
Պոչամբարների ռիսկի վերլուծություն, ինչպես օրենքն է պահանջում, չի արվում
Պոչամբարները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ), որոնք գրանցվում են համապատասխան պետական ռեեստրում եւ պարբերաբար ենթարկվում փորձաքննության: ԱՎՕ-ների ռեեստրը վարում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ԱԻՆ-ից հայտնել են, որ ներկա պահին ռեեստրում իբրեւ ԱՎՕ գրանցված է 16 պոչամբար: Դրանցից 10-ը գտնվում է Սյունիքի մարզում, 4-ը՝ Լոռիում, 1-ական՝ Արագածոտնում եւ Արարատում:
Այս պոչամբարներին դեռ կանդրադառնանք, բայց հիմա խոսենք դրանց տեխնիկական անվտանգության ապահովման մասին:
Պոչամբարները տարեկան գոնե մեկ անգամ պիտի փորձաքննվեն
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ արտադրական վտանգավոր օբյեկտները ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության: Նման փորձաքննություն իրականացվում է 3 փուլում՝ նախագծային փաստաթղթերի նկատմամբ (մինչեւ դրանց հաստատումը), գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ (մինչեւ գործարկումը կամ վերագործարկումը) եւ շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ (ռեեստրում դրանց գրանցվելուց հետո):
Նշենք, որ հաշվառվում եւ տեխնիկական քննության են ենթարկվում նաեւ տեխնածին վթարների դեպքերն ու մահացու կամ ծանր ելք ունեցած արտադրական դժբախտ դեպքերը:
Օրենքը պահանջում է, որ շահագործվող ԱՎՕ-ները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվեն տեխնիկական փորձաքննության: Փորձաքննություն իրականացնելու եւ դրանից բխող դրական կամ բացասական փորձագիտական եզրակացություն տալու իրավունք ունեն ԱԻՆ-ին ենթակա «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ հավատարմագրված ու նախարարության կողմից հաշվառված ընկերությունները կամ անհատ ձեռներեցները: Տվյալ ԱՎՕ-ն շահագործողը փորձաքննության համար պայմանագիր է կնքում նշված ՊՈԱԿ-ի կամ հավատարմագրված որեւէ անձի հետ:
Հանքարդյունաբերության ոլորտում բացասական եզրակացություններ չեն տրվել
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Գեւորգյանն ասում է, որ եթե փորձագիտական եզրակացությունը բացասական է, տվյալ օբյեկտը շահագործվել չի կարող: Նաեւ հնարավոր է, որ փորձաքննողը հայտնաբերի թերություններ, որոնք, սակայն,տվյալ պահին տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում: Այդ դեպքում կազմվում է թերությունները վերացնելու միջոցառումների ծրագիր, որը շահագործողը պարտավոր է իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի, ինչից հետո միայն կարող է ստանալ դրական եզրակացություն:
Մեր հարցին, թե արդյոք հանքարդյունաբերողները պահպանում են օրենքի պահանջը տարեկան առնվազն մեկ անգամ փորձաքննություն անցկացնելու մասով, Վ. Գեւորգյանը դրական պատասխան է տալիս: Ըստ նրա՝ երբ լրանում է եզրակացության ժամկետը, հանքարդյունաբերողները նոր պայմանագրեր են կնքում, թեեւ կան նաեւ երկարաժամկետ պայմանագրերով համագործակցելու դեպքեր:
Վարդան Գեւորգյանն ասում է, որ 2018-ին իրենց կենտրոնը 47 բացասական եզրակացություն է տվել, որոնց մեծը մասը վերելակների գործունեությանն է առնչվում:
«Հանքարդյունաբերության մեջ բացասական եզրակացություններ չեն տրվել, փոխարենը տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, եւ շտկվել է: Չենք հանդիպել այնպիսի թերությունների, որոնք վթարի կարող են հանգեցնել»,- նշում է կենտրոնի տնօրենը:
Վերջինիս խոսքով՝ ՊՈԱԿ-ի փորձագետները մասնագիտացած են ըստ ոլորտների եւ ունեն երկար տարիների փորձ: Կոնկրետ պոչամբարների տեխնիկական անվտանգության փորձաքննություն այս կենտրոնում իրականացնում է 5 հոգի, այդ թվում՝ փոխտնօրենը: Վ. Գեւորգյանն ասում է, թե մասնագետների այս քանակը բավարար է:
Կենտրոնի խնդիրը պոչերի ճիշտ տեղաբաշխումն է
Վարդան Գեւորգյանը 2014-2016 թթ. եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ադմինիստրատիվ տնօրեն Վահե Հակոբյանի տեղակալը: Հիշեցնենք, որ Հակոբյանը 2016-2018 թթ. Սյունիքի մարզպետն էր, իսկ այսօր կրկին աշխատում է ԶՊՄԿ-ում: Իր հերթին Վ. Գեւորգյանը 2016-2017 թթ. եղել է կոմբինատի տրանսպորտի դեպարտամենտի ղեկավարը, իսկ 2017-ին նշանակվել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Գեւորգյանի տեղակալ Խաչատուր Բաբայանն էլ նախկինում աշխատել է գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի «Ջի Էմ Մաղարո» ընկերությունում, եղել Մղարթի ոսկու հանքի տնօրեն:
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավարն ասում է, որ իրենց լիազորությունները պոչամբարների անվտանգության ապահովման ոլորտում սահմանափակ են: Որպես օրինակ բերում է ԶՊՄԿ-ի կողմից շահագործվող եւ Հայաստանում իր ծավալներով ամենամեծ (նախագծային ծավալը՝ 325 մլն խմ) Արծվանիկի պոչամբարը:
«Խնդիրն այսպիսին է. Արծվանիկի պոչամբարն ունի լճակ, որտեղ կուտակվում են պոչերը: Մենք պետք է ապահովենք այդ լճակի ճիշտ տեղաբաշխումը, որպեսզի պոչը մի տեղում չկուտակվի եւ չխախտի բալանսը պատվարի վրա կամ ծանրաբեռնվածություն ունենա, այլ բոլոր շիթերով պետք է հավասարապես բաշխվի լճակի վրա, հարթեցվի, եւ գործընթացը ճիշտ գնա: Մենք պատասխանատու ենք այդ ցիկլի համար»,- ասում է Վ. Գեւորգյանը:
Այլ կերպ ասած՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն զբաղվում է պոչամբարներում պոչանքի անվտանգ տեղաբաշխումն ապահովելով: ԱԻՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանն էլ իր հերթին «Հետքին» հայտնել է, որ կենտրոնը վերահսկողական որեւէ լիազորություն չունի. «ՊՈԱԿ-ը օրենքին համապատասխան իրականացնում է միայն արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա: Նշված կառույցը թե՛ արտադրական վտանգավոր օբյեկտների եւ թե՛ այլ օբյեկտների նկատմամբ, այդ թվում՝ պոչամբարների պատվարների, վերահսկողություն իրականացնող մարմին չի հանդիսանում՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով նման գործառույթ չունենալու հիմքով»:
Միաժամանակ, ըստ Ա. Գրիգորյանի, ԱՎՕ-ների տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող պետական մարմինը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:
Վթարի ռիսկի վերլուծություն եւ գնահատում չի կատարվել
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը նշում է, որ լիազոր մարմնի՝ ԱԻՆ-ի իրավասությունների մեջ է մտնում արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի ռիսկի վերլուծությունն ու գնահատումը, որոնց միջոցով ԱՎՕ-ները դասակարգվում են ըստ վտանգավորության աստիճանի: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Գեւորգյանն ասում է, որ չնայած օրենսդրորեն ԱԻՆ-ն է ռիսկի վերլուծություն եւ գնահատում իրականացնողն ու ԱՎՕ-ների ռեեստր վարողը, ՊՈԱԿ-ը հարց է բարձրացրել, որ նշված գործառույթները հանձնվեն իրեն:
«ԱՊՀ-ն արտադրական անվտանգության խորհուրդ ունի, որի նախագահողն անցյալ տարի մենք էինք: Այդ ժամանակ էլ որոշեցինք բարձրացնել ռիսկի վերլուծություն անելու հարցը, որովհետեւ դա անհրաժեշտ պայման է»,- նշում է Վարդան Գեւորգյանը, իսկ հարցին, թե արդյոք նախարարությունը մինչ օրս կատարել է ԱՎՕ-ների ռիսկի վերլուծություն եւ գնահատում, պատասխանում է, որ շատ վաղուց է արել:
Մենք ԱԻՆ-ին խնդրել էինք ներկայացնել ԱՎՕ հանդիսացող ՀՀ յուրաքանչյուր պոչամբարի վտանգավորության աստիճանը, ինչին գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը պատասխանել է. «Արտադրական վտանգավոր օբյեկտների ռիսկի վերլուծության մեթոդաբանությունը դեռեւս գտնվում է մշակման փուլում, իսկ պոչամբարների վտանգավորության աստիճանները դեռեւս դասակարգված չեն»: Շեշտենք, որ 2005 թ. ընդունված օրենքում ռիսկի վերլուծության պատասխանատուն եղել է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, սակայն 2010-ին գործառույթը հանձնվել է ԱԻՆ-ին, որը, փաստորեն, մինչ օրս չունի մեթոդաբանություն:
Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ռիսկերը չեն ապահովագրվում
Վարդան Գեւորգյանը հաստատում է, որ օրենքում կան դրույթներ, որոնք մինչեւ հիմա ի կատար չեն ածվում: Նման դրույթներից մեկն էլ, որը գործում է 2005-ից ի վեր, վերաբերում է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործողների կողմից մի շարք ռիսկերի ապահովագրությանը: Այդ ռիսկերն են՝ ԱՎՕ-ի շահագործման ընթացքում եւ դրա հետեւանքով աշխատողների կյանքին, առողջությանը եւ գույքին պատճառված վնասները, ԱՎՕ-ի աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն դրանց արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը եւ գույքին պատճառված վնասները, ԱՎՕ-ի շահագործման ընթացքում եւ դրա հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված վնասները:
«Հետքի» զրուցակիցն ասում է, թե նշված դրույթը չի կիրառվել, քանի որ կատարումը պայմանավորված էր ծախսերով: «Երբ մենք դիմեցինք Կենտրոնական բանկին ապահովագրության հարցով, մեզ ասացին, որ դա կապված է ծախսերի հետ: Երբ փորձեցինք աշխատել ապահովագրական ընկերությունների հետ, ասացին, թե իրենք ի վիճակի չեն ապահովագրել շրջակա միջավայրը, դա մեծ գումարների հետ է կապված»,- նկատում է Վ. Գեւորգյանը:
Առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը, լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, Լարիսա Փարեմուզյանի
Մեկնաբանել