. «Այն ժամանակաշրջանի նման տիպի լավագույն շինություններից է»:
«Իր ճարտարապետական-գեղարվեստական չափանիշներով` ծավալատարածական լուծումներով և օրիգինալ դեկորատիվ հարդարանքով, շինությունը չունի իր նմանը իր ժամանակի Երևանից պահպանված ճարտարապետական հուշարձանների մեջ»,- գրում է ճարտարապետության դոկտոր Մարիետա Գասպարյանը իր հեղինակած «Հին Երևան» կայքում:
Հուշարձանն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Բժիշկ, հավաքորդ Հարություն Մինասյանը առաջարկում է շենքը վերածել հայ բժշկության թանգարանի, որովհետև, ի թիվս այլ հանգամանքների, այն կորցրել է արտերկրի հետ կապի ապահովման իր ֆունկցիան Արտգործնախարարության և Սփյուռքի նախարարությունների ստեղծումից հետո: «Շատ լավ կլիներ, որ դա լիներ բժշկության թանգարան, քանի որ դա իր պատմական իմաստով թանգարան է. կառուցվել է բժշկի անձնական փողերով, կառուցվել է որպես հիվանդանոց, մինչև 23 թիվը գործել է [որպես] հիվանդանոց, 23 թվից մինչև 46 թիվը՝ էլի որպես հիվանդանոց… Մանավանդ, որ մենք այսօր չունենք հայ բժշկության թանգարան, որը ամբողջ աշխարհն ունի , բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները ունեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Հ.Մինասյանը՝ հավելելով, որ բժշկության թանգարանի համար ինքը 30 հազար ցուցանմուշ ունի, որոնք պահում է տանն ու աշխատավայրում:
ԱՕԿՍ-ի շենքը թանգարանի վերածելու առաջարկով նա նամակներ է ուղղել պետական տարբեր կառույցների, ինչպես նաև նախագահին: «Ամեն անգամ գրում են՝ շատ լավ գործ եք անում, հայրենանվեր գործ եք անում, ապրեք, շնորհակալություն, գովում են, վերջում ասում են, բայց կներեք, տարածք չունենք, որ թանգարան սարքենք»,- ասում է բժիշկը:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (76)
Մեկնաբանել