Արագացված ընթացակարգով զինծառայություն, թե՞ ծառայությունից խուսափում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է արագացված ընթացակարգով զինծառայության կարգ, որի դեպքում քաղաքացին, վճարելով 10 միլիոն դրամ, ազատվում է երկու տարվա պարտադիր զիծառայության պարտավորությունից` ծառայելով ընդամենը մեկ ամիս: Նախագիծն օրեր առաջ է դրվել շրջանառության մեջ, սակայն սոցիալական ցանցերում արդեն իսկ դժգոհության բուռն արձագանք է առաջացրել:
Պատգամավորի հեղինակած նախագծով` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն է համարվում մեկ ամիս ժամկետով իրականացվող, մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական ծառայությունը: Թյուրընկալումներից խուսափելու համար ընդգծենք, որ նախագծի շահառու կարող են համարվել ոչ միայն զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզման մեջ գտնվող անձինք, այլ Հայաստանում ապրող զորակոչի ենթակա ցանկացած անձ, ով կարող է վճարել 10 միլիոն դրամ և անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնել իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:
Նախագծի հիմնավորումները
Այս նախագծի հիմնավորումները միայն այն մասին են, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ տարիներ շարունակ խուսափել են զինվորական ծառայությունից` ընտանիքով լքել են երկիրը, ուսման, սպորտի, բուժման նպատակով են մեկնել ու չեն վերադարձել, առողջական խնդիրների պատրվակով են մեկնել, հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից և այլն, այս ամենը միայն նրա համար, որպեսզի ազատվեն զինծառայությունից:
Ուշագրավն այն է, որ նման հիմնավորումներ է ներկայացրել քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը, ում կուսակից ընկերներից շատերը թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում` այդ թվում վերջինիս եղբայրն, ազատվել են զինծառայությունից առողջական, կրթական և այլ հիմքերով:
Հայկ Սարգսյանի համոզմամբ` այս նախագիծը ոչ միայն կկասեցնի արտագաղթը, այլև կնպաստի հայրենադարձությանը:
Նախագծում չկա որևէ ցուցանիշ, թե օրինակ՝ Հայաստանի քանի քաղաքացի է քրեական հետապնդման մեջ գտնվում բանակից խուսափելու համար, մինչդեռ նման տվյալներ կան բաց աղբյուրներում:
Չկա պատգամավորի պնդումը հավաստող որևէ վիճակագրություն, որ տարիներ շարունակ Հայաստանի բնակիչները Հայաստանից արտագաղթել են միայն «արու զավակներին բանակից ազատելու համար»:
Ըստ նախագծի հեղինակի` 10 միլիոն դրամ պետական տուրք է որոշվել` հաշվի առնելով երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա միջին աշխատավարձի հաշվարկը:
Սրա վերաբերյալ չկա փորձագիտական վերլուծություն, թե օրինակ մեկ դիրքում պայմանագրային զինծառայողի և շարքային զինծառայողի համատեղ մարտական հերթապահությունը որքանով արդյունավետ կլինի:
Նախագիծը հակասում է Սահմանադրությանը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն` պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երկրի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է։ Օրենքի համաձայն` շարքային կազմի ծառայության ժամկետ է սահմանվում 24 ամիսը, հետևաբար չի կարող արագացված ընթացակարգով` մեկ ամսով ծառայությունը ևս համարվել զինվորական ծառայության տեսակ այնպես, ինչպես երկու տարվա պարտադիր զինվորական ծառայությունն է:
Այդ դեպքում կստացվի անհավասար սահմանադրական պարտավորություններ` շարքային կազմի զինծառայողների համար:
Նախագծի հեղինակը որպես համանման գործող կարգ է հղում կատարել Թուրքիայում գործող զինծառայության կարգը, որտեղ սահմանված գումարը վճարելուց հետո զորակոչիկը ծառայում է 21 օր: Ընդգծենք, որ Հայաստանի և Թուրքիայի զինծառայությունները պարզապես չեն կարող համեմատվել միմյանց հետ: Թուրքական բանակը կազմված է ցամաքային զորքերից, նավատորմից և ռազմաօդային ուժերից: Թուրքիան իր զինված ուժերի թվաքանակով աշխարհում ութերորդ երկիրն է:
Վերջում ավելացնենք, որ այս նախագծից կարող են օգտվել ոչ միայն նրանք, ովքեր ըստ նախագծի հեղինակի «տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների», այլ նաև նրանք, որոնք նման միջոցների չեն տիրապետում, սակայն ամեն գնով ցանկանում են խուսափել զինծառայությունից:
Այս և այլ հարցերի վերաբերյալ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Հայկ Սարգսյանից, սակայն վերջինս հրաժարվեց հարցազրույցից:
Լուսանկարը` Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել