
Խորհրդարանում քննարկվում է հանրային փակ տարածքներում ծխելն արգելելու նախագիծը
Խորհդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Կառավարության ներկայացրած օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է հանրային փակ տարածքներում արգելել ծխելը:
Նախագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Կառավարությունն իր քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվում է այն սկզբունքով, որ հանրային առողջության պահպանումը գերակա է, և այս նախագիծը դրա վառ ապացույցն է: Ծխախոտի օգտագործումը բարձր ցուցանիշ է գրանցում Հայաստանում»,- ասաց փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` Հայաստանի բնակչության 28 տոկոսը, չափահաս տղամարդկանց կեսից ավելին ծխում է: Ծխում է Հայաստանի կանանց 2-3 տոկոսը:
«Հարցվածների կեսից ավելին նշում են, որ երկրորդային ծխի են ենթարկվում տանը, կանանց 21, տղամարդկանց 32 տոկոսը՝ աշխատավայրում, հղի կանանց ավելի քան 70 տոկոսը ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի»,- ասաց Նանուշյանը:
Փոխնախարարի խոսքով՝ եթե 2011 թվականին բրոնխների, թոքի, շնչափողի քաղցկեղի դեպքերը 1100-ն են եղել, ապա 2017-ին գրանցվել է 1900 դեպք:
Օրենքի նախագծում «փակ տարածք» հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ. «Ցանկացած նյութից պատրաստված ծածկ կամ տանիք ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց, որն ամբողջովին փակ է, բացառությամբ՝ պատուհանների և դռան համար նախատեսված բացվածքների:
Մեկնաբանել