
Վանաձորի «Արցախ» պուրակ-հուշարձանի վերաբերյալ քաղաքապետը դեռ վերջնական որոշում չունի
Վանաձորի «Արցախ» պուրակ-հուշարձանը չնայած ներառված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում, սակայն դեռևս չկա երաշխիք, որ այնտեղ զվարճանքի կենտրոն չի կառուցվի:
Օրերս Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված «Արցախ» պուրակի տարածքը: Սա այն դեպքում, երբ Կառավարության 13.04.2006թ. որոշմամբ պուրակի տարածքն անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվել էր Վանաձոր համայնքին՝ որպես հասարակական կառուցապատման հողամաս։ Ըստ դատախազության՝ պուրակի տարածքը ՍՊԸ-ին հանձնելու վերաբերյալ վարչական ակտը համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է Հողային օրենսգրքի 60-րդ, 87-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ հիշատակված վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար:
Դատախազության հիշատակած «մի ՍՊԸ»-ն «Գ ԵՒ Մ» ՍՊԸ-ն է: Այս ընկերության 50 տոկոս բաժնեմասերը գրանցված են Վանաձորի բնակիչ Գարիկ Դանիելյանի անունով: Գարիկ Դանիելյանն էլ ընկերության տնօրենն է: Վերջինիս Վանաձորի բնակիչները կապում են Լոռու մարզի Գուգարքի բաժնի նախկին ոստիկանապետերից մեկի անվան հետ:
Գլխավոր դատախազությունը միջնորդությամբ դիմել է Վանաձորի համայնքապետարան՝ քննարկելու օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու հարցը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի շտապում հստակ ասել՝ համայնքը կբավարարի դատախազության միջնորդությունը, թե ոչ, ասում է՝ դեռ իրավական փաստաթղթեր պետք է ուսումնասիրեն:
«Մոտ օրերս դատախազության հետ համատեղ քննարկում կանենք, կորոշենք հետագա անելիքները»,-մեզ հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը:
Հարցին՝ քննարկվելո՞ւ է նաև պուրակի տարածքում շինարարական աշխատանքների դադարեցման հարցը, քաղաքապետը պատասխանեց, որ շինարարության թույլտվության դադարեցման հիմքեր չկան:
«Դատախազությունն անդրադարձել է հողի առք ու վաճառքին, ոչ թե շինթույլտվությանը: Որևէ անօրինական փաստաթուղթ չի եղել, երբ շինարարական աշխատանքները սկսվել են»,- ասաց նա:
Իսկ թե արդյոք քաղաքապետը մտադի՞ր է բավարարել դատախազության միջնորդությունը, Ասլանյանն ասաց. «Եթե մեր իրավասության շրջանակներում է որևէ լուծում, որը համայնքի շահերին է ուղղված, բնականաբար հակված ենք, բայց իրավական հարթությունում արդեն կորոշենք մեր գործողությունն ինչ արդյունք կարող է տալ: Դատական փուլերով անցած թղթեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Վանաձորի համայնքապետարանը տեղական նշանակության հուշարձանի տարածքում շինթույլտվություն տալուց առաջ պետք է հարցը համաձայնեցներ մշակույթի նախարարության հետ, ինչը չի արել:
Նկատենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արցախ պուրակում փորձ է արվում որևէ շինություն կառուցել. տարիներ առաջ էլ քննարկվում էր կինոթատրոն կառուցելու հարցը:
Մեկնաբանել