HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Բժիշկները «սխալի» համար չեն դատապարտվում․ նրանք արդարացվում են

2014թ մարտի 4-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահանում է 54-ամյա Մարիետա Վասիլյանը: Նա ունեցել է առողջական խնդիրներ, վիրահատության արդյունքում հեռացվել է նրա արգանդը: Սակայն վիրահատությունից մեկ շաբաթ անց նրա մոտ ախտորոշվել է պերիտոնիտ, ինչից նա մահացել է:Հարազատները նշել են, որ երկրորդ վիրահատությունից հետո բժիշկ Աշոտ Սիրունյանը իրենց տեղեկացրել է, որ առաջին վիրահատության ժամանակ էլեկտրական դանակով պատահաբար վնասվել է հիվանդի աղիքը, կղանքի մասերը լցվել են փորի մեջ՝ առաջացնելով օրգանիզմի թունավորում, որից և սկսել է սեպսիս (արյան վարակ): Սակայն մահվանից ընդամենը կես տարի անց փորձագիտական հանձնաժողովը հայտարարել է, որ «աղիների ծակվելու իրական պատճառը անհնար է պարզել»:

Աղբյուրը՝ armlur.am

2016թ․

2016թ հունվարի 20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է ծննդկան Արաքսյա Դանիելյանը, ում մոտ նախնական հարբուխ է ախտորոշվել:

Քննչական կոմիտեից հայտնել են՝ բժիշկ «Անդրանիկ Պապոյանի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում միայն 3-րդ օրն է կինը ենթարկվել ռենտգեն հետազոտության, ինչի արդյունքում ախտորոշվել է երկկողմանի սուր թոքաբորբ, որից հետո Ա. Դանիելյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ, իսկ այնտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ստացիոնար բուժման, որտեղ էլ հունվարի 13-ին մահացել է»: 

Աղբյուրը՝ pastinfo.am

2017թ․ 

57-ամյա Արմեն Ադամյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց: Նրա մայրը նշում է, որ որդու մահը վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանի և բժիշկ Լևոն Առլովի ցուցաբերած ոչ պատշաճ մասնագիտական գործողությունների պատճառով էր, ինչի հետևանքով որդին մահացել է: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը armtimes.com -ին հայտնել է, որ «այն, ինչ-որ իրենք են հայտնաբերել, բուժման ենթակա չէր»:

Աղբյուրը՝ armtimes.com

2018թ

2018թ հունվարի վերջին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 19-ամյա ծննդկան Լիլիթ Խոսրովյանը: Հարազատների պնդմամբ՝ աղջկա մահը վերջինիս բժիշկ՝ Դավիթ Աբովյանի անփութության պատճառով է: Բժիշկը չի արել կեսարյան հատում, ինչպես նախօրոք ասել էր, իսկ ծննդաբերությունից հետո վատ վիճակում՝ ցավերով և ջերմությամբ դուրս է գրել հիվանդին՝ վստահեցնելով, որ «մտահոգվելու առիթ չկա»: Սակայն Լիլիթի վիճակը կտրուկ վատացել է, նորից բերել են «Էրեբունի» ԲԿ, վիրահատել են, հեռացրել՝ արգանդը, սակայն նա մահացել է: 

Ծննդկանի բժիշկ Դավիթ Աբովյանը factor.am-ին հայտնել է, որ «իր համար հասկանալի են մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքները. «Իրենք երեխա են կորցրել և ինչ-որ մեկին պետք է մեղադրեն»»:

Հավելենք, որ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը մոտ 9 տարի առաջ հեռացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնից, քանի որ իր «բժշկական սխալի» պատճառով նորածին էր մահացել:

Աղբյուրը՝ factor.am

2019թ․

2019թ. օգոստոսի 1-ին եւ 2-ին Վեդիի ծննդատանը մահացել են 29–ամյա ծննդկան Քնարիկ Մանուկյանը և նրա նորածինը։ Բժիշկների խորհրդով՝ Ք. Մանուկյանն ինքնուրույն էր ծննդաբերել արդեն մահացած երեխային, որից հետո սկսվել էր արյունահոսություն։ Ժամեր անց մահացել էր նաև Քնարիկը:

Վեդիի ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթևոսյանը, ով ներկա է եղել ծննդաբերության պրոցեսի ժամանակ,  news.am-ին հայտնել է, որ «իրենք նվիրված են մասնագիտությանը», և իրենց ծննդատան ցուցանիշները «լավագույնն են». «Մենք չենք ասում՝ մենք անմեղ ենք, բայց վերևը Աստված, մենք արել ենք մարզային հնարավորությունների վերին սահմանում»,- հայտնել է նա:

Աղբյուրը՝ news.am

Սրանք ընդամենը մամուլում հրապարակված մի քանի դեպքեր են:

«Հետք»-ն ուսումնասիրել է առողջապահական ոլորտին առնչվող քրեական գործերը, որոնց գերակշիռ մասը` 95 %, վերաբերում է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածին, այն է՝ բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որը նաև հանգեցրել է հիվանդի մահվան:

 Հոդված 130

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Վերջին 5 տարիների ընթացքում բժշկական սխալի մասով հարուցված քրեական գործերի թիվն աճում է․ 2015թ համեմատ 2019թ. դրանց թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 113-ի:

ՔՕ 130-րդ հոդվածով հարուցված քրեական գործերում գերակշռում են բժշկական սխալի հետևանքով հիվանդի մահվան դեպքերը: Մասնավորապես, նույն հոդվածով հարուցված  430 քրեական գործից 322-ը դեպքը, այսինքն՝ 75 %-ը, վերաբերում է բժշկի մեղքով առաջացած հիվանդի մահվան: Մնացածները՝ բժշկական սխալի հետևանքով հիվանդի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելուն:

2015-2019թթ հարուցվել է նաև 4 քրեական գործ՝ ՔՕ 130 հ. 1 մասով՝ բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև՝ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, որոնցից 3-ը կարճվել են, 1-ը գնացել է դատարան։

Բժշկական սխալ
Infogram

Բժշկական սխալի դեպքերով հարուցված քրեական գործերը հազվադեպ են, որ բերում են պատժի կրման: Ավելին, բժշկական սխալի վերաբերյալ հարուցված քրեական գործերի ընդամենը 3,6 %-ն է հասնում դատարան, իսկ մնացածը կա՛մ կարճվում են, կա՛մ կասեցվում, կա՛մ փակվում ՝ արդարացուցիչ հիմքերով:

Հիվանդի մահվան դեպքերով հարուցված քրեական գործերում արդարացվում են բժիշկների 36 %-ը, իսկ առողջությանը վնաս պատճառելու գործերում՝ 31 %-ը։ Բժիշկները հիմնականում արդարացվում են՝ «բացակայում է հանցագործության դեպքը», (ՔԴՕ 35մ1կ1 ) կամ՝ «արարքի մեջ չի եղել հանցակազմ» (ՔԴՕ 35մ1կ2) հոդվածների հիմքերով։

Մնացած քրեական գործերի մեծամասնություն կարճվում է, քանի որ «հայտնի չի լինում անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ» (ՔԴՕ 31մ1կ1)։

Գործերի մոտ 10 %-ը եղել են քննության համար ժամկետանց, 87 գործ դեռևս քննության փուլում է։

«Հետք»-ը տարիների շարունակ քանիցս անդրադարձել է բժշկական սխալի հետևանքով հիվանդի մահվան կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերին, սակայն ուսումնասիրված դեպքերում ևս որևէ բժիշկ օրենքի առաջ պատասխանատվության չի ենթարկվել։ Որոշ դեպքերում նույնիսկ քրեական գործն է դժվարությամբ հարուցվել։

Բժշկական սխալի թեմայով ՝

l-NjgILR8aPh.jpg (109 KB) l-7uUXQyKQui.jpg (74 KB) 11181582_793261107460880_855687277932616114_n.jpg (58 KB) surenavan_02.jpg (110 KB) l-4Zk9YqL8z1.jpg (91 KB) 00002.MTS.Still001.jpg (959 KB)

Հիմնական պատճառներից մեկն այն է, որ բժշկական սխալների վերաբերյալ դատական գործերում որպես ծանրակշիռ ապացույց դիտարկվում է բժշկական հանձնաժողովի տված փորձագիտական եզրակացությունը։

Հանձնաժողովի անդամ բժիշկները երբեմն կարող են լինել նույն բժշկական հաստատությունից, որտեղ որ դեպքը տեղի է ունեցել, և այսպես կոչված, «բժշկական սոլիդարությունը» թույլ չի տալիս մեկ այլ բժշկի դեմ «մեղադրական» եզրակացություն տալ։

Այս կարծիքին են նաև այն փաստաբանները, որոնք որ զբաղվել են նմանատիպ քրեական գործերով։

Բժիշկները «չեն սխալվում»․ 27-ամյա երիտասարդի մահվան համար ոչ ոք չպատժվեց

Առողջապահական ոլորտին վերաբերող մյուս քրեական գործերին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter