
Հերունու հայելային դիտակը մետաղական ջարդո՞ն կդառնա, թե՞ կապահովի տիեզերքի հետ կապը. առաջարկները քննարկվում են
Արագածոտնի մարզի Օրգով եւ Տեղեր գյուղերի միջեւ գտնվող ռադիոօպտիկական աստղադիտակը վերեւից, կարծես, հռոմեական կոլիզեում լինի: Դիտակը գտնվում է հողի մեջ, ունի սֆերիկ (գոգավոր) մակերես եւ արեւոտ եղանակին փայլփլող ափսեի է նմանվում: Մասնագետների կարծիքով՝ հենց այսպիսի կառուցվածքի շնորհիվ դիտակն ունի բարձր զգայունություն եւ աղմկակայունություն, ինչն աշխարհում նրան դարձնում է եզակի աստղադիտակներից մեկը:
Տեխնիկական գիտությունների թեկնածու Արեւիկ Սարգսյանն ասում է, որ դիտակը եղել է ֆիզիկոս Պարիս Հերունու (1933-2008 թթ.) կյանքի գործը (վերջինս Արեւիկ Սարգսյանի մորեղբայրն է): Գիտնականից 17 տարի է պահանջվել՝ խորհրդային իշխանություններից դիտակի կառուցման թույլտվություն ստանալու համար: Ըստ Արեւիկ Սարգսյանի՝ տարիներ շարունակ Հայաստանում նման դիտակ կառուցելուն խանգարում էր ԽՍՀՄ-ը, որի ղեկավարները կողմ էին դիտակը Ռուսաստանի տարածքում կառուցելուն: Ակադեմիկոս Հերունին իր հարցազրույցներում անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ խորհրդային կառավարությունն առաջարկում էր դիտակը կառուցել Ղրիմում: Այդ տարիներին համամիութենական կշիռ ունեցող Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը (1971-ին Երեւանում հիմնադրել էր Պ. Հերունին, հետագայում կոչվել է Ռադիոֆիզիկայի ԳՀԻ), ըստ Ա. Սարգսյանի, դիտակ կառուցելու թույլտվություն ստացավ այն պատրվակով, որ ինստիտուտի ունեցած էտալոնային 11 դիտակները համալրվեն ռադիոաստղագիտության բնագավառի էտալոնային նոր դիտակով: «Աշխարհում չկա ռադիոօպտիկական նման այլ դիտակ: Բոլորը կա՛մ ռադիոդիտակներ, կա՛մ աստղադիտակներ են: Մեր ռադիոօպտիկական դիտակում համատեղված են այդ երկու գործիքները, այսինքն՝ մենք կարող ենք գիշերը նույն ուղղությամբ նայել ե՛ւ ռադիոտիրույթում, ե՛ւ լույսի օպտիկական տիրույթում: Սա սարքի սկզբունքային եզակիությունն է: Ի դեպ, այդպիսի ռադիոդիտակները կոչվել են Հերունու հայելային դիտակներ (գյուտի հեղինակը Հերունին է- հեղ.)»,- ասում է Արեւիկ Սարգսյանը, ով երկար տարիներ այս դիտակի գիտական պատասխանատուն էր:
Արդեն 7 տարի է՝ Արեւիկ Սարգսյանը պայքարում է ակադեմիկոս Պարիս Հերունու ստեղծած ռադիոօպտիկական աստղադիտակի վերագործարկման համար: 2017 թվականից այդ նախաձեռնությանը միացել է «Հայաստանի իրավազորություն» պետական հիմնադրամը՝ ներկայացնելով «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագիծը: Հիմնադրամը պետական գրանցում է ստացել 2017-ին եւ գործում է էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ: Իսկ նշված ծրագրի նպատակը ոչ միայն դիտակի վերագործարկումն է, ինչը պետք է խթանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտությունների անցկացումը, այլեւ գիտակրթական կենտրոնի ստեղծումը, որը նաեւ գրավիչ վայր կարող է դառնալ գիտական զբոսաշրջության համար: Այդուհանդերձ, մինչ օրս ծրագրի հեղինակները չեն ստացել դիտակի վերագործարկման թույլտվություն:
Դիտակը 2013-ից կոնսերվացված է
54 մ տրամագծով ռադիոհայելի եւ 2,6 մ տրամագծով օպտիկական հայելի ունեցող դիտակի (ՌՕԴ-54/2,6) նախագծման ու կառուցման աշխատանքներն ընթացել են 1975-1985 թթ., եւ 1986-ին այն արդեն պատրաստ էր: Դիտակի գիտական պատասխանատուն պատմում է, որ այն աշխատել է մինչեւ 2012 թ.: Ըստ Ա. Սարգսյանի՝ 1990-ականներին, երբ առհասարակ գիտության բազային ֆինանսավորումը չափազանց ցածր էր, իսկ Ռադիոֆիզիկայի ԳՀԻ-ի Արագածի գիտական կենտրոնի (վերջինիս տարածքում է գտնվում դիտակը, տես ներքեւի պատկերում) պահպանմանն ուղղված գումարները՝ չնչին, իրենց հաջողվեց պահպանել դիտակի աշխատունակ վիճակը, եւ դրանով երբեմն չափումներ էին անում:
2012-ից մինչ օրս ՌՕԴ-ն այլեւս չի գործարկվել: Նույն թվականի հունվարի 12-ին կառավարությունը որոշել էր Երեւանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ-ն եւ Ռադիոֆիզիկայի ԳՀԻ-ն վերակազմակերպել եւ միացնել էկոնոմիկայի նախարարությանը ենթակա «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին: Այն ժամանակվա ԷՆ Տիգրան Դավթյանը գործադիրի նիստին նշել էր, որ միավորման անհրաժեշտությունը բխում է Հայաստան-Եվրամիություն խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքմամբ, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ բարեփոխումների ասոցացման համաձայնագրի նախապայման հանդիսացող որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ: Բայց ինչպես հայտնի է, 2013 թ. աշնանը Հայաստանի իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ԵՄ-ի փոխարեն ուղղություն վերցրեց դեպի Մաքսային միություն, եւ ՀՀ-ԵՄ վերոնշյալ համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց:
Առաջ անցնելով՝ նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 24-ին կառավարությունը որոշեց Չափագիտության ազգային ինստիտուտն ու Ստանդարտների ազգային ինստիտուտը միավորել եւ ստեղծել նոր՝ «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ:
Արեւիկ Սարգսյանն ասում է, որ երբ 2012 թ. Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը միացվեց Չափագիտության ազգային ինստիտուտին (ՉԱԻ), ԳՀԻ-ն շենք ուներ Երեւանի Կոմիտասի 49/4 հասցեում, դրանն էր նաեւ Օրգով եւ Տեղեր գյուղերի հարեւանությամբ գտնվող Արագածի գիտական կենտրոնը՝ 100 հա տարածքով, ինստիտուտը Երեւանում նաեւ «Ալիք» փորձարարական գործարան ուներ, որտեղ պատրաստվում էին ԳՀԻ-ում մշակվող սարքավորումների փորձնական նմուշները:
«Միավորումից հետո մեկ տարվա ընթացքում այդ շենքի (Կոմիտասի պողոտայում գտնվող) եղած-չեղածը քանդվեց, վաճառվեց, չգիտեմ, թե ուր են գնացել այդ գումարները: Աղերս չմնաց Հերունուց: Սարքերից բան չմնաց, թանկարժեք մետաղներից պլատաներ կային, առհասարակ մետաղ պարունակող ամեն ինչ՝ խողովակներից սկսած, վաճառվեց: Իսկ Արագածի կենտրոնը, որ հսկայական տարածք, տնտեսություն էր, ավերեցին: Օրինակ՝ կենտրոնի կաթսայատան խողովակներն են կտրել-տարել, պատմել հնարավոր չէ ուղղակի»,- ասում է Ա. Սարգսյանը, ով ԳՀԻ-ի վերակազմակերպումից հետո էլ քառորդ դրույքով շարունակել է մնալ դիտակի գիտական պատասխանատու:
«2012-ի նոյեմբերին գիտխորհրդի նիստ հրավիրվեց, որտեղ զեկուցեցի, թե դիտակն ինչ վիճակում է, եւ ինչ ծախսեր են անհրաժեշտ այն վերագործարկելու համար: Իմ զեկուցումից հետո ղեկավարությունը որոշեց, եւ դա արձանագրվել է, որ փող չկա, պետությանն էլ չենք դիմի, որ վերագործարկման փող տա, որովհետեւ պետությունը փող չունի, փորձենք դրսից գումարները գտնել»,- պատմում է մեր զրուցակիցը: Վերջինիս փոխանցմամբ՝ 2013-ին դիտակը կոնսերվացվել է (անջատվել է հոսանքից), այնուհետ կրճատվել է նաեւ Ա. Սարգսյանի հաստիքը, ինչը տրամաբանական էր, չկար դիտակ՝ չկար պատասխանատու:
Չափագիտության ազգային ինստիտուտի ղեկավարներն առաջարկել էին իրենցից վարձակալել դիտակը
2013-ի մայիսին Արեւիկ Սարգսյանը դեռ ՉԱԻ-ի աշխատակից էր: Հիշում է, որ այդ ժամանակ համագործակցում էր «National Instruments AM»-ի ղեկավար Արամ Սալաթյանի հետ, ով եւս հետաքրքրված էր ՌՕԴ-ի վերագործարկմամբ, ինչի արդյունքում երկուսով գործնական առաջարկ ներկայացրեցին ՉԱԻ-ի այն ժամանակվա տնօրեն Վահան Սահակյանին: Առաջարկն այն էր, որ «National Instruments»-ն իր միջոցներով թվային սարքավորումներ էր բերելու՝ վերականգնելու Հերունու դիտակը: «ՉԱԻ-ի փոխտնօրեն Կռոյանն ասաց՝ էսօր մենք ենք էդ գույքի տնօրենները, բա մի պայմանագիր, թուղթ չլինի՞: Պատասխանեցինք, որ բնականաբար, լինելու է, ասաց՝ խոսքը գործողության մասին չէ, եկեք վարձակալությամբ վերցրեք էդ գործիքը եւ ինչ ուզում եք արեք: Շատ զարմացած դուրս եկանք՝ պատասխանելով, որ կմտածենք: Դա պարզապես թշնամական քայլ էր, ո՞նց կարելի էր այդ առաջարկին այդպես արձագանքել»,- վերհիշում է Արեւիկ Սարգսյանը: Չնայած անսպասելի արձագանքին, ըստ մեր զրուցակցի, իրենք սկսել էին մտածել դրա շուրջ, քանի որ դիտակին մոտենալու այլ ելք չունեին: Այնուհետեւ էկոնոմիկայի նախարարությունից նրանց առաջարկել էին բիզնես-պլան ներկայացնել, ըստ դրա էլ պետք է որոշում կայացվեր, ու դիտակը խորհրդանշական գումարով տրվեր երկարաժամկետ վարձակալության:
Դիտակի վրա նախագծային սխալներ են հայտնաբերվել, ինչին հակադարձում է Հերունու զարմուհին
Սարգսյանն ասում է, որ 2015-ին դիտակը քանդելու մասին ասեկոսեներ տարածվեցին, ինչից հետո ինքը փնտրում էր նման բանը կանխելու միջոցներ: Այդ տարի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր երիտասարդ գիտնականներին, որոնց մեջ եղել է նաեւ Արեւիկ Սարգսյանի ուսանողը: Վերջինս երկրի ղեկավարին հայտնել էր, թե ՉԱԻ-ի ենթակայությամբ կա ռադիոօպտիկական դիտակ, որով երիտասարդ գիտնականները կարող են նորարարություններ կատարել: Սերժ Սարգսյանը ԷՆ-ին հանձնարարել էր զբաղվել այդ հարցով, նախարարությունն էլ դիմել էր գիտության պետական կոմիտեին, որն էլ իր հերթին հանձնաժողով էր ստեղծել՝ հարցը քննարկելու համար: Վերջինս եկել էր եզրակացության, որ դիտակը լուրջ վերանորոգման կարիք ունի, ուստի ի վիճակի չէ գիտության ժամանակակից խնդիրներ լուծել: Ըստ եզրակացության՝ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար պետբյուջեից հատկացվող միջոցներով անհնար է դիտակը շահագործման վիճակի բերել: Փոխարենը Արեւիկ Սարգսյանին եւ դիտակի վերագործարկման նախաձեռնողներին առաջարկվել է օտարերկրյա գործընկերների, միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին փորձել մշակել բիզնես-ծրագիր, որը կազմված կլինի ՌՕԴ-ի ու նրա շուրջ եղած ենթակառուցվածքային բազայի հիման վրա եւ ուղղված կլինի գիտակրթական կենտրոնի ձեւավորմանն ու գիտական տուրիզմի զարգացմանը:
2018 թ. Չափագիտության ազգային ինստիտուտում խորհրդակցություն էր տեղի ունեցել Հերունու հայելային դիտակի վերագործարկման թեմայով: Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, հնչել են այսպիսի կարծիքներ. «Պարզ չէ, թե «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, ֆինանսավորելով ՌՕԴ-54/2,6 աստղադիտակի վերականգնումը, ինչ արդյունքներ է ակնկալում, եւ ինչ ռադիոաստղագիտական խնդիրներ են լուծվելու», «Աստղադիտակը պատրաստվել է մի շարք կոնստրուկտորային սխալներով, որոնք բացահայտվել են, երբ աստղադիտակը հնարավոր չեղավ կարգավորել: Կոնստրուկցիայի շարժվող բազմատոննանոց մասը ստեղծում է կոնստրուկցիայի անկանխատեսելի այնպիսի դեֆորմացիաներ եւ տատանումներ, որոնք բացառում են կարգավորման հնարավորությունը»: Եվս մի քանի մասնագիտական կետեր թվարկելով՝ խորհրդակցությունը եկել է այսպիսի եզրակացության. «Հաշվի առնելով, որ ՌՕԴ-54/2,6 աստղադիտակի նախագծման ժամանակ լուրջ սխալներ են թույլ տրվել, գտնում ենք, որ այն վերականգնման ենթակա չէ»:
Ի պատասխան այս կարծիքների՝ Արեւիկ Սարգսյանն ասում է, որ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամն օտարերկրացի անվանի մասնագետների է հրավիրել Հայաստան, որոնք գնահատել են դիտակի վերագործարկման իրենց ծրագիրն ու հետագա գիտական համագործակցության առաջարկներ արել: Արտասահմանցի մասնագետները գտել են, որ վերագործարկումն իրատեսական է, «Հետքի» զրուցակիցն էլ նշում է, թե դրա ծախսը կկազմի մոտ 30 միլիոն դոլար: Նկատում է նաեւ, որ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր հատված գործակցության միջոցով, տեւողությունը նախատեսվում է 25 տարի:
Նամակներ, հանդիպումներ, քննարկումներ
Այս տարվա մայիսին Արեւիկ Սարգսյանը նամակ էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հունիսին հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Հուլիսի 26-ին Ավինյանի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, ԷՆ-ին ենթակա «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի ղեկավարության եւ Ա. Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է համախմբված ակտիվների բազայով առանձին պետական հիմնարկ ստեղծելու մասին կառավարության որոշման փաթեթը: Բացի դրանից՝ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի վերաբերյալ այս տարի ԱԺ-ում քննարկումներ են կազմակերպվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ:
Արագածի գիտական կենտրոնում աշխատում է 27 հոգի
Էկոնոմիկայի նախարարությանը մի քանի հարց էինք ուղղել Արագածի գիտական կենտրոնի վերաբերյալ: Մասնավորապես, հետաքրքրվել էինք աշխատողների քանակով, ինչին ի պատասխան ԷՆ-ն նշել է, որ կենտրոնի էտալոնների պահպանման բաժնում աշխատում է 27 հոգի, որոնցից 14-ը գիտաշխատող է, 5-ը՝ մասնագետ, 8-ը՝ սպասարկող: Նախարարության տեղեկացմամբ՝ կենտրոնի էտալոնային 11 դիտակներից 4-ը վերականգնվել է, 3-ը գտնվում է վերականգնման փուլում, եւս 4-ը նպատակահարմար չէ վերականգնել հետագա օգտագործման պահանջարկ չլինելու պատճառով:
Գիտական կենտրոնի ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման համար այս տարի պետբյուջեից հատկացվել է 54 միլիոն դրամ: Դրանից 40 մլն-ը աշխատավարձերի ֆոնդն է, 5 մլն-ը՝ 4 դիտակների վերականգնման, արդիականացման եւ պահպանման ծախսերի համար, 1 մլն-ը՝ նյութերի, ռադիոդետալների, գործիքների, լաբորատոր գույքի, շինանյութի, շինարարական աշխատանքների համար, շուրջ 2 մլն դրամ նախատեսվել է կոմունալ ծասերի համար, կես մլն՝ Երեւան-Օրգով տրանսպորտային ծախսերի, 1,5 մլն էլ՝ գույքահարկի ու հողի հարկի:
Նախարարության դիրքորոշումը ՌՕԴ-ի վերագործարկման վերաբերյալ
ԷՆ-ին հարցրել էինք, թե ինչ դիրքորոշում ունի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի կողմից ներկայացված Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի վերագործարկման, ինչպես նաեւ այդ տարածքում գիտակրթական կենտրոն ստեղծելու ծրագրի վերաբերյալ: Փոխնախարար Վարոս Սիմոնյանը պատասխանել է. ««Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի կողմից էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ոլորտային եւ ենթակառուցվածքային զարգացման գործարար ծրագիր, ինչը ներդրումային ծրագիր չէ եւ չի կարող դիտարկվել որպես այդպիսին նախարարության կողմից: Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարությունը նպատակահարմար է համարում ծրագիրը ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ այն դիտարկելով ԵՄ հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրի՝ «Հորիզոն 2020»-ի շրջանակներում: Ծրագիրն ուղղված է գիտության ոլորտում ԵՄ միջազգային համագործակցության խթանմանը, նպատակաուղղված է խրախուսելու եւ ֆինանսավորելու ոլորտային այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են միջազգային նշանակության գիտական հետազոտությունների իրականացումը, կարեւորագույն տեխնոլոգիաների զարգացումը, հետազոտությունների եւ մշակումների բնագավառում մասնավոր ներդրումների ծավալի մեծացումը»: Այսինքն՝ ԷՆ-ն գտնում է, որ հիմնադրամի առաջարկած ծրագրի հասցեատերը ԿԳՄՍՆ-ն է, իսկ դրա իրականացումը հնարավոր է «Հորիզոն 2020»-ի միջոցով:
Փոխնախարար Սիմոնյանը մեզ հայտնել է նաեւ, որ ԷՆ-ն Արագածի գիտական կենտրոնի տարածքում գիտական կամ ոչ գիտական գործունեություն ծավալելու վերաբերյալ այլ գրավոր առաջարկներ չի ստացել: Ըստ նրա՝ նշված տարածքում զբոսաշրջության զարգացման, ՌՕԴ-ի վերագործարկման մասով բանավոր այլ առաջարկներ եւ քննարկումներ իրականացվել են, սակայն դրանց ընթացք չի տրվել՝ հստակ հիմնավորումներ չներկայացվելու պատճառով: Արեւիկ Սարգսյանն իր հերթին նշում է, որ Արագածի գիտական կենտրոնի տարածքում հյուրանոց եւ ճոպանուղի կառուցելու ծրագրերի մասին խոսակցություններ կան, անգամ խոսվում է դիտակը քանդելու եւ որպես մետաղական ջարդոն օգտագործելու մասին: Նախարարությունից, սակայն, մեզ հայտնել են, որ հյուրանոց կամ ճոպանուղի կառուցելու ծրագիր իրենց չի ներկայացվել:
Դիտակի գիշերային լուսանկարները՝ Վարդան Պետրոսյանի, լուսանկարները՝ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել