HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քրեական գործեր, պաշտոնից հեռացված ավագանու անդամներ. ի՞նչ է կատարվում Քասախ համայնքում

Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու վեց անդամների լիազորությունները հոկտեմբերի 7-ին վաղաժամ դադարեցվել են։ Պաշտոնական պարզաբանումը մեկն է՝ նրանք չեն մասնակցել ավագանու նիստերին ներկայացված և քննարկված օրակարգային հարցերի կեսից ավելիի քվեարկությանը։ Ավագանու անդամներն ասում են, որ դա համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի վրեժխնդրությունն է, քանի որ մեկ տարի շարունակ բարձրաձայնել են նրա կատարած ապօրինությունների մասին, որոնց հիման վրա անգամ քրեական գործ է հարուցվել։

Ավագանու արդեն նախկին անդամ Արթուր Մարդանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ համայնքապետարանի աշխատակազմը չունի որևէ փաստաթուղթ, որով կհիմնավորի նիստերին իրենց չմասնակցելը։

«Սա չունի որևէ հիմնավորում։ Ես խնդրել եմ մեզ տան դրանք հիմնավորող փաստաթղթերը և ես պատրաստ եմ հենց այդ պահին հրաժարվեմ իմ լիազորություններից։ Եղել է՝ հարցեր են բերել քննարկման, որոնք օրակարգից դուրս են եղել։ Ավագանին նիստից դուրս է եկել, չի քվեարկել։ Իրենք խախտում են օրենքը՝ օրակարգից դուրս հարցեր բերելով, մեզ ասում են՝ դուք նիստին չեք մասնակցել»,- ասաց Արթուր Մարդանյանը։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հոկտեմբերի 22-ին դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու արձանագրությունը։ Նշենք, որ ավագանու 6 անդամների լիազորությունները դադարեցվել են ավագանու 3 անդամի քվեարկության արդյունքում։ Քասախն այժմ ավագանի չունի: 

Քրեական գործը հարուցվել է Արթուր Մարդանյանի դիմումի հիման վրա։ Նա Գլխավոր դատախազությանը գրավոր նամակով տեղեկացրել է, որ համայնքային հիմնարկներում գրանցված են աշխատակիցներ, որոնք աշխատանքի չեն հաճախում, սակայն նրանց անունով աշխատավարձ է դուրս գրվում։ Նա դատախազությանը հայտնել է նաև, որ համայնքի բազմաբնակարան շենքերի մուտքերն ու տանիքները նորոգելու համար գումարներ են դուրս գրվել, սակայն այդ աշխատանքները չեն կատարվել։ Ավագանու անդամը նաև համայնքային հողերի մասնավորեցմանն է անդրադարձել։

Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ նամակում առկա նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է քրեական գործ հարուցել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և յուրացումներ, վատնումներ կատարելու հատկանիշներով: Դիմումում մատնանշված հանգամանքները ստուգվում են, համայնքի ղեկավարը քրեական գործով այժմ կարգավիճակ չունի:

Համայնքի բնակիչների ստորագրահավաքի հիման վրա էլ սույն թվականի օգոստոսին Քասախի համայնքապետարանում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը ստուգումներ է անցկացրել։ Դրանց արդյունքում պարզվել է, որ համայնքի ավագանու երեք անդամ աշխատում է համայնքային ենթակայությամբ գործող «Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա» ՀՈԱԿ-ում, այնինչ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքն արգելում է ավագանու անդամին զբաղեցնել պաշտոն՝ համայնքապետարանի աշխատակազմում կամ համայնքային ենթակայությամբ կազմակերպությունում։

«Քասախ համայնքում տևական ժամանակ է՝ քաղաքական կազուսի առջև ենք կանգնել։ Քանի որ մի կողմից ընդդիմադիր մեծամասնություն կազմող ավագանին է անվստահության ակցիա իրականացնում համայնքի ղեկավարի նկատմամբ, մյուս կողմից էլ համայնքի ղեկավարն է իր մասով որոշակի գործառույթներ իրականացնում՝ զսպելու ավագանու ինստիտուտի դերն ու ազդեցությունը համայնքի կառավարման վրա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա ստեղծված իրավիճակը նաև պայմանավորում է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի թերի լինելով։ Մարզպետն ընդգծում է, որ օրենքը չի սահմանում այն ընթացակարգը, թե համայնքի ավագանին համայնքապետի նկատմամբ ունեցած անվստահությունը ինչպես պետք է իրացնի։ Ասում է՝ եթե չլինի համայնքի ղեկավարի կամքը կամ քաղաքական լուծման գնալու պատրաստակամությունը՝ դնելու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցկացնելու, ավագանու անդամներին չի հաջողվի հասնել համայնքի ղեկավարի լիազորությունների կասեցմանը։

Ռոմանոս Պետրոսյանը Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին առաջարկել է հրաժարականի դիմում գրել, համայնքի ղեկավարի և ավանագու անդամի արտահերթ ընտրություն անցկացնել։ Սակայն նա հրաժարվել է։

Ինչպե՞ս սկսվեց համայնքի ղեկավարի և ավագանու անդամների միջև պայքարը

Քասախի համայնքի ղեկավարի և ավագանու վեց անդամների միջև տարաձայնությունները սկսվել են 2018 թվականի սեպտեմբերից, երբ համայնքի նոր ավագանին ստանձնեց լիազորությունները։ «Հեղափոխությունից հետո որոշեցինք թիմ կազմենք և հեղափոխական արժեքներ բերել մեր համայնք, քանի որ մեր համայնքապետը 29 տարի է՝ աշխատում էր, և մեր աչքի դեմ էր կատարվում լիքը բան։ Կազմեցինք թիմ, թիմով առաջադրվեցինք ավագանու անդամների ընտրություններին և մեր թիմից վեցն ընտրվեց ավագանու անդամ»,- պատմում է Արթուր Մարդանյանը։

Ստանձնելով ավագանու անդամի լիազորությունը, ունենալով տեղեկություններ, որ համայնքապետը չարաշահումներ է կատարում՝ նորընտիր ավագանին համայնքի ղեկավարից սկսեց պահանջել 2018 թվականի համայնքի բյուջեի առանձնացված ծախսերը, բյուջեից աշխատավարձ ստացող անձանց ցանկը։ Սակայն ապարդյուն։

«Համայնքի ղեկավարն ասում էր՝ չենք տալիս այդ փաստաթղթերը և վերջ։ Այսինքն՝ համայնքի ղեկավարը, ով պարտավոր էր ներկայացնել 2018 թվականի ծախսերի հաշվետությունը, մեզ այդ փաստաթղթերն այդպես էլ չտվեց։ Իսկ եթե մենք նախորդ տարվա ծախսերի հաշվետվությունը չենք ստանում, նոր բյուջեն հաստատելն անհնար է»,-ասում է Արթուր Մարդանյանը։

Արթուր Մարդանյանի գնահատմամբ՝ Արա Մկրտչյանի համար տարօրինակ էր ավագանու անդամներին հաշվետու լինելու աշխատաոճը, քանի որ 29 տարվա ընթացքում  որոշումները միաձայն է ընդունել։

Արդեն այս տարվա փետրվարի 28-ին, երբ ավագանու հաստատմանը ներկայացվեց 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ու 2019 թվականի բյուջեն, համայնքի ավագանու 6 անդամներ հրաժարվեցին հաստատել այն, քանի որ համայնքի ղեկավարն իրենց չէր տրամադրել բուջեի ծախսերի մասին հստակ տեղեկություն։ Այնինչ Արթուր Մարդանյանն ասում է՝ իրենք արդեն իսկ պարզել էին, որ 14 աշխատակից ունեցող համայնքապետարանն ամսական 120 հազար դրամ դուրս է գրել զուգարանի թուղթ ու մաքրող մի քանի նյութ գնելու համար։

«Որ չհաստատեցինք բյուջեն, իրենք բառացիորեն հայտարարեցին, որ եթե դու չեք հաստատում բյուջեն, մենք ձևը գիտենք, կանցկացնենք դա, ու խնդիր էլ չեք ունենա։ Այդպես էլ արեցին։ Առանց ավագանու որոշման իրենք բյուջեն սկսեցին օգտագործել»,-ասաց Արթուր Մարդանյանը։

Մարդանյանը պատմում է, որ բյուջեն չհաստատելուց հետո նիստը վարող աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանը՝ Արա Մկրտչյանի եղբորորդին, ավագանու անդամներին հայտնել է, որ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել, և ավագանին պետք է քվեարկի։ Ավագանու անդամները ընդգծել են, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքը սահմանում է, որ հրաժարականի դիմումը ստանալուց հետո ավագանու անդամների կեսից ավելին այն պետք է եռօրյա ժամկետում ընդունի։

Սակայն Նարեկ Մկրտչյանը պնդել է, որ ավագանին պետք է արագ հաստատի համայնքի ղեկավարի հրաժարականը և ավագանու անդամների մեծամասնությունը լքել է նիստը։

«Պատճառը նա էր, որ իրենք մտավախություն ունեին, որ այդ երեք օրվա ընթացքում մենք ավագանու կողմ անդամերի ⅔-ը կունենայինք։ Հակառակ պարագայում նրանք համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման հարցը այդպես հապճեպ չէին բերի օրակարգ։ Իրենք էլ էին ասում, այո, օրենքում այդ երեք օրվա պահանջը կա, բայց մենք հիմա այդ հարցը պետք է դնենք քվեարկության։ Ու վերջ։ Մենք, տեսնելով, որ նիստի անցկացումը անհնարին է դարձել, ստիպված դուրս եկանք»,- պատմեց ավանագու նախկին անդամը։

Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեն այդպես էլ չի հաստատվել։ Համայնքի ղեկավարը բյուջեն պետք է ծախսեր 2018 թվականին հաստատված ծախսերով, այնինչ բյուջեում փոփոխություններ են կատարվել, 25 միլիոն հատկացվել է մանկապարտեզի նորոգման, 20 միլիոն դրամ՝ ասֆալտապատման համար։ Բյուջեում առանց ավագանու անդամների փոփոխություն կատարելու համար Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին, ով ուղարկված նյութերը կցել է արդեն իսկ հարուցված քրեական գործին։

Արա Մկրտչյանը տեղյակ չէ, թե ինչո՞ւ չի հաստատվել համայնքի բյուջեն

Քասախի համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամների արած վատությունը անցյալում է, այժմ սպասում է նոր ընտրությունների, որպեսզի «նորմալ ավագանի ձևավորվի, համայնքը կարողանան կառավարել»։

«Համայնքում սրված իրավիճակ չկա։ Ընդհակառակը՝ բոլոր այդ սրված իրավիճակները հիմա հանդարտ, նորմալ է, ամեն մարդ իր աշխատանքին է։ Այդ ամբողջ գործընթացը՝ կառուցողական աշխատելու, համատեղ համայնքի բախտն ու ճակատագիրը որոշելու մեկ տարվա բոլոր ջանքերն ապարդյուն անցան»,- նշեց համայնքի ղեկավարը։

Արա Մկրտչյանը տեղյակ չէ, թե ինչու է համայնքի արդեն նախկին ավագանին հրաժարվել հաստատել 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ու 2019 թվականի բյուջեն։ Ասաց՝ այդ մասին պետք է ավագանու անդամներին հարցնել, սակայն վստահեցրեց, որ նրանց պահանջած ծախսերի և հաստիքացանկի վերաբերյալ փաստաթղթերը տվել է։

Անդրադառնալով Կոտայքի մարզպետի՝ հրաժարական տալու առաջարկին, Արա Մկրտչյանն ասաց՝ մարզպետը նման առաջարկություն անելու լիազորություններ չունի։ «Նմանատիպ առաջարկի հիմքեր էլ չկան»,- պնդեց նա։

Ընթերցեք նաև՝

Մեկնաբանություններ (1)

Լիլիա Խանսանամյան
Հարգելի՛ Քասախ համայնք, Հրավիրում ենք մասնակցել «Պայքար հաղթանակի համար» վավերագրական ֆիլմի պրեմիերային։ Նախագիծը պատրաստվել է «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպության կողմից և նվիրված է Մեծ հաղթանակի 77-ամյակին, որը պատմում է այն հիմնական իրադարձությունների և մարտերի մասին, որոնցում մեծ դեր է խաղացել Խորհրդային Հայաստանի բանակը։ Ֆիլմը նկարահանվել է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների հուշերի հիման վրա, որտեղ նրանք խոսում են ռազմական գործողություններին իրենց անմիջական մասնակցության և խորհրդային բանակի համերաշխության մասին։ Միջոցառմանը հրավիրված են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ, Հայաստանի դպրոցականներ և ուսանողներ, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպաններ։ Սա Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող չորրորդ վավերագրական ֆիլմն է, որը պատրաստվել է Հայաստանի Անմահ գունդ ՀԿ-ի կողմից և միտված է երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը։ Ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։ Հարգանքներով՝ Հիմնադիր և նախագահ «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ Գ.Ա. Գումաշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter