HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պոչամբարները՝ բարձր վտանգավորության, չռեկուլտիվացված, լքված

սկիզբը

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք Սյունիքի մարզի 12 պոչամբարներին: Այժմ ներկայացնենք մյուս մարզերում առկա պոչամբարները:

Արարատ

Ռուսական արմատներով «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Արարատի պոչամբարը գտնվում է հայ-թուրքական սահմանի հարեւանությամբ: Այստեղ են կուտակվում Գեղարքունիքի Սոթքի ոսկու հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա տեղափոխված եւ վերամշակված հանքաքարից գոյացած թափոնները: Պոչամբարը տեղակայված է անմիջապես ձկնաբուծական տնտեսությունների՝ ջրավազանների կողքին: Սա էական հանգամանք է, քանի որ Արարատի ֆաբրիկայում ոսկին կորզվում է ցիանիդի միջոցով:

Արարատի պոչամբարի նախագծային ծավալը, համաձայն ԱԻՆ-ի, 11,5 մլն խմ է: Արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում պոչամբարը գրանցվել է 2006-ի օգոստոսի 14-ին: Հիշեցնենք, որ այս գրանցումը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջն է, իսկ վերջինս ուժի մեջ է մտել հենց 2006-ից: Վերջին անգամ պոչամբարը տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցել է այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին եւ դրական եզրակացություն ստացել հուլիսի 12-ին: Փորձաքննությունն իրականացրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:

ՀՀ պոչամբարների տեխանվտանգության փորձաքննությունների եզրակացությունները՝ ստորեւ

Փորձագիտական եզրակացության մեջ Արարատի պոչամբարի նկարագիրն այսպիսին է. «Պոչամբարը, որը գտնվում է Երեւան-Երասխ ավտոմայրուղու աջակողմյան հատվածում, հարստացման ֆաբրիկայից 5,7 կմ հեռավորության վրա, նախատեսված է հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերը պահեստավորելու համար: Ֆաբրիկայից պոչերը պոմպերի միջոցով պոչատարով մղվում են հարթավայրային պոչամբար, որը բաղկացած է ամբողջ պարագծով թմբապատված երկու ավազանից, որոնք պարփակված են պոչատար կոլեկտորով: Կարգավորիչ փականներով կարգավորվում է պոչերի պահեստավորումը պոչամբարի առանձին ավազաններում: Ավազանները լցվում են հերթականությամբ: Պատվարները կառուցվում են էքսկավատորի եւ բուլդոզերի միջոցով՝ օգտագործելով չորացած խյուսը: Կույտերից պարզեցված ջրերը լճակների ներսում տեղադրված պոմպերի միջոցով մղվում են պոչամբարի պոմպակայանի ջրահավաքիչ ամբարներ, որտեղից պոմպերի միջոցով տեխնիկական ջուրը մղվում է հարստացուցիչ ֆաբրիկա: Պոչամբարը ապահովված է լուսավորությամբ»: Փաստորեն, ըստ այս նկարագրի, Արարատի պոչամբարն աշխատում է ջրի փակ շրջանառու համակարգով:  

ԵՊՀ գիտական տեղեկագրում 2014 թ. հրապարակված «ՀՀ հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» հոդվածում (տես ստորեւ), հիմք ընդունելով թափոնների վտանգավորության դասակարգումը (1-5-րդ դասեր՝ չափազանց վտանգավորից մինչեւ գործնականորեն անվտանգ), նշվել է, որ Հայաստանի պոչամբարներում կուտակված թափոնները վտանգավորությամբ պետք է դասակարգել 2-րդ (բարձր վտանգավորության) եւ 3-րդ (չափավոր վտանգավոր) դասերում, այլ ոչ թե 4-րդում (քիչ վտանգավոր), ինչպես արվել է:

«Առավել վտանգավոր են տեխնոլոգիական գործընթացքում ցիանիդ օգտագործող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերը (2-րդ դաս), որոնց հաջորդում են կապարացինկային, պղնձային եւ պղնձամոլիբդենային հարստացուցիչ ֆաբրիկաների պոչերը (3-րդ դաս)»,- ասվում է գիտական հոդվածում: Իր հերթին ԲՆ-ն «Շրջակա միջավայրի վիճակը Հայաստանում 2002 թվականին» ազգային զեկույցում (2003 թ.) նշել էր, որ մեր երկրում կա 1-ին դասի վտանգավորության 3 պոչամբար՝ Արարատի, Գեղանուշի, Նահատակի:

Նշենք, որ 2017-ին կառավարությունն ընդունել է ընդերքօգտագործման թափոնների եւ դրանց օբյեկտների վտանգավորության դասակարգումը սահմանող նոր կարգ, որում եւս սահմանվում են 1-5-րդ դասեր:

* Քարտեզում գույներով նշված են պոչամբարները
կապույտ - գործող 
կանաչ - չգործող 
նարնջագույն - ռեկուլտիվացման ենթակա
դարչնագույն- ռեկուլտիվացված

Վերադառնալով Արարատի պոչամբարին՝ նշենք, որ վերջինս գործարկվել է 1976-ին, այնինչ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործվում է 1955-ից: Պարզվում է՝ ժամանակին հանքաքարի մշակումից գոյացած թափոնները կուտակվել են հենց Սոթք գյուղի հարեւանությամբ՝ Սեւանա լճի ավազանում: Այսպես՝ 2018 թ. բնապահապանության (ներկայում՝ շրջակա միջավայրի) նախարարությունը սկսել է ստեղծել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի եւ փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազա: Այս բազայում հիշատակվում է նաեւ Սոթքի պոչամբարը, որն առաջացել է 1955-1957 թթ. Սոթքի հանքից արդյունահանված հանքաքարի տեխնոլոգիական հարստացման արդյունքում: Նախկինում այստեղ է գտնվել Սոթքի փորձարարական հարստացման արտադրամասը: Այսինքն՝ հանքը, ֆաբրիկան եւ պոչամբարը հարեւանությամբ են գործել:

Ըստ վերոնշյալ բազայի՝ Սոթքի թափոնների փակված օբյեկտը տիրազուրկ է: Պոչամբարի մասին հիշատակում կա նաեւ ԱԻՆ-ի 2012 թ. ցուցակում, որտեղ նշվում է հետեւյալը. «Սոթքի ոսկու հանքավայրի մոտ առկա է պոչամբար, որը ոչ մի ձեռնարկության հաշվեկշռի վրա չէ: Ներկայում չի գործում»:

Արագածոտն

Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրի հարեւանությամբ է գտնվում Թուխմանուկի պոչամբարը, որը տարիներ առաջ օգտագործել է նույնանուն ոսկու հանքը շահագործած «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն: Ներկայում հանքարդյունահանում չի կատարվում: Ըստ ԱԻՆ-ի՝ պոչամբարը ԱՎՕ-ների ռեեստրում գրանցվել է 2010 թ. դեկտեմբերի 23-ին, սակայն մեզ տրամադրված դրական փորձագիտական եզրակացությունը, որը տվել է ««ԴԱՄԻ» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն, թվագրված է 2010-ի նոյեմբերի 15-ով: Սա նշանակում է, որ այն տրվել է պոչամբարի գործարկման փուլում՝ ռեեստրում հաշվառվելուց առաջ, այնինչ օրենքի պահանջով փորձաքննություններ պիտի կատարվեին նաեւ շահագործման ընթացքում: Ընդհանրապես, «Մեգո-Գոլդի» կարճատեւ գործունեությունից թե՛ Մելիքգյուղի բնակիչների, թե՛ բնապահպանների դժգոհությունները բազմաթիվ են եղել: Խոսքը եւ՛ էկոլոգիական խնդիրների, եւ՛ ՍՊԸ-ի ֆինանսական պարտավորությունների մասին է:

ԱԻՆ-ի տվյալներով՝ Թուխմանուկի պոչամբարի նախագծային ծավալը 90,5 հազ. խմ է (նշվում է 1 պոչամբար), որտեղ 2012-ի օգոստոսի դրությամբ կար 45 հազ. խմ պոչանք, իսկ ԵՊՀ գիտական տեղեկագրում հրապարակված վերոնշյալ հոդվածում (2014 թ.) ասվում է, որ Թուխմանուկի պոչամբարային տնտեսությունը բաղկացած է 2 պոչամբարից, որոնց ընդհանուր ծավալը 1,5 մլն խմ է:

2013-ին ԲՆ-ն բացասական եզրակացություն էր տվել «Մեգո-Գոլդ» ընկերության հայտին նոր պոչամբար կառուցելու վերաբերյալ: Դրան դեմ էին արտահայտվել նաեւ Մելիքգյուղի բնակիչները՝ նշելով, որ ՍՊԸ-ն դեռ չի ռեկուլտիվացրել մինչ այդ շահագործած 2 պոչամբարները: Ընկերությունը, սակայն, նախարարությանը խնդրել էր վերանայել նախագծի բնապահպանական մասն ու տալ դրական եզրակացությունը: «Մեգո-Գոլդը» նոր պոչամբարի համար ծրագրում էր 370 հազ. խմ նախագծային ծավալ: 2014-ին ԲՆ-ն համաձայնել էր նոր պոչամբար կառուցելու ծրագրին՝ առաջացնելով շատերի զարմանքն ու զայրույթը: 2015-ին հանքարդյունաբերողը ֆաբրիկայի ընդլայնման եւ նոր պոչամբար կառուցելու գործընթաց էր սկսել: Ընկերությունը ցանկանում էր լրամշակել հին պոչամբարներում կուտակված պոչանքը, ինչի մեջ, ըստ ՍՊԸ-ի, մնացած հարստություն կար: Նաեւ դա էր պատճառը, որ ընկերությունը նախկինում չէր շտապում ռեկուլտիվացնել դրանք:  

Ահա թե ինչ էր ասվում «Մեգո-Գոլդի» նոր նախագծում. «Հարստացուցիչ ֆաբրիկայի շահագործման արդյունքում առաջացած պոչերի պահեստավորման համար կառուցվել է 3 պոչամբար, որոնցում ներկայումս կուտակվել են մոտ 65 հազ. խմ պոչեր: 2013 թվականից պոչամբարները չեն շահագործվում՝ դրանց ծավալների սպառման պատճառով (նկատենք, որ 3-րդ պոչամբարի կառուցման նախագծին ԲՆ-ն միայն 2014-ին էր դրական եզրակացություն տվել- «Հետք»): 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին մեծ պոչամբարի մարմնի ներքին շեպում տեղի են ունեցել փլուզումներ, ինչը անհրաժեշտություն է առաջացրել վերակառուցելու եւ ուժեղացնելու պոչամբարի մարմինը: Ելնելով պոչամբարների վթարային իրավիճակից եւ նոր պոչամբարի կառուցման ոչ նպատակահարմարությունից՝ առաջանում է նաեւ 3 պոչամբարների միավորման խնդիր՝ ստեղծելով լրացուցիչ 140 հազ. խմ ծավալ, իսկ հետագայում բարձրացնելով նրա պատնեշը եւս 2 մ՝ ապահովելով 170-180 հազ. խմ ծավալ: Պոչամբարների թափոնները կտեղափոխվեն նոր կառուցվող ժամանակավոր պոչերի պահեստարան, որից հետո կսկսվեն հին վթարային պոչամբարների դեմոնտաժումը եւ նոր միասնական պոչամբարի կառուցումը: Նոր միասնական պոչամբարի կառուցումից հետո ժամանակավոր պահեստում կուտակված պոչերը ուղղվելու են հարստացուցիչ ֆաբրիկա՝ վերամշակվելու, այնուհետեւ՝ նոր կառուցված պոչամբար»: Թուխմանուկի հանքավայրի, ֆաբրիկայի ու պոչամբարների վերաբերյալ քննարկումների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այդուհանդերձ, 2016-ի նոյեմբերին դատարանը սնանկ է ճանաչել «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն: Մինչ օրս սնանկության գործընթացը շարունակվում է: Ընկերության հանդեպ լուծարման վարույթ առայժմ սկսված չէ: Մելիքգյուղի գյուղապետ Դերենիկ Շահբազյանը «Հետքին» հայտնել է, որ համայնքում կա «Մեգո-Գոլդից» ժառանգություն մնացած 2 պոչամբար, որոնք այդպես էլ չեն ռեկուլտիվացվել: 

Լոռի

Այս մարզը Սյունիքից հետո երկրորդն է իր պոչամբարների թվով:

Ինչպես Սոթքի եւ Թուխմանուկի երկրորդ պոչամբարի վերաբերյալ, այնպես էլ Արմանիսի պոչամբարի մասին որեւէ տեղեկություն չկա ԱՎՕ-ների ռեեստրում: Այս պոչամբարը շահագործել է «Սագամար» ՓԲԸ-ն, որն Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքից արդյունահանում կատարելու թույլտվություն ունի: 2015-ից, սակայն, հանքը չի շահագործվում: Արմանիսը Ստեփանավան համայնքի վարչատարածքային կազմում է: «Հետքը» նախկինում գրել է, որ պոչերն այստեղ պահվում են չոր եղանակով (թաց զանգվածը ջրազրկվում է, ապա պահեստավորվում), սակայն անդրադարձել ենք նաեւ դրանցով Ձորագետի Չքնաղ վտակն աղտոտելուն: Ընդ որում՝ Արմանիսի թափոնները կուտակվում են հենց Չքնաղի կիրճի պռնկին, որտեղից գետում հայտնվելն ամենեւին դժվար չէ, ինչն էլ մեծ էկոլոգիական խնդիրներ է ստեղծել Ձորագետի ավազանում:

«Սագամարն» Արմանիսի դպրոցում խաղահրապարակ կառուցելու համար նույնիսկ հանքարդյունաբերական շլակ (խարամ) էր լցրել դպրոցի մոտ, որը մասնագետների միջամտությունից հետո հեռացվել էր ուսումնական հաստատության տարածքից: ԵՊՀ գիտական տեղեկագրում 2014 թ. հրապարակված հոդվածի տվյալներով՝ Արմանիսի պոչամբարային տնտեսությունում եղել է 80 հազ. խմ պոչանք:

Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանների սահմանագլխին՝ Մղարթ, Կողես եւ Կարմիր Աղեկ գյուղերի միջակայքում են գտնվում ««Մուլտի Գրուպ» կոնցեռն» ՍՊԸ-ի 3 պոչամբարները: ԱԻՆ-ի կողմից մեզ տրամադրված ԱՎՕ-ների ցուցակում «Մուլտի Գրուպի» պոչամբարները ներկայացված են «հիդրոտեխնիկական կառույցներ (պոչամբար)» անվանման տակ, ինչից կարելի է ենթադրել, որ Մղարթի պոչամբարները մեկ արտադրական վտանգավոր օբյեկտ են, սակայն նախկինում ռեեստրում դրանք առանձին-առանձին են գրանցված եղել:

Ըստ այդմ՝ դրանցից մեկն ունեցել է 20 հազ. խմ ծավալ, մյուսը՝ 30 հազ. խմ, իսկ երրորդը՝ 50 հազ. խմ: Առաջին երկուսը նշված են եղել իբրեւ կոնսերվացված, վերջինը՝ գործող: ԵՊՀ տեղեկագրի տվյալներով էլ՝ 100 հազ. խմ ընդհանուր ծավալից լցված է 80 հազարը: Ինչպես գրել ենք, անցյալ տարի «Մուլտի Գրուպը» սկսել էր Մղարթում նոր հանքի բացման եւ նոր պոչամբարի կառուցման հանրային քննարկումները: Ի թիվս այլ ծրագրերի՝ ընկերությունը հայտարարել էր, որ ցանկանում է նոր պոչամբար կառուցել առկա երեքի տեղում:     

ԱՎՕ-ների ռեեստրում «Մուլտի Գրուպի» հիդրոտեխնիկական կառույցները հաշվառվել են 2006-ի օգոստոսի 22-ին: 2019-ի նոյեմբերի 25-ի դրությամբ դրանք վերջին անգամ փորձաքննվել են 2018-ի հոկտեմբերին ««ԴԱՄԻ» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից, դրական եզրակացությունն էլ տրվել է հոկտեմբերի 27-ին:

Պոչամբարներով հարուստ է Լոռու լեռնամետալուրգիական Ալավերդի-Ախթալա հատվածը:

Ալավերդու Մադան գյուղական թաղամասի անմիջական հարեւանությամբ առկա են մեծածավալ թափոններ: Ըստ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվական բազայի, որին վերեւում անդրադարձանք, այս թափոնները ձեւավորվել են Ալավերդու պղնձի հանքավայրի ավելի քան 250 տարվա երկրաբանական ուսումնասիրության եւ շահագործման արդյունքում: Դրանք ստորգետնյա լեռնային փորվածքների անցման եւ հանքաքարից մետաղի կորզման արդյունքում առաջացած լցակույտեր են, ինչպես նաեւ նշված հանքավայը շահագործած Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի գործունեության հետեւանքով առաջացած արտադրական մկնդեղի թափոններ:

ԱՎՕ-ների ռեեստրում Ալավերդու պոչամբարը ներկայացված չէ, սակայն, օրինակ, 2012 եւ 2015 թթ. այն առկա էր ռեեստրում «Արմենիան Քափըր Փրոգրամ» (կարճ՝ «Էյ-Սի-Փի») ՓԲԸ-ի անվամբ: Սա Ալավերդու նույն լեռնամետալուրգիական կոմբինատն է: Մի քանի տարի առաջ «Վալլեքս» խմբի ներկայացուցիչը («Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն այս խմբի ընկերություններից էր, իսկ հետո գրավադրվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկում) «Հետքին» հայտնել էր, թե «լցակույտերը որեւէ պատճառահետեւանքային կապ չունեն «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեության հետ, սակայն մենք պատրաստ ենք քննարկելու դրանց առաջացրած բնապահպանական վտանգների վերացման հարցում մեր մասնակցության հնարավորությունը ցանկացած շահագրգիռ սուբյեկտի հետ»: Սա անտրամաբանական հայտարարություն էր, սակայն հետագայում դարձավ իրականություն՝ հանքարդյունաբերողը թափոնների ռեկուլտիվացիա չարեց:

«Էյ-Սի-Փի» ընկերությունն Ալավերդու պղնձի հանքավայրը շահագործելու լիցենզիա էր ստացել 2004-ին, որը 2013-ին վերաձեւակերպվել էր եւ ուժի մեջ էր մինչեւ 2026 թ.: Այդուհանդերձ, 2008-ի նոյեմբերից ՓԲԸ-ն չի շահագործել հանքը, իսկ 2014-ի հոկտեմբերին հրաժարվել է իրեն տրված լիցենզիայից: Աղաղակող է այն հանգամանքը, որ առանց ռեկուլտիվացիա անելու՝ բնապահպանության այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանը 2015 թ. ՓԲԸ-ին տվել է հանքային իրավունքի օբյեկտ համարվող տեղամասից հրաժարման հավաստագիր: Մասնավորապես՝ 2005-ին հանքարդյունաբերողին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությամբ նախատեսվել էր, որ պղնձի հանքավայրի շահագործման ընթացքում որպես բնապահպանական միջոցառում իրականացվելու է մոտ 24 հազ. խմ ծավալով դատարկ ապարների լցակույտի տարածքի (6200 քմ) ռեկուլտիվացիա, որն այդպես էլ չի կատարվել:  

ՇՄՆ տեղեկատվական բազայի համաձայն՝ Մադանի հարեւանությամբ տարիներով կուտակված ընդերքօգտագործման թափոնները դիտարկվում են իբրեւ տիրազուրկ/լքված: Ըստ ԱԻՆ-ի հին տվյալների՝ Ալավերդու պոչամբարի նախագծային ծավալը եղել է 500 հազ. խմ, որից 2012 թ. օգոստոսին լցված է եղել 400 հազարը:     

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի անունով ԱՎՕ-ների ռեեստրում ներկայում գրանցված է 2 պոչամբար, սակայն հայտնի է, որ կոմբինատը շահագործել է 3-ը, որոնք ռեեստրում հաշվառված էին 2012 եւ 2015 թթ. դրությամբ: «Հետքը» պարբերաբար անդրադառնում է Ախթալայի ԼՀԿ-ի գործունեության հետեւանքով ծագած բնապահպանական խնդիրներին: ԱՎՕ-ների ռեեստրում 2006-ի սեպտեմբերի 4-ին գրանցվել է Պահեստի ձորի պոչամբարը (հայտնի է նաեւ որպես ՊՆ պահեստի ձորի, Պայթուցիկ նյութերի ձորի պոչամբար), որը գտնվում է Ախթալա խոշորացված համայնքի վարչական սահմաններում՝ դեպի Փոքր Այրում տանող ճանապարհի ձախ կողմում: Այն հիմնականում ծառայում է որպես վթարային ընդունման պոչամբար: 2010 թ. հոկտեմբերի 10-ին էլ հաշվառվել է Նահատակի պոչամբարը (Նահատակի ձորի), որը Մեծ Այրում գյուղի հարեւանությամբ է՝ դեպի Ճոճկան գնացող ճանապարհի աջ կողմում՝ Դեբեդի վտակ Նահատակի հունում:

2019-ի նոյեմբերի 25-ի դրությամբ այս կառույցները վերջին անգամ փորձաքննվել են անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Ընդ որում՝ թե՛ Պահեստի ձորում, թե՛ Նահատակում հայտնաբերվել են թերություններ, որոնց վերացման համար կազմվել է ծրագիր: Ավելի ուշ փորձագետը տեղեկացվել է, որ թերությունները վերացվել են, եւ 2018-ի նոյեմբերի 23-ին դրական եզրակացություն է տվել երկու պոչամբարներին:

Մեզ տրամադրած ցուցակում ԱԻՆ-ը դրանց ծավալները չի նշել, սակայն նախարարության նախկին տվյալներով (2012 եւ 2015 թթ.)՝ Պահեստի ձորի նախագծային ծավալը 450 հազ. խմ է, իսկ Նահատակի ձորինը՝ 3 մլն խմ (ԵՊՀ տեղեկագրում նախագծային ծավալները նշվում են համապատասխանաբար 400 հազ. խմ եւ 3,2 մլն խմ): «Հետքը» գրել է, որ Նահատակի պոչամբարը ներկայում ամբողջությամբ լցված է ու ենթակա է ռեկուլտիվացման:

Այս տարվա մարտին ԼՀԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը մեզ հայտնել էր, որ պոչերի չորացման ու խտացման արտադրամասի գործարկումից հետո մեկ տարվա ընթացքում ռեկուլտիվացնելու են Նահատակի ձորը: Արդեն այս հոկտեմբերին Խաչատրյանը նշել էր, թե նոր արտադրամասը կարողանում է չորացնել եւ խտացնել օրական առաջացող պոչերի 80 տոկոսը, որը բեռնատարներով տեղափոխվում է Շամլուղի հանքի հին փորվածքների մեջ ու ծածկվում հողով: Սակայն այսպիսի լուծումը եւս միանշանակ չէ. տեղի բնակիչներն ու բնապահպանները բարձրաձայնում են առողջական ու էկոլոգիական խնդիրների մասին: Ավելին՝ կոմբինատի ղեկավարությունը գարնանը նպատակ ուներ չորացրած պոչերը մի մասը լցնել ոչ թե հանքի տարածքում, այլ Պահեստի ձորի պոչամբար, որը հետո պիտի ռեկուլտիվացվեր, բայց արդեն աշնանը Ս. Խաչատրյանը դժգոհել էր, թե այդ կառույցը կոմբինատից մի քանի կմ հեռու է, իսկ պոչանքն այնտեղ տեղափոխելու համար նոր խողովակներ են պետք, ինչը ծախս է պահանջում: Ինչ վերաբերում է հանքաքարի մշակումից առաջացած պոչանքի մնացած 20 տոկոսին, ապա այն շարունակում է լցվել Նահատակի պոչամբար: «Կա՛մ պետք է լեռնահարստացման կոմբինատը ընդհանրապես փակվի, որ պոչանքը չգնա Նահատակի պոչամբար, կա՛մ պետք է մտածենք նոր պոչամբարի մասին»,- «Հետքին» ասել էր Սամվել Խաչատրյանը՝ հավելելով, թե պոչամբարի պատվարը դեռ 1 մետրով բարձրացնելու տեղ ունեն, իսկ դրա ռեկուլտիվացիան կարող են անել 2 տարի հետո: Ինչպես վերեւում ասվեց, 2003-ին հրապարակած իր ազգային զեկույցում ԲՆ-ն Նահատակը համարել էր երկրի 3 ամենավտանգավոր պոչամբարներից մեկը:

Ախթալայի ԼՀԿ-ն եւս մեկ պոչամբար ուներ հենց Ախթալայի մեջ: Խոսքը «Նազիկ» պոչամբարի մասին է, որը գտնվում է Դեբեդի ձախ վտակ Երիցվանք (հայտնի է նաեւ Ախթալա, Շամլուղ անուններով) գետի ավազանում: Պոչամբարը շահագործվել է 1967-1988 թթ., ապա կոնսերվացվել է: Այդուհանդերձ, 2000-ականների սկզբին կրկին սկսել է շահագործվել, բայց 2010-ին վերջնականապես փակվել է: Պոչամբարը ռեկուլտիվացիայի է ենթարկվել, իսկ 2012-ին տարածքում ծառատունկ է արվել: «Հետքը», սակայն, արձանագրել է, որ ծառերի մեծ մասը չի կպել, իսկ հողի մի մեծ զանգված էլ հոսել է՝ բացելով պոչանքները: Պոչամբարը նաեւ պատշաճ մեկուսացված չէ, այստեղ արածում են ախթալեցիների կովերը:

2018 թ. ՇՄՆ-ի կազմած տեղեկատվական բազայում պոչամբարի ռեկուլտիվացիայի մասին ասվում է հետեւյալը. «Համաձայն դաշտային դիտարկումների տվյալների՝ պոչամբարի ռեկուլտիվացիոն  աշխատանքները կատարված են ոչ լիարժեք, պոչամբարի պատվարը ենթարկված է էրոզիայի, դրանում կուտակված ընդերքօգտագործման թափոնների մեկուսացումը ապահով չէ: Ջրհեռացման համակարգը բացակայում է: Պոչամբարի մակերեսի ոչ բավարար մեկուսացման պատճառով մթնոլորտային տեղումները ներծծվում են, դուրս են գալիս պատվարի հատակային մասից դրենաժային հոսքաջրերի տեսքով եւ տարածվում են ռելիեֆով եւ թափվում Ախթալա գետը»:

«Նազիկի» նախագծային ծավալը, ըստ ԱԻՆ-ի, եղել է 500 հազ. խմ, որից լցված էր 400 հազարը: Վերոնշյալ տեղեկատվական բազայում նշվում է, թե, համաձայն ԱԻՆ-ի տվյալների, «Նազիկ» փակված պոչամբարը հաշվառված է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի հաշվեկշռում, սակայն, ինչպես նշեցինք, ԱԻՆ-ի կողմից «Հետքին» տրամադրված ցուցակում այս պոչամբարը ներկայում չկա: 

Լոռու մարզի ամենամեծ պոչամբարը, որը նաեւ Արծվանիկից հետո երկրորդն է Հայաստանում, Թեղուտի պոչամբարն է: Այն նաեւ մեր երկրի ամենանոր պոչամբարն է: Գտնվում է Թեղուտ գյուղի հարեւանությամբ՝ Դեբեդի աջ վտակ Շնողի ձախ օժանդակ Խառատանոցի (Պաղածոջուր, Պաղջուր) հունում: Ըստ ԱԻՆ-ի՝ նախագծային ծավալը 213 մլն խմ է: ԱՎՕ-ների ռեեստրում գրանցվել է 2015-ի հուլիսի 20-ին, վերջին անգամ տեխանվտանգության փորձաքննություն անցել է 2019-ի հունիս-հուլիսին եւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից դրական եզրակացություն ստացել հուլիսի 8-ին: Պոչամբարի շահագործողը «Թեղուտ» ՓԲԸ-ն է, որն այստեղ է կուտակում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրից արդյունահանված հանքաքարի մշակումից գոյացած թափոնները:

«Թեղուտ» ՓԲԸ-ն «Վալլեքս» խմբի հանքարդյունաբերող ընկերություններից էր, որոնց արտադրած խտանյութը ձուլվում էր Ալավերդու կոմբինատում («Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ): 2018-ի հունվարին «Թեղուտը» կանգնել էր դժվարությունների առաջ՝ դադարեցնելով հանքավայրի՝ 2014-ի վերջին մեկնարկած շահագործումը: Նույն վիճակում էր հայտնվել Ալավերդու պղնձաձուլարանը, որի հումքը, փաստորեն, նվազել էր: Ավելի ուշ՝ 2018-ի աշնանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ալավերդցիներին հայտնել էր, որ Թեղուտի հանքավայրը շահագործվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի տված 380 մլն դոլար վարկով։ 2018-ի սկզբին, սակայն, պարզվել էր, որ Թեղուտի պոչամբարը խնդիր ունի՝ դրա պատին ճաք էր առաջացել: Հանքավայրի աշխատանքը շարունակելու համար պետք էր վերականգնել պոչամբարը, իսկ դրա համար, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է եղել 10-14 մլն դոլար, բայց նման վարկ այլ բանկից հնարավոր չի եղել վերցնել, քանի որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, Ալավերդու պղնձաձուլական գործարանն ու «Վալլեքս» խմբի եւս մեկ հանքավայր արդեն իսկ գրավադրված էին «ՎՏԲ-Հայաստան» բանկում (վերոնշյալ վարկի դիմաց): Բայց վերջինս էլ «Վալլեքսին» նոր վարկ չի տրամադրել՝ վարկային նախորդ պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով: Ն. Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը բանկի եւ «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչներին բանակցությունների էր հրավիրել՝ լուծում գտնելու: Արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ն անցել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի հսկողության տակ, սակայն կառավարությունը բանկի առաջ նախապայման է դրել՝ ներգրավել նոր օպերատոր եւ շահագործել ՓԲԸ-ն: Ինչ վերաբերում է Ալավերդու պղնձաձուլարանին, Փաշինյանը խոսել էր բնապահպանական բարձր չափանիշների համապատասխանող նոր կոմբինատ կառուցելու անհրաժեշտության մասին:

Թեղուտի պոչամբարում խնդիրները բացահայտվել էին «Վալլեքսի» կառավարման օրոք: Վերջինս այս տարվա ամռանը տարածած հաղորդագրությամբ հայտնել էր, որ 2017 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բրիտանական «In Situ Site Investigation Services», ամերիկյան «Global Resource Engineering», ավստրալական «ATC Williams» ընկերությունները պոչամբարի ուսումնասիրություններով պարզել էին, որ առանց դրա պատվարի կայունության մակարդակի բարձրացման եւ սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման՝ Թեղուտի կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պոչամբարի պատվարի մարմնում ջրի մակարդակի բարձրացման ու ջրիկացման ռիսկ՝ ստեղծելով պոչամբարի ինքնափլուզման իրական վտանգ: «Global Resource Engineering»-ի ներկայացուցիչ Դավիդ Հալմանն էլ այս ամռանը «Հետքին» պատմել էր իրենց ուսումնասիրությունների մասին եւ նշել. «Ես չեմ հավատում, որ պատվարը դիմանա 6 ամիս»:

Ինչպես վերեւում ասվեց, այս տարվա հուլիսի 8-ին ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (փորձագետ՝ Ալբերտ Ղազարյան) պոչամբարին տվել է տեխանվտանգության փորձաքննության դրական եզրակացություն: Հենց հուլիսից էլ պոչամբարը շարունակում է շահագործվել: «Վալլեքսի» վերոնշյալ հաղորդագրությանը ու նաեւ Դ. Հալմանին պատասխանել էր «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը՝ նշելով, որ իրականում պոչամբարը արտահոսել է ոչ թե պատվարի վրա առաջացած ճեղքի, այլ նախատեսվածից ավելի շատ պոչանք ընդունելու հետեւանքով: Նոր ղեկավարությունը հայտնել էր, թե արտասահմանցի մասնագետների ուսումնասիրություններից հետո փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես՝ «մոտ 1,5 տարի չշահագործված պոչամբարը եւ պատվարը ջրազրկվել են ու կոնսոլիդացվել.... Ներկայում ընկերությունը չի խախտում թույլատրելի տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արդյունահանման սահմանաչափը, հետեւաբար թույլատրելի սահմանաչափից ավել պոչանքներ պոչամբար չեն լցվում, եւ պատվարի վրայից արտահոսք գոյություն չունի»: Այդուհանդերձ, «Թեղուտ» ՓԲԸ-ն օգոստոսին հայտնեց, որ պայմանագիր է ստորագրել միջազգային հեղինակավոր ընկերության հետ՝ պոչամբարի ինժեներաերկրաբանական եւ հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Խոսքը, ինչպես հետո պարզվեց, բուլղարական ընկերության մասին է: «2019 թ. սեպտեմբեր ամսից սկսած 3 ամիսների ընթացքում նախատեսվում է իրականացնել հորատման եւ լաբորատոր-անալիտիկ աշխատանքներ, իսկ հետագա 3-4 ամիսների ընթացքում իրականացնել պատվարի կայունության հետազոտություն՝ եւս մեկ անգամ համոզվելու, որ պոչամբարի պատվարին վտանգ չի սպառնում»,- հայտարարել է հանքարդյունաբերողը:

Ո՞վ է վերահսկում պատվարների անվտանգությունը Հայաստանում

«Հետքը» պետական տարբեր մարմիններից հետաքրքրվել է, թե որ կառույցն է պատասխանատու պոչամբարների պատվարների անվտանգության վերահսկողության համար: Պարզ է, որ անմիջական պատասխանատուն շահագործողն է, բայց ո՞վ է վերահսկողը:

ԱԻՆ-ին ենթակա «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գեւորգյանը «Հետքին» հայտնել էր, որ կենտրոնը պատասխանատու է միայն տեխանվտանգության փորձաքննություն իրականացնելու համար: «Պոչամբարն ունի լճակ, որտեղ կուտակվում են պոչերը: Մենք պետք է ապահովենք այդ լճակի ճիշտ տեղաբաշխումը, որպեսզի պոչը մի տեղում չկուտակվի եւ չխախտի բալանսը պատվարի վրա կամ ծանրաբեռնվածություն ունենա, այլ բոլոր շիթերով պետք է հավասարապես բաշխվի լճակի վրա, հարթեցվի, եւ գործընթացը ճիշտ գնա: Մենք պատասխանատու ենք այդ ցիկլի համար»,- ասել էր Գեւորգյանը:

ԱԻՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանն էլ իր հերթին «Հետքին» հայտնել էր, որ ԱՎՕ-ների տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող պետական մարմինը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:

Մյուս կողմից՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նույն Թեղուտի պոչամբարի պատվարի վերաբերյալ նշել էր, որ այդ հարցում լիազոր մարմինը ՏԿԵՆ-ին ենթակա ջրային կոմիտեն է: ԱԻՆ-ին խնդրել էինք պարզաբանել նախարարի ասածը, ինչին Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Գեւորգյանը պատասխանել է. «Արտակարգ իրավիճակների նախարարը ճեպազրույցի ընթացքում իրավամբ նշել է ջրային կոմիտեի կողմից իրականացվող գործառույթը՝ կապված հիդրոտեխնիկական կառույցների, այդ թվում՝ պոչամբարների պատվարների վերաբերյալ»: Ջրային կոմիտեի պատասխանատու լինելու մասին «Հետքին» հայտնել էր նաեւ ՇՄՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

Այսքանից հետո մենք առանձին հարցումներ ենք ուղարկել կառավարությանը ենթակա քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա ջրային կոմիտե:

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը նշել է, որ, ՀՀ կառավարության «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության եւ զննման կարգը հաստատելու մասին» որոշման համաձայն, ջրային համակարգերի կառավարման մարմինն իրականացնում է հիդրոտեխնիկական կառուցվածքների (ՀՏԿ) անվտանգության ապահովման հսկողությունը: Միաժամանակ Գուլյանը շեշտել է, որ կարգը տարածվում է 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից օգտագործվող կամ պետական սեփականություն հանդիսացող ՀՏԿ-ների վրա: «Ջրային կոմիտեի եւ կոմիտեի ենթակայությամբ գործող ընկերությունների հաշվեկշիռներում պոչամբարներ հաշվառված չեն»,- եզրափակել է կոմիտեի նախագահի տեղակալը:

Իսկ ահա քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը «Հետքին» հայտնել է. «Պոչամբարները հանդիսանում են հիդրոտեխնիկական կառույցներ (ՀՏԿ), որոնք, «Քաղաքաշինության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, քաղաքաշինական օբյեկտներ են»: Մեր հարցին, թե իր գործունեության ընթացքում (2018-ից սկսած) տեսչական մարմինը Հայաստանի որ պոչամբարներում, երբ եւ քանի անգամ է ստուգումներ կատարել, Շախբազյանը պատասխանել է. «Ստեղծման օրվանից (2018 թ.) քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ուղղակիորեն առնչվել է միայն «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող, Լոռու մարզի Թեղուտ գյուղի հարեւանությամբ գտնվող պոչամբարին, որտեղ, հաշվի առնելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գրությունները, իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել է պոչամբարի պատվարի ամրությունը եւ կայունությունը։ Վարույթի շրջանակում տեսչական մարմինը արձանագրել է, որ պոչամբարը շահագործվում է նախագծով նախատեսված ծավալներին համապատասխան, եւ պոչամբարի պատվարի եւ պոչատարի ակնադիտական տեղատեսության ժամանակ ճաքեր, ջրային կուտակումներ եւ արտահոսքեր չեն հայտնաբերվել։ Վարույթի արդյունքում, հաշվի առնելով նախկինում պոչամբարի նախագծին անհամապատասխան ծավալներով շահագործման փաստը, «Թեղուտ» ՓԲ ընկերությունը պետք է իրականացնի պոչամբարի պատվարի տեխնիկական վիճակի հետազննման փորձաքննություն»: Ասվածը, թերեւս, այն նույն աշխատանքներին է վերաբերում, որոնց մասին օգոստոսին հայտարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը, եւ որոնք ընթացքի մեջ են:  

Լուսանկարները՝ Լարիսա Փարեմուզյանի, Սարո Բաղդասարյանի, Թեհմինե Ենոքյանի, ՀԲՃ-ի, ԷկոԼուրի, ՇՄՆ-ի (առաջին լուսանկարում՝ Թեղուտի պոչամբարը)

Մեկնաբանություններ (1)

Սամվել Հովասափյան
Շնորհակալություն նման բազմակողմանի և տեղեկատու հոդվածի համար։ Նաև մենք՝ սփյուռքահայերս ենք ցավ ապրում, այո նաև վրդովվում, որ ներկայիս իշխանությունները այդ հանքարդյունաբերության ընկերություններին թույլ են տալիս, անարգել թունավորել ամեն ինչ և անպատիժ մնալ։ Որքա՞ն կարելի է նման իրավիճակ հանդուրժել, որը կարող է վաղը արդեն ուշ լինի, ինչպես որ նմանը կատարվել է շատ երկրների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter