HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը 4 տարով որակազրկեց Ռուսաստանին

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (World Anti-Doping Agency - WADA) գործադիր կոմիտեն միաձայն որոշել է զրկել Ռուսաստանին Օլիմպիական խաղերին և խոշոր միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից։ Այս մասին ասվում է WADA-ի տարածած հաղորդագրությունում։ Այդպիսով, WADA-ի գործադիր կոմիտեն ընդունել է անկախ հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունները։

Նախատեսվում է, որ Ռուսաստանը գալիք 4 տարիներին հնարավորություն չի ունենա մասնակցել համաշխարհային օլիմպիադաներին և աշխարհի առաջնություններին։ Բացի այդ, Ռուսաստանը չի կարող հյուրընկալել խոշոր միջազգային մրցաշարեր։ 

Միևնույն ժամանակ դոպինգ սկանդալի մեջ չներքաշված ռուս մարզիկները կկարողանան մասնակցել միազգային մրցումներին՝ առանց ՌԴ դրոշի և պետական օրհներգի։ 

WADA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը կարող է որոշումը բողոքարկել Լոզանի Սպորտային աբիտրաժային դատարանում։ Ռուսաստանի իշխանությունները արդեն իսկ հայտնել են այդպիսի մտադրության մասին։ Մասնավորապես Պետական դումային միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Ժուրովան հայտարարել է, որ Ռուսաստանը անպայման կբողոքարկի WADA-ի որոշումը սպորտային արբիտրաժում։ 

Ռուսաստանի հակադոպինգային գործակալության դիտորդական խորհրդի անդամ Սերգեյ Խրիչիկովը պարզաբանել է, որ WADA-ի սահմանափակումները վերաբերում էին միայն աշխարհի մասշտաբով անցկացվելիք մրցաշարարերին, սակայն չեն տարածվում մայրցամաքային և տարածաշրջանային մրցումների վրա։ Այդպիսով, Ռուսաստանը կկարողանա մասնակցել ֆուտոլի 2020թ․ Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ընդունել առաջնության չորս խաղերը։

Այնուամենայնիվ, դեռևս պաշտոնապես չի հաստատվել այն մրցաշարարերի ցանկը, որը որակազրկման պատճառով Ռուսաստանը կկարողանա բաց թողնել։

Հիշեցնենք, որ ռուս մարզիկների շուրջ ծագած դոպինգ-սկանդալի առանցքային անձանցից մեկը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովն է, որը 2016 թվականի հունվարին տեղափոխվել է ԱՄՆ և տեղեկություններ փոխանցել Միջազգային հակադոպինգային գործակալությանը: Ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոդչենկովը հայտարարել է, որ Ռուսաստանում դոպինգի կիրառումը պետական աջակցություն է ստանում: Ռուսաստանի իշխանությունները Ռոդչենկովի հայտարարությունները կտրականապես հերքել էին:

ՄՕԿ-ի հետաքննություն արդյունքում 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճած իրենց մեդալներից զրկվեցին արգելված խթանիչներ օգտագործած տասնյակ ռուս մարզիկներ, ինչի հետևանքով Ռուսաստանի հավաքականը թիմային հաշվարկում 1-ին հորիզոնականից իջավ 3-րդ հորիզոնական: Բացի այդ, Ռուսաստանի հավաքականը զրկվեց 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, միևնույն ժամանակ դոպինգ-սկանդալում չհայտնված ռուս մարզիկները հնարավորություն ստացան մասնակցել Օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի ներքո:

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter