HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Թլիկում համայնքապետ չի ընտրվել․ բնակիչները դեմ են քվեարկել գործող համայնքապետին

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում երեկ կայացած ընտրություններում համայնքապետ չի ընտրվել։

Ընտրությանը մասնակցած 22 ընտրողներից 13-ը դեմ է քվեարկել գործող համայնքապետ, համայնքի ղեկավարի միակ թեկնածու Սլավիկ Սալոյանին։ Նա հավաքել է ընդամենը 9 կողմ քվե։ Սալոյանը Թլիկ համայնքի ղեկավար էր 2015 թ.-ից, այժմ անկուսակցական է, ՀՀԿ-ից դուրս է եկել 2019 թ.-ին։

Ընդհանրապես Թլիկում ընտրությունները պասիվ են անցել։ Ընտրության է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող 127 անձից, 22-ը կամ ընտրողների 17 %-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետք»-ին հայտնեցին, որ Թլիկում նշանակվելու են նոր ընտրություններ՝ արտահերթ ընտրության անցկացման ընթացակարգով։

Սլավիկ Սալոյանն ընտրությանը նորից է առաջադրվելու

Սլավիկ Սալոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտրություններում նման արդյունք չէր սպասում, հույս ուներ, որ արտերկրում բնակվող, Թլիկում գրանցված ընտրողները երեկ կգային գյուղ՝ ընտրությանը մասնակցելու։ Սակայն նրանք չեն եկել։ «Ես չեմ կարող մարդկանց ստիպեմ, որ ինձ քվեարկեն»,- ասաց Սալոյանը։

Չնայած գյուղում ապրող ընտրողները դեմ են Սալոյանին՝ որպես համայնքի ղեկավարի, սակայն նա չի ընկճվել և նախատեսված նոր ընտրությանը նորից առաջադրվելու է։

Սլավիկ Սալոյանը մի քանի հանգամանքով պայմանավորեց բնակիչների դժգոհությունները իր նկատմամբ։ Ասաց՝ կային բողոքներ, որ իր պաշտոնավորման չորս տարիների ընթացքում չի կարողացել Թլիկն ապահովել խմելու ջրով։

Մյուս դժգոհությունը վերաբերել է գյուղի արոտավայրերին։ Սալոյանի փոխանցմամբ՝  համայնքապետարանը նախատեսել էր 2020 թվականի ավագանու նիստով համայնքի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրել, այդ գումարով համայնքին խմելու ջրով ապահովել։ Սակայն այդ որոշումը բնակիչների մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ համայնքում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, և բնակիչները չեն ցանկանում գումարով վարձակալել արոտավայրերը։

Նշենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Այդ համայնքներից 12-ում համայնքի ղեկավարի ընտրություններ էին, 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Ընթերցեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter