HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պոչամբարները՝ մեկ քարտեզում

Սկիզբը

Հայաստանի արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում, որը վարում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրանցված է 16 պոչամբար: Սակայն սա մեր երկրում առկա բոլոր պոչամբարների իրական թիվը չէ, քանի որ դրանք ավելի շատ են՝ 25 հատ: Շեշտենք, որ խոսքը ոչ թե թափոնակույտերի (լցակույտերի), այլ հենց պոչամբար կոչվող արտադրական կառույցների մասին է:

Պոչամբար՝ սովորաբար ծալքավոր տեղանքում կառուցված հիդրոտեխնիկական կառույց՝ նախատեսված հանքահարստացումից հետո առաջացած նյութերի, դրանց նստվածքների ու պոչային խյուսի կուտակման, արտադրական հոսքային ջրերի հավաքման եւ մաքրման համար:

ՀՀ կառավարության 1277-Ն որոշում, 29.10.2009

 

Պոչամբարներով հագեցած է հատկապես Սյունիքի մարզը, որտեղ նման 12 կառույց կա: Լոռիում էլ կա 9 պոչամբար: Հենց այս մարզերն են Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության գլխավոր գոտիները: Մենք քարտեզագրել ենք նշված 25 պոչամբարները՝ դասակարգելով ըստ խմբերի՝ գործող, չգործող, ռեկուլտիվացման ենթակա, ռեկուլտիվացված:

* Քարտեզում գույներով նշված են պոչամբարները
կապույտ - գործող 
կանաչ - չգործող 
նարնջագույն - ռեկուլտիվացման ենթակա
դարչնագույն- ռեկուլտիվացված

Այս հոդվածում կանդրադառնանք Սյունիքի մարզի պոչամբարներին:

Սյունիք

Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերողը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, շահագործում է 1 պոչամբար՝ Արծվանիկի պոչամբարը, որն ամենամեծն է Հայաստանում եւ համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում: Այս կառույցի մասին գրել ենք: Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի հարեւանությամբ գտնվող Արծվանիկի պոչամբարի նախագծային ծավալը 325 մլն խմ է, սակայն չի բացառվում, որ ապագայում, երբ այդ ծավալն ամբողջությամբ լցվի պոչերով, նոր ծավալ սահմանվի՝ 398 մլն խմ, ինչի մասին ԶՊՄԿ-ն մտածում է:

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք պոչամբարների տեխնիկական անվտանգության փորձաքննություններին, որոնք իրականացնում են ԱԻՆ-ին ենթակա «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ հավատարմագրված ու նախարարության կողմից հաշվառված ընկերությունները կամ անհատ ձեռներեցները: ՊՈԱԿ-ից խնդրել եւ ստացել ենք ԱՎՕ-ների ռեեստրում հաշվառված 16 պոչամբարների վերաբերյալ վերջին փորձաքննությունների պատճենները: Դրանք կհրապարակենք հաջորդ հոդվածում, բայց ասենք, որ բոլոր փորձաքննությունների եզրակացությունները դրական են, այնինչ եթե բացասական լիներ որեւէ մեկը, ապա տվյալ պոչամբարը շահագործվել չէր կարող: Այսինքն՝ ինչպես ընդունված է ասել, թղթերով ամեն ինչ կարգին է: Նշենք, որ տեխանվտանգության փորձաքննությունը, ըստ վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գեւորգյանի, պոչամբարում ստուգում է պոչանքի անվտանգ տեղաբաշխումը:  

Քաջարան քաղաքում գործող ԶՊՄԿ-ն ժամանակին շահագործել է եւս 3 պոչամբար, որոնք կոնսերվացվել են (շահագործումից հանվել են) դեռ խորհրդային տարիներին: Կոնսերվացիայից բացի՝ դրանք նաեւ ռեկուլտիվացված են (ծածկված են հողի շերտով), ինչը կարեւոր է բնության վերականգնման եւ հասցվող վնասների չեզոքացման տեսանկյունից: Իհարկե, այլ հարց է, թե որքան արդյունավետ է արվել ռեկուլտիվացումը, քանի որ նույն Ողջիի պոչամբարի մակերեսին ժամանակի ընթացքում գոյացել էին բաց հատվածներ:

Ողջիի պոչամբարի ծավալների վերաբերյալ թվերը տարբեր են: ԱԻՆ-ի տվյալներով՝ դրա նախագծային ծավալը եղել է 30 մլն խմ, որից լցվել է 10 մլն խմ-ն, այնինչ ԵՊՀ գիտական տեղեկագրում հրապարակված «ՀՀ հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» հոդվածում (2014 թ.) նշվում է, որ 1977-ին կոնսերվացված Ողջիի պոչամբարում առկա է 19,4 մլն խմ թափոն: Ողջի գետի հունում գտնվող պոչամբարից քիչ հեռու է դրա աջ վտակ Փուխրուտի համանուն պոչամբարը, որն, ըստ ԱԻՆ-ի, ունի 3,2 մլն խմ նախագծային ծավալ եւ ամբողջությամբ լցված է, այնինչ ԵՊՀ տեղեկագրում նախագծային ծավալը նշվում է 6 մլն խմ: Փուխրուտը կոնսերվացվել է 1969-ին: Արծվանիկի, Ողջիի եւ Փուխրուտի պոչանքների վերամշակման ծրագրի եւ դրա ոդիսականի մասին գրել ենք: Քաջարան քաղաքի տարածքում էլ գտնվում է Դարազամիի պոչամբարը (Ողջիի աջափնյա Դարափի կամ Դարազամի վտակի հունում), որը հայտնի է այլ անուններով եւս՝ Դարա-Զամիի, Դարաձորի, Քաջարանի: Այն կոնսերվացվել է 1961-ին: ԱԻՆ-ի համաձայն՝ լցված է դրա ամբողջ ծավալը՝ 3 մլն խմ-ն, իսկ ԵՊՀ տեղեկագրի փոխանցմամբ՝ այդքան (3 մլն խմ) պոչանք կա 4 մլն նախագծային ծավալով կառույցում:

Տեխանվտանգության փորձաքննության եւ ռեեստրի վերաբերյալ մանրամասները սահմանող «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքն ընդունվել է 2005-ին եւ ուժի մեջ մտել 2006-ի հունվարի 1-ից: Հենց 2006-ից էլ արտադրական վտանգավոր օբյեկտները սկսել են գրանցվել ԱՎՕ-ների ռեեստրում: ԶՊՄԿ-ի կողմից շահագործված ու շահագործվող բոլոր 4 պոչամբարները ռեեստրում հաշվառվել են 2006-ի օգոստոսի 15-ին:

Մեր հարցին, թե ինչու են կոնսերվացված կամ ռեկուլտիվացված պոչամբարները հաշվառվում ԱՎՕ-ների ռեեստրում, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գեւորգյանը պատասխանել է, որ, համաձայն օրենքի, ԱՎՕ-ի գրանցումը դադարեցվում է երկու դեպքում. առաջին՝ ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության հիման վրա տվյալ օբյեկտն ապամոնտաժվել է, երկրորդ՝ առկա է փորձագիտական եզրակացություն, որում նշված են ԱՎՕ-ի՝ շահագործելու համար ոչ պիտանի լինելու, ծառայության ժամկետի սպառման, պաշարի սպառման հանգամանքները, կամ օբյեկտի նկատմամբ կիրառելի են ապամոնտաժվելու փաստը արձանագրելու համար հիմք համարվող այլ հանգամանքներ:

«Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական նորմը՝ տեղեկացնում եմ, որ կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցումը չի կարող դադարեցվել, հետեւաբար նշվածի հիմքով կոնսերվացված պոչամբարների տվյալները պահպանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստրում»,- հայտնել է Վ. Գեւորգյանը: Այսինքն՝ այս նորմի հիման վրա ԶՊՄԿ-ի նախկին 3 պոչամբարները (Ողջիի, Փուխրուտի, Դարազամիի) շարունակում են փորձաքննվել, ինչի համար պատասխանատու է հենց կոմբինատը: 

Ըստ վերոնշյալ օրենքի՝ յուրաքանչյուր ԱՎՕ, այդ թվում՝ պոչամբար, պետք է տարեկան գոնե մեկ անգամ անցնի տեխանվտանգության փորձաքննություն: Արծվանիկի պոչամբարը վերջին փորձաքննության եզրակացությունն ստացել է 2019 թ. նոյեմբերի 1-ին Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից: Ավելորդ չէ հիշեցնել, որ կենտրոնի տնօրեն Վ. Գեւորգյանը նախկինում փոխտնօրեն է աշխատել ԶՊՄԿ-ում: Ինչ վերաբերում է կոնսերվացված 3 պոչամբարներին, ապա դրանց վերաբերյալ եզրակացությունները կազմվել են 2019 թ. հոկտեմբերի 15-ին: Բոլոր 4 պոչամբարներն էլ ստացել են դրական եզրակացություն:

Ողջիի աջափնյա Գեղանուշ վտակի կիրճում է գտնվում Գեղանուշի պոչամբարը, որը շահագործում է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ): Պոչամբարի նախագծային ծավալը 11,37 մլն խմ է, այս կառույցի մասին եւս նախկինում գրել ենք: Գեղանուշը ԱՎՕ-ների ռեեստրում հաշվառվել է 2008 թ. փետրվարի 12-ին՝ այն բանից հետո, երբ 2006-2007 թթ. կատարվել են դրա ընդլայնման եւ հակադարձ ջրամատակարարման (փակ շրջանառու համակարգ) կառուցման աշխատանքներ: Այս պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձաքննությունը եւս կատարել է վերը նշված ՊՈԱԿ-ը ու 2019 թ. հոկտեմբերի 15-ին տվել դրական եզրակացություն:      

Ինչպես տեսանք, Ողջի գետի ավազանում կա ԱՎՕ-ների ռեեստրում գրանցված 5 պոչամբար (2 գործող, 3 կոնսերվացված եւ ռեկուլտիվացված): Սակայն սա ամենը չէ, քանի որ Ողջիի ձախ վտակ Գեղիի ավազանում՝ Աջաբաջ գյուղի հարեւանությամբ, ժամանակին գործում էր Հանքասարի պոչամբարը, որտեղ կուտակվում էին «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի արտադրական թափոնները: Այս ընկերությունը պատկանում է ԶՊՄԿ-ին, սակայն սեփական արտադրանք չի տալիս:

2015 թվականի դրությամբ Հանքասարի պոչամբարը գրանցված էր ԱՎՕ-ների ռեեստրում, սակայն հիմա, չգիտես ինչու, դրանում նշված չէ: ԵՊՀ գիտական տեղեկագրում հրապարակված հոդվածի (2014 թ.) տվյալներով՝ այս պոչամբարի նախագծային ծավալը 2,5 մլն խմ է, որից լցված է 40 հազ. խմ-ն:    

Վերը նշված 6 պոչամբարները գտնվում են նախկին Կապանի շրջանում: Եվս 5 պոչամբար կա նախկին Մեղրիի շրջանում, որն այսօր դարձել է Մեղրի խոշորացված համայնք:

Դրանցից 3-ը շահագործում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Վերջինիս ամենամեծ՝ N1 պոչամբարը (Դարազամիի) գտնվում է Արաքսի ձախ վտակ Կարճեւանի ավազանում, նախագծային ծավալը 40,9 մլն խմ է:

N2 պոչամբարի (որոշ աղբյուրներում նշվում է իբրեւ Հովիտ N1) նախագծային ծավալը, ԱԻՆ-ի համաձայն, 9 մլն խմ է (ԵՊՀ տեղեկագրում՝ 9,1 մլն խմ), իսկ N3 պոչամբարինը (օգտագործվում է նաեւ Հովիտ N2 անվանումը)՝ 16 մլն խմ (ԵՊՀ տեղեկագրում՝ 17,9 մլն խմ):

Այս տարվա նոյեմբերի 25-ի դրությամբ Ագարակի կոմբինատի պոչամբարներում վերջին անգամ տեխանվտանգության փորձաքննություն արվել է անցյալ տարեվերջին, իսկ դրական եզրակացությունները տրվել են 2018-ի դեկտեմբերի 25-ին: Փորձաքննողը կրկին եղել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հավելենք, որ 3 պոչամբարներն էլ ԱՎՕ-ների ռեեստրում գրանցվել են 2006-ի հուլիսի 27-ին:

Ագարակի կոմբինատը, ի տարբերություն մյուս հանքարդյունաբերողների, գտնվում է համեմատաբար «աչքից հեռու», ինչը կարեւոր հանգամանք է, մասնավորապես, բնապահապնների ու լրատվամիջոցների կողմից դրա գործունեությունը վերահսկելու առումով (պետական մարմինների մասին լռում ենք): Այդուհանդերձ, «Հետքը» գրել է, թե ինչպիսի վնաս են հասցնում այս կոմբինատի թափոնաջրերը շրջակա միջավայրին: Կոմբինատի ու N1 պոչամբարի թունավոր ջրերն անցնում են Ագարակ քաղաքի միջով, ապա մյուս երկու պոչամբարների կեղտաջրերի պես լցվում Արաքս: Առաջ անցնելով՝ նշենք, որ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, ինչպես նաեւ Սոթքի ոսկու հանքն ու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն ռուսաստանցի գործարարների սեփականությունն են:

Մեղրի խոշորացված համայնքի տարածքում եւս 2 պոչամբար կա: Դրանք գտնվում են Մեղրի գետի հունում՝ Քաջարան-Մեղրի մայրուղու հարեւանությամբ՝ Թխկուտ գյուղի կողքին: «Սիփան-1» ՍՊԸ-ի անունով գրանցված պոչամբարները ռեեստրում հաշվառվել են 2006-ի օգոստոսի 22-ին, իսկ վերջին անգամ փորձաքննական եզրակացություն ստացել են 11 տարի առաջ՝ 2008-ի փետրվարի 26-ին: Փորձաքննողը եղել է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:

«Սիփան-1»-ը պատկանում է գործարար Սիլվա Համբարձումյանին եւ նախկինում շահագործում էր Սյունիքի մարզի Տերտերասարի ու Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրերը, որոնք միմյանցից հեռու չեն: Սակայն հետո երկրորդ հանքի շահագործման իրավունքը վերցվեց «Սիփան-1»-ից: Կին գործարարը նշել էր, որ այն հանձնվել է «Սագամար» ՓԲԸ-ին, որն արդյունահանում էր իրականացնում նաեւ Լոռու մարզի Արմանիսի հանքից: Իրականում, սակայն, Լիճքվազ-Թեյի թույլտվությունը տրվել էր «ԷլՎի Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ին (ներկայում կոչվում է «Լիճքվազ»): Բանն այն է, որ սրա եւ «Սագամարի» սեփականատերը նույն իրավաբանական անձն էր: Ս. Համբարձումյանն իր ընկերությանը թույլտվությունից զրկելու մեջ մեղադրել էր այն ժամանակվա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ նրա գործողությունները որակելով խուլիգանություն: «Սիփան-1» ՍՊԸ-ն 2015-ին սնանկ էր ճանաչվել, սակայն վճիռը բեկանվել էր վերաքննիչ ատյանում, այդուհանդերձ, 2018-ին ընկերությունը կրկին սնանկ է ճանաչվել:

Այսպիսով՝ ԱՎՕ-ների ռեեստրում «Սիփան-1»-ի անունով 2 պոչամբար կա, սակայն դրանք վաղուց փորձաքննություն չեն անցել, իսկ նախկին շահագործողն էլ սնանկ է: ԱԻՆ-ը որեւէ տվյալ չի հաղորդում պոչամբարների նախագծային ծավալի մասին, սակայն ԵՊՀ գիտական տեղեկագրում 2014-ին նշվել է, որ դրանցից մեկում 30 հազ. խմ պոչանք կա:

Սյունիքի մարզում եւս մեկ պոչամբար կա Դաստակերտ բնակավայրի հարեւանությամբ՝ Այրիգետի Կըշկոշտի (Կիշկոշտ) վտակի հունի վրա: Պոչամբարը խորհրդային տարիներին շահագործել է Դաստակերտի լեռնահարստացման կոմբինատը, որը փակվել է 1975-ին պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների սպառման հիմնավորմամբ: Դաստակերտի պոչամբարն, ըստ ԱԻՆ-ի, ուներ 3,1 մլն խմ նախագծային ծավալ, որից լցվել է 1,5-ը: Պոչամբարը, սակայն, գրանցված չէ ԱՎՕ-ների ռեեստրում:

«Հետքն» անդրադարձել է այս պոչամբարի ստեղծած բնապահպանական խնդիրներին: Կըշկոշտի գետը պոչամբարը շրջանցող ջրանցքով հոսելու փոխարեն վերջինիս քայքայված լինելու պատճառով վաղուց հոսում է հենց պոչանքների միջով, լվանում-քանդում կարծրացած լցակույտերն ու ամբողջ կեղտը Այրիգետի միջոցով տանում-լցնում Տոլորսի ջրամբար: Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանում այս պոչամբարը նշվում է որպես ռեկուլտիվացված, սակայն այն դժվար է համարել այդպիսին, քանի որ ստեղծված իրավիճակում այստեղ դեռ պետք է ռեկուլտիվացիա անել:    

Ճշտում. նյութի սկզբնական տարբերակում պոչամբարների ընդհանուր թիվը նշված է եղել 23, սակայն դրանց թիվը 25 է:  

Շարունակելի

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, Վահե Սարուխանյանի, Հրանտ Գալստյանի, Հայկական բնապահպանական ճակատի (առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը)

Մեկնաբանություններ (2)

Արամ Հարությույունյան
Շատ հետաքրքիր էր ձեր նյութը Շնորհակալություն
Սամվել Հովասափյան
Դեհ, ուրեմն հոն առաջ, աշխարհի վերջն է, որքան շուտ, այնքան լավ, թալանեք, թունավորեք՝ Հայաստանի ամբողջ տարածքը, ջրերը, օդը, ընդերքը, որ գալիք սերունդները չափսոսեն այն թուրքերին թողնելով․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter