HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գագիկ Հարությունյանի որդու ընկերությունը «Հետք»-ի հրապարակումից հետո ծառեր է տնկել Ջերմուկում

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն պատկանող ընկերությունը «Հետք»-ի հրապարակումից հետո Ջերմուկում 20 հազար հատ ծառ է տնկել։

«Հետք»-ն այս տարվա օգոստոսին գրել էր Վայոց Ձորի մարզի անտառային հողերի վարձակալների մասին, որոնց թվում էր «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն, որը Ջերմուկում հիդրոէլեկտրակայան է շահագործում։ Մենք գրել էինք, որ հէկ-ի կառուցման ժամանակ պետք է հատվեր 422 ծառ, որի փոխարեն ՍՊԸ-ն պարտավոր էր 500 ծառ տնկել։ Հէկ-ի կառուցումից հետո՝ մինչև մեր անդրադարձը, ծառերը չէին տնկվել։

Այսօր խմբագրություն էր զանգահարել «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ արդեն տնկել են ծառերը, և հրավիրեց Ջերմուկ՝ տեղում տեսնելու ծառապատ տարածքը։

«Վայոց Ձորի անտառտնտեսության Ջերմուկի անատապետության տարածքում՝ 6.5 հա հողակտորում տնկել ենք մոտ 20 հազար հատ ծառ։ Տնկվել են սոճիներ, վայրի տանձ, խնձոր, կաղնի, հացենի և թխկի»,- ասաց Նարեկ Տոնոյանը և հավելեց, որ ընկերությունը մոտ 12.5 միլիոն դրամի ծախս է կատարել։ ՍՊԸ-ն պարտավոր է նորատունկ ծառերն առաջիկա 4 տարիներին խնամել։

Նարեկ Տոնոյանը տեղեկացրեց նաև, որ ծառերն ավելի վաղ չէին տնկել, քանի որ ընկերությունը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել ծառեր տնկելու պարտավորության մասին։

Հիշեցնենք, որ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի 80 տոկոս բաժնետերը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է՝ Էդուարդ Հարությունյանը: 20 տոկոսը՝ Նաղաշ Հակոբյանինն է, որը, ինչպես արդեն գրել ենք, աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում: Այս հէկի շինարարությունը, սակայն, նախաձեռնել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ընտանիքը, որին էլ պատկանել է ընկերությունը: Հետագայում այն վաճառել են Հարությունյանի որդուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter